ԹՈՂԱՐԿՈՒՄ 15-ՐԴ. ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Երևանի փոքր շուկան Պրոսպեկտինը չէ: Այն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է: Այն փոքր է տարածքով և պակաս` նոր գաղափարներով: Հայկական օնլայն բիզնեսի խնդիրներն ու զարգացումները: Առանց ծանոթի ու գումարի` աշխատանք փնտրել. ինտերնետային հնարավորությունները: Երբեմն ռիսկային, մասամբ անիրական, բայց և խիստ հավանական: Ինչպես միշտ` ամենաթեժ գրառումներն ու բլոգերները` մեր դայջեստում: Բլոգոսֆերան քննարկում է Եվրատեսիլը: Ոլորտի ամենավերջին լուրերը` հայկական միջազգային բար-քեմպ, Նոկիայի և Յահուի նոր գործարքը և, ինչպես միշտ, Ամենայութուբ. Ահ ու սարսափ օրը ցերեկով:
Հայաստանում օնլայն բիզնեսի մասին կարելի է խոսել միայն վերապահումով: Չկան համապատասխան օրինական ու իրավական կարգավորիչներ, ինչպես նաև բացակայում է սպառողների շուկան: Ինտերնետ օգտագործողների քանակը ու տեխնոլոգիական կիրառելիությունը ցածր մակարդակի վրա են: Բայցևայնպես, վերջին շրջանում որոշակի փորձեր արվում են: Որոնք են հիմնական խնդիրներն ու բացթողումները, դեպի ուր է գնում և ինչպես է զարգանում օնլայն բիզնեսը Հայաստանում, փորձել է պարզել Ինտերակտիվը:
Արտյոմ Լևոնյան – Հայաստանում օնլայն բիզնեսի գոյության մասին դեռ վերապահումով են խոսում: Տեղական օնլայն արտադրողները քիչ են, ոլորտը նոր է ձևավորվում, կանոնակարգված չէ օրենսդրական դաշտի մեծ մասը, առաջարկն ու պահանջարկը դեռ չեն գտնում իրար: Սակայն փորձեր արդեն արվում են, բիզնեսի տրամաբանությունը հուշում է` ինտերնետը սահմանափակումներ չունի:
– Ինք ամեն ինչ իր մեջ կարա ներառի` հոսթինգային, դոմեյնային ծառայություններ, տեքստային, թարգմանչական ծառայություններ, ծրագրերի վաճառք, օնլայն դրամական փոխանակում,- բացատրում է բլոգեր Վարդան Պապիկյանը:
Օնլայն խանութները սակավաթիվ են, օնլայն ծառայություն մատուցող ընկերություններ գրեթե չկան, թեև օնլայն բիզնեսը ունի մեծ առավելություններ: Հայաստանում օնլայն բիզնեսը մասնավորապես կաղում է բովանդակություն ստեղծող կայքերի պարագայում: Ասենք` բլոգերների դեպքում, բացառվում է գումար աշխատելու հնարավորությունը: Նույնիսկ պասիվ գովազդն է քիչ, գովազդային բաներները ընդհանրապես բացակայում են : Հայ բլոգերները չունեն գովազդատուներ` սրա արդյունավետության աստիճանը նրանց համար դեռ անհայտ է:
Օնլայն մարկետինգի խնդիրները տեսել, ուսումնասիրել ու որոշել է օնլայն պատմել Ալբերտ Պողոսյանը: Հայաստանում օնլայն բիզնեսի գլխավոր հոգսը փոքր շուկան է: Սակայն Ալբերտի համար սա ոչ թե անլուծելի խնդիր է, այլ սխալ բիզնես-մտածելակերպ:
– Հարցը նրանում է, թե հաջողակ օնլայն բիզնես որ շուկայի համար? Եթե խոսքը գնում ա Հայաստանի համար, ապա իրականում շուկան ա շատ փոքր: Իսկ ինչու չսկսել օնլայն բիզնես և արտահանել ողջ աշխարհին: Իրականում դա այնքան էլ բարդ խնդիր չի և իրականում ոչ մի սահմանափակում էլ ես չեմ տեսնում,- նկատում է մարկետոլոգ Ալբերտ Պողոսյանը:
Ինտերնետի առավելությունը, ըստ Ալբերտի, հենց սա է` շուկան չունի սահմաններ: Կարելի է վաճառել ամեն ինչ ու ցանկացած երկրում: Համացանցն ինքնաբերաբար լուծում է արտահանման անհրաժեշտությունից խուսափելու խնդիրը: Խնդիրը, ըստ Ալբերտի, գիտելիքի ու նոր գաղափարների պակասն է: Օնլայն բիզնեսմենները փորձում են սահմանափակվել հայկական շուկայով, չունեն նոր մտահղացումներ, չեն փորձում մրցակցել միջազգային շուկաներում:
– Ինտերնետային շուկան այնքան մեծ ա, որ դու կարողես էն ամենանեղ շուկան գրավել և սպառող ունենալ , կարող ե գտնել մի այնպիսի փոքր նիշ շուկայի, ու քո հետ ոչ ոք չի կարող մրցակցել, որովհետև ոչ մեկի մտքով չի անցնի այդ նիշայի մեջ մտնել,- ասում է Ալբերտ Պողոսյանը:
