ԹՈՂԱՐԿՈՒՄ 14-ՐԴ. THE BEST. ՄԱՍ 1

logo2 Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:

Նախագահ Սարգսյանին ուղղված հարց, որին պատասխանելու համար երկրի առաջնորդը ժամանակ խնդրեց, բժիշկ, որ միաժամանակ և դոնոր է եղել, և վիրահատություն արել, հայուհի, որ ամուսնացել է, հետո նոր պարզել, որ ընտրյալը շատ հարուստ է, հայտնի բարերար Արամյանի լքված տան առեղծվածը, իսկական հրաշք աղոթքի միջոցով, անբուժելի հիվանդությամբ տառապող երեխան բուժվում է: Ամանորի թողարկումներից` բարի, անհավանական ու հույս ներշնչող հերոսներով ու պատմություններով:

Արտակ Ալեքսանյան – Գրեթե ամբողջ տարին Հատուկ Ռեպորտաժը, առանց համեստության, ստանում է մի քանի հարյուր զանգեր ամեն շաբաթ: Շատ հաճախ մեզ փոխանցում են բացառիկ պատմություններ, մարդկանց ճակատագրեր, որոնց սակայն մեկ առանձին ռեպորտաժի կամ թողարկման հետ, մասնագիտական ժարգոնով ասած, չեն ձգում, այսինքն` բավարար չեն: Բայց լրագրողի անհանգիստ բնավորությունը երբեմն մեզ չի թողնում հրաժարվել այդ մարդկանցից, անուշադրության մատնել այդ ճակատագրերը: Դրանցից լավագույնները մենք որոշեցինք երկու մասով ներկայացնել դեկտեմբերի վերջին երկու թողարկումներին` դեպքեր, դեմքեր ու երևույթներ, առանց որոնց անհնար է պատկերացնել ու առավել ևս հասկանալ այս կյանքը:

manu-vernagirՄանու Իրիցյան – Ամռան նախավերջին օրն է: Հանրապետության նախագահը հանդիպել է տարվա լավագույն աշակերտների հետ: Պատանիները պատրաստվել են երկրի առաջին դեմքի հետ մտերմիկ ու անմիջական զրույցի: Բայց հանկարծ, պաշտոնավարման ամբողջ ընթացքում առաջին անգամ նախագահը հրաժարվում է պատասխանել հարցերից մեկին, այն էլ դպրոցական աղջկա: Տասներորդցի Քրիստինեն Դաշտավանից Երևան գալիս չէր էլ սպասում այսպիսի շրջադարձի: Ծանր ապրումները Քրիստինեին տանջեցին ամբողջ երկու օր: Եվ ահա` պատմական հանդիպումից ընդամենը երկու օր անց Քրիստինեն նամակ ստացավ ոչ ավել ոչ պակաս Հանրապետության նախագահի ստորագրությամբ:

naxagah– Երկու հարց տվեցի, առաջինին պատասխանեց, իսկ երկրրոդին, որն էր` ինչ երազանք ունեիք, որ կապված չէ հայրենիքի հետ, որ չկատարվեց: Նա դժվարացավ պատասխանել, ձեռքը դրեց սրտին, ասաց բավականին բարդ հարց ես տալիս,- հիշում է Քրիստինե Սարգսյանը,- Պատասխանն այն էր, որ նա և իր ընկերները երազել են դառնալ շախմատի չեմպիոն: Սակայն նրան չի հաջողվել, այժմ նա ամեն կերպ փորձում է սատարել մեր հայ շախմատիստներին: Նրանց միջոցով իրագործել երազանքը:

Քրիստինեն էլ ունի երազանքներ. Ուզում է գեղեցիկ զգեստների խանութ ունենալ, կամ երգել մեծ բեմում: Գիտի, երազանքները երբեմն չեն կատարվում: Բայց, պարզվում է, երբեմն իրականանում է այն, ինչի մասին նույնիսկ մտքովդ չի անցել երազել:

arax-vernagirԱրաքս Թադևոսյան – 8 տարի առաջ նրանք երկուսն էլ Երևանում էին, մեկն այն ժամանակ աշխատում էր Ներքին գործերի նախարարության հոսպիտալում, մյուսը սովորում էր Ոստիկանական ակադեմիայում: Միմյանց չէին ճանաչում, հանդիպեցին այն չարաբաստիկ օրը, երբ բժիշկը հերթապահության էր, իսկ ուսանողը փորձանքի մեջ էր ընկել: Տուժածին հիվանդանոց հասցրեց շտապօգնության մեքենան:

– Փայծաղն էր ծակվել, որոշվեց, որ պետք է շտապ վիրահատվի,- հիշում է վիրաբույժ Էդվարդ Գրիգորյանը:

virahatutyunՎիրահատությունը երկար տևեց, այն ժամանակ վիրաբույժը երիտասարդ էր, անփորձ, բայց կարողացավ պատասխանատու որոշում կայացնել, ստիպված էին հեռացնել փայծաղը: Այլապես երիտասարդին չէին փրկի: Վիրահատությունից հետո, երբ թվում էր վիճակը կարգավորվում է, նոր պայքար սկսվեց, երիտասարդը արյուն շատ էր կորցրել: Սկսեցին զանգել հիվանդանոցներ, Հունանը հազվադեպ արյան խումբ ունի: Այլևս չէին հասցնի, պետք էր ամեն ինչ տեղում անել: Ստուգվեց բժշկի արյան համատեղելիությունը ` համապատասխանում էր: Երկուսինն էլ` 3-րդ դրական:

32
– Գրիգորյանը պառկել է ու ասել է` ինչքան պետք է, քաշեք: Հաջորդ օրը ես իմացա, որ արյուն տալուց հետո գնացել է տուն, շատ վատ է եղել,- պատմում է տուժած Հունան Գարանյանը:

 
 
23Երբ վտանգն արդեն անցել էր և բժիշկը լրացնում էր Հունանի բժշկական տեղեկանքը, նկատեց, որ երիտասարդը Տավուշի մարզից է, ավելին` Տավուշ գյուղից, որն իր հայրական գյուղն է: Պարզեց, որ ոչ միայն համագյուղացիներ են, այլև հարևաններ: Մի քանի տարի անց երկուսն էլ կրկին հայտվեցին նույն տեղում: Ակադեմիան ավարտելուց հետո Հունանը մայրաքաղաքից վերադարձավ հայրենի գյուղ, իսկ բժշկին գործուղեցին Տավուշ: Հունանը ոստիկանական համակարգում է` քննիչ է: Իսկ երբեմնի անփորձ վիրաբույժն արդեն 8 տարի է ղեկավարում է զինվորական հոսպիտալը, 37 տարեկան է , 3500 վիրահատություն է կատարել առանց մահվան ելքի, ասում է` շատ ծանր վիրահատություններ է ունեցել,պրակտիկորեն բոլորին հիշում է, բայց այս դեպքն ամենածանրերից էր ու ամենահիշվողը: Չէ որ Հունանի երակներով հիմա նաև իր արյունն է հոսում:

moxroty-2Սոնա Աբրահամյան – Իրական կյանքում դդումը շքեղ կառք չի դառնում ու Մոխրոտիկն էլ պարահանդես չի գնում: Կյանքում էլ, հեքիաթում էլ Մոխրոտն իր արքայազնին գտավ. հեքիաթում կորցրեց կոշիկը, իրականում` մի ամբողջ կյանք: 18 տարեկան էր` սիրահարվեց ու ամուսնացավ: Սերը մեծ ու ամուր էր, քանի մեջտեղում չէր հայտնվել սիրուհին` ամուսինը անդառնալի սիրահարվեց խմիչքին: Խմող ամուսնուց ու ծեծող որդուց Օֆելյան թոռների հետ տանից հեռացավ: Մի քանի տարի հետո թոռներն էլ հեռացան, տատի մասին նույնիսկ հեռախոսով չհիշեցին:

moxrot3– Մենք ջրատար ունեինք մեզ մոտ, որոշեցի, որ պետք է գնամ ու ինձ գցեմ դրա մեջ: Ճանապարհին հանկարծ մեր բարեկամներից մեկին հանդիպեցի, կանգնեց, հետս խոսեց, ու ես հանկարծ սթափվեցի, թե ինչ եմ անում ու վերադարձա տուն,- պատմում է տիկին Օֆելյան:

Ժամանակին Օֆելյայի ճանապարհը կտրած բարեկամը հիմա Սաշայի աչքի լույսն է: Մեր ժամանակների արքայազնին վայել Սաշան Ռուսաստան խոպան էր գնացել, լավ գործ դրել ու հարստացել: Ռուսաստանում ամուսնությունը հաջող չէր, որոշեց գալ Հայաստան ու հայ կին գտնել: Սաշայի դրամապանակը կանանց համար հարմար թեկնածու էր:

moxroty– Մարդիկ աչք դրեցին իմ ունեցվածքի վրա: Իմ համեստությունից օգտվելով` որոշեցին, որ ինձ կարելի է հեծնել,- ասում է Սաշան:

Համեստ ու բարի կնոջ մասին ծանոթներից մեկը պատմել էր, որոշեց հանդիպել: Ինքն այդ օրը շտապում էր, մեքենան` գործը ետ գցում, ճանապարհին երկու անգամ փչացավ: Մազութոտ ու ունևոր խոպանչի նույնիսկ չհիշեցնող տեսքով Սաշան Օֆելյային հասավ:

– Ինձ զանգեցին ու ասացին, որ Ձեզ հարցնող կա, այդ ժամանակ իմ տղան բանտում նստած էր ու ինձ թվաց, թե նրա մոտից են եկել, ջղայնացած ասացի` հասցեն տվեք, թող գա,- հիշումէ Օֆելյան:

– Տեսա շատ հաճելի արտաքինով, դուրեկան մի կին,- մտաբերում է Սաշան:

moxrot4Օֆելյան հենց սկզբից հասկացավ`իր արքայազն է: Բայց որ արքայազնը ունևոր էլ է, իմացավ միայն 13-րդ օրը` ամուսնանալիս: Հեքիաթում ամեն ինչ այստեղ էլ կվերջանար: Իրականության մեջ ամեն ինչ հենց այստեղից է սկսվում: Սաշայի նախկին կինը նոր կնոջ հետ չի հաշտվում: Կամ ետ ամուսնուն է պահանջում կամ գումար: Սաշան կնոջից ազատվելու ու գտած սերը չկորցնելու համար նախկին կնոջն է նվիրում ինչ հասցրել էր աշխատել ու հավաքել:Հիմա Սաշան ու Օֆելիան Երևանից հեռու փոքրիկ տան մեջ են ապրում: Ինչպես ամուսնության առաջին օրը, ամեն օր իրենց սերն են քաղցրացնում: Սերը ոչ փող է, ոչ թանկարժեք հագուստ ու ոչ էլ պահածոներով լիքը պահարան, սերը իրար կողքին լինելու պարզ երջանկությունն է: Նրանք դա հասկացել են:

dxyakՏիգրան Զարեյան – Անէ ոգի, տեսիլք թե ուրվական: Դժվար է ասել: Ոմանք սարսափում են դրանից, ոմանք` հետապնդում դրանց, ոմանք` նույնիսկ որսում… բայց շատերը պարզապես ձեռքն են թափ տալիս: Ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը պնդում է, որ ուրվական տեսել է: Հայ մեծ բարերար Միքայել Արամյանցի դղյակում ենք: Այն այսօր նորոգվում է, մինչդեռ տասնամյակներ շարունակ եղել է մարդկանցից լքված ու ավերակների վերածված, բայց աներևույթ տիրակալի` ուրվականի սեփականություն: Ասում են` դղյակի ոգին այնքան բարի է, որ հայտնվելիս բարեկամաբար ժպտում ու շնորհակալություն է հայտնում:

Ամերիկահայ գործարար և բարեգործ Սերոբ Տեր-Պողոսյանը, գալով Հայաստան, գնում է Ախթալա: Տեսնում Արամյանցի դղյակի ավերակնրը: Ու ձեռք է բերում այն: Կնոջ հետ որոշում ներսից նայել դղյակը:

tiko-serob– 4 տարի չարչարվելուց հետո սեփականությունը ձեռք բերինք: Իմ տիկինս` Մադլենը, և ես եկանք, ըսինք` նայենք շենքը: Մտանք աս սենյակը: Շատ շատ դուրս եկավ աս սենյակը: Աս բուխարին շատ հիանալի էր: Ուրեմն` մտածեցինք, որ բուխարին մի հատ փորձենք,- պատմում է Սերոբ Տեր-Պողոսյանը:

Տեսնում են, որ բուխարին աշխատող է: Տիկին Մադլենը մնում է սենյակում:Պարոն Սերոբն էլ իջնում է ներքև փայտ բերելու: Հանկարծ դղյակի մուտքի առջև նա տեսնում է մի մարդու` հնաոճ տարազով, արաբի,թե հնդիկի զգեստով:

– Ադ մարդը, որ տեսա, տեսիլքը ճիշտ աստեղ էր: Աստեղեն եկա , որ ներս մտնեմ: Մոտավորապես աստեղ կանգնած էր: Ասպես . Ինձի ըսպես ըրավ: Եվ անհետացավ,- հիշում է Սերոբ Տեր-Պողոսյանը:

urvakanՊարոն Սերոբը ուրախանում է: Մտածում է, որ ուրվականը երախտագիտություն հայտնելու համար է եկել: Շարունակում է դղյակը նորոգել ու լուսանկարներ անել: Ու մի օր պատահաբար նկատում է, որ լուսանկարներից մեկի մեջ հստակ դաջված է տեսիլքը: Շատերը պնդում են, որ դա երևակայության արդյունք է: Ոմանք էլ անկեղծ հավատում են դղյակի մշտական բնակչի գոյությանը: Սակայն ոչ ոք չի համարձակվում հերքել, որ պատին, իրոք, պատկերր կա: Ուրվականը տեսնողներն էլ պնդում են, որ դա հենց նրա նկարն է: Ասում են` ով նրան կտեսնի նոր տարվա գիշերը, ոգեղեն նվեր կստանա:

zoro-vernagirԶոհրաբ Հարոյան – Սա վերջն էր: Ոչ մի հույս, ոչ մի մխիթարանք: Աշխարհը գունազրկվել` դարձել էր սև ու սպիտակ: Մրգաշեն գյուղի ծանոթ-բարեկամների ողջույնները միայն նյարդայնացնում էին: Տուն վերադարձավ, որովհետև չգիտեր ինչ անել: Չգիտեր` ուր գնալ: Տանը շատ մարդ կար` բոլորն էլ գիտեին, բոլորն էլ նույն հարցն էին տալու: Վահանի 3 ամսական զույգ տղաներից մեկի` Գուրգենի գլխում բժիշկները հեղուկ էին հայտնաբերել: Ծնողները երեխային վիրահատելու համաձայնություն էին տվել: Արյան փոխներարկումից հետո Գուրգենը վատացել էր` ընկել ցնցումների մեջ: Բժիշկները երեխային տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք:

-Ասաց`ես 5 տոկոս հույս չեմ տալիս: Այդ երեխան չի ապրելու, նման երեխաները չեն ապրում, բայց կանեմ, իսկ երեխան վերակենդանացման բաժնում, ես տեսել եմ` մեռած վիճակ է,- հիշում է Վահանի մայրը:

41Գուրգենը դե յուրե մահացել է երեք ամսական հասակում`2008 թվականի փետրվարի 6-ին: Հիվանդանոցի աշխատակիցները թույլ չեն տվել երեխային տուն տանել: Հայրը համառել է, բայց բժշկի պահանջով ստորագրություն է թողել, որ երեխան մահացած է, ու անշարժ մարմինը տարել է տուն: Բոլորը համակերպվել էին այն մտքի հետ, որ երեխան ամեն վայրկյան կարող է մահանալ: Վահանը հոգեկան խռովքի մեջ էր, չէր ուզում հավատալ սեփական աչքերին ու հոգու խորքում թաքուն հույս ուներ, որ հրաշք է լինելու: Ընկերների հետ այդ օրը 3 անգամ գնացել էր Աբովյան` Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի, ու մոմ վառել:

– Որ ասում էին` երեխան չի ապրի, երկուսն ունեք, փառք Աստծո: Այն մեկի վրա ձեր հույսը դրեք, ես հույսս չէի կտրում,- ասում է Վահանը:

51Հրաշքը տեղի ունեցավ փետրվարի 11-ին, վաղ առավոտյան: Նախ` սկսեց տաքանալ երեխայի քիթը: Վերջինը հարևանի տղան էր, որ մտել էր 5 օր ծպտուն չհանած Գուրգենին տեսնելու: Սենյակից դուրս էր եկել ու լսել, թե ինչպես է Գուրգենը բարձրաձայն լացում: Գուրգենն այժմ երեք տարեկան է: Այն չարաբաստիկ օրերից հետո որևէ գանգատ չի ունեցել, չի հիվանդացել: Երբ մայրը, տատը խոսում են անցած դառնության մասին, Գուրգենը գնում ու ձեռքով փակում է նրանց բերանները: Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին դարձել է Վահանի ու նրա ընտանիքի աղոթատեղին, իր Գուրգեն որդու փրկիչն ու զույգ որդիների պահապանը:

Արտակ Ալեքսանյան – Ուղիղ մեկ շաբաթից դիտեք. Սպորտային մեկնաբանը սեփական կյանքը փրկում է, երբ անձամբ սեղմելով բացված արյունատար անոթը, վազում է հիվանդանոց, կին, որ ադնակլասնիկով գտնում է մահացած համարվող իր աղջկան, տնային տնտեսուհի, որ կլինիկական մահից հետո վերակենդանացել է ու սկսել ստեղծագործել, և երիտասարդ, որին կանխատեսում էին հաշմանդամություն, մինչդեռ ոտքի կանգնեց: Մի խոսքով, ուղիղ մեկ շաբաթից: Բացառիկ ամանորյա թողարկումը շարունակվում է:

Մեկնաբանությունները փակ են: