ԹՈՂԱՐԿՈՒՄ 31-ՐԴ. WELCOME TO ARMENIA / ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ
Պաշտոնապես մեկնարկում է զբոսաշրջային, հանգստի սեզոնը: Դանդաղ, բայց աստիճանաբար մեզ մոտ տուրիզմն այլևս Գառնի-Գեղարդը չէ: Կան գիտական ու արկածային հանգստի ձևեր: Մինչդեռ ծառայությունների որակը իդեալական չէ: Հատուկ Ռեպորտաժն ուսումնասիրել է զբոսաշրջային սեզոնի ակտիվիստներին: Լինել հյուրընկալ ու բաց` տարբեր ազգերի ու առոգանությունների առաջ:
Արտակ Ալեքսանյան– Երբ իջնում ես Թբիլիսիի օդակայան, արդեն ելքի մոտ քեզ դիմավորում են տաքսիները: Ընդ որում, տաքսիները շարված են հերթով: Պետք է նստես ոչ թե առաջին պատահածը,այլ առաջինը` շարքից: Հենց նրա հարևանությամբ մի քանի լեզուներով գրված է, թե օրինակ օդակայանից քաղաքի կենտրոն քանի լարի պետք է վճարել: Սա արվել է զբոսաշրջիկներից ավելի գումար չշորթելու համար: Իսկ մեզ մոտ, ինչպես տեղյակ եք, դեռ մաքսակետը չհատած, արդեն սկսում են հարցնել, թե արդյոք տաքսի պետք է: Տաքսիստները` արևածաղիկի սերմ ուտելով ու հենց մուտքի մոտ մեքենան կանգնեցնելով` գրեթե անհնար են դարձնում տեղաշարժը: Իսկ գիտեք որքանով են կենտրոն հասցնում` ամենաքիչը տասը հազար դրամով, մինչդեռ նույնիսկ ամենաթանկարժեք մայրաքաղաքի տաքսի ծառայությունը դա կաներ ոչ ավելի, քան 3000 դրամով:
Հենց օդակայանից է սկսում երկիրը: Հենց տաքսիստների միջոցով են հաճախ զբոսաշրջիկները պատկերացում կազմում երկրի, ազգի ու մեր բնավորության մասին: Տրամաբանությունը հուշում է, որ օտարերկրացուն, կարելի է մի քիչ ավելի զեղչ գնով ծառայություն մատուցել` երկրորդ անգամ հենց քեզ դիմելու պատճառ ստեղծելով, երկրորդը` որովհետև հյուր է: Մեզ մոտ ճիշտ հակառակն է` մի քիչ անտեղյակ զբոսաշրջիկին այնպես կթալանեն, որ նույնիսկ սովորական հանքային ջուրը կարող է վաճառել 20-ամյա հնության կոնյակի գնով:
Ու խաբեբայությունը զբոսաշրջիկների միակ խնդիրը չէ: Տուրիստական սեզոնի նախօրեին, Արտյոմ Լևոնյանը զրուցել է ու հավաքել զբոսաշրջիկների հիմնական բողոքներն ու դժգոհությունները: Դրանք, մեծ հաշվով, ոչ մեկի համար անակնկալ չեն ու ոչ էլ նոր են: Այդպես եղել է: Այդպես էլ կա: Երբ կփոխվի` իսկապես անհայտ է: Որովհետև անհնար է գուշակել, թե վերջապես երբ մեզ մոտ կհայտնվեն ճշգրիտ քարտեզներ: Դրա մասին կարծես բոլորը խոսում են, բայց, միևնույն է, Հայաստանի նորմալ, ճշգրիտ քարտեզ չկա: Վաճառվող քարտեզով ուղղակի վտանգավոր է տեղաշարժվել, քանի որ չի բացառվում, որ մի օր անտեղյակ զբոսաշրջիկը կարող է ինքն իրեն հայտնաբերել Արաքսի ջրերում` սահմանը խախտելիս:
Արտյոմ Լևոնյան – Մեր բարեկամ երկրից ` Ռուսաստանից են: Առաջին օրն է, ինչ ժամանել են, միանգամից գտել են, թե որ տուր-օպերատորի ծառայություններից են օգտվելու: Տրամադրությունը կրկնակի բարձր է. առաջին անգամ են եկել, իսկ Երևան չվերթի տոմսերը ձեռք են բերել` չնչին գումարով: Դեռ ոչ մի խնդիր չեն ունեցել, իրենց անմահացնում են երևանյան ֆոնին, բայց արդեն հասցրել են ծանոթանալ երևանյան ֆոլկլորին տաքսի ծառայությունների միջոցով: Հայաստանցի չես` ուրեմն շատ փող կունենաս, ուրեմն պետք է վճարես նախատեսվածից ավելի:
– Մենք շատ լավ ժամանեցինք, մեզ շատ լավ դիմավորեցին, միայն ձեզ մոտ երթուղային տաքսիները շատ թանկ են, վճարեցինք գրեթե այնքան, որքան Մոսկվայում, բայց գիտենք, որ այստեղ այդքան թանկ չէ,- պատմում է Կատյա Ռոմանովսկայան:
Օդակայանից այստեղ նրանցից պահանջել էին 5000 դրամ: Սրա քսանապատիկը և ավելին չվճարելու համար որոշեցին Հայաստանում շրջել սեփական միջոցներով, բայց վարձույթի ավոտմեքենայով: Երկու արտասահմանյան ավտոմեքենաները ` 140 հազար դրամով, երկու օրով: Վարձույթի սրահում կարող ես վերցնել Հայաստանի քարտեզը, որոշել` որտեղ ես ուզում լինել, ինչ տեսնել, նաև հասկանալ ամենահարմար երթուղին, անհրաժեշտ ճանապարհները: Մեր նկարահանող խումբը, կանխատեսելով հնարավոր շփոթությունները, առաջարկեց ուղեկցել նրանց: Մեր հյուրերը հրաժարվեցին, բայց մենք ավելի համառ գտնվեցինք: Ուղեկցեցինք մինչև Էջմիածին: Արդեն այստեղ նրանք զգացին մեր կարիքը. գեղեցիկ ձևավորված քարտեզը միայն խանգարում էր:
– Որտեղ է Աշտարակը քարտեզի վրա, ինչպես գնանք:
Անհաջող քարտեզների պատճառով մեր ռուսաստանցի հյուրերը չտեսան Մայր տաճարը, փոխարենը` լուսանկարվեցին ոչ պակաս գեղեցիկ, բայց պակաս արժեքավոր կարմիր կակաչների միջավայրում:
Եթե արդեն ճանապարհը գտել եք կամ տուրիստական խմբով եք եկել Հայաստան, դեռ չի նշանակում, որ ամեն ինչ հարթ կանցնի: Անհարթ ճանապարհները կարող են նյարդայնացնել նույնիսկ հայասեր ու Հայաստանին նվիրված հյուրերին:
– Հայաստանի ճանապարհները բարեկարգ չեն: Սա լուրջ խնդիր է ինձ համար: Ես, օրինակ, երկար ճանապարհներին ինձ լավ չեմ զգում, և եթե դրանք բարեկարգ չեն, կրկնակի տհաճ է ինձ համար,- դժգոհում է իտալացի Էնրիկոն:
Իտալացի Էնրիկոն հայրենիքում սովորական բանվոր է: Մեկ տարի շարունակ գումար է ետ գցել, որ տեսնի Հայաստանը: Ասում է` այնտեղ` Եվրոպայում, չափից շատ են եվրոպացի, Հայաստանի տեղն ու դիրքը չգիտեն, իսկ ինքը գիտի, թե Արարատ լեռան և թե հին մշակույթի մասին: Ետ գցած գումարները բավարարեցին` հասավ Գոշավանք, սակայն անբանկոմատ ճանապարհներին մնաց առանց գումարի:
– Ես հիմա կազմակերպված տուրիզմով եմ եկել Հայստան և խնդիրն չունեմ անընդհատ գումար հանել բանկոմատներից, սակայն ճանապարհին բան էի ուզում գնել, իսկ կանխիկ գումար մոտս չկար: Եթե մի օր մենակ գամ շրջագայելու, պատահարի դեպքում ես որտեղից պետք է գումար հանեմ իմ խնդիրները լուծելու համար,- զարմանում է Էնրիկոն:
Մասիմոն Հայաստանում արդեն հյուր չէ: 5 տարի շարունակ գալիս է Հայաստան, գիտի գրեթե բոլոր անկյունները: Մեզ եվրոպացի է համարում, տեսնում է բազմաթիվ փոփոխություններ, սակայն մի բան մինչև օրս անփոփոխ է մնում:
– Առաջին լուրջ խնդիրը զուգարանների բացակայությունն է: Գիտեք, երբ երկար ճանապարհ ես գնում, գրեթե ոչ մի տեղ սանհանգույց չկա, և չես կարողանում հոգալ քո բնական կարիքները, ստիպված ես ամեն ինչ անել բնության գրկում,- իրավիճակն է ներկայացնում իսպանացի Մասիմո Բերնարդին:
Օհանավանքը այն հիմնական կենտրոններից է, որտեղ գրեթե բոլոր զբոսաշրջիկները այցելում են, ինչպես ասում են` հերթապահ վանքերից է: Սակայն ավստրալացի Միշելլե Ֆովրլոյի համար ամենաթանկը բնությունն է: Ասում է, երբ եկավ` առաջին բանը, որ նկատեց ոչ եկեղեցին էր, ոչ էլ շրջապատող խաչքարերը. Ավստրալիայի աստղադիտարանի տնօրենը տեսել է հազար ու մի բան, շրջել է ամբողջ աշխարհը, սակայն նրան ցնցել են հակյական լեռնաշխարհն ու ազգային կորուստները: Կարճատև էքսկուրսիան եկեղեցու սրահներով ոչինչ չի պատմի հայերի ու Հայաստանի մասին, այնպես ինչպես դա կարող են անել այստեղ ապրող մարդիկ: Օհանավանքի անմիջապես մուտքի մոտ փոքրիկ տոնաճառ է` տնական քաղցր սուջուխից մինչև հայկական չիր` ամեն ինչ` տուրիստի համար:
– Ես զարմացած եմ, թե որքան հյուրասեր եք, բայց տարօրինակ է, որ ձեր կանայք շաաատ ակտիվ են` մասնավորապես առևտրի մեջ, նրանք կաշվից դուրս են գալիս որևէ բան վաճառելու համար: Սա ձեր մշակույթին այնքան էլ հարիր չէ, կարծում եմ,- ասում է Միշել Ֆովրլոուն:
Ամեթ Գուպտան ապրել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Ծնվել է Նյու Դելիում, ամերիկյան դպրոցի շրջանավարտ է` գերմանական կրթությամբ, մագիստրոս է, արդեն կես տարուց ավելի է ապրում և աշխատում է Հայաստանում, բայց մինչև օրս գիտի միայն իր բնակարանի հասցեն: Նրա համար զարմանալի է, նաև մի քիչ տարօրինակ այստեղի փողոցային առևտուրը, մասնավորապես սննդի վաճառքը: Երբեք փողոցից ոչինչ չի գնել և սա համարում է լուրջ խնդիր:
– Չնայած գիտեմ, որ ձեր բանջարեղենն ու միրգը բնական են և համեղ, սակայն դա ինձ համար անսովոր է և մի փոքր հակահիգիենիկ: Ես չգիտեմ սրանց ծագումն ու արտադրության վայրը: Սրանք սառնարանում չեն պահվում, այլ դրված են գետնին` արևի, անձրևի տակ, փոշու մեջ, Ամեթ Գուպտան:
Նրան մինչև օրս զբոսաշրջիկ են համարում: Սակայն արդեն տասը տարուց ավելի ապրում է Հայաստանում, խոսում հայերեն, սովորում հայկական բուհում, սակայն ոչ տեղացու կնիքը մնում է: Տոնական, կարելի է ասել դարակազմիկ շոփփինգի է եկել` նշելու է 18-ամյակը: Պետք է ընտրի համապատասխան վայելուչ կոշիկներ և երեկոյան զգեստ: Արդեն գիտի. պետք է այցելել միայն այն խանութները, որոնց ապրանքը գնապիտակով է: Այլապես ձեռքբերումը շաաատ կլորիկ գումար կկազմի:
– Չգիտես ինչու` պարսկահայերին սենց դոլարի քիսակ են տեսնում,- ասում է իրանցի Մեղրի Բուդաղյանը:
Եթե ագամ արտաքինդ տեղացու է, քեզ կմատնի իրանահայի առոգանությունը: Բոլոր հոգսերն էլ սկսվեցին այստեղից: Մի քիչ այլ հնչողությամբ հայերենը Հայաստանում, պարզվում է, հոգնեցուցիչ կատակի առիթ է:
– Շատ են ծաղրում, ընկնում են մեր հետևից: Բարրրև, բարրև, սենց բաներ են ասում, մի երկու անգամ պատահել ա, պտտվել, ասել եմ` բա չէ, պռիվետ:
Նրանց բոլորին Հայաստան է բերում հետաքրքրությունը, սերն ու երբեմն էլ կարոտը մեր երկրի նկատմամբ: Հին մշակույթ, Արարատ, ալոճ: Սակայն մարդկային վերաբերմունքը պակաս կարևոր չէ` քարտեզներից, հասցեներից, ճանապարհներից ու ծառայություններից: Երբեմն էլ ավելին է:
Արտակ Ալեքսանյան – Հայաստանում գրանցված է 50-ից ավելի զբոսաշրջային գործակալություն: Դրանց մեծ մասը հիմնականում սպասարկում է սփյուռքահայերի ու հիմնականում արդեն հայտնի երթուղով` Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Սևանով Դիլիջան և հակառակը: Դրան զուգահեռ, սակայն, աստիճանաբար իրենց գործունեությունն են սկսել ոչ ավանդական երթուղիներ և տեսակներ առաջարկող ընկերությունները` օրինական, գիտական կամ արկածային տուրիզմ: Ինչ նոր զբոսաշրջային երթուղիներ կան և որոնք են զբոսաշրջային գործակալությունների սեզոնի հետ կապված, բայց և սեզոնային ու մշտասեզոն խնդիրները` պարզել է Սոնա Աբրահամյանը:
Սոնա Աբրահամյան – Նա աշխատում է , երբ դուք հանգստանում եք: Ձեր մի տարվա խնայողությունները դառնում են նրա մի օրվա եկամուտը: Փոխարենը նա րոպեի ճշտությամբ պլանավորում է ձեր առաջիկա հանգիստը: Ամիստադ տուրն արդեն տասը տարի` զբոսաշրջության բիզնեսում է: Այս տարիների ընթացքում համոզվել է. մեր երկիրը զբոսաշրջիկներին իրոք գրավում է:
– Ես բազմիցս լսել եմ, որ հարցնում են` ինչ կա Հայաստանում որ գալիս են այստեղ,ասեմ` ունենք հին պատմություն , ու այն ուսանողները, որոնք սիրում են գիտություն, գալիս են ճանաչելու մի հին երկիր,- պատմում է Արմինեն:
Հայաստանը փոքր է իր մասշտաբներով, բայց, պարզվում է, այդ փոքրիկ հաճույքը տեսնելն և շոշափելը թանկ բան է: Դեպի Հայաստան չվերթները կլորիկ գումարներ են կազմում, ավիատոմսի գինը բարձրացնում է զբոսաշրջային փաթեթի արժեքը: Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում ընտրել այն փաթեթը, որը ոչ միայն հաճելի է, այլ նաև ճանաչողական:
Արմինեին գիտեն քաղաքի գրեթե բոլոր սրճարաններում, իսկ ով էլ չգիտի` կորցնում է պոտենցիալ հաճախորդների մի զգալի մաս: Զբոսաշրջիկին որևէ սրճարան խորհուրդ տալուց առաջ, զբոսաշրջության գիտակն ինքն է մի լավ տնտղում այն, տհաճ բաները պետք է զբոսաշրջիկի աչքից հեռու պահել:
– Նախ` տուրսիտը չի սիրում երկար սպասել, օրինակ` կան ռեստորանններ, որ դու նստում ես, մատուցողները երկնքին նայելով գնում-գալիս են, ասում եմ` հարգելիս, դու գտնվում ես աշխատանքի վայրում, իջիր երկնքից,- նկատողություն է անում Արմինեն:
Շատ գործակալություններ Գառնի-Գեղարդ-Էջմիածին ավանդական երթուղուց շեղվելը մեղք են համարում, բայց արկածային տուրիզմի սիրահարներն այս Բերմուդյան եռանկյունին շրջանցում են: Նատուրա տուրը հրավիրում է դեռ չտեսած ու չբացահայտած տարածքներ: Դժվար է հայերին համոզել հրաժարվել հարմարավետ հյուրանոցից ու սար ու ձոր ոտքի տակ տալ: Նատուրա տուրն իր հիմնական եկամուտը դեռևս օտարազգի զբոսաշրջիկներից է ստանում, տեղացիներին համոզում է` իջեք մեքենաներից:
– Ուզում ենք, որ մարդիկ մեքենաներից ի վերջո դուրս գան, մի քիչ քայլելով ավելի շատ բաներ կտեսնեն:
Արկածային հանգստի սիրահարներին խանգարող հանգամանքները անթիվ-անհամար են: Բայց առաջնայինն իհարկե աղբի հարցն է: Այն ամենուր է, զբոսաշրջիկի աչքից չես թաքցնի, ու նրանք չեն էլ հասկանա, թե ինչպես ստացվեց, որ խորոված-խաշլամայի մնացորդները հայտնվեցին պատմական կոթողի կենտրոնում:
Ամբողջ աշխարհում հայտնի գիտական տուրիզմ կոչվածը, մեր զբոսաշրջային շուկայում նույնքան տարօրինակ է, որքան այլմոլորակայինը: Հայաստանում գիտական տուրիզմի եզակի ջատագով է Կարեն Թոխատյանը: Զբոսաշրջիկին գրավելու նրա գաղտնիքը ժայռապատկերներ են: Օգնականներ ունի արդեն Հայաստանի տարբեր գյուղերում:
– Հովիվների հետ երբ խոսում եմ, իրենք չգիտեն, ասում են վայ չգիտեինք կպահպանենք, ձեռք չենք տա,- պատմում է Կարեն Թոխատյանը:
Այս հանգստի սիրահարները երկու խմբի են բաժանվում` գիտնականներ ու երեխաներ. բայց երկուսին էլ հետաքրքրում է ժայռաայծին կամ ժայռամարդուն ոչ այնքան տեսնելը, որքան հայտնաբերելը: Զբոսաշրջիկին ժայռապատկեր ցույց տալը զբոսաշրջային անսովոր քայլ է, այդպես է հայկական մշակույթը տարբերում մյուս մշակույթներից ու դա է մեր առավելությունը:
– Հույնը երբ տեսնում է, ասում է` ես չունեմ դրանից:
Գիտական տուրիզմը, ըստ պարոն Թոխատյանի, դառը փորձ ունի մեր երկրում, մերոնք խոսում են զբոսաշրջության զարգացման մասին, բայց շատ բան անում` հակառակ ուղղությամբ:
Եթե հանգստի համար գումար ետ գցելիս ժլատ չեք գտնվել հյուրանոցի հարցում, ուրեմն կարող եք կանգ առնել հենց քաղաքի սրտում. Արմենիա Մարիոտ հյուրանոցի դռները բաց են նրանց առջև, ովքեր պատրաստ են վճարել բարձրակարգ սպասարկման համար: Միջազգային ստանդարտին համապատասխանելու համար գրված ու չգրված կանոններ կան: Մարիոտի դեպքում երկրերը փոխվում են , գորգերն ու դռները ընդհանուր են բոլորի համար:
– Երբ որ հյուրը մտնում է հյուրանոց, իրեն ժպտում են, ժպտում են հինգ մետր հեռավորությունից: Հյուրը պետք է զգա ձեր ձայնի մեջ ժպիտ,- բացատրում է Մարիոտի աշխատակիցը:
Մարիոտում մեկ գիշեր անցկացնելու հաճույքը սկսվում 60-70.000 դրամից: Դե իսկ պրեզիդենտական ապարտամենտի գինն անփոփոխ է բոլոր սեզոններին` 500.000 դրամ մեկ գիշերվա համար:
Անի հյուրանոցը 4-աստղանի է, բայց լուրջ մրցակից է 5-աստղանիների համար. պատճառը խորն է, ջրի հատակին: Անի պլազան գրավում է իր լողավազանով:
– Ջուրը 27 ու կես է, և ջերմաստիճանը 30, դա նորմալ է: Սա պարտադիր սանիտարական պահանջ է, որ մարդը դուրս գա, ախտահանի ոտքերը ու նոր գնա դեպի լողավազանի տարածք: Սա քլորակտոր է, որպեսզի միշտ ախտահանեն ոտքերը,- պատմում է հյուրանոցի տնօրեն Մկրտիչը:
Անիում հյուրընկալվելու համար ամենաքիչը 20-30.000 դրամ է հարկավոր: Ավելի ցածր գներով զբոսաշրջիկներին իրենց հյուրընկալությունն են առաջարկում 3-աստղանի հյուրանոցները: Պարզվում է` Հայաստանում ֆուտբոլը եկամտաբեր է առավելապես հյուրանոցային բիզնեսի դաշտում: Ռեժինե հյուրանոցը չունի սեզոնային տատանումներ: Մշտական եկամուտը ստանում է ֆուտբոլիստներից:
Անողոք բան է վիճակագրությունը. տարեցները կազմում են Հայաստան եկող զբոսաշրջիկների մեծ մասը: Ոմանք կատակում են, թե` նրանք ամբողջ աշխարհը տեսել են, անծանոթ է մնացել միայն Հայաստանը: Մասնագետները պնդում են` Հայաստանը նրանց գրավում է ոչ թե ստանդարտ ռեստորաններով ու սուպերմարկետներով, այլ իր հնամենի, կորսված քաղաքակրթությամբ, որը դեռ պետք է բացահայտել ու ճանաչել :