Օնլայն բիզնեսը այսուամենայնիվ մեծ խնդիրներ ունի: Հասարակությունը դեռ չի վստահում առցանց ծառայություններին, նաև անտեղյակ է դրանց գոյությանն ու հնարավորություններին: Սրան գումարվում է նաև համակարգիչ ու ինտերնետ չիմանալու գործոնը, ինչն էլ նորահայտ բիզնեսին թույլ չի տալիս ծավալվել ու զարգանալ:
ՏՏ ԼՈՒՐԵՐ
Հայաստանում արդեն գործում է առաջին բաց բլոգ պորտալը, որտեղ յուրաքանչյուրը կարող է դառնալ հեղինակ և տեղադրել հոդվածներ: Թե ինչ կտա սա, ցույց կտա ժամանակը, իսկ այդ ընթացքում Ինտերակտիվը ձեզ ցույց կտա` վիզուալ լուրեր վիրտուալի մասին` ըստ Նելլի Հարությունյանի:
Հունիսի 4-6-ը Երևանում կանցկացվի ՏՏ ոլորտի ամենակարևոր իրադարձություններից մեկը`ԲարՔեմփ 2010 խորհրդաժողովը: Միջոցառմանը մասնագետների են սպասում ԱՄՆ-ից և Վրաստանից: Առաջին ԲարՔեմփը Երևանում անցկացվել է անցած տարի, որին 450 մարդ է մասնակցել Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից, Միացյալ նահանգներից և այլ երկրներից:
Էլեկտրակապի միջազգային միության նոր զեկույցի տվյալով` բջջային հեռախոսից օգտվելու հնարավորություն ունի երկրագնդի բնակչության 90 տոկոսը, իսկ ինտերնետը հասանելի է միայն 25 տոկոսին: Զարգացող երկրներում ինտերնետով ապահովված է ընտանիքների ընդամենը 12 տոկոսը: Էլեկտրակապի միջազգային միությունը կոչ է արել ներդնել բոլոր ջանքերը, որ 2015-ին լայնաշերտ ինտերնետը հասանելի լինի արդեն աշխարհի բնակչության կեսին:
Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հերքել է, թե սոցիալական ցանցը գովազդատուներին գաղտնի տեղեկություն է տրամադրում օգտագործողների անձնական տվյալների մասին: Նա նաև հայտարարել է, որ Ֆեյսբուքը կշարունակի մնալ անվճար և շուտով կպարզեցնեն գաղտնիության կարգավորման գործընթացը:
Գուգլը հայտարարել է իր նոր ծառայության`ապագայի էլեկտրոնային փոստի մասին: Գուգլ Ուեյվը միավորում է էլեկտրոնային փոստը հաղորդագրությունների և այլ բովանդակությունների փոխանակման ծառայությունների հետ: Այն նաև փաստաթղթերի ստեղծման և դրանց վրա խմբակային աշխատելու հնարավորություն է տալիս:
Նոկիան ու Յահուն այսուհետ ռազմավարական գործընկերներ են: Նոկիան դառնում է Յահուի քարտեզների և նավիգացիոն ծառայությունների բացառիկ մատակարարը: Իր մեծությամբ երկրորդ որոնողական համակարգն էլ իր հերթին փորձելու է շուկայում ամրապնդել գործընկերոջ փոստային ծառայության և չաթի դիրքերը: Առաջին համատեղ առցանցային ծառայությունները շուկայում կհայտնվեն տարվա երկրորդ կեսին:
ԻՄԱՆԱԼ ԻՆՉՊԵՍ / KNOW HOW?
Աշխատանք փնտրելը, գտնելն ու աշխատանքի անցնելը հաճախ դժվար և հոգնեցուցիչ գործընթաց է: Չկա աշխատանքային շուկա, մասնագետներին էլ հաճախ փնտրում են ծանոթների և ընկերների շրջանում: Սակայն հազարամյակն ու օնլայն աշխարհը այս հարցում օգտակար եղան: Այսօր գործում են բազմաթիվ կայքեր, որոնց միջոցով դուք կարող եք գտնել աշխատանք և իմանալ ինչ են առաջարկում գործատուները, ընդ որում` ոչ միայն Հայաստանում:
Վիրտուալ աշխատաշուկայում պարզապես պետք է ընտրել ցանկալի գործը և զանգել կամ էլեկտրոյանին նամակ գրել: Ինտերնետում աշխատանք փնտրելն ավելի հարմար է ու մատչելի, բայց վտանգներն այստեղ նույնպես քիչ չեն: Աշխատանքի գործակալներն առաջարկում են դրանցից խուսափելու համար կարդալ հայտարարության բոլոր կետերը, ինտերնետում փնտրել հավելյալ ինֆորմացիա գործատուի մասին: Հաշվապահները, մենեջերները, թարգմանիչներն ու գովազդային գործակալներն, ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ գործակալություններում ամենապահանջված մասնագիտություններն են: