ԹՈՂԱՐԿՈՒՄ 15-ՐԴ. THE BEST. ՄԱՍ 2

logo3 Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:

Հատուկի Ռեպորտաժի այս տարվա վերջին թողարկման վերջին հինգ պատմություններն ու հերոսները. Սպորտային մեկնաբանը, որ փրկում է սեփական կյանքը, կին, որ odnoklassniki-ով գտնում է իր կորցրած դստերը, տնային տնտեսուհու նոր ունակությունները` կլինիկական մահից հետո, կնոջից ու երեխաներից զրկված երիտասարդ, որին փրկեցին հաշմանդամությունից, Աստված տվեց` վաղաժամ հեռացած որդուց հետո նրա անսպասելի զավակին:

Արտակ Ալեքսանյան– Մենք շարունակում և եզրափակում ենք երկմասանոց թողարկումը, որ սկսել էինք անցած շաբաթ: Հատուկ Ռեպորտաժի լրագրողական թիմը պատրաստել է տասը բացառիկ պատմություն, որից հինգն անցած շաբաթ էր:

Այս թողարկմանը դիտեք եզրափակիչ հինգ պատմությունները. սպորտային մեկնաբանը սեփական կյանքը փրկում է` անձամբ սեղմելով բացված արյունատար անոթը, կին, որ odnoklassniki-ով գտնում է մահացած համարվող իր աղջկան, տնային տնտեսուհի, որ կլինիկական մահից հետո վերակենդանացել է ու սկսել է ստեղծագործել, երիտասարդ, որին կանխատեսում էին հաշմանդամություն, մինչդեռ ոտքի կանգնեց և, վերջապես, ընտանիք, որ որդու անժամանակ կորստից հետո հայտնաբերում է, որ տղան ունի զավակ: Մի խոսքով, չենք զլացել, գտել ենք` դեմքեր, դեպքեր ու երևույթներ, առանց որոնց անհնար է պատկերացնել ու առավել ևս հասկանալ այս կյանքը:

Նելլի Հարությունյան– Օգոստոսյան խաղաղ երեկո, 7-ն անց 15-ի մոտ, կազմ ու պատրաստ, ճամփորդական տրամադրությամբ ու ֆուտբոլային մտքերով` Վարդան Թադևոսյանն ուղևորվում էր հյուրանոց: Հաջորդ առավոտյան Փյունիկի հետ մեկնելու էր Բուլղարիա, եվրոպական գավաթի խաղարկությանը: Իր առաջին, ժիգուլի մակնիշի մեքենայով էր, կարմիր լույսը վառվեց, ոտքը սեղմեց արգելակին: Բայց հետևից երթուղայինն էր իջնում զառիվայր ճանապարհով:

13– Հենց արգելակից ոտքս հանեցի, հարված եղավ,- այսօրվա պես հիշում է Վարդան Թադևոսյանը,- Հարված, օդի մեջ մեքենա, հետո պտույտներ, հետո ես մեքենայից դուրս եմ գալիս. արյունոտ, վազել, խառը իրավիճակը տևեց ընդամենը մի քանի րոպե:

Երթուղայինի վարորդը տեղում մահացավ: Վարդանի վիճակը ծանր էր, պարանոցից արյունն անդադար հոսում էր: Արագ կողմնորոշվեց: Ափով սեղմեց պարանոցի պատռվածքը, որպեսզի արնաքամ չլինի ու վազեց մոտակա առաջին կլինիկականը: Արտավազդ Սահակյանի հետ ընկերներ էին, Վարդանը հասցրել էր նրա ոսկի ձեռքերի մասին հաղորդում պատրաստել: Բայց այդ օրն անձամբ համոզվեց: Պատռվածքը խորն էր, Վարդանի կյանքը մազից էր կախված: Նույնիսկ ընդհանուր անզգայացման ժամանակ չկար, ռիսկի գնացին: Վիրահատությունը մոտ երեք ժամ տևեց:

– Իմ փրկիչն է,- ասում է Վարդան Թադևոսյանը:

24– Ճիշտ է ասում, բայց ինքն իրեն փրկեց, որովհետև վազքով դեպքի վայրից ինքն էր հասել այստեղ,- պատասխանում է միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը,-Պատռվածքը միլիմետրի տարբերությամբ հասել էր զարկերակին: Եթե կպներ, կարող է հասներ, կարող է չհասներ ասյտեղ:

 
Վարդանի բախտը բերեց, նա փրկվեց: Սպորտի սիրահար ու մեկնաբան Վարդան Թադևոսյանը երբեք էքստրիմի սիրահար չի եղել, մեքենայի արագությունը երբեք չի գերազանցում, խախտումներ` աշխատում է չանել: Բայց փարձանքը որ գալիս է, ոչինչ չի հարցնում:

Արտակ Վարդանյան– Շքեղ կինն իր դյութանքով դեռ 20-րդ դարից տղամարդկանց հանգիստ չէր տալիս: Տեսնողը հմայվում էր: Ջութակի կազմվածքով երիտասարդ գեղեցկուհին իսկական կախարդուհի էր: ժամանակին մեծ ունեցվածք
ուներ, որ չունի այսօր: Նրբաճաշակ ու հաջողակ դիզայներ էր, բայց դարձավ ճակատագրի գերին, երբ հանդիպեց կյանքի առաջին ու վերջին տղամարդուն:

33– Լրիվ անսպասելի պարզվեց, որ մենք երեխա ենք սպասում, սակայն այդ երեխան ոչ մեկիս պետք չէր այդ պահին, պիտի չունենայինք,- ափսոսանքով է ասում գեղեցկուհի Լենան:

Լույս աշխարհ է գալիս Լենայի դստրիկը: Հիվանդանոցում խառնաշփոթ է: Րոպեներ անց մորը հայտնում են ողբերգական լուրը: Երեխան մահացած է:

– Մտա odnoklassniki և տեսա մի աղջիկ, արդեն կին, երկու երեխաներ: Այդ աղջիկը շատ նման էր ինձ և հորը,- ապշած է տիկին Լենան:

42Կայքում նշված ծննդյան տարեթիվն ու օրը դիզայներին գցում են մտածմունքների գիրկը: Մոր նմանությամբ աղջիկը ծնվել է հենց 14 տարի առաջ նույն օրը, երբ նրան հայտնեցին իր աղջկա մահվան լուրը: Հետագայում կասկածները վերանում են, երբ աղջկա կայքում տեսնում է նրա հոր` իր երբեմնի զուգընկերոջ նկարը: Դուստրը`Նատալյան, չգիտի ճշմարտությունը. մայրը զավակին չի լքել, եղել է բժշկական թյուրիմացություն, գուցե հանցագործություն: Այսօր առաջին անգամ, մեր տեսախցիկի առջև` տիկին Լենայի մենախոսությունը:

– Սիրելի Նատալյա, ես քո մայրն եմ: Խնդրում եմ, արձագանքիր: Շատ բան ունեմ ասելու, շատ և իրականությունը, լոկ ճշմարտությունը: Այն, ինչ կատարվել է ու իմ և քեզ հետ, նման է ֆիլմի: Ես չեմ իմացել, որ դու կենդանի ես: Խնդրում եմ արձագանքիր:

Արտյոմ Լևոնյան– Այս բակում է ծնվել ու մեծացել Անիկ Գերպեկչյանը: Ճակատագիրը նրա հետ դաժան խաղ է խաղացել, հետո հրաշքներ պարգևել: Նա տեսել է մահը, Աստծուն, Հիսուսին: Չի հասցրել անգամ բարձրագույն կրթություն ստանալ: Սերն ու ընտանիքը նրան տեղափոխել են Միացյալ Նահանգներ: Բայց Անիկը դեռ այն ժամանակ գիտեր` այնտեղ չի կարող ապրել:

52– Ես ասում էի, որ Ամերիկա գնամ, կմեռնեմ, չեմ դիմանա: Այդպես էլ եղավ,- ասում է Անիկ Գերպեկչյանը:

Չարագուշակ կանխատեսումն իրականացավ: Բժշկությունը անզոր էր: Ամերիկյան լավագույն մասնագետներն ու կլինիկաները չգիտեին ու չէին հասկանում, ինչ է ու ինչից է, ցավերն ուժգնանում էին, վիճակը` բարդանում: Կինը կարծում էր, որ իր վերջին վարկյաններն են և, ուր որ է, հոգին կավանդի:

6– Հիսուսը կանգնեց դիմացս ու ինձ գլխով արեց` առանց խոսելու: Ես հիացել եմ, վերացել եմ, որովհետև իրան մանկությունից եմ տեսնում: Նա ասաց`դու հետ պիտի գնաս,- երանությամբ է հիշում Անիկ Գերպեկչյանը:

Ամերիկյան հեռուստաալիքները Անիկին նկարահանում են, հարցազրույցների հրավիրում: Այս ամենը, սակայն, սկզիբն էր միայն: Անիկի կյանքում դեռ շատ բան էր փոխվելու` մինչև ճակատագիրը նրան կրկին վերադարձներ հայրենիք: Ձայնը նրան ասում է, որ պետք է վերադառնա Հայաստան: Անիկը վերադառնում է, այցելում Արևմտյան Հայաստան, լինում Արարատի գագաթին, կորցրած հայրենիքից մասունքներ է վերցնում: Տարիներ անց նա տեսնում է Արարչին: Մինչև այդ երբեք գրիչ չվերցրած Անիկը այդ օրից հետո ամեն օր չափածո գրի է առնում Աստծո խոսքն ու պատվիրանները: Երաժշտությունն ու նոտաները նույնպես անծանոթ էին նրան մինչև կլինիկական մահն ու տեսիլքի
հայտնվելը: Բայց այսօր Անիկը գրել է արդեն 27 երգ և սա դեռ վերջը չէ:

Ալկա Չիլինգարյան– Հարությունը սարսափի մեջ ապրեց 2 տարի, հետո պատերազմը ավարտվեց: Իսկական զինվորի պես, որոշեց տուն գալուն պես ամուսնանալ, որ ուրախությունը լիարժեք լինի: Այդպես էլ արեց, բայց խոնավ խրամատներում անցկացրած տարիները շարունակում էին հետապնդել նրան: Հոդացավի պատճառով սկսեց թակել բժիշկների դռները:

7– Ասեցին, որ դեղ չկա, այսինքն` մենակ վիրահատությունը քեզ կփրկի: Մեծ գումարների հետ էր կապված: Ամեն մի կոնքի վիրահատության համար մոտ 3000 դոլար փող էին ուզում: Չունենալու պատճառով գամվել էի արդեն սայլակին,- ասում է Հարութը:

Հարութի կինը, իմանալով ամուսնու հիվանդության մասին, հավաքեց իրերը, վերցրեց երկու երեխաներին ու հեռացավ: Հարութը մնաց մենակ ու այդպես տասը տարի: Մայրն էր հոգ տանում նրա մասին: Միակ մարդն էր, որ դեռ հույս էր ներշնչում նրան: Հարութի մասին մեկ ու կես տարի առաջ գրեցին թերթում: Այդպես նրա մասին իմացան երկրի նախագահը և պաշպանության նախարարը: Իմացան ու որոշեցին օգնել: Հարութին լուր հասավ` նրան վիրահատելու են:

8– Ես շատ ուրախ էի, անգամ ինձ որ ասեցին` հաջորդ օրը պատրաստվի վիրահատության, կարելի է ասել, որ ես իմ ոտքերով վազում էի, որ պառկեի այդ սայլակին, որ ինձ տեղփոխեին վիրահատարան,- պատմում է Հարութը:

Հենց հիվանդանոցում էր, որ տասը տարի դադարից հետո Հարութը կրկին ոտքի կանգնեց:

Գոհար Մանուկյան– Գայանեի ուսանողական-ավարտական աշխատանքն է, հերոսը` միակ ու անփոխարինելի եղբայրը: Արտյոմն ապագա լրագրողուհու հարցերին պատասխանում է դերասանին վայել վարպետոթյամբ: Հարցազրույցից մեկ տարի անց սա դարձավ միակ արժեքավոր հուշ-արխիվը եղբորից: Արտյոմը հյուրեր ուներ, այդ օրը Գայանեն գիշերեց բարեկամուհու տանը: Երեկոյան եղբայրը զանգահարեց. Արդեն կարոտել էր:

9– Զանգեց, ասեց` արի, համով բան սարքիր, համ էլ կարոտել եմ… բայց վաղը չեկավ…

Եղբոր ընկերների ահազանգը Գայանեին մի քանի րոպեում հասցրեց հիվանդանոց, նա հասավ, բայց արդեն ուշ էր: Եղբայրը ընկերներին օդակայան ուղեկցելու ճանապարհին ենթարկվել էր ավտովթարի և մահը վրա էր հասել անմիջապես: Հոգեհանգստից հետո, երբ իրականության զգացումը լքել էր Մանուկյաններին, հնչեց մի ճիչ, որը Արտյոմի մորը, հորը և քրոջը ստիպեց կրկին վերադառնալ իրական կյանք և փորձել ապրել:

– Կասկածներ չեմ ունեցել, ունեցել եմ մտահոգություն. վերջին տարիներին ներփակված էր, չէր խոսում իր անձնական կյանքի մասին: Որեւէ հարց ճշտել չէր ստացվում: Հիմա եմ հասկանում,- ասում է Գայանե Մանուկյանը:

10Կյանքի մեծ գաղտնիքն ու անհավանական հրաշքը Սաշան է` Արտյոմի որդին: Գայանեն մինչև այսօր`եղբոր մահից երկու տարի հետո էլ չի կարողանում հասկանալ, ինչու էր Արտյոմը գաղտնի պահել որդու ծնունդը: Եղբոր լռելը գուցե պատճառ, գուցե բացատրություն ունի, մտածում է քույրը: Հասկանում է` Արտյոմը միշտ երազել է ավանդական ընտանիք ունենալ, արտաամուսնական կապերը երբեք չի ընդունել: Այժմ Արտյոմի կարոտն ու շունչը Մանուկյանները առնում են Սաշայից` հանգստյան օրերին:

Արտակ Ալեքսանյան– Մենք ավարտեցինք Հատուկ Ռեպորտաժի 2010 թվականը: Այն մեզ համար և հետաքրքիր էր, և դժվար, աշխատատար ու մարտահրավերներով լի: Այդքանով հանդերձ, մենք կարողացան զբաղվել մեր սիրելի գործով, պահպանել թիմը և, որքան կարող էինք ու ինչպես կարող էինք, շաբաթը մեկ անգամ ձեզ ներկայացնել լրագրողական խնամքով ու պատասխանատվությամբ արված աշխատանք: Նույն սկզբունքով ու խստությամբ մենք կշարունակենք նաև 2011-ին:

3 մեկնաբանություն

  1. Գագիկ 28 December 2010, 14:30

    Շատ հուզիչ պատմություններ էին,ձեր բազմաթիվ և մշտական ունկնդիրների անունից շնորհակալություն եմ հայտնում ձեր թիմին և մաղթում բազում ստեղծագործական հաջողություններ նաև 2011թ.-ին:

  2. Sona 5 February 2011, 11:55

    iroq shat hetaqrqir er.dzez cankanum em sharunakakan.hetaqrqir u sirvac reportajner…..

  3. Տաթևիկ Աբրահամյան 10 March 2011, 00:34

    Շատ հեաքրքիր ,զարմանալի ու հուզիչ ռեպորտաժ էր,որ ստիպեց արտասվել,բայց ուրախությունից : Հրաշքի սպասելը շատերիս համար երազի պես բան է : Երազներ,երազներ,որոնք գոնե թույլ են տալիս ապրել ու զգալ երջանկության ալիքները, ու թեև դրանք անիրական են , սակայն հուսահատության պահին միակ մխիթարանքն են դառնում : Արիուտես ,որ դրանք ոչ միշտ են հուսախաբ անում : Դժվարին պահին հրաշք է դառնում ու սփոփուց ցավը : Երանի հաճախ այսպիսի հրաշքներ լինեն : Շնորհակալություն բովանդակալից ու հետաքրքիր ծրագրի համար :