ԹՈՂԱՐԿՈՒՄ 21-ՐԴ. ԱՌԱՆՑ ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅԱՆ

logodԱյն, ինչ տեսավ հանդիսատեսը, նոր չէր, լսածն էր նորությունը: Նրանց հերետիկոսներ հռչակեցին: Խաթաբալադայի ռեւանշը Մեա Կուլպան վերցրեց: Լիսիստրատեն զայրացրեց հատկապես ուսուցիչներին: Երվանդ Ղազանչյանին անժամանակ նորի համար ներեցին, Խորեն Աբրահամյանին` պատժեցին:

Արտակ Ալեքսանյան – Այսօր թատրոնի միջազգային օրն է: Թատերական կրքերն ու կուլիսային գլխավոր ինտրիգը Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի շուրջ է: Այդ մասին` թողարկման երկրորդ հատվածում: Այժմ առաջարկում ենք թատերական մեր մենյուն, մեր վարկածով` թատերական ամենահաջողված, վերջին տասնամյակների ամենասկանդալային ներկայացումները:

Դրանց շարքում և, թերեւս, աներկբա առաջատարը 90-ականների թատերական սենսացիա Խաթաբալադան է, որը մինչև այսօր էլ հաջողությամբ վաճառվում է DVD-ներով: Խաթաբալադան, նաև նոր սերնդի ամենաշատը հիշատակված ներկայացումները: Կան երկխոսություններ, որոնք այսօր էլ համարվում են քաղաքային հումորի ու սրամտության անբաժան մասը:

Սոնա Աբրահամյանը մեր թիմից ու մեր թիմով կազմել է թատերական հիթ-շքերթը, որտեղ հայտնվել է նաեւ Խորեն Աբրահամյանի բեմադրած Պեպոն: Այն մեկ անգամ է բեմ բարձրացել. պրեմիերան այդ բեմադրության վերջին ներկայացումն էր: Թատերական առասպելն ասում է` Խորիկի Պեպոն չափազանց ավանգարդ էր: Խոսում էին նույնիսկ, որ ջինսերով ու կարճ կիսաշրջազգեստներով է եղել:

photo114Սոնա Աբրահամյան – 96-ի ամենամեծ պրեմիերան Ստանիսլավսկիում էր: Խաթաբալադան նոր ներկայացման բեմելն էր: Հեղինակները ներկայացնում էին Գյոթեի Ֆաուստը` նոր, հայկական ձևով: Հերոսի անունը դրել էին Համազասպ ու հանել ռուսական թատրոնի բեմ: Այն, ինչ տեսավ հանդիսատեսը, նոր չէր, լսածն էր նորությունը: Խաթաբալադան, հանդիսատեսի ականջը շոյեց, քննադատներին խոսեցրեց:

– Անհեթեթ բաներ եղան, 93 թվականին մեկը գրեց, որ Խաթաբալադան խաղացվեց, որ Միքայել Պողոսյանն ու Հրանտ Թոխատյանը Մալբորո ծխեն,- վարկաբեկող հոդվածներն է հերթով հիշում պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը:

– Խաթաբալադան խաղացվեց կատաստրոֆիկ քիչ, շատ քիչ: Ես կարոտում եմ այդ ներկայացումը,- ասում է Հրանտ Թոխատյանը, բայց կարոտախտով չի տառապում:

Շատերը կարծում էին գլխացավանքն էր շատ, իրական մեղավորին գիտեին քչերը: Ասում են` Միքայել Պողոսյանի նյարդերը չդիմացան. դերասանը չկարողացավ նորից Համազասպ դառնալ:

photo211Խաթաբալադայի ռեւանշը Մեա Կուլպան վերցրեց: Ապրեց Խաթաբալադայի չապրած տարիները ու դեռ մի բան էլ ավելի` մոտ 400 ներկայացում: Պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը գովազդային հոլովակում արդեն հինգ տարի խոստանում է, որ թատերաշրջանը վերջինն է լինելու: Գովազդն իր գործն անում է: Վաճառվում են բոլոր տոմսերը: Մեա Կուլպայի երկարակեցությունը անեկդոտ է դարձել: Հայաստան եկած զգոսաշրջիկը, նախ, պետք է Գառնի- Գեղարդը տեսնի, հետո էլ` Մեա Կուլպան:

photo39– Մարդիկ կան, որ ասում են ` էս ներկայացումը ինձ համար դոզա ա,- ասում է դերասաններին Լեւոն Հարությունյանը:

Թատերական աշխարհը դոզայից ավելին էր փնտրում: Թատերագետները չընդունեցին Մեա Կուլպան դրամատիկական բեմում, դա թատրոն չէ, փողաբեր շոու է, իսկ շոուի տեղը թատրոնում չէ:

Ես արդեն զզվել եմ սրանց փոքրոգությունից:Այ ըտենց դուբ ծնվել ա, դուբ էլ կմեռնի,- նրանց կարծիքը Վահրամ Սահակյանին չի էլ հետաքրքրում:

photo48Քչերը գիտեն, որ Ժանգոտ Բանալին եռապատման առաջին ներկայացումն է եղել, դեռ 99-ին էր պատրաստ: Բայց պրեմիերան այդպես էլ չկայացավ, 99-ին հոկտեմբերի 27-ը եղավ: Բուրատինոն 10 տարով ուշացավ ու բեմ դուրս եկավ 3-րդը: Այժմ Ժանգոտ Բանալին հենց ժանգը մաքրելու և ներկայացումը փայլեցնելու փուլում է: Բանալին լեզվական ցենզին դեռ պետք է ենթարկվի: Նոր, թյունինգ արվածը` շուտով:

photo57Լեզվով հարիր բառապաշարի փնտրտուքը Պարոնյանում սկսվել էր դեռ տասը տարի առաջ: Այն ժամանակ փորձում էին գտնել Լիսիստրատեի սեքսուալ ցենզը: Սեռական թեմաների ու անկողնային տեսարանների առջև վարագույրը փակ էր. չափազանց թարմ էր պատերազմի հիշողությունը: Հովակի ու Ռուզանի սիրային տեսարանը ներկայացման մեխը դարձավ: Ներկայացումը զայրացրեց հատկապես ուսուցիչներին: Նրանց մտահոգում էր իրենց աշակերտների առատությունը դահլիճում:

photo66
 
– Գուցե պետք չէր երեխաներին բերել այդ ներկայացմանը, բայց չբեմադրել այդպիսի ներկայացում, այսինքն` խաղաղություն քարոզող պիես չբեմադրել,- հարցնում է դերակատարուհին` Ռուզան Գրիգորյանը:

 
photo75Ռեժիսորներ կան, որ իրենց ժամանակից մի քիչ առաջ են ընկնում:Երվանդ Ղազանչյանին անժամանակ նորի համար ներեցին, Խորեն Աբրահամյանին` պատժեցին:Այս մասին հիմա լռում են: Նրա բեմադրած Պեպոն միայն մեկ անգամ բեմ բարձրացավ ու մեծ աղմուկով փակվեց: Արմեն Մարությանին բախտ է վիճակվել խաղալ Պեպոյի երկու բեմադրություններում` Աճեմյանի ժամանակ զինվոր էր, Խորեն Աբրահամյանի ժամանակ` Գիգոլի: Խորեն Աբրահամյանի Պեպոն շոկի մեջ գցեց իր առաջին ու վերջին հանդիսատեսին:

photo84
Սունդուկյանը, որ մի բառ փոխում էին իր ներկայացումից, չէր ներում, իր ձեռնափայտով գնում էր բեմի ետևը, ասում էր`մեկ էլ չանեք:Եթե Սունդուկյանը լիներ մենամարտի կհրավիրեր,- ասում է թատերագետ Վարսիկ Գրիգորյանը:

 
Աբրահամյանական Պեպոն, որ առաջին ու վերջին անգամ բեմ բարձրացավ 1983 թվականին, խորհրդային մտածողությունից դուրս էր և այդ գաղափարախոսության դեմ: Նրա Էփեմիան սոցռեալիզմի ոգով չէր, ու կծում էր իշխանությանը:

– Ներկայացումը նայում էր պարոն Սերոբիչ Դեմիրճյանը, ժողովուրդը նայում էր, թե նա ինչ կանի: Պաուզա էր բեմի վրա: Հետո Կարեն Սերոբիչը վեր կացավ ու սկսեց ծափահարել,- հիշում է Արմեն Մարությանը:

Դերասանները դեռ բեմից չէին իջել, բայց արդեն պարզ էր`ներկայացումը փակված է: Սրանով գործը չավարտվեց: Խորեն Աբրահամյանին մայր թատրոնից արտաքսեցին:

photo93Պեպոյից 27 տարի է անցել, մայր թատրոնում կրկին անհանգիստ է: Հիմա էլ կրքերը Սուրեն Շահվերդյանն է բորբոքում: Հակառակվելու մեծ ջիղ ունի:

– Իմ բոլոր ներկայացումներն են մեծ աղմուկով մտել հայկական թատրոն:ֆաստ ֆուդ չեն, որ բոլորին հասանելի լինեն,- բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը չի էլ զարմանում:

photo115
Պսիխոզ 4.48 ը դժվարամարս էր ակադեմիական բեմի համար: Կնոջ 6 ագրեսիվ էություններ հոգեկան խանգարման մեջ ինքնասպանություն են գործում: Այստեղ արդեն դժգոհ էին ոչ միայն ուսուցիչները: Հերթը զայրացած հոգեբաններինն էր:

 
– Խնդիրը հոգեթերապեւտի կերպարն էր : Նա շատ չոր էր իր հաճախորդի հետ, միայն դեղեր էր բերում և շահագրգռված չէր, որ հիվանդը բուժվի: Կերպարը լավ մշակված չէր,- մասնագիտական վերլուծություն է անում հոգեբան Քրիստինե Թորոսյանը:

photo103Հոգեբանները շահվերդյանական պսիխոզից դուրս չէին գալիս: Պսիխոզ 4.48ը նրանց պատկերացմամբ հակասում էր իրենց իսկ առաքելությանը: Շահվերդյանի Պսիխոզը դուրս եկավ խաղացանկից: Փոխարենը բեմ բարձրացավ Սուրենի հաջորդ, ոչ պակաս սկանդալային ներկայացումը` Լիբիդո` մեր ծնողների սեքսուալ նեւրոզները: Մի քանի անգամ խաղալուց հետո, վերնագրից հանվեց սեքսուալ բառը:

-Սեքսուալ բառը հանված է քանի որ մենք հայկական իրականության մեջ ենք:Կարծես այն դարաշրջանում ենք, որ ունաս վ ստրանե նետ ջազա, նետ սեքսա,- կարճ եւ կոնկրետ բացատրում է բեմադրիչը` Սուրեն Շահվերդյանը:

Քննադատության թիրախում, կամ դրանից դուրս, այս ներկայացումները թատերական միապաղաղ ու կանխատեսելի բեմը դարձրեցին հետաքրքիր: Ոմանց համար սկանդալայնությունը ինքնանպատակ էր, մյուսների համար` բիզնես-նախագիծ, ամեն դեպքում, հանդիսատեսը այսօր ունի ընտրության մեծ հնարավորություն, իսկ ամեն մի ներկայացում էլ` իր հանդիսատեսը:

Արտակ Ալեքսանյան – Այժմ արդեն թատերական գլխավոր ինտրիգի մասին: Հայտնի է, որ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը չունի գեղարվեստական ղեկավար: Այժմ մայր թատրոնի բեմը տրամադրված է հնարավոր թեկնածուներին: Մշակույթի նախարարությունը որոշել է` թող յուրաքանչյուրը բեմադրի մեկ ներկայացում, հետո արդեն հանդիսատեսի ու թատերագետների արձագանքը հաշվի առնելով` նախարարությունը կհրապարակի իր որոշումը: Գոռում են նրանք, ովքեր գիտեն, որ միջակություն են, որ բացի պետպատվերից, ուրիշ որեւէ այլ տեղ, նրանք շանս չունեն աշխատելու ու որ բացի ինստրիգից, առաջխաղացման համար որեւէ այլ տաղանդ չունեն, եթե դա, իհարկե, կարելի է համարել տաղանդ:

Մինչդեռ տաղանդավորներ կան, պնդում է Ալկա Չիլինգարյանը, ով զրուցել է ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հնարավոր հավակնորդների հետ:

photo123Ալկա Չիլինգարյան – Տարիներ առաջ էլ ու գրեթե միշտ Երևանի մայր թատրոնում կուլիսային կրքերը երբեք չեն հանդարտվել, բայց դրանից բեմը չի տուժել: Այսօր վարագույրի թիկունքում կրքերն այնքան մեծ են, որ զավթել են բեմը և խժռել թատերական կյանքը: Գրեթե կենսանորմ դարձած քաոսի բնակիչները երանությամբ են հիշում անցած-գնացած ժամանակները կամ Աճեմյանի էրան: Վարդան Աճեմյանից հետո եկավ Խորեն Աբրահամյանը: Ապա հաջորդեց Վահե Շահվերդյանի դարաշրջանը, որը տեւեց տասը տարի, որն ավարտվեց 2008 թվականի ամռանը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, որ Վահե Շահվերդյանը այլեւս Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարը չէ:

– Ես դա դեռ շատ տարիներ առաջ եմ ասել, որ ափսոս է նրան բերել Սունդուկյան, որովհետև ես տեսնում էի այդ կործանումը,- ասում է գեղարվեստական ղեկավարի խորհրդատու Վալերի Թումասյանը:

photo132Շահվերդյանական տարիներին էր, որ Արմեն Մազմանյանը բեմադրեց Խելքից պատուհասը: Այն արագ բեմադրվեց, մեկ անգամ ներկայացվեց ու փակվեց:

– Մարդուն դուր չեկավ, որ դա իր ներկայացումը չի, եւ նա հայտարարեց, որ այս ներկայացումը մեր գեղագիտությոանը չի համապատասխանում,- այսօր էլ բարկանում է ռեժիսոր Արմեն Մազմանյանը:

photo142Թատրոնը արդեն մեկ ու կես տարի է, չունի գեղարվեստական ղեկավար: Ազատ Գասպարյանը ավելի շատ մտահոգված է հենց այս հարցով, չէ որ ժամանակի հետ կորչում է նաեւ թատրոնի դեմքը: Որոշ դերասաններ ու ռեժիսորներ չեն կարողանում հաշտվել սրա հետ: Մշակույթի նախարարության համար սա բարեփոխումների փուլ է, այս թատրոնի մարդկանց մի մասի համար անքուն գիշերների շրջան:

– Առայժմ գեղղեկի այս բացակայությունը վատ է անդրադառնում ստեղծագործական կազմի աշխատանքների վրա,- սրտնեղում է դերասան Ռազմիկ Խոսրոեւը:

– Թող չծածկվեն սուտ ճշմարտություններով, իրականում եթե դրեցին գեղղեկ էս հին կարգավիճակով, նշանակում է վերջնական ավերել մայր թատրոնը,- հակադարձում է Արմեն Մազմանյանը:

photo151Սունդուկյանի թատրոնը հինգ տարի առաջ հայտարարվեց ազատ բեմահարթակ` երիտասարդ ռեժիսորների համար: Նրանցից Վահան Բադալյանը բեմադրում է Մակբեթը: Գեղարվեստական ղեկավարի բացակայության մեջ ոչ մի վատ բան չի տեսնում: Նրա ակնկալիքն ուրիշ է:

– Ես կուզեի, որպեսզի անձամբ շատ շահագրգռված լինեի, որպես ռեժիսոր, որ ուզենայի այդ թատրոնում ներկայացում անել, ոնց որ ես հիմա երազում եմ ներկայացում դնել այլ հայտնի արտասահմանյան թատրոնում,- բացատրում է ռեժիսոր Վահան Բադալյանը:

Մայր թատրոնը բարեփոխելու կողմնակիցները զբաղված չեն միայն իրենցը պնդելով: Ռեժիսոր Տիգրան Գասպարյանը մշակույթի նախարարությանն է ներկայացրել առաջարկների մի փաթեթ, որը պարզեցնում է թատրոնի կառավարումը:

– Ես էն մարդն եմ, որ քիչ գործ չի արել, ունեցել եմ լավ ներկայացումներ: Բայց ես կարող էի շատ ավելին անեի, եթե ինձ չխանգարեին,- անցած գնացածն է հիշում ռեժիսոր Տիգրան Գասպարյանը:

– Անշնորհք երիտասարդների խոսակցություն է, որոնց հետ ես առիթ եմ ունեցել այս թատրոնում աշխատել,- հակադարձում է դերասան Գեւորգ Չեպչյանը:

photo161Ազգային թատրոնը սպասում է իր ղեկավարին արդեն մեկ ու կես տարի: Թատերական գործիչները ասում են, որ թատրոնում մրցակցային մթնոլորտ է ստեղծվել: Հիմա բեմը տրամադրված է լավագույն ռեժիսորներից երեքին` Արմեն Էլբակյանին, Արմեն Մազմանյանին և Տիգրան Գասպարյանին: Ու թեեւ շատերի համար անընդունելի է մրցակցությունը արվեստում, բայց անհամբեր սպասում են, թե ով կհաղթի:

Թողարկումն ամբողջությամբ դիտեք այստեղ

2 մեկնաբանություն

  1. Նվարդ 29 March 2010, 15:18

    Նյութն ինձ դուր եկավ, իմ կարծիքով ամփոփ էր ու բովանդակալից: Թեև թատրոնի մեծ գիտակ չեմ, բայց ինձ թույլ կտամ ասել, որ չեմ դժգոհում մեր երկրի թատերական անցուդարձից: Իմ կարծիքով Հայաստանի նման փոքր երկրի համար տարեկան մեկ-երկու աղմկոտ ներկայացումը արդեն բավական են: Եվ այն, որ կան համարձակ մարդիկ, ովքեր համարձակ ներկայացումներ են բեմադրում արդեն շատ լավ է` թատրոնը պետք է զերծ լինի տաբուներից:

  2. Marina 23 October 2010, 00:53

    Sona Abrahamyan is the best!!!!!!!!!!!!!!!