2008-Ի ԱՄՓՈՓՈՒՄ. 14-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ
Մարդիկ, երևույթներն ու իրադարձությունները լրագրողական ինքնօրինակ տեսանկյունից։ Բարի երեկո, Սա Հատուկ Ռեպորտաժն է։
Տարի 2008-ը մենք բաժանել ենք երեք մասի` առաջինը` ընտրության մասին է, երկրորդը` գների ու թվերի և երրորդը` մեր տեժ տասնյակն է` մարդկանց, ովքեր նշանակալից էին 2008-ին:
Այս տարի Հայաստանն ընտրեց երրորդ նախագահին։ Երրորդը՝ 9-ից. Այդքանն են թեկնածուները, որոնց շարքում են ավանդական նախագահացուները, առաջին նախագահը , և իհարկե նոր հավակնորդներ;
Երբ երկար ընդմիջումից հետո, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հանդես է գալիս սեփական թեկնածուով։ Վահան Հովհաննիսյանի քաղաքական կենսագրությունն ապացուցում է նրա քաղաքական հասունությունը՝ ըստ դիտորդների, ամենագրագետ և հավասարակշռված նախընտրական արշավը հենց իրենն է։
Թեև պարզ է, որ փետրվարի 19-ի ընտրությունն այնուամենայնիվ երկու հիմնական թեկնածուների միջև է՝ Լևոն Տեր–Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի։ Հաղթում է գործող վարչապետը։
Չհամաձայնելով ընտրության արդյունքի հետ Լևոն Տեր–Պետրոսյանը սկսում է հանրահավաք Ազատության հրապարակում և խոստանում այնտեղից հեռանալ միայն մի պայմանով` երբ կվերականգնվի արդարությունը։ Առաջին նախագահը պահանջում է նոր ընտրություն։ Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չեն հեռանում Ազատության հրապարակից տասը օր։
Մարտի 1-ի վաղ առավոտյան, Ոստիկանությունը ցրում է հանրահավաքը: Այժմ պարզում են, թե ինչու և ինչպես։ Ըստ ոստիկանության, վրանային ավանում կար զենք, ընդդիմությունն ասում է՝ հարձակվել են քնած ժողովրդի վրա։
Մարտի մեկի առավոտյան Օպերայի շրջակայքում հանրահավաքի մասնակից չկար։ Վիրավոր ու վիրավորված զանգվածը խմբվում է ֆրանսիական դեսպանատան մոտ։ Նյարդային ու քաշքշուկներով` գարնան առաջին օրն ավարտվում է գիշերային անկարգություններով, տասը զոհով ու արտակարգ դրությամբ։
Նախընտրական ու հետընտրական թշնամությունը, որ թվում էր քաղաքական տեխնոկրատների համար պետք է լիներ ժամանակավոր գործիք, դառնում է պերմանենտ ։ Առաջին անգամ, երկիրը հստակ բաժանվում է միմյանց ոչնչացնել ցանկացող երկու ճամբարի։ Մարտյան դեպքերը տարվա գլխավոր ու միևնույն ժամանակ ողբերգական ու ամոթալի օրերն են: Դադարում է լրատվությունը, բացի պաշտոնականից, չեն հրապարակվում թերթերը, սկսվում են զանգվածային ձերբակալություններ։
Արտակարգ դրությունից հետո նորընտիր նախագահը սկսում է ուշքի բերել երկիրը։ Առաջին փորձը՝ հանրային խորհրդի ձևավորումն է: Խորհրդարանում ստեղծվւմ է մարտի մեկն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով։
Աշնանը, նախագահը ստեղծեց նաև փաստահավաք խումբ` ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների հավասար կազմով:
Ինչու՞,– այս հարցին այդպես էլ հստակ չպատասխանեցին Դաշնակցությունում, երբ մի օրվա մեջ փոխեցին բոլոր նախարարներին։ Ասում են՝ կուսակցական հնազանդությունն էր կաղում: Կրթության, սոցիալական ապահովության և գյուղատնտեսության նախարարներին կոալիցիոն փաթեթով և կուսակցական ցուցակով փոխարինում են նոր Դաշնակցականները:
Իր կամքով հեռանում է Վահան Հովհաննիսյանը՝ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից՝ ընտրություններից անմիջապես հետո։
Դատարկ տեղը թափուր չի մնում, թեև ԱԺ նախագահության փոփոխությունը դրանով չի սահմանափակվում։ Այս տարի Հանրապետականից հեռանում է, նեղանում Տիգրան Թորոսյանը։
Նա իր պաշտոնը զիջում է Հովիկ Աբրահամյանին: Հեռանալիս, չէր կարողանում հասկանալ, թե ինչու՞. Նվիրյալ էր, կատարում էր կուսակցական հանձնարարությունները։ Հենց Կուսակցության որոշմամբ էլ Հովիկ Աբրահամյանը դառնում է խորհրդարանի ղեկավարը։ Այդ պաշտոնին նա, պատրաստվում է երկար ժամանակ։ Բոլորը նկատում են, բայց քաղաքավարությամբ լռում՝ նոր խոսնակը նույնիսկ նոր սանրվածք ունի։
Երկրի երկրորդ դեմքից առաջ, Սերժ Սարգսյան հանրապետության երրորդ` վարչապետի պաշտոնն առաջարկում է Տիգրան Սարգսյանին: Նա դառնում է ամենաշատ հրապարակային ելույթ ունեցող կառավարության ղեկավարը: Տիգրան Սարգսյանը, առանց բարդույթների ու երբեմն հումորով, ու տեսախցիկների առաջ խոստավանում է, որ երազել է վարորդ դառնալ կամ որ դրամը ներմուծելիս իրեն գուշակ է զանգահարել
Եվ ի վերջո, այս տարի ընտրում էին նաև համայնքապետերին։ Ի զարմանս շատերի, նրանցից մեծ մասը չփոխվեց։ Գյումրիի սկանդալային քաղաքապետը մնաց նույնը, Վանաձորում` նույնպես։ Երևանի փոխվեցին Արաբկիրի ու Էրեբունու համայնքապետերը: ԷրեբունիումՄի քանի ժամկետ պաշտոնավարելուց հետո Մհեր Սեդրակյանը կամ Թոխմախի Մհերը գնում է հանգստի։ Սակայն եթե կա մեկը, որին մայրաքաղաքում սիրում են, ապա դա Ավանի համայնքապետ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդի Տարոնն է: Ասում են` նրա քվեարկության ժամանակ անվավեր են ճանաչվել քվեաթերթիկները այն պատճառով, որ գրված է եղել «Շնորհակալությունե:
Այս տարի ընտրության համար Երևան է գալիս նույնիսկ Շառլը։ Ազնավուրը եկել է թոռան համար հարս ուզելու։ Հայուհիների գեղեցկությունն իսկապես եվրոպական քիմքին հարիր է։
Դա ապացուցեց նաև Սիրուշոն։ 4-րդ տեղը՝ Քելե Քելե երգով, շքեղ սանրվածքով ու հյութեղ մարմնով։
Սիրուշոյին ընտրեցին ոչ միայն Եվրոպայում, այլև Երևանում։ Այս տարի երգչուհին նաև նշանվեց՝ երկրորդ նախագահի երկրորդ տղայի՝ հետ;
Իսկ եվրատեսիլում հեռուստալսարանի ընտրությամբ հաղթում է Ռուսաստանը։ Ռուսներին ընտրում ենք նաև մենք։ Այս տարի հայկական երկաթուղու կառավարումը հանձնում են ռուսական ընկերությանը։
Տարվա ամենազանգվածային ինտերնետային կայքն է Օդնակլասնիկը։ Հայկական գրասենյակներում ստիպված արգելափակում են կայքը, որ մեղմեն պետական ապարատի անգործունեությունը։
Այս տարվա նոր հեռուստասեզոնին, որ ավանդաբար մեկնարկում է սեպտեմբերին, հայկական հեռուստաընկերությունը սկսում են հայրենական սերիալների զանգվածային արտադրություն: Գլխավոր ձեռքբերումը՝ ինչքան դերասան ունենք, գրեթե բոլորն էլ զբաղված են, քաղցած չեն։ Այս հեռուստասեզոնին ԱՄՆ–ից վերադառնում է անգամ դերասանուհի Ալլա Թումանյանը։
Առաջին անվստահ քայլերից ամենահաջողվածը Ոռոգայթն է: Սերիալի պատմությունը սկսվել էր դեռ Վերվարածներից։ Այսպես կոչված, սպին–օֆֆը, սերիալային ապահարզանը ոչ միայն արդարացնում է, այլև դառնում ավելի պոպուլյար։ Առաջին անգամ երկար ընդմիջումից հետո, հայ տղամարդիկ ունենում են իրենց հեռուստաժամը:
Արևմուտքից մեզ է գալիս ամերիկյան կենսաձևի ու ոճի նոր ընտրություն։ Երևանում ակումբային կյանքն ու ուրբաթ գիշերը լիցքաթափվելը դառնում է նորմ:
Այ–ֆոնն դառնում է նոր, տեխնոէլիտար ընտրություն ու երիտհարուստների հեռախոս։
Առայժմ դեռ ոչ մի օպերատոր Այ–ֆոնին չի սպասարկում, բայց որ շուտով ծառայություններն ավելանալու է՝ խոստանում են ֆրանսիացիները։ Այս տարի հայտարարվեց, 2009–ին կունենանք բջջային օպերատորի ևս մեկ ընտրություն՝ Ֆրանս–Տելեկոմը գալիս է Հայաստան։
Դեպի Վրաստան կկառուցվի նոր մայրուղի՝ Բաթումի հասնելու այլընտրանքային ճանապարհի մասին պայմանավորվածությունը ձեռք են բերում երկու երկրների առաջնորդները։ Նոր ճանապարհը կլինի ավելի կարճ, հարմարավետ։
Գուցե հարմարավետ է, բայց ոչ կարճ այս տարվա հայ տղամարդկանց նոր սանրվածքը՝ սա 70–ականների երկար բակ ու մազերով գրեթե 30–ամյա ռետրոյի վերադարձն է։ Այն ժամանակ կրկնօրինակում էին Բիթըլզն։ Հիմա՝ նորաձև սանրվածքը եկավ Մոսկվայից։ Նոր սանրվածքը հոգեհարազատ է դառնում ամենապահպանողական հայ երիտասարդներին և երգիչներին.Արամեն, Ռազմիկ Ամյանը, ու նույնիսկ Անդրեն՝ նույն ընտրության կրողներն են։
Անցնող 2008-ին մեր կյանքը դարձավ հարմարավետ, բայց թանկ։ Տարին կիսվել էր, երբ վերադարձա ԱՄՆ–ից։ հայաստանը, իր գներով, առաջ է անցնել նույնիսկ Միացյալ Նահանգներից՝ հագուստից մինչև սնունդ, համակարգչից մինչև մեքենա։ Գներից, փողից ու թվերից՝ մենք խոսեցինք ամբողջ տարին։
Նախ, հոբելյանների մասին։ 2008–ին Հայաստանում նշեցին Վիլյամ Սարոյանի, Վիկտոր Համբարձումյանի և Վազգեն Առաջինի ծննդյան 100-ամյակները: Ու քաղաքը հեղեղվեց հայ գործիչների լուսանկարներով: Սակայն, այս երեք կարևոր հոբելյանները, որոնց հիմնական նպատակը պետք է լիներ Սարոյանի քարոզը, Համբարձումյանի ժառանգության գովազդը և վերջապես Վազգեն Առաջինի մասին ճանաչողության բարձրացումը, արվեց սովետիզմի ամենագավառամիտ միջոցներով` վատ ու ձանրձրալի հանդիսավոր նիստերով, ներկայացումներով ու գիտական զեկույցներով: Այս հոբելյանական միջոցառումների և ծախսերի արանքում անուշադրության մատնվեց հենց Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը Բյուրականում. չջեռուցվելու պատճառով մանրահատակը վնասվում է ամեն ձմեռ: Այդքանով հանդերձ, հոբելյանական տարին նշանավորվեց Սարոյանի արձանով:
Հայաստանի թոշակառուները հունվարից ստանում են 60 տոկոսով բարձրացված կենսաթոշակ: Բարձրացումերը վերաբերում են բոլոր խմբերին:
Քաղաքացի – 10 հազարի փոխարեն ստացել եմ 20 քանի…ինչպեպ ասել էր կառավարության ղեկավարը
Մայիսի մեկից թանկանում է գազը սպառողների համար: Ռուսական գազը գինը բարձրացել էր դեռ 2006-ին, սակայն բաժանորդները գազի դիմաց նույնն էին վճարում կառավարության փոխհատուցման շնորհիվ: Մայիսի 1-ից կառավարությունը դադարեցնում է գազ սպառողների սուբսիդավորումը:
Տիգրան Սարգսյան – Այս միջոցառմանը կառավարությունը նախապատրասվել է դեռեւս 2 տարի առաջ: 130 հազար սոցալական նմպաստներ ստացող ընտանիքները հունվարի 1-ից ստանում են լրացուցիչ գումարներ , որպեսզի այս հիմնախնդիրը քիչ ցավ պատճառի այդ ընտանքինքերին:
Տարօրինակ է, բայց փաստ` Տիգրան Սարգսյանի կառավարությանը վիճակված էր ընդունել ամենաոչ պոպուլյար որոշումները:
Տիգրան Սարգսյան – կարծում եմ, որ ավելի բացասաբար իմ վարկանիշի վրա կազդի եթե ես չլինեմ բաց , ազնիվ եւ շիտակ:
Այս տարի ստվերայինից դեպի հարկային- ակնառու դաշտ բերելու հերթը տաքսի ծառայություններինն էր, որոնք ապրիլի մեկից պետք է կրեն տարբերանշան և դեղին համարանիշ` նաև լրացված երթուղային թերթիկ ու աշխատող սակաչափ` տաքսոմետր:
Հայկազ Մաթևոսյան ՀՀ Ճանապարհային Ոստիկանության մայոր- Եթե սպիտակ համաարանիշերով տաքսու տակ ա ծառայում, միանշանակ կանգանցնելու, տուգելու ենք:
Ավելի ուշ, հերթը հասավ անգամ անհատ տաքսիստներին: Սկզբում սահմանեցին նույն պայմանները, զանգվածային դժգոհությունից հետո պայմանները մեղմացրին:
ՀՀ Կապի ու տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյան- հդմ չպետք է դրվի
Հարկային տեսանելի դաշտ վերադառնալու հերթը հասնում էտոնավաճառներին: Այնտեղ է առեւտրի 80 տոկոսը, որը ըստ կառավարության շրջանցում է հարկային դաշտը: Սեպտեմբերի մեկից տոնավաճառներում տեղադրվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներ, հոկտեմբերի 1-ից` սկսում է գործել դրանք միավորող միասնական ցանց:
Տիգրան Սարգսյան – Ցավոտ գործընթաց է քանի որ կապված է հազարավոր տնտեսվարողների հետ …մենք այդ դժվարությունները պետք է միասին հաղթահարենք:
Ամբողջ օգոստոսն անցավ հդմ-ներ տեղադրելու քարոզչությամբ, թեև դրան արդեն նախորդել էր հարկային ու մաքսային վարչարարության բարեփոխումը: Մինչ հարկային նոր ոլորտների ընդգրկումը նոր կառավարությունը որոշեց կարգի բերել սեփական եկամուտներն ապահովող համակարգը: Բարեփոխումը հանգուցալուծվեց օգոստոսի, երբ միացվեցին հարկայինն ու մաքսայինը: Այդ օրը` օգոստոսի 21-ին, երբ Սերժ Սարգսյանը ներկայացրեց Պետեկամուտների կոմիտեի նախագահին: Ասաց, թե Հարկային ծառայությունն աշխատում է վատ, ընդ որում Վատ` մասնագիտորեն, ու մարդկային տեսանկյունից:
Սերժ Սարգսյան- Չտեսա, որ հարկային ծառայության ղեկավար կազմը գիտակցում է, թե որ համակարգում է աշխատում, եւ ինչի համար: Չտեսա, որ նրանք աշխատանքի են ներկայանում պետությանն ու բիզնեսին ծառայություն մատուցելու համար, չտեսա աշխատելու ցանկություն, ջանք, եռանդ: Ավելին, աշխատանքը շարունակվում է նույն տեմպով, մի բան էլ`ավելի վատ՚….
Ու երբ թվաց, թե ամեն ինչ կարգավորվում է, վրա է հասնում ռուս-վրացական պատերազմը: Հայկական բեռները` Փոթիում են, հայ զբոսաշրջիկները` Բաթումում: Տասնօրյա պատերազմից հետո, կյանքը աստիճանաբար իր հունի մեջ է ընկնում, դրամն` իր շրջանառության: Ազգային արժույթն այս տարի նշում է 15-ամյակը: Այդ առիթով բրոնզաձույլ արձան է տեղադրվում` երկկողմանի դ տառ:
Արթուր Ջավադյան
Գրեթե անամպ ֆինանսական երկնքում պայթեց համաշխարհային ճգնաժամը, Ու մինչ կառավարությունը կհորդորեր չանհանգստանալ, , ճգնաժամը ներխուժեց Սյունիքից: Միջազգային բորսաներում մետաղների գնանկումը Կապանի լեռնահարստացման ֆաբրիկայում կրճատում է աշխատանքի ծավալը ու գործազուրկ դարձնում 350 աշխատողի: Հայտարարվում է, որ կրճատվի ընկերության 60 տոկոսը, մյուսների աշխատավարձն կիջեցնի 40 տոկոսով: Անակնկալի եկած աշխատակիցները պահանջում են տնօրինության հրաժարական և սկսում նախազգուշական գործադուլ, իսկ նոյեմբերի 8-ից` անժամկետ գործադուլ: Կրճատումները հասնում են Քաջարան, Ագարակ: Լեռնահանքային Սյունիքն այսօր`կանգնած է մեծ վտանգի առաջ: Սա ինտեգրված աշխարհի հետ միասին լինելու գինն է: Ուղղակի, բախտներս կարող է բերել, որ դեռ չենք հասցրել մինչև վերջ ինտեգրվել: Ամեն դեպքում` սա շարունակելի:
Եվ վերջապես, եկեք տարին ամփոփենք մարդկանցով: Ովքեր էին 2008-ի մեր հերոսները, մարդիկ, որ զարմացրին, զայրացրին, որոնց մասին խոսեցին ու գրեցին: Հատուկ Ռեպորտաժի տարվա տասը դեմքերը:
Մեր տասնյակի առաջին եռյակում Հայաստանի երրորդ հանրապետության երեք առաջնորդներն են: Սա Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձի տարին է: Տեր Պետրոսյանը նոր ինտրիգ մտցրեց քաղաքական դաշտում, բարձրացրեց նախագահական ընտրությունների նշաձողը և վերադարձրեց հռետորականության արվեստը հանրային բեմ: Տեր Պետրոսյանի, դասական-ավանդական ու մի քիչ երկար ելույթները ևս մեկ անգամ վկայեցին` առաջին նախագահը մեթոդիստ է նույնիսկ իշխանության համար պայքարում:
Այս տարի բացվեց Պուշկինի , Սիրահարների այգին, Սարալանջի հանգույցը, Չարենցի, Խանջյանի գետնուղիները: Երևանյան այս փոփոխությունները չէին լինի, եթե չլիներ երկրորդ նախագահը: Հենց Ռոբերտ Քոչարյանն էր մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը: Այդ պատճառով, բոլորի հանդիսավոր բացմանը` հաճույքով մասնակցում էր` ընդհատելով հետնախագահական հանգիստը:
Բայց երեք նախագահներից լրատվական վերնագրեր ստեղծեց Սերժ Սարգսյանն` ի պաշտոնե;Նա առաջին 9 ամիսներին նախաձեռնեց արդեն հայտնի հարկային բարեփոխումը, Ֆուտբոլային դիվանագիտությունը, Մայնդորֆյան հռչակագիրը: Առաջին անգամ ուղերձով հանդես եկավ Ազգային ժողովում, և ձևակերպեց, թե ով է հայը 21-րդ դարում:
Թերևս հենց ազգային ինքնությունն էր պատճառը, գուցե կոչումը`որ այս տարի իսկական կենաց պայքար մղեցին հայ հոգևորականները երուսաղեմում: Հունական և հայկական եկեղեցիների հոգևոր սպասավորների ու հավատացյալների ընդհարվում են Քրիստոսի գերեզմանում, երբ Երուսաղեմի հայկական եկեղեցին նշում է չորրորդ դարում Քրիստոսի խաչի գյուտի տոնը: Սրբավայրը երկար ժամանակ կռվախնձոր է հայ առաքելական և հույն ուղղափառ եկեղեցիների միջև: Հերթական վեճն ավարտվել է ծեծկռտուքով, երկու հոգևորական ձերբակալվել է:
Կռվախնձոր է նաև Թբիլիսի Սուրբ Նորաշեն եկեղեցին, որը վրացիները տեղ համառորեն չեն ցանկանում բացել: Պաշոտնական այցի ընթացքում, այնուամենայնիվ մոմ է վառում վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ականատեսների վկայությամբ, եկեղեցին ամուր կողպել են վարչապետի հեռանալուց անմիջապես հետո:
Հայկական երգն ու պարը, ավելի շուտ հայկական ազգային երաժշտությունն ու դուդուկը նա դարձրեց համաշխարհային սեփականություն: Այս տարի Ջիվան Գասպարյանը մեծ շուքով նշեց իր 80-ամյակը: Ջիվանի համերգը իսկական համաշխարհային տոն էր` առաջին մեծության աստղերով: Հաջորդ օրը, գրեթե ամբողջ հայկական մամուլը գրեց ` լավ է, որ դեռ կարող ենք մարդուն մեծարել իր իսկ կենդանության օրոք:
Քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը 29-րդ ամառային օլիմպիական խաղերն էին, գլխավոր հարցը` կունենանք մեդալ թե ոչ: Ութամյա դադարից հետո Հայաստանը վերադառնում է 6 բրոնզով. Հավաքականին անվանում են բրոնզաձույլ` մեդալ բերեցին ծանրամարտիկներ ավագ և կրտսեր Տիգրան Մարտիրոսյաններն ու Գևորգ Դավթյանը: հունահռոմեկան ըմբիշներ Ռոման Ամոյանն ու Յուրի Պատրիկեևը և բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանը:
Թիվ մեկ հեռուստապերսոնան Ռալֆ Յիրիկյանն է: Նա դարձել է ավելի ճանաչելի, քան նույնիսկ իր իսկ ընկերության բրենդը` Վիվասելը: Բարեգործական ակցիաների շնորհիվ նա այսօր դարձել է բջջային վարչապետ. շտկում է, օգնում և կառուցապատում:
Պերսոնա, երբեմն նոն-գրատա, երբեմն գրատա` այսինքն ցանկալի կամ անցանկալի, բայց հայկական շոու-բիզնեսի այս տարվա ամենաակտիվ դեմքը Շպրոտն է: Նա 2008-ն ամփոփում է սկանդալային վիդեոներում, դերով` Ոռոգայթ սերիալում, համահաղորդավարությամբ` Առաջին Ալիքով, մի քանի հիթերով ու անընդհատ փոփոխվող սանրվածքներով: Շպրոտը` տարվա շոու-վումընն է:
Եվս երկու տարի աշխարհի շախմատային գերտերությունը Հայաստանն է: Սա է 2008-ի գլխավոր նվաճումը: Լևոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան և Արտաշես Մինասյան կազմով; Դրեզդենի օլիմպիադայից առաջ մեր հավաքականին տրված էր իններորդ վարկանիշը: մենք ստիպված եղանք մրցել ավելի բարձր վարկանիշով վեց հավաքականների հետ: 1991-ից հետո համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն են դարձել միայն Ռուսաստանը, Ուկրաինան և արդեն երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանը:
2008 թվականին մենք ունեցանք հաջողություններ ու պարտություններ, նոր անուններ ու մեծ հիասթափություներ` մարդկանցից, որոնցից յուրաքանչյուրը ապրեց ու պայքարեց այնպես, ինչպես կարող էր: Սակայն անցնող տարվա գլխավոր մարդը տարվա ամենազգացմունքային միջոցառման մասնակիցը այն 700 զույգերն են, որ պսակադրվեցին Արցախում: Հանուն հայոց ապագայի, ի հեճուկս պատերազմի և նավթային թշնամու, այս 700-ը ապագան երաշխավորեցին իրենց սիրով ու միասնությամբ: Երջանիկ ու սիրող մարդը հենց ամուր ու ուժեղ պետության երաշխիքն է ու հիմքը: