ԹՈՂԱՐԿՈՒՄ 1-ԻՆ. ՌՈՔ ԱԼԻՔ

logo Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 3-րդ: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 4-րդ: Դիտել այստեղ:

Այլընտրանքային ռոքի աշխարհի ամենահայտնի կատարողներից Սերժ Թանկյանը վերջապես եկավ Երևան: Հատուկ Ռեպորտաժի թիմը միակն էր և նկարահանման բացառիկ իրավունքով` Թանկյանին հետևում էր ամենուր… Ինչու Թանկյանը եկավ ոչ ՎԻՊ-ով, ինչու ուշացավ համերգը, նկարահանումներ համերգից առաջ, դրա ընթացքում և հետո…. Եվ, վերջապես, հայկական ռոքի պատմությունը, որ սկսվում է 1964 թվականից… Ակադեմիական ուսումնասիրություն ավանգարդի ու երկար ժամանակ ընդհատակյա համարվող ռոքի մասին` բոլորը, հները, նորերը, հաջողակներն ու փորձարարները: Եթերաշրջանը սկսված է. թողարկում առաջին…

Արտակ Ալեքսանյան- Օգոստոսին կայացավ Սիսթեմ օֆ ա դաուն խմբի մենակատար Սերժ Թանկյանի երկար սպասված համերգը Երևանում: Թանկյանն այսօր, թերևս, աշխարհի ամենահայտնի հայն է, որին ճանաչում է աշխարհի երիտասարդությունը: Շառլին գիտեն միայն Ֆրանսիայում, Շերը` վաղուց նոր ձայնասկավառակ չի թողարկել և Վեգասում է, Անդրե Աղասին թոշակի է անցել, Էգոյանն էլ` հայտնի է միայն կինոաշխարհում: Մինչդեռ Թանկյանը իսկապես ֆենոմենալ է: Նրան գիտեն նույնիսկ ամենաարևմտյան Եվրոպայի ամենաապաքաղաքականացված իռլանդացի ու նոր զելանդացի երիտասարդները, աֆրիկացիներն ու բուլղարները: Երևանը` նրա համերգային տուրի` առաջին հայացքից սովորական, իրականում արտասովոր կանգառներից մեկն էր` 48 ժամով: Այդ մասին կասի հենց ինքը` Թանկյանը:

Արտակ Ալեքսանյան- Ռաֆֆին Դիմ քոմունիքեյշընից և Արմենը` Ֆյուջիթիվ ստուդիոյից, հետո արդեն կապացուցեն, որ լավ կազմակերպիչ են: Որ համերգային տեխնիկա կբերեն եվրոպայից, բարեհամբույր ու համբերատար կլինեն լրագրողների ու երկրպագուների հետ, որ կբավարարեն երաժիշտների ցանկացած պահանջ: Իսկ մինչև այդ ու հենց ամենասկզբից…. Մոռացել էին օդակայանում վճարել ՎԻՊ-ի համար: Հետո արդեն, Սերժը կուշանա, որովհետև մոռացել էր վիզան:

1Սերժ Թանկյանի համերգը Երևանում իր եվրոպական համերգաշարի կանգառներից մեկն էր: Հայաստանից երեք օր առաջ Շվեդիայում էր, հետո` Դանիայում, Երևանից անմիջապես հետո խումբը մեկնելու էր Ռումինիա, հետո` Բուլղարիա: Թանկյանի հետ միասին Երևան էր եկել Ռոլինգ Սթոունս ամսագրի գերմաներեն տարբերակի լրագրողն ու ֆոտոթղթակիցը:

Եվ այսպես, սկսվեց: 43-ամյա Թանկյանը, Հայաստանում մնաց 48 ժամից էլ պակաս: Օդակայանից` ուղիղ հյուրանոց: Հաջորդ գործը` վաղն առավոտյան` բացառիկ հարցազրույց Հատուկ Ռեպորտաժին, հետո` մամուլի ասուլիս:

2Սկիզբը սեպտեմբերի 7-ին պիտի արձակեինք ռեքորդը, բայց մասնավոր թուղթ օգտագործում էինք, որ մեծ մասով ծառից չէ շինված, այսինքն` աղբաթղթից է, բայց պետք է սպասինք, որ այդ թուղթը պատրաստ ըլլար, որ պատրաստեինք: Ատոր համար է, բայց այո, հայկական անկախության համար ըրինք,- հարցազրույցում նշում է Սերժ Թանկյանը:

Թանկյանի մամուլի ասուլիսի մասին սկսել էին խոսել դեռ շաբաթներ առաջ: Սկզբում հարցերն էին խնդրել, հետո ասել էին` կպատասխանի այն հարցերին, որոնք կընտրի: Երկար բողոքներից հետո, սակայն, Սերժ Թանկյանը ասաց ավելին, արեց ավելին: Ասուլիսից անմիջապես հետո` ճաշ, հետո արդեն` փորձ: Փորձը տևեց ավելին, քան սպասվում էր:

3Ինձ համար կարևոր է երաժշտության միջոցով ինքս ինձ արտահայտեմ, քաղաքական հայացքներս, անձնական, տարբեր գաղափարներ` համամարդկային, աբսուրդ, գիտակցության ճիչ: Չպետք է լինի սահմանափակում: Երաժշտությունը նաև ժամանց է, բայց ինձ համար երաժշտությունը ինտուիտիվ արտահայտչամիջոց է, որ ներշնչում է բոլորին, որ տարբեր ձևերով միավորում է, ավելին քան լեզուն, տեսական կամ լեզվաբանական միտքը,- ասում է Սերժ Թանկյանը

Թանկյանի համերգին մասնակցում էր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ութ երաժիշտ: Մինչև այժմ աշխարհահռչակ երաժիշտը հայաստանյան ոչ մի կատարողի հետ չի համագործակցել: Անկեղծորեն ասում է` այն, ինչ լսել է, իրեն չի տպավորել:

Ռոք համերգները սովորաբար չեն սկսվում միանգամից հենց խմբի ելույթով: Սկզբում այդպես կոչվող` տաքացնողներն են` երիտասարդ խմբեր, որոնց հնարավորություն է տրվում ելույթ ունենալ, ջերմացնել լսարանը արդեն աստղերի համար: Թանկյանի համերգը սկսեց ՎԻԶԱ խումբը, որը մեծամասամբ բաղկացած էր հայերից: ՎԻԶԱ խմբից է նաև Ջիվան Գասպարյանի թոռը` Ջիվան Գասպարյան կրտսերը: Հետո արդեն Թանկյանի հերթն էր: Ու առաջին անգամ համերգի ժամանակ խոսեց հայերեն:

4– Ինձ համար հաջողությունը ինքդ քեզ հավատարիմ լինելն է` քո երաժշտությանը, քո արվեստին, որպես մարդ: Դա ամենևին վաճառքի թվերը չեն, հատկապես, որ երաժշտական ինսդուստրիան այսօր անօրինական վաճառքի ծավալով լավ վիճակում չէ ,- հաջողության գաղտնիքներն է բացում Սերժ Թանկյանը:

 

Թանկյանի համերգը` սոլդ-աութ էր, այսինքն` բոլոր տոմսերը վաճառված էին: Ավելին, եկել էին նրանք, ովքեր տոմս չունեին: Ու հանգրվանել էին համերգը հեռարձակող հանրային հեռուստատեսության շարժական կայանում: Գրեթե երկուսուկեսժամանոց համերգից հետո Թանկյանը առանձին սենյակում հյուրընկալեց մի քանի հոգու,որ անձամբ էր հրավիրել ու ցանկանում էր անձամբ խոսել: Դա արդեն կեսգիշերանց էր…

5– Իսկապես հրաշալի շոու էր: Արտակարգ լսարան էր, շատ սիրով ելույթ ունեցա, ամբողջ կյանքում սա կհիշեմ: Առաջին անգամ էր: Շատ յուրահատուկ էր, շատ բացառիկ: Շատ հոգնած եմ, հիմա միայն նստելու մասին կմտածեմ, որ ճիշտն ասեմ,- համերգից ոգևորված է նաև Սերժ Թանկյանը:

 

Թանկյանի անհավանական ռիթմերն արթնացնում են 6-րդ զգայարանը, նրա ցասումի ու հանդգնության, ինքնապահպանման ու ինքնամաքրման մեղեդին արթնացնում է այն, ինչ կուտակված է եղել: Նա դառնում է հոգու երկրորդ ձայն, հետո արդեն ունիսոն դառնում քո իսկ հոգու ճիչի հետ: Հենց այդ պատճառով, համերգը, որպես հետգրություն, ավարտվեց երգ-խորհրդանիշով` Բարի արագիլով:

Պզտիկությունից հորս հետ կերգեի այդ երգը, միշտ կդներ: Երբ որ որոշեցինք պապայի ռեքորդը պատրաստել, բայց ես երգեցի:

Արտակ ԱլեքսանյանԹանկյանի համերգին ներկա էին ոչ միայն ռոքի սիրահարները, այլև հենց ռոքերները: Ընդունված է համարել, որ այսօր Հայաստանում թևածում է հայկական ռոքի վեցերորդ ալիքը: Հայկական ռոքի պատմությունը սկսվում է 1964 թվականից, այսինքն` Բիթլզի ստեղծումից մեկ տարի անց: Մանու Իրիցյանն ուսումնասիրել է հայկական ռոքի կենսագրությունը` ամենահաջողակներից մինչև ամենահները, նորերից մինչև փորձարարներ:

Մանու Իրիցյան- Մրգաշեն գյուղի Կուլտուրայի տան տնօրենի աշխատասենյակն է ու գյուղի ամենահայտնի տղաները: Արդեն ութ տարի է` հին ու մաշված գործիքներով կատարում են Կինո խմբի լավագույն երգերը: Իրենց էլ կոչում են Կինո, միայն թե հայերեն ու հապավումով՝ ԳՖ:

Մեր հարվածային գործիքը, ինչպես տեսնում եք, անմխիթար վիճակում է: Բայց նվագողն է շատ ուժեղ նվագում: Տիգրան ջան, մի հատ ինչ-որ պերեխոդ կամ մի բան,- ԳՖ խմբի ղեկավար Էդգարը ոգևորվում է:

Հեղինակային երգեր էլ ունեն, բայց միևնույն է, Ցոյի երգերն ավելի տպավորիչ են ու հարազատ: Կինոյի հեղափոխական երգերով նոր հեղափոխություն դժվար թե անեն, առաքյալների ժամանակները, ասում են, արդեն անցել է: Բիթլներն ու ռոքն արդեն Հայաստանում էին, երբ բեմ դուրս եկան նրանք: Պետք է թափ տային մարդկանց սրտերն ու հոգիները ու դառնային մի ամբողջ սերնդի բողոքի ձայնը: Սովետական քարոզչությունը սկսել էր թուլացնել հայ ռոքերներին ճնշելը, բայց Արթուր Մեսչյանն ու իր համախոհները շարունակում էին հետապնդվել:

vahan-artsruni
Արթուր Մեսչյանն, օրինակ, 12 տարի ընդհանրապես հնարավորություն չուներ համերգ տալու: 70-ից մինչեւ 83 թիվը, երբ ես միացա իրեն, համերգներ չկային: Ինչ էտապներով որ անցել է ռոքը արտասահմանում, զարմանալի է, բայց այստեղ էլ է անցել,- ասում է Վահան Արծրունին:

 

Հիմա Առաքյալը նորից այստեղ է ու նորից զբաղվում է ճարտարապետությամբ ու երաժշտությամբ, Արծրունին էլ շարունակում է ժամանակ առ ժամանակ բեմ դուրս գալ նրա հետ: Իսկական ռոքերը երբեք չի դավաճանում իր սկզբունքները, չի վաճառվում ու պատվեր չի կատարում:

8Սա անգլիական Բիթլզը չէ, որքան էլ նման է: Նրանք Սովետական Հայաստանի Երազողներն են:

Պետք է կեղծիքների գնայիր, ծրագրերում սուտ գրեյիր, որ դրանք բանվորական երգեր են: Հիմա ինտերնետ կա, բառերը, երաժշտությունը կարող ես հանել, էն ժամանակ նոր երգը եթերից էինք լսում,- հին ու բարի օրերն է հիշում Երազողներ խմբի անդամ Զավեն Սարգսյանը:

60-ականների բալլադային հայկական ռոքին փոխարինելու եկան էլեկտրագիտարներն ու ծանր ռոքը: Կաշվե հագուստ, երկար մազեր ու օրիենտալ ռոք. սա հայկական Այասի ոճն էր: Խումբն այօր էլ կա, թև հին կազմից ոչ բոլորն են մնացել: Ռոքը նրանց շուրթերին էր նույնիսկ ղարաբաղյան ռազմադաշտում: Ռոքն այսօր էլ նրանց հիմնական զբաղմունքն է ու գաղափարախոսությունը:

– Մենակ ռիթմիկայի հարցը չի, սենց անեն ու գլուխները թափ տան: Դրա մեջ չի ռոքը. ռոքը ստեղով ա, ստեղով ա,- Այաս խմբի անդամ Արմեն Պետրոսյանը նկատի ունի հոգին:

Ինչպես երիտասարդ տարիներին, այսօր էլ, երբեք հարբած բեմ դուրս չեն գալիս, չեն ընդունում այն ամենը, ինչ գլամուր կամ էլիտար է համարվում: Երգելու պայմանն էլ մեկն է՝ խորովածի սեղաններն անընդունելի են:

Մինչև Մաքսիմում խմբում հաստատվելը, Արթուր Մոլիտվինը ղեկավարում էր Դաշինք խումբը, որի անվան ռուսերեն տարբերակը` Ալյանս, ավելի հոգեհարազատ դարձավ երկրպագուներին: Տեսանյութեր չեն պահպանվել, իսկ ամենահիթային երգը նույնիսկ ձայնագրություն չուներ:

Խմբի փորձատեղ որոնելու ճանապարհին գրվեց: Էս խեղճ ոտքերը եթե լեզու ունենային, կասեին, ուր եք էսքան գնում,- կատակում է Ալյանս խմբի ղեկավար Արթուր Մոլիտվինը:

Ամենածանր տարիներին՝ Արթուրը ստիպված էր մի քիչ հեռանալ ռոքից: Գործարանի աշխատանքը ռոքի համար նախատեսված ժամանակը խլում էր` փոխարենը ոչինչ չտալով:

Դժվարությունները մեկ օրում մոռացվեցին, տարիների երազանքն էլ կատարվեց մեկ օրում: Արթուր Մոլիտվինին հրավիրում են նվագել ռոքի լեգենդ Յան Գիլանի հետ:

Ասեց Յան Գիլանի հետ պիտի նվագես, ասեցի ինչ՞, ինչ ես ասու՞մ: Ու մտածում էի, ես կկարողանամ, թե չէ: Գիլանը ետ էր նայում, սենց էր անում, ասում էր լավա,- ուրախությունը հիմա էլ չի կարողանում զսպել Արթուր Մոլիտվինը:

Յան Գիլանի համերգին ու նաև ամեն մի կարևոր ռոք-իրադարձություն բաց չի թողնում վարչապետ ու ռոքեր Տիգրան Սարգսյանը: Վարչապետը դեռ դպրոցական տարիներին է նվագել ու լսել ռոք:

7Մեր ժամանակ ամենաշատը Առաքյալներն էին տարածված, կարծում եմ, այդ մրցակցությանը ոչ մեկ չէր դիմանում: Բոլորը գիտեին երգերը, համերգները շատ բարձր էմոցիոնալ մակարդակի վրա էին անցնում,- հիշում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

2010-ի ամռանը վարչապետը ռոքերների հետ հիմնեց Հայ ռոքերների ասոցիացիան: Նպատակը ռոքը պրոպագանդելն է ու ռոք շարժումը խորացնելը:

Նրանք երբեք չդավաճանեցին իրենց սկզբունքներին, միակ կոմպրոմիսը, որ երբևէ եղավ <Այո> հեռուստահաղորդմանը ոչ կենդանի ձայնագրությամբ հանդես գալն էր: Ոստան Հայոցը 80-ականներից մինչև այսօր չի կորցրել ամենահայտնի ու ամենահայկական ռոք խմբի համարումը:

9Էն ժամանակ համ ռոքն էր անդրգրաունդ, համ ռաբիզն էր անդրգրաունդ, որը պայքարում էր զա մեստո պոդ սոլնցեմ: Հիմա անհասկանալի վիճակ ա, ոչ մեկն ա անդրգրաունդ, ոչ` մյուսը: Բայց ոչ մեկն իր տեղը չի գտնում, այսինքն` մեկը գտնում է, ցավոք սրտի, ժամանակավոր է գտնում,- մի փոքր զայրանում է Ոստան Հայոց խմբի ղեկավար Արեգ Նազարյանը:

Հնի ու նորի իսկական օրգանական միության ու նաև առողջ սերնդափոխության լավագույն օրինակը մեծ ու փոքր Բամբիռները եղան:

Երբ եթերում հայտնվեց այս ռոք խումբը, շատերը չէին էլ կասկածում, որ The Beautified project-ը հայկական խումբ է: Պատճառը պրոդյուսերական հնարքն ու խմբի բրիտանահայ վոկալիստի շեքսպիրյան անգլերենն էր: Երաժշտությունը՝ դաշնամուրի ու ակուստիկ կիթարի միացությունը:

10Դա նաև նրանցից է, որ ինչ-որ արվում է դրսի ստանդարտներով է արվում: Հայաստանում սկզբում երգ, կլիպ, իսկ սի դի չի լինում, մենք սկզբում հանել ենք սի դին, հետո տեսել ենք, թե որ երգն են հավանում ,- պատմում է The Beautified project-ի պրոդյուսեր Արվին Քոչարյանը:

94-ից նրանք որոշեցին, որ պետք է լինեն եթերում ու մեկ տարվա մեջ առնվազն գոնե երկու անգամ մենահամերգ ունենան: Կոմերցիոն ռոքի ու ռոքը փոփի հետ խառնելու համար հաճախ են այս խմբին մեղադրում: Էմփիրեյը նորանկախ Հայաստանի ամենափոփ ռոք խումբն է:

11 Մեր մոտ կոմերցիոնը վատ է համարվում, քանի որ մեր մոտ վաճառվում են վատ բաները: Չկա կոմերցիոն, կա լավ ու վատ, պահանջված, լսվող, և ոչ մեկին պետք չեկող,- ասում է Էմփիրեյ խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը:

Ամենափոփային մրցույթի՝ Եվրատեսիլի նախորդ տարվա նախընտրական փուլը հանրահայտ դարձրեց վերջին երկու տարիների ամենապոպուլյար երիտասարդ ռոք խմբին: Մեկ տարի անց արդեն Դորիանսի վոկալիստը Եվրատեսիլի բեմում էր՝ բեք-վոկալիստի դերում: Ռոք կատարողի բեմելը փոփային հարթակում ոչ բոլորին դուր եկավ:

Դա արվել է, քանի որ Եվան իմ շատ լավ ընկերն է: Գնացել եմ, որպես պադդերժկա և Հայաստանի համար եմ գնացել,- մեկնաբանում է Դորիանս խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը:

Ռոքի իրենց գաղափարախոսությունը ռոքերները դեռևս փորձում են պարզել, իսկ մինչև այդ կատարում են պրոգրեսիվ ու էմոցիոնալ երաժշտություն:

2 մեկնաբանություն

  1. Լաուրա Դեմիրչյան 11 September 2010, 19:55

    Բավականին հետաքրքիր ռեպորտաժ էր,հետևում եմ հաղորդումներին ու իմ հետաքրքրությունը բավարարող նյութեր անպայման գտնում եմ,ես ռեպորտաժում հիշվեցին գրեթէ բոլոր հայկական ռոք խմբեռը բայց ես սպասում էի որ նյութ կլինի նաև Միքայել Պողոսյանի երգերի ու քաղաքական տեքստերի վերաբերյալ,բաըց էդպես ել չհանդիպեցի,ւղակի հետաքրքիր կլիներ:շնորհակալ եմ