ՄԱԴՈՆՆԱՅԻ ՊԱՐՈՂ ՄԻՀՐԱՆԻ ԱՌԻԹՈՎ

Արտակ Ալեքսանյան

Վերջերս Երևանում էր պարող Միհրանը, էն տղեն, որ Մադոննայի ու Ռիկի Մարտինի հետ է պարում: Եկել էր` տեսահոլովակ նկարահանելու համար: Հայտնվեց նաև Առաջին Ալիքի «Թեժ տասնյակում»: Նորմալ էլ երգեց, պարեց` ամերիկյան աշխատասիրության և հիպ-հոպի տրամաբանությամբ:

Մենք էլ որոշեցինք, որ Միհրանից հարցազրույց կվերցնենք, ավելին` դա առիթ կլինի, որ Միհրանի շնորհիվ, որ պետք է դառնար հաղորդման «մեխը», անդրադառնալ նաև հայկական պարի այսօրվա վիճակին: Ինչու Միհրանը` նախ, որովհետև ցասյօր, նա ամենահաջողակ հայ պարողն է, որ այսօր աշխատում է Հոլիվուդում, ընդ որում սկսել է պարել Հայաստանում, «Արայի» դանս-շոույում:

Իհարկե, մտածում էինք հարցազրույց վերցնել Միհրանի հայրիկի հետ` Կարոյի, որը հենց «Արայի» պարային խմբի ղեկավարն էր: Ժամանակին հանդիպել էի, հարցազրույց վերցրել ամսագրերից մեկի համար` չափազանց կշռադատված ու խելացի մարդ է: Մի խոսքով, ցանկանում էինք Միհրանի առիթով պատրաստել թողարկում հայկական պարի մասին:

Բայց չի լինի: Գիտեք ինչու, որովհետև 5 օր անընդմեջ Միհրանի եղբայրը, որ մեր կոնտակտային անձն էր, ուղղակի ստում էր: Եղբայրն էլ, սովորական տղա չէ, ռեժիսոր է, հենց այս տեսահոլովակի ռեժիսորը ու նաև մի ֆիլմ է նկարել, ժողովրդական անունը` «Մեր Բակը-4» կամ «Մեծ պատմություն փոքր քաղաքում»:

Անձամբ եմ զրուցել Գոռի հետ: Ու հարցրել եմ` Գոռ ջան, եթե իսկապես չեք ցանկանում, որ հարցազրույց վերցնենք, ապա ասեք, խնդիր չկա, չենք անի, որովհետև ամեն օր տեսախցիկ ենք վարձում, սպասում ենք ձեր զանգին, սակայն ամեն օր ասում եք` հաջորդ օրը: Գոռն էլ, թե` չէ, ինչ եք ասում, ուղղակի համընկել է, զբաղված ենք, հաջորդ օրը:

Այս ամբողջ պատմության մեջ ցավալին այն է, որ իրականում, որքան հասկացա, Գոռն ու Միհրանը խուսափում են հարցազրույցից, որովհետև մտավախություն ունեն, որ մենք հարց կտանք «Սիրուշայի միջադեպից»: Հիշում եք հավանաբար այն աղմուկը, իբր Միհրանին, Սիրուշոյի հետ պարելու համար, ծեծել էին:

Ցավում եմ, որ Գոռն ու Միհրանը դրսևորեցին այդքան «երևանյան» վարք` ջայլամի հոգեբանությամբ խուսափելով խոսել մի բանից, որը մեծ բան չի: Ընդհակառակը, ինքը պետք է առաջինը ասուլիս հրավիրեր, ու ինքը խոսեր, պարզեր ու հերքեր: Դա` եթե իսկապես մտածում է իր իմիջի մասին:

Երկրորդ` անձամբ ես, Միհրանին ավելի բարձր եմ գնահատում` իր տաղանդով ու աշխատասիրությամբ, քան Սիրուշոյին: Իրենց էլ եմ ասել, հետևաբար, հաստատ չէինք պատրաստի հաղորդում, որը կարող էր որևէ կերպ վնասեր նրան ու նրա կարիերային: Ընդհակառակը, էլի եմ կրկնում, հաղորդումը պետք է կառուցված լիներ նրա շուրջը:

Երբ հայկական շոու-բիզնես նոր սերունդ է գալիս, էն էլ Ամերիկայից, ապա խիստ տրամաբանորեն նոր հույսեր ես նրանց հետ կապում, որ կլինեն ավելի ազատ` մտածողությամբ, արվեստի մեջ: Ցավոք, այդ սերունդը դեռ չկա` դեռ մենք ապրում ենք գավառում, որտեղ գավառական բարքերը մթագնում են ցանկացած ռացիոնալ դատողություն, որտեղ բոլորը մեկը մյուսից այնքան են «հուշտ եղած», որ նույնիսկ ակնհայտը չեն նկատում կամ խոսում: Այդ առումով, սիրելի Միհրան, գուցե քո ռիմթերը ավելի արագ են, բայց ոչ քո վարքն ու վարկը: Այն ճիշտ այնպիսին էր, ինչպիսին դեռ 90-ականներին ապրում և գործում էր քո հայրը

Մեկնաբանությունները փակ են: