ԹՈՂԱՐԿՈՒՄ 30-ՐԴ. ՊԱՏՎԵՐՈՎ ԵՐԵԽԱ

logo7Մի քանի տարի առաջ ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, այսօր արդեն կայացած փաստ է` հղիանալ ուրիշի փոխարեն, ուրիշի համար ու ուրիշի գեներով: Սուրոգատ մայրությունը նոր բիզնես է, թանկարժեք է և խիստ կանոններով: Այսօր Հայաստանում կա նաև սուրոգատ մայրերի մի ամբողջ ենթակառուցվածք: Հատուկ ռեպորտաժն ուսումնասիրել է երեխա ունենալու բոլոր ուղիները: Որդեգրում` ամենադասական տարբերակը, և նրանց, ում այդպես էլ մայր չգտնվեց: Մայրանալու և մայր գտնելու խնդիրներն ու եղանակները:

Արտակ Ալեքսանյան – Երեխաների պաշտպանության օրվա նախօրեին, հենց երեխաների ու մայրերի պաշտպանության առիթով հայտնի է դարձել, որ Առողջապահության նախարարությունը նախապատրաստում է օրենսդրական նոր նախաձեռնություն: Դրա բովանդակությունն առայժմ չի հրապարակվում, սակայն գլխավոր նպատակն է խստացնել պայմանները` փոխանորդ մայրերի ընտրության հնարավորությունը:

Փոխանորդ կամ սուրոգատ է համարվում այն մայրը, ում օրգանիզմում է ձևավորվում և ծնվում երեխան, որի ծնողները տարբեր պատճառներով չեն կարող ինքնուրույն ունենալ երեխա: Սուրոգատ մայրերի մասին օրենքը ընդունվել է վեց տարի առաջ, սակայն պահանջարկը և այս բիզնեսը սկսել է ակտիվանալ երկու տարի առաջ: Ավելին, անցած տարվա հուլիսին բացվել է հենց անպտուղ զույգերին սուրոգատ մայր գտնող առաջին ընկերությունը:

Սա նոր, բավական թանկարժեք գործարք է և ընդհանուր առմամբ սուրոգատ մոր միջոցով երեխա ունենալը արժե մինչև 45.000 դոլար: Առայժմ չկա վիճակագրություն, թե քանի այդպիսի երեխա է ծնվել: Պահանջարկը ակտիվանալուց հետո պարզվել է նաև, որ օրենսդրությունը բավական մեծ բացեր ունի և ծնողներին չի պաշտպանում, օրինակ, բախտախնդիր կանանցից, ովքեր կարող են փողի համար համաձայնել հղիանալ, իսկ հետո պարզվի, որ երեխան ծնվել է ֆիզիկական կամ մտավոր թերություններով: Առողջապահության նախարարության օրենսդրական այս փաթեթը հենց այս կանոնները խստացնելու նպատակ ունի: Իսկ մինչև դրանք կխստանան, Ալկա Չիլինգարյանն ուսումնասիրել է երեխա պատվիրելու նոր եղանակն ու ձևերը, որը, անկախ կողմերի կամքից, դառնում է բիզնես-ինսդուստրիա, որտեղ մի կողմից երեխա ունենալու խիստ բնական և բարի ցանկությունն է, մյուս կողմից` որպես հաճախորդ և սպառող լինելու, և չխաբվելու նույնչափ բնական պահանջը:

Ալկա Չիլինգարյան – Մայրանալ առանց հղիանալու, ժառանգ ունենալ առանց ծնելու: Ավելին, մայրանալ ու չունենալ զավակ, և ծննդաբերել`գումարով: Միայն բժիշկների միջամտությամբ ու միայն օրինական ճանապարհով: Դա հնարավոր է միայն վերջին տարիներին մեծ տարածում գտած և Հայաստանում արդեն իսկ հաստատված սուրոգատ մայրերի ինստիտուտի օգնությամբ: Հայաստանում փոխնակ մայրերի մասին սկսեցին խոսել միայն 2004-ին: Բայց առայսօր էլ շատերի համար սա թաքնված թեմա է:

photo116
 
– Չկա ոչ մի ժառանգական կապ փոխնակ մոր և երեխայի մեջ: Այսինքն` այդ երեխան բոլոր ժառանգական տվյալներով այդ կենսաբանական ծնողների ժառանգն է,- բացատրում Գեորգի Օկոևը:

 
Այս դրույթն, ըստ բժիշկների, ամենակարևորներից մեկն է, որ պետք է մտապահել: Հիմա Հայաստանում փոխնակ մայրերը շատացել են, մինչդեռ տասնամյակներ ու նույնիսկ դարեր շարունակ ամեն ինչ այլ կերպ էր: Անպտղությամբ տառապող մարդիկ միայն և միայն բարեկամական կապերի հույսին էին: Որքան էլ տարօրինակ է, բայց շատ դեպքերում կենսաբանական ծնողը չի ցանկանում տեսնել այն մարդուն, որն ինն ամիս պետք է մեծացնի իր երեխային: Բայց հակառակն էլ է լինում, պնդում է իրավաբան Անդրանիկ Սիրունյանը:

photo210
 
– Քանի պայմանագիր արել ենք, 1, թե 2 դեպքում են իրար տեսել են, ընդ որում, մի համերաշխություն է տիրւմ դրանց մեջ, զարմանալի, նախանձելի,- ասում է իրավաբան Անդրանիկ Սիրունյանը :

 
Պարոն Անդրանիկն արդեն մի տարի զբաղված է փոխնակ մոր ու կենսաբանական ծնողների միջև կնքվող պայամանագիր կազմելով: Ասում է` պայմանագրի կետերը տարեցտարի ավելանում են, տեքստն էլ բարելավվում է: Այս կարգի պայմանագրն այսօր ունի 13 թերթ ծավալ, տարօրինակ դրույթներ շատ կան: Օրինակ, որ կենսաբանական ծնողները պարտավոր են ընդունել ծնված երեխաներին` անկախ նրանց ՔԱՆԱԿԻՑ ու ՍԵՌԻՑ: Հմուտ իրավաբանը պետք է պատրաստ լինի ամեն ինչի: Փոխնակ մայրը նախ պետք է կենսաբանական ծնողների համակրանքին արժանանա: Եթե հավանեցին, ուրեմն սուրոգատ մայր դառնալու առաջին քայլն արված է, եթե ոչ` փոխնակը պետք է սպասի հաջորդ զույգին:

photo310– Դուք կարող եք ասել, ես նրան չեմ ուզում, իր բնավորությունը ինձ դուր չի գալիս, նույնն էլ նա կարող է ասել, կենսաբանական մոր կամ հոր բնավորությունը ինձ դուր չի գալիս,- նկատում է Մոր և մանկան առողջության հիվանդանոցի տնօրեն Գեորգի Օկոևը:

Հենց այս կարգի խնդիրներն է լուծում Դավիթ Մխիթարյանի կազմակերպությունը: Այստեղ սուրոգատ մայրերը շատ են, մնում է միայն փոխհամաձայնության գալ: Ընդամենը մեկ տարի առաջ ստեղծված հաստատությունը ստանձնում է կազմակերպումը: Կենսաբանական ծնողների գործը վճարելն է, մնացածը կանի կազմակերպությունը:

photo49– Մենք գտնում ենք համապատասխան առողջ երիտասարդ կանանց և Հայաստանի Հանրապետության մարդու վերարտադրողնականության օրենքի համաձայն պատրաստում ենք այդ կնոջը հետագա գործընթացին,- պատմում է “Առողջ միտք” կազմակերպության տնօրեն Դավիթ Մխիթարյանը:

 
Փոխնակ մայր դառնալու համար շատ բան պետք չէ, ընդամենը համապատասխանել օրենքի պահանջներին և իմանալ ում դիմել: Կարելի է նաև ինտերնետով լրացնել համապատասխան հարցաթեթիկը և դառնալ փոխնակ մոր հավակնորդ: Հայաստանի Հանրապետության ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքը փոխնակ մորը չի պարտադրում լինել առնվազն մեկ անգամ ծննդաբերած: Առողջապահության նախարարությունը խոստանում է սխալներն ու բացթողումները շտկել:

photo59– Մենք ոչ թե ասում ենք` պարտադիր չի, մենք ասում ենք` ազգային մակարդակով, որպես ստանդարտ պրոտոկոլ չի ֆիքսվում, բայց մենք հիմա դրա վրա աշխատում ենք և երևի թե մասնագիտական առումով մենք էլ դա կամրագրենք,- պարզաբանում է Մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը:

Մեծ Բրիտանիայում ու Նիդեռլանդներում փոխնակ մայրերը իրավունք չունեն գումար վերցնել կենսաբանական ծնողներից, Եվրոպական մի շարք երկրներում փոխնակ մոր օգնությամբ երեխա ունենալու համար հարկավոր է առնվազն 50.000 դոլար, Հայաստանում պետք է գրպանումդ ունենաս 25.000 դոլար, որի 50 տոկոսը վճարելու ես փոխնակ մորը:

Փոխնակ մորը վճարելիք գումարի ճշգրիտ չափը որոշվում է ըստ բանակցության, սահմանափակումներ չկան: Հարկավոր է միայն պայմանագիր կնքել: Բժշկությունը կատարելության դեռ չի հասել, ու արտամարմնային բեղմնավորը միշտ չէ, որ ստացվում է: Պրոֆեսոր Օկոևը զգուշացնում է, որ 4 փորձից միայն մեկն է հաջողության հասնում: Բժշկագիտության համար սա պրակտիկայի ու վիճակագրության խնդիր է, բայց այ կենսաբանական ծնողների համար` լրացուցիչ ծախս: Յուրաքանչյուր չստացված փորձի համար պետք է փոխհատուցում հատկացնել սուրոգատ մորը:

Հոգեբաններն էլ պնդում են, որ առավել մեծ ուշադրություն է պետք դարձնել թե փոխնակ մայրերի և թե կենսաբանական ծնողների հոգեբանական վիճակին: Հոգեբան Նարինե Հակոբյանը պնդում է, որ փոխնակ մայրը պետք է հղիության ամիսներին դառնա հոգեբանի հաճախորդ` սուրոգատների համար մշակված հատուկ ծրագիրն անցնելու համար:

photo68– Ինքը կրում է ուրիշ զույգի երեխային, էդ նույնն ա, ոնց որ քեզ խնդրեն` կպահես իմ երեխային, մինչև որ ես ինչ-որ գործուղման են գնում, այ էս հոգեբանութայմբ է պետք զինվել,- ասում է հոգեբան Նարինե Հակոբյանը:

Այսուամենայնիվ, փոխնակ մայրերը գաղտնիության կողմնակիցն են: Իրենց անունը տալ չեն սիրում, դեմքը ցույց տալ` նույնպես, հրապարակային խոսելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Մասնագետները համարում են, որ փոխնակ մայրերի այսչափ գաղտնապահությունը հասարակության սխալ ընկալման պատճառով է: Այսօր Հայաստանում դեռ շատ չեն կանայք, որոնք պատրաստ են ձեռք մեկնել ամուսնական` օգնության կարոտ զույգերին: Փոխնակ մայրերի պահաջարկը մեծ է, առաջարկն է քիչ: Բայց այս պարզ շուկայական բանաձևը շատ քիչ բան է բացատրում. չէ որ խոսքը առևտրի մասին չէ, այլ կյանք պարգևելու ու մարդկային երջանկության:

Արտակ Ալեքսանյան – Եթե ծնող դառնալու ցանկությունը մեծ է, իսկ սուրոգատ մոր տարբերակը թանկարժեք, իհարկե, կա, ավանդական ու ամենամարդասիրական տարբերակը` որդեգրումը: Արաքս Թադևոսյանն ուսումնասիրել է որդեգրման խնդիրներն ու նրանց, ում այդպես էլ չորդեգրեցին, ով այդպես էլ մանկատնից հետո տուն չգնաց: Պետությունն այսօր հատուկ խնամքով ու ուշադրությամբ է վերաբերում մանկատան երեխաներին ու նրանց ճակատագրին: Բայց ինչ անեն նրանք, ովքեր մանկատունը լքել են 20, 30 տարի առաջ: Այն ժամանակ կայսրություն էր քանդվում, հետո երկիրն էր պատերազմում: Նրանք այսօր էլ իրենց զգում են որբ, ինչպես մանուկ ժամանակ, այսօր էլ` ուշադրության կարիք ունեն ու թեև այդքանով հանդերձ, պնդում են, որ երբեք չեն կրկնի իրենց ծնողների ճակատագիրը:

Արաքս Թադևոսյան – Ռուբենը Գավառի մանկատան սպասված հյուրերից է , ավելի ճիշտ զավակներից: Նա 15 տարի այստեղ է ապրել: Ճիշտ է, այսօր այստեղ ամեն ինչ փոխվել է, պայմանները անհամեմատ լավ են: Բայց երբեմն դստրիկի հետ գալիս է, շրջում է միջանցքներով ու տեսնում իր մանկության սենյակներն ու անկյունները: Մայրը իրենից հրաժարվել է ծնվելու առաջին իսկ պահից: Հրաժարվել է նաև երեք դուստրերից ու ավագ որդուց: Ռուբենը չի սիրում խոսել մոր մասին:

photo77
 
– Ախպերս թափառական ա եղել , հանդիպել ենք, ասում ա` էս ծառի վրա եմ քնել, էն պատի տակ,- դժվարությամբ ու դժկամությամբ է հիշում Ռուբեն Գալստյանը:

 
Մանկատան մասին երեխաներին ինչ ուզում ես հարցրու, կպատասխանեն, բայց իրենց ընտանիքների մասին չեն սիրում խոսել: Նույնիսկ եթե մայրը կամ հայրը երբեմն այցելում են` հակված չեն այդ մասին պատմել: Ավելի շատ սիրում են խոսել իրենց մեծ երազանքների ու ստեղծագործությունների մասին:

photo86
 
 
– Ես որ մեծանամ, հայտնի նկարիչ եմ դառնալու,- երազում է Կարեն Քերիմյանը:

 
 
Այսօր մանկատնից երեխան մի քանի ճանապարհ ունի , առաջինը կենսաբանական կոչված ընտանիքն է: Եթե ընտանիքը երեխայի համար վտանգավոր չի, հոգեբաններն ու սոցիալական աշխատողները համատեղ աշխատում են և’ ընտանիքի, և’ երեխայի հետ, ապա վերադարձնում ընտանիք: Հայաստանի կառավարությունն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը համատեղ որոշել են բեռնաթափել մանկատները: Բեռնաթափման ճանապարհները մի քանիսն են:

– Երեխաների դուրս բերում հաստատությունից` վերադարձնելով ընտանիք, կամ ընտանիքին փոխարինող ծառայություններ` խնամատար, ցերեկային խնամքի հաստատություն,- բացատրում է ՄԱԿ-ի Երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար Հայկ Խեմչյանը:

photo95
 
– Պետք է ջանք գործադրենք, որ երեխան մինչև 18 տարեկանը չմնա մանկատանը, հետո ավելի քիչ արդյունավետ է նրա սոցիալիզացիան,- ասում է Լալա Ղազարյանը:

 
Վերջին չորս տարում ընդամենը 18 երեխա է հնարավորություն ունեցել խնամատար ընտանիք գնալ: Թեև կա 300 պատրաստակամ ընտանիք , բայց ծրագիրը կարողանում է ֆինանսավորել միայն 18-ին: Ստեփանավանում երկու խնամատար ընտանիք կա: Վանաձորի մանկատան սաներ Արգամն ու Սարգիսը 4 տարի առաջ մտան հարևանությամբ ապրող ընտանիքներ:

photo102Այսօր հանրապետության 8 պետական և 3 բարեգործական մանկատներում խնամվում է 1000 երեխա, և միայն 1 տոկոսն է որդեգրման ենթակա: Մնացած երեխաների ծնողները կան, իրենց երեխայից էլ դե յուրե չեն հրաժարվում, խոստանում են շուտով վերադառնալ և հետ վերցնել, երբեմն այդ խոստմանը երեխան սպասում է մինչև չափահաս դառնալը: Իսկ երբ երեխան չափահաս է դառնում` նոր խնդիր է կանգնում և’ պետության, և’ երեխայի առջև: Այսօրվա մանկատան շրջանավարտը գնալու տեղ չունի: Կառավարությունը անորոշ ժամանակով դադարեցրել է նրանց բնակարաններ տրամադրելը:

– Առայժմ մնում են մանկատների տարածքում, ցավոք, չի լուծվում նաև երեխայի աշխատատեղերի հարցը , բնակարանը դառնում է հավաքատեղի,- նկատում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը:

photo117
Գավառի մանկատան շրջանավարտ աղջիկներից 6-ը խնամվում են Էջմիածնի «Մեր տունը» կազմակերպությունում, 4-ն էլ արդեն ամուսնացել են: Իսկ տղաները, մոտ մեկ ամիս է, ապրում են մանկատան հյուրատանը, այստեղ կմնան մինչև բանակ զորակոչվելը:

 
– Բանակից հետո նրանց հարցը բաց է մնում,- ցավով է նշում Գավառի մանկատան տնօրեն
Նիկոլայ Նալբանդյանը:

photo123Ինչպես բաց մնաց 1986-ից 91 թվականների շրջանավարտների հարցը: Խորհրդային իշխանության ժամանակ նրանց հանրակացարաններում ժամանակավոր սենյակներ տվեցին` մինչև բնակարան ստանալը: Այդպես ժամանակավոր էլ արդեն 24 տարի է նրանցից 12-ն ապրում են լամպերի գործարանի հանրակացարանում: Այսօր նրանցից ոչ ոք մշտական աշխատանք չունի, միակ կայուն եկամուտը միայնակ մոր նպաստն է` 16 հազար դրամ, նրանք բոլորը միայնակ մայրեր են: Իսկ բնակարանի մասին այլևս չեն էլ երազում:

photo1321991-ից ի վեր Հայաստանում կա մանկատան 446 շրջանավարտ, որոնցից 336-ն է համարվել շահառու, և միայն 152-ն են ստացել բնակարան: Մյուսների մասին վիճակագրությունը լռում է, նրանց մի մասը հանրապետությունում չէ, մյուսները հանցագործ են դարձել, ոմանք էլ կարողացել են իրենց կյանքի ճանապարհն ինքնուրույն հարթել: Ռուբենին դա հաջողվել է: Նա նույնպես անկախ Հայաստանի մանկատան շրջանավարտ է:

– 97թ-ին ես իմ առջև խնդիր էի դրել` այլևս չվերադառնալ ու իմ կյանքն իմ ուժերով կառուցեմ:

Բանակից հետո նա շարունակեց զինվորականի ճանապարհը: Այսօր արդեն ավագ լեյտենանտ է, թեև, երբ կնոջ հետ ծանոթացավ, ոչ աշխատանք ուներ, ոչ բնակարան, բայց կինը սիրեց ու հավատաց նրան: Աղջիկները հայրիկից ոչ մի քայլ չեն հեռանում, երբ տանն է: Նա էլ կնոջն ու երեխաներին խոստանում է, որ նոր, մեծ տուն են ունենալու ու մեծ ընտանիք. երկու երեխան քիչ է:

Մեկնաբանությունները փակ են: