ԹՈՂԱՐԿՈՒՄ 5-ՐԴ. ԱԶԱՏ ԱՆԿՈՒՄ
Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ: Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ: Վիդեո Մաս 3-րդ: Դիտել այստեղ: |
Հաղթանակի զբոսայգում կարուսելից տուժած զոհերն այսօր ապրում են իրական մղձավանջում: Ով է իրականում մեղավոր կարուսելի անկման համար: Բյուրոկրատական այնպիսի քաշքշուկ, որ մինչև հիմա անհնար է պարզել` ով է մեղավոր: Ավելի վատ ու վտանգավոր` բազմաբնակարանների շենքերի վերելակների համար այսօր ոչ ոք պատասխանատու չէ: Հատուկ Ռեպորտաժի հետաքննական թողարկումներից:
Արտակ Ալեքսանյան– Այս տարի մայիսին լրատվամիջոցներով մեծ աղմուկ հանեց Հաղթանակի զբոսայգու միջադեպը, երբ Թայֆուն անունով կարուսելը պոկվեց և բախտի բերմամբ ամեն ինչ ավարտվեց 4 վիրավորով, թեև ողբերգական ավարտը գրեթե երաշխավորված էր: Սոնա Աբրահամյանն ուղիղ չորս ամիս հետաքննել է այս դեպքը` հասկանալու համար, ինչպես պատահեց, որ մեր ամենամեծ հանգստի ու ժամանցի այգում այդպիսի դեպք պատահեց: Այն, ինչ հայտնաբերեց, մի կողմից բոլորին է հայտնի, մյուս կողմից` հայտնի է, բայց անօրեն է: Նախ, միջադեպի օրը պարզվում է` Թայֆունը գործել է ապօրինաբար, առանց թույլտվության, առանց անվտանգության որևէ փորձաքննություն անցնելու: Հետաքննությունը սկսեց ուսումնասիրել, թե ինչու զբոսայգու տնօրինությունը թույլտվություն չէր հանել, չէ որ առաջին անգամ չէ, որ նոր կարուսել են բերում: Պարզվեց` խնդիրը կոռուպցիայի և բյուրոկրատական քաշքշուկի մեջ է: Կարուսելների անվտանգ շահագործումով զբաղվում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը: Հենց այս կառույցն էլ տրամադրում է պաշտոնական փաստաթուղթ, ըստ որի, կարուսելն անվտանգ է, սակայն բուն փորձաքննությունը կարող են անցկացնել լիցենզավորված ընկերությունները: Հիմա Թայֆունն այդ թուղթն ունի, բայց փորձաքննության թուղթը ստացել է ոչ թե կենտրոնից, որ ասում է կարող է անել, ոչ էլ լիցենզավորված ընկերությունից, որ մասնագիտանում է դրանում: Այլ բոլորովին այլ, երրորդ կողմից: Ինչու` կպատմի Սոնան:
Սոնա Աբրահամյան– Ժամանակակից հոգեբանության բառարանում դեռ չկա, բայց իրականում այսօր էլ, շատերը ունեն վախ կարուսելի նկատմամբ: Ոմանք կգերադասեն ժամեր անցկացնել մարտադաշտում, քան րոպեներ` նույնիսկ ամենադանդաղ ու ամենացածր կարուսելի աթոռակին: Լարան համոզված է` կարուսելին պետք է հեռվից նայել:
– Մի անգամ, էն որ սենց պտտվում են, նստեցի, ու ինքը համ սենց էր պտտվում, համ առաջ ու ես դրանից վախեցա,- հիշում է Լարա Առաքեյանը,- Մի անգամ իմ ամենամոտ ընկերուհին համոզեց, որ գնում ենք, նստենք կարուսել: Ես իրա հետ եկա այգի, ու հենց եկավ էն պահը, որ պետք ա նստենք, ես հասկացա, որ ֆիզիկապես ունակ չեմ:
17 տարվա դադարից հետո Լարան որոշեց գոնե մի անգամ զգալ այդ հաճույքը: Առաջին անգամ կարուսելից չփախավ: Զուգահեռաբար, Լարային վարքագծին հետևում է հոգեբանը:
– Ինքը վախենում ա, որ կկորցնի կոորդինացիան ու դուրս ընկնի,- բացատրում է հոգեբան Գայանե Ղազարյանը:
Սիրարփիին ու Սուսաննային Թայֆունը վաղուց էր հմայել: Բայց միայն հեռվից: Մեծերը Թայֆունին մոտ չէին թողնում: Սիրարփին ու Սուսաննան հերթից առաջ ընկան: Նրանց փոխարեն այդ ճակատագրական պտույտի ժամանակ կարուսելի վրա 4 ուսանողուհի պետք է լիներ, բայց աղջիկները խնդրեցին ու առաջինը նստեցին: Մնացել էր վերջին պտույտը: Վերջինն էլ դարձավ ճակատագրական:
– Արդեն իջնելու պահին էր, մեկ էլ գլխավերևից պոկվեց, աչքերիս դեմը սևացավ ու ես էլ բան չեմ հիշում,- պատմում է Սուսաննան:
– Վախից դողում էի: Ես պատկերացնում էի, որ արդեն չկանք: Ես իմ մասին չէի մտացում, այլ մտածում էի Սուսաննայի: Գոռում էի` Սուսաննա, հետո ասեցին, որ լավ ա,- սարսափով է հիշում Սիրարփին:
Սիրարփիի ու Սուսաննայի մեծ անկումը տեղի է ունեցել հենց այստեղ` 2009 թվականին: Այգու տնօրենը Թորոս Ումրիկյանն է` պապենական կարոուսելագործ: Նոր կարուսելը Ումրիկյանի վրա թանկ էր նստել, <փողը հանելու> համար Թայֆունը պետք էր անմիջապես գործի դներ: Թայֆուն կարուսելը աշխատեցնելու համար զբոսայգու տնօրենը դիմում է լիցենզավորված ընկերության` որ փորձարկեն ու ասեն, անվտանգ է: Կենտրոնը պարզում է` կարուսելը ինքնաշեն է և չունի տեխնիկական անձնագիր: Ամառն անցնում էր, Թայֆունն անշարժ էր: Հենց այդ ժամանակ մեծ խաղում հայտնվում է արդեն Ազգային կենտրոնը և խոստանում Ումրիկյանին` նրա բոլոր խնդիրները լուծել 3 օրվա ընթացքում, սակայն այստեղ էլ պարզվում է` գներն են բարձր:
Թայֆունի և ևս 8 կարուսելների փորձաքննությունը կատարելու համար կողմերը կանգ են առնում 346.150 դրամի վրա: Նույնիսկ երկու շաբաթ ուշացումից հետո էլ Ումրիկյանը անակնկալի է գալիս: Ոչ միայն չի ստանում դրական պատասխան, այլև պարզվում է Ազգային կենտրոնը պահանջում է նոր փաստաթուղթ` նախագծա-կոնստրուկտորային փաստաթուղթ:
– Գտեք մի հատ կազմակերպություն, որ էդ թուղթը տա, դրա համար ես մինիմում պետք ա գնամ Մոսկվա: Եթե ցույց տան, ես էս այգին կթողեմ, կգնամ անտառը կապրեմ,- բարկանում է <Ուրախ ժամանց> ընկերության տնօրեն Թորոս Ումրիկյանը:
Սեզոնն անցնում էր, բյուրոկրատական քաշքշուկի հետևից ընկնելու փոխարեն հարցը արմատապես լուծեց` առանց որևէ փաստաթղթի ուղղակի սկսեց շահագործել: Գրեթե մեկ ամիս անց` Թայֆունը տվեց իր առաջին վիրավորները: Պատահարից հետո, կարուսելի թերությունները վերացնելու փոխարեն, լիցենզավորված ընկերությունն ու ազգային կենտրոնը սկսեցին բացահայտ պատերազմը: Պարզելու, թե ով ինչ պետք է անի, կողմերը համաձայնեցին հեռուստահանդիման: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը հանդիպման այդպես էլ չեկավ: Եկավ նրա օգնականը, բայց նա էլ չօգնեց` պարզելու ի վերջո, ինչ է պետք անել, անվտանգ կարուսելներ ունենալու համար: Փոխարենը և ավանդույթի համաձայն, ամեն ինչ սկսվեց ու ավարտվեց փոխադարձ մեղադրանքներով:
Թայֆունը տեղը տեղին փորձարկվելու և օրինական շահագործման հանձնվելու համար կորցրեց 2 տարի, տվեց 4 զոհ: Թույլտվությունն արդեն կա: Միայն թե փորձաքննությունն անցավ առանց Տեգի ու Ազգային կենտրոնի, բոլորովին անհայտ երրորդ կողմի մասնակցությամբ: Այսօր 103 կարուսելից գրանցված է դեռ 68-ը:
Արտակ Ալեքսանյան– Այս տարի ազատ անկման դեպքեր գրանցվեցին ոչ միայն կարուսելներից, այլև վերելակներից: Չկա ամիս, որ մեկը վերելակից չընկնի կամ վերելակում չմնա: Ամենաշատ վերելակ կա մայրաքաղաքում` 4481, որից անվտանգ է միայն 900-ը: Այսինքն` Երևանի վերելակների մոտ 80 տոկոսը վտանգավոր է: Դրանք հիմնականում խորհրդային ժամանակների բնակելի շենքերի վերելակներն են: Ժամանակին սպասարկում էին հենց քաղաքապետարանն ու թաղապետարանները, սակայն դրանց մեծ մասի ժամկետը արդեն լրանում էր: Անհրաժեշտ էր ուղղակի փոխարինել: Ու քանի որ փող չկար, որոշեցին իրենց հաշվեկշռից ուղղակի հանել: Ստեղծվեցին համատիրությունները, վերելակները անցան նրանց վերահսկողության ներքո: Համատիրություններն էլ` գլխացավանքից ազատվելու համար վերելակները ուղղակի նվիրեցին շենքի բնակիչներին: Ստացվում է` այսօր վերելակները հին են, վտանգավոր ու դրա համար որևէ մեկը պատասխանատու չէ: Նոր վերելակն արժե մինչև 45 հազար դոլար: Սա ի վիճակի չէ վճարել ոչ մի շենք` անկախ բնակիչների քանակից: Արդյունքում, ազատ անկման մասին նոր հաղոդագրությունն արդեն ժամանակի հարց է:
Արտակ Վարդանյան– Խորհրդային միությունից մեզ հասած վերելակները դարձել են գլխացավանք ու պատուհաս բնակիչների համար: Օդային այս ավտոբուսներում` վերելակներում, տեղի են ունենում ամենաանսպասելին` սրտի կաթվածից մինչև բռնաբարություն ու դժբախտ պատահար: Վերելակները, որ պետք է աշխատեն ժամացույցի մեխանիզմի պես, անսարք են ու ճակատագրական հետետևանքներ են ունենում:
Խորհրդային միության պաշտոնյաները չէին էլ պատկերացնի, թե վերալակներն ինչեր կարող են բերել անկախ հանրապետության բնակիչների գլխին. նրանք չէին նախատեսել դրանք շահագործել հավերժ: Միայն Երևանում կա 4481 վերելակ, որոնցից 900-ն են մասնագիտական փորձաքննություն անցել ու նորոգվել:
Մալաթիա Սեբաստիա համայնքը ամենաշատ բազմաբնակարանային շենք ունեցող վարչական շրջանն է Երևանում: Այստեղ 953 վերելակ կա: Իրենց դարն ապրած այսպես կոչված` օդային ավտոբուսները, մարտկոցներն ու փոքրիկ խցիկը ոչ միայն ապահով չեն, այլև վտանգավոր են մարդու կյանքի ու առողջության համար:
Կառավարությունը 2008 թվականին վերելակների վիճակը բարելավելու համար համայնքներին հատկացրեց 10-ը միլոն դրամ: 10-ը միլոնը քիչ է գլոբալ այս խնդիրը լուծելու համար, բայց գոնե կբավականացներ թելի պես բարակ ամրալարերը փոխելուն:
Հատված Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանի հետ հարցազրույցից.
– Մենք բնակիչներին բացատրել ենք օրենքի տարրը
– Որն է օրենքի տարրը
– Որ դա ամբողջովին հանձնվել է իրենց` սեփականատերերին, այսինքն` պետությունը այստեղ որևէ պարտավորություն չունի:
Այո, պետությունը նվիրեց այս վերելակները բնակիչներին, ավելին, նրանք դարձան սեփականատերեր: Փոքրիկ նվեր`մեծ սրտով, բայց ոչ պետքական:
Ամերիկյան սարսափ ֆիլմը իրականություն դարձավ Նոր-Նորքում, ավելի ստույգ` 2-րդ զանգվածի բարձրահարկերից մեկում: Հացի շտապող Աղվանը վերադառնալիս հայտնվեց վերելակի ու վերելակի պանելային կարկասի արանքում:
-Մտա լիֆտը, կնոպկեն սեղմեցի, լույսերը անջատվեց, դռները փակվեց,- սարսափով է հիշում Աղվանը:
– Այդ պահին ինձ թվաց` վերելակում ինչ-որ նորոգում են անում: Մեկ էլ վերելակում մեկը գոռում է՝ օգնեցեք, օգնեցեք: Դե մեր վերելակը միշտ էլ անսարք է եղել,- պատմում է հարևաններից մեկը:
– Իմացել էին, թե ես լիֆտի մեջ էի մնացել: Ռուչնոյը քաշեցին, լիֆտը հանեցին վերև, գլուխս մնաց լիֆտի վերևի ու կանգնելու տեղի արանքը:
Վերելակի անսարքության պատճառով տեղի ունեցած պատահարը կարող էր եղերական ավարտ ունենալ, եթե այդ պահին հարևանուհին աղբ թափելիս չլիներ: Նա, չկորցնելով իրեն, գործի դրեց իր բոլոր ուժերը:
– Տեսնեմ `երեխայի կեսը արանքում է ու վերելակը քաշում են: Իսկ երեխան կարող էր մնալ այդ երկուսի արանքում: Ես իրեն չգիտեմ ինչպես առաջ հրեցի:
– Եթե չբրթեր, ձեռներս ու գլուխս լիֆտի արանքը կմնար, ու կարողա ստեղ չլինեի:
Գրավոր դիմումներ, բողոքներ, բայց ապարդյուն, պատասխանը մեկն է՝ վերելակները բնակիչների սեփականությունն են, բայց վերելակային տնտեսությունը` ամբողջովին թալանված է:
Բիզնես կլաս վերելակներ արտադրող մասնավոր կազմակերպությունը չի էլ մտածում զբաղվել բազմաբնակարան շենքերի վերելակներով: Միջին վիճակագրական շենքի բնակիչներն ի վիճակի չեն լինի իրենց փողով նոր վերելակ տեղադրել: Ընկերության վերելակները պատրաստվում են նվազագույնը հիսուն հազար դոլարով: Ընկերությունը գործարկում է միայն մասնավոր կազմակերպությունների հետ, բնակիչների ու բնակելի տարածքի վերելակներ չի նորոգում, խորհրդային վերելակներ ունեցող շենքերը սպասարկելն էլ ապարդյուն է:
– Յուրաքանչյուր բազմաբնակարանային շենքում կա մոտավորապես 20 բնակարան, 4-ական հոգի, էդ մոտ հարյուրից ավել եղավ: Ու ամեն մեկն իր կարծիքը ունի ու ոչ մեկը հաշվի չի առնում դիմացինի կարծիքը:
Նյու Յորքի երկնաքերների բնակիչները, ըստ վիճակագրության, օրը 20 րոպե անցկացնում են վերելակում: Ըստ երևանցիների ահազանգերի` օրը մոտ 20 մարդ մնում է վերելակում: Ավելի քան 20 դժբախտ պատահարն էլ տարեկան միջին ցուցանիշն է: Բայց այս տվյալները պաշտոնական չեն. Պաշտոնական տվյալ Հայաստանում չկա: