ԹՈՂԱՐԿՈՒՄ 32-ՐԴ . ՑՄԱՀ ՊԱՅՔԱՐ

logo5Յուրաքանչյուրն ունի գաղտնիք, բայց կա նաև ազգային գաղտնիք: Յուրաքանչուր հինգերորդ հայը ունի երևանյան հիվանդություն: Ու դա ծնողները չեն ասում զավակներին, դրա մասին լռում են ամուսինները: Հենց այդ պատճառով այսօր արդեն երևանյան հիվանդությամբ տառապողների թիվը սոսկալի աճել է: Ու շատ են երեխաները: Հատուկ Ռեպորտաժի առողջապահական հետազոտություններից: Երևանյան հիվանդություն և դրանից էլ վատ: Կոմա: Կոման` անգիտակից գոյությունն է: Բացառիկ հերոս ու ապշեցուցիչ պատմություն: Տիկին Բելլան կոմայում է: Ու երբ 16 էլեկտրաշոկից հետո բժիշկներն արձանագրեցինք մահը… նա արթնացավ…: Բացեց Աչքերը:

Արտակ Ալեքսանյան – Գիտնականները գտել են միջերկրածովյան ազգերի կենսունակության բացատրություններից մեկը: Դրա հիմնական պատճառներից մեկը` միջերկրածովյան ընտանեկան տենդն է կամ մեզանում հայտնի երևանյան հիվանդությունը: Հայտնի է, որ արդեն 2000 տարի երևանյան հիվանդությամբ են տառապում հենց այս ավազանի բնակիչները` հայերը, հույները, հրեաները, թուրքերը: Ինչ է դա, կբացատրի Արաքս Թադևոսյանը: Իսկ մինչև այդ, պարզվում է երևանյան հիվանդություն ունեցողները ունեն հատուկ իմունիտետ և չեն կարող վարակվել մալարիայով, տուբերկուլյոզ և խոլերա, այսինքն` այն հիվանդություններով, որոնք պետություններ էին կործանում:

Հայաստանում այս հիվանդությունը սկսել են ուսումնասիրել դեռ 30 տարի առաջ: Հիվանդության մուտանտ գենը, այսինքն այն, ինչի պատճառով մարդիկ տառապում են հայտնաբերել են միայն 97 թվականին: Դրանից հետո արդեն երևանյան հիվանդության ախտորոշումն ավելի արագ է եղել: Երևանյան հիվանդությունը հիմնական առաջ է գալիս դեռահասության տարիքում: Նոր վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին շրջանում հիվանդությունը երիտասարդացել է: Ավելին, Արաքսի հերոսներից մեկը 11-ամսական հիվանդ է: Բայց շատ հաճախ, անտեղյակությունը, ծնում է առասպելներ, որի արդյունքում օրինակ, երևանյան հիվանդությունը ամենախնամքով թաքնված ընտանեկան գաղտնիքներից է, այն աստիճանի, որ ծնողները կարող են նույնիսկ չասել իրենց զավակներին: Մինչդեռ տեղեկացվածությունը այդ գենը կրողների ցավերից ձերբազատվելու առաջին նախապայմանն է:

Արաքս Թադևոսյան – Պարբերական կոչվող հիվանդությունը համաշխարհային բժշկության մեջ հայտնի է Միջերկրածովյան ընտանեկան տենդ անվամբ: Իսկ Հայաստանում տարածված է Երևանյան հիվանդություն անվանումը: Արդեն 2000 տարեկան է և չի էլ պատրաստվում նահանջել: Պարբերական հիվանդությունը ժառանգական է և պայմանավորված է գենի մուտացիայով, այսինքն` մուտանտ գենը փոխանցվում է սերնդե սերունդ: Այս հիվանդությունը առավելապես տարածված է մի քանի ազգերի ներսում, առաջին տեղում հայերն են, ապա` հրեաները, արաբներն ու թուրքերը: Ազգեր, որոնք միջերկրածովյան ծագում ունեն և հետագայում ծավալուն տեղաշարժերի ու ներէթնիկ ամուսնությունների պատճառով հիվանդությունը տարածել են երկրագնդով մեկ: Ու քանի որ հայն էլ նախընտրում է ամուսնանալ հայի հետ, մուտանտ գենը շարունակում է տարածվել:

gagik– Ամեն 5-ից մեկը գենի կրողն է,- ասում է բժշկական գիտությունների թեկնածու Գագիկ Հակոբյանը:

Այսինքն` եթե երկու ծնողն էլ գենը կրողն են, ապա հիվանդ երեխա ունենալու հավանականությունը 50 տոկոս է, իսկ գենը կրող, բայց ոչ հիվանդ երեխա ունենալու հավանականությունը` 25 տոկոս: Հիվանդությունը արտահայտվում է որովայնի, կրծքավանդակի կամ հոդերի ցավերով, նոպաները լինում են ամիսը մի քանի անգամ, տևում են 2-3 օր: Ի տարբերություն, օրինակ, հրեաների, որոնք հանգիստ են վերաբերվում իրենց պարբերական հիվանդությանը, հայերն այս հիվանդությունը արատ են համարում, ամաչում են իրենց հիվանդությունից և գաղտնի պահում:

– Լուրջ հոգեբանական պրոբլեմ է, ծնողները չեն ուզում` իմանան, մեծանա` չի ամուսնանա, սև բիծ կլինի ցեղի վրա: Հիվանդը պետք է հասկանա, որ դա ճակատագրական հիվանդություն չի, հիվանդությունը դիտել ոչ թե հիվանդություն, այլ վիճակ,- բացատրում ու խորհուրդ է տալիս Գագիկ Հակոբյանը:

photo16Եվ հենց ամոթի ու վախի պատճառով է, որ մերօրյա վիճակագրությունը չի արտահայտում հիվանդության տարածման իրական պատկերը: Հարսները գաղտնի են պահում սկեսուրներից, ծնողները` երեխաներից , ամուսինը` կնոջից:
Չափահաս հիվանդներից միայն մեկը համաձայնեց մեզ հետ խոսել իր հիվանդության մասին, այն էլ անձը գաղտնի պահելու պայմանով:

– Մինչև ամուսնանալը տեղյակ չեմ պահել կնոջս` հոգեբանական բարդույթի պատճառով, ժողովրդի մոտ կարծիք կա, որ կփոխանցվի երեխաներին:

Այսօր նա հասկանում է, որ դա ընդամենը հիվանդություն է և պարզապես պետք է լինել բժշկի հսկողության տակ: Սակայն մինչև գենետիկական ախտորոշում անցնելը մեր հերոսը երկար ճանապարհ է անցել: Դեռ 8-9 տարեկան էր, երբ նախ սկսեցին ցավել ոտքերը:

heros– Ախտորոշվեց ռևմատիզմ, բուժում էին, տարբերություն չէի զգում, 10-12 տարեկանում` որովայնի ցավեր, կույր աղիքս հեռացրեցին, 14 տարեկանում ասեցին` կպումներ ունես, էլի վիրահատեցին , մինչև 17 տարեկանում ուժեղ նոպաներ, ուղեգրեցին պարբերական,- պատմում է մեր հերոսը:

photo24Այս հիվանդությանն անծանոթ մարդկանց համար որքան սարսափելի է այս պատմությունը, այնքան սովորական է պարբերական հիվանդությամբ զբաղվող բժիշկների համար: Հանրապետական մանկական պարբերական հիվանդության կենտրոնում էլ կան երեխաներ, որոնց սխալ բուժում են նշանակել տեղամասային բժիշկները, հետո նոր գլխի ընկել, թե ինչ հիվանդություն ունի երեխան և գենետիկ անալիզ հանձնելու ուղեգիր են տվել: Այսօր պարբերական հիվանդների քանակն աճում է, և հատկապես այն պատճառով, որ ախտորոշումն է դարձել որակյալ, հիվանդներն էլ, թեկուզ ամաչելով, թաքուն, բայց բժշկի դիմում են: Մանկական կենտրոնն արտագնա այցելություններ է ունենում հանրապետության մարզեր հիվանդներին հայտնաբերելու համար:

photo43Հիվանդությունը տարածված է հատկապես Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի մարզերում: Նախ` այս բնակավայրերում շատ են Արևմտյան Հայաստանից գաղթածները, հետո գյուղական վայրերում, որպես կանոն, գերդաստանային արմատներն ընդհանուր են:
Առողջապահության նախարարության վերջին տվյալով, Հայաստանում կա 4000 գրանցված հիվանդ, որոնցից 1900-ը երեխաներ են, այս թիվը տարեկան ավելանում է 300-ից 350-ով:

– Երիտասարդացել է հիվանդությունը, վաղ մանկակական տարիքից է, մինչև 5 տարեկանի մոտ շատացել են ատիպիկ վիճակները` աղիքային, հոդացավ,- ասում է Հանրապետական մանկական պարբերական հիվանդության կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Գայանե Ամարյանը:

Երեխաներ կան, որ իրենց կյանքի առաջին իսկ ամիսներից են հայտվում այս վիճակում, և նրանց գալարումներից դժվար է հասկանալ, թե ինչն է նրանց անհանգստացնում: Այս դեպքում շատ կարևոր է, որ ծնողը չուշացնի բժշկին դիմելը:

nalbandyan
– Դենիսը ամենափոքր հիվանդն է մեր` 11 ամսական , 6 ամիս է` տարբեր բուժումներ է ստացել, հոդաբորբեր է ունեցել , հետո մեզ մոտ է եկել,- պատմում է <<Արաբկիր>> բժշկական համալիրի ընդհանուր մանկաբուժական բաժնի վարիչ Լիլյա Նալբանդյանը:

 
photo33Չնայած 2000 տարվա պատմությանը, հիվանդությունը ընդամենը մեկ դար է, որ ուսումնասիրվում է, և միայն 13 տարի առաջ է հայտնաբերվել պարբերական հիվանդության համար պատասխանատու գենը, որը մուտացիայի է ենթարկվում ու առաջացնում հիվանդությունը: Հայաստանի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում ուսումնասիրվում է, թե ինչ շեղումներ է բերում գենի մուտացիան: Եվ հենց այս լաբորատորիայում արվեց մի հետազոտություն, որը բացահայտեց այս հիվանդության ժամանակ աղիքային միկրոֆլորայի` նախկինում չհայտնաբերված առանձնահատկությունները: Այս հետազոտության արդյունքները կարող են թեթևացնել հիվանդության ընթացքը և նպաստել, որ մշակվեն բուժման այլընտրանքային եղանակներ:

– Հիմա պետք է փնտրենք , թե շեղման ենթակա որ խումբն է, որ առաջացնում է բորոբոքում ու բերում նոպաների, անջատենք նրանք , որոնք բորբոքում են առաջացնում և այն մարմինները, որոնք հակաբորբոքային են,- բացատրում է Կենսաբանության ինստիտուտի մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայի ղեկավար Ժաննա Կծոյանը:

photo62Հայ գիտնականները դեռ երկար են տքնելու մանրէների խմբավորման վրա: Այս հիվանդության գաղտնիքները շատ են, դեռևս անհայտ է, թե ինչու է տենդ առաջանում: Հիվանդների միայն 40 տոկոսի ծնողներն են հիվանդ լինում, մյուսների գեներում հիվանդությունը կա, բայց մոտ ազգականներից ու հարազատներից ոչ ոք հիվանդ չէ:
Եթե հիվանդությունը ժամանակին չախտորոշվի, ու հիվանդը բուժում չստանա, բարդացումներն անխուսափելի են, իսկ ախտորոշումը արվում է միայն գենետիկ հետազոտմամբ:

– Չբուժվելու դեպքում հաճախ զարգանում են այլ հիվանդություններ, երիկամային անբավարարություն, երբեմն վաղաժամ մահվան պատճառ են դառնում,- ասում է
Գագիկ Հակոբյանը:

photo53Պարբերական հիվանդությունը չի բուժվում, միայն կարելի է կանխել նոպաները, իսկ նոպաների կանխումը հնարավոր է միակ դեղամիջոցի` Կոլխիցինի օգնությամբ: Այս դեղամիջոցն աշխարհում արտադրում են հիվանդությունը կրող հիմնական երկրները` Եգիպտոսը, Իսրայելը, նաև Անգլիան, Ֆրանսիան, որտեղ մեծ թվով հրեաներ, հայեր ու արաբներ են ապրում: Հայաստանն այս ոլորտի դեղարտադրող դարձավ մի քանի տարի առաջ:

Պետությունը գնում է ընկերության արտադրության 50 տոկոսը, այս հիվանդության բուժօգնությունն անվճար է, հայկական դեղը` էժան: Պետությունը պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է բոլոր հիվանդներին ապահովել դեղորայքով: Հիվանդներին միայն մնում է թողնել նախապաշարմունքները և հետազոտություն անցնել: Ի դեպ, հիվանդության մասին տարածված սխալ պատկերացումների մասին.

Սխալ № 1.
– կոլխիցինը ավելի շատ վնասում է, քան օգնում

Սխալ № 2.
– այս հիվանդները երեխա չեն ունենում

Սխալ № 3.
– կարելի է բուժվել` փոխելով կլիմայական գոտին:

Այլ երկիր գնալը կարող է չօգնել, բայց, այլազգիների հետ ամուսնանալը խրախուսվում է: քանի որ յուրաքանչյուր 5-րդ հայը կամ մուտանտ գեն կրող է կամ հիվանդ է, ապա հավանականությունը մեծ է, որ իրար հետ կամուսնանան հենց այդ գենը կրողները: Բայց որպեսզի հավանականությունը հասցվի նվազագույնի և սերունդը վերջապես առողջ գեն ժառանգի, պետք է հանդիպեն միայն առողջ գեները:

Արտակ Ալեքսանյան – Ուղիղ յոթ տարի առաջ, Հայաստանը, ի թիվս Եվրախորհրդի անդամ 52 այլ երկրների ստորագրել է մի փաստաթուղթ, ըստ որի` պարտավորվել է կազմակերպել պալիատիվ բուժօգնություն: Պալիատիվ օգնություն նշանակում է հատուկ պայմանների տրամադրում նրանց համար, ովքեր այլևս անբուժելի են ու այնտեղ կարող են անցկացնել իրենց վերջին օրերը: Հայաստանում պետական պալիատիվ կենտրոն չկա: Անցած տարի բացվել է մեկ մասնավոր կենտրոն` քաղցկեղով հիվանդների համար:

koma1Այսօր, սակայն, պալիատիվ կենտրոնների կարիքը զգացվում է: Հատկապես նրանց համար, ում հարազատը կոմայում է: Կոման` առանց գիտակցության գոյությունն է, երբ ուղեղը չի աշխատում, կամ ախտահարված է: Կոմայից դուրս են գալիս ոչ հաճախ, բայց պատահում է: Մանու Իրիցյանն ուսումնասիրել է կոման և դրա հաղթահարման հնարավորությունները: Ռեպորտաժը, իր տեսաշարով կոռեկտ է, իր բովանդկությամբ` խիստ զգացմունքային: Այդ պատճառով նրանք, ովքեր զգայուն են թեմայի նկատմամբ, առաջարկում ենք այս ռեպորտաժի ընթացքում միայնակ չդիտել:

Մանու Իրիցյան – Այստեղ բժշկական սարքերն են շնչում մարդկանց փոխարեն: Նույնիսկ աննշան փոփոխության դեպքում արհեստական շնչառություն և կյանք պարգևող այս սարքերը ազդանշան կտան: Հանրապետության ամենամեծ բաժանմունքը Էրեբունի բժշկական կենտրոնում է. քսանվեց մահճակալ, ամեն մի հիվանդին` մեկ բուժքույր:

-Բազմաթիվ սալջարդերով, անգիտակից վիճակում շրջանից բերել են: Անցել ենք անմիջական արհեստական շնչառության: Ելքը կարող է բացասական լինել,- բացատրում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի վարիչ Հարություն Մանգոյանը:

koma2Կոմայի, այսինքն` անգիտակից վիճակի դասագրքային օրինակ է: Բաժանմունքում շատ են այն հիվանդներն, ովքեր չեն զգում արտաքին աշխարհը: Կոմայի հիմնական պատճառ կարող է լինել լուրջ վսասվածքն ու նույնիսկ ծանր հուզական ապրումը: Ժամկետն անորոշ է. կարող է տևել մի քանի ամիս ու տարի: Ելքն անկանխատեսելի, բայց հիմնականում բացասական: Տասնմեկամյա Սյուզին արդեն չորրորդ օրը կոմայի մեջ է: Շատ բարդ վիրահատությունից հետո փոքրիկի օրգանիզմը դեռ չի կարողանում պայքարել:

rafayel– Կա սենց շկալո գլասկե`գիտակցության չափման միավոր է, ինքը մեջտեղում է գտնվում, գլուբոկոյե օգլուշենիե, խորը շշմածություն,- փոքրիկի վիճակն է ներկայացնում <Միքայելյան> ինստիտուտի վերակենդանացման բաժնի վարիչ Ռաֆայել Գրիգորյանը:

 
Գրեթե չորս տարի է անցել այս նկարահանումից: Քառասնամյա Օֆելյան այն օրերին կոմայի մեջ էր ութ ամիս: Կոմայի մեջ էր ընկել վիրահատությունից հետո: Բժիշկների անփութության պատճառով թթվածնի խողովակը դուրս էր եկել, և Օֆելյան հայտնվել էր վեգետատիվ կոմատոզ վիճակում: Օֆելյա Խեքյանը վերակենդանացման բաժնում մնացել է վեց ամիս: Հետո արդեն մոտ երկու տարի տանը նրան խնամել են հարազատները: Նրանք ինտերնետում կարդացել էին, որ երկար կոմատոզ վիճակից հիվանդները երբեմն դուրս են գալիս, ու սպասում էին:

arayik
– Ուղղակի աչքերն էր թարթում ու վերջ: Չէր հասկանում ոչ մի բան: Ուղղակի շնչում էր: Լսում էր, ինձ թվում է: Այսինքն` ինչ-որ թխկոցից, աղմուկից կարող էր արթնանար, բայց չէր արձագանքում,- պատմում է Օֆելյայի քրոջ որդին` Արայիկ Ավետիսյանը:

 
– Ցավոք, աշխարհում, չկա դեռ այնպիսի մեթոդիկա, առավել ևս չկա մի դեղորայք: Չկա այդպիսի տևողություն, երբ կարելի է ասել, պետք է ընդհատել, բժշկագիտության օրենքներով էլ չկա,- ասում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի վարիչ Հարություն Մանգոյանը:

Չկան նաև ամբողջ աշխարհում ընդունված վերականգնողական բուժհաստատություններ, որտեղ պալյատիվ կամ ամոքիչ բուժօգնություն կարող են ստանալ անբուժելի համարվող կամ կոմայի մեջ հայտնված հիվանդները, իսկ վերակենդանացման բաժիններում էլ մահճակալները սահմանափակ են:

violeta-Անկեղծ եմ ասում, գուցե անունը էֆթանազիա չենք դնում, բայց դա իրականացվում է ընդհանուր առմամբ: Եթե հիվանդը պատշաճ բուժում չի ստանում, որի արդյուքնում նա տուժում է, դա կարող է լինել ոչ մահը, բայց տանում է դեպի մահը, նկատում է իրավաբան Վիոլետա Զոփունյանը:

 
Վիոլետան պաշտպանում է հիվանդների ոտնահարված իրավունքները: Հաճախ էլ օնլայն պատասխանում է իր հաճախորդների հարցերին: Վերջին օնլայն նամակագիրը խնդրել էր օգնել իրավական պատասխանատվության ենթարկել բուժքրոջը, քանի որ նա հրաժարվել էր դադարեցնել կոմայի մեջ հայտնված իր հոր կյանքը:

– Հարցն այն էր, թե հնարավոր է արդյոք պատասխանատվության ենթարկել բուժքրոջը: Իհարկե, ոչ, հնարավոր չէ, քանի որ ՀՀ օրենսդրությամբ էֆթանազիան արգելված է: Էֆթանազիան երկու կողմ ունի` պասիվ և ակտիվ: Երկուսն էլ արգելված են մեր օրենսդրությամբ,- ասում է Վիոլետա Զոփունյանը:

Բժիշկները ասում են, ու չեն ցանկանում ասել, թե քանի տոկոսն է հիվանդների դուրս գալիս կոմայից: Եթե վիրահատությունից մեկ օր անց, դուրս չի գալիս, ապա կարող է և դուրս չգալ: Կա ընդամենը վիճակագրություն` որքան երկար մնա կոմայում, այնքան քիչ է հավանակությունը, որ դուրս կգա:

koma3Հենց բացասական ելք էին կանխորոշել բժիշկները Ջանիբեկ Լևանյանի համար, երբ չորս օր կոմայի, ապա քառասուն օր էլ վերակենդանացման բաժնում մնալուց հետո ոտքի կանգնեց: Հիմա գրեթե չի մտնում իր ձեռքով կառուցած ջերմոց, բժիշկներն են արգելել, վերակենդանացումը հրաշք էր, բայց զգուշությունն անհրաժեշտ պայման է:

Շտապօգնության բժիշկներն առաջինն են տեսնում կոմայի մեջ հայտնված մարդուն: Հենց նրանց ձեռքերում են հաճախ հիվանդները դուրս գալիս կոմայից կամ ընդմիշտ հեռանում:

– Շատ հաճախ, նույնիսկ հիվանդին դեռ չտեսնելով, այդ խզոցները լսելով տարածության վրա, կարելի է կողմոնորշվել,- ասում է Շտապբուժօգնություն ՊՓԲԸ Կենտրոն կայանի բժիշկ-վերակենդանացնող Գրիգորի Պողոսյանը:

Բժիշկ վերակենդանացնողին հիվանդները հաճախ են պատմում, թե ինչ են տեսել այնտեղ` վերևում: Գրիգորին պատմում է իր հիվանդներից մեկի մասին, ով երեք կլինիկական մահ եւ գրեթե անհավանական` տասնչորս րոպե սրտի կանգ է ունեցել: Ահա նա` Բելլա Ղազարովա, ում այն աշխարհից բառի բուն իմաստով ետ բերել է Շտապօգնության բժիշկը:

Մասնագիտությամբ մաթեմատիկոս Բելլա Ղազարովան հանդերձյալ կյանքի մասին պատմում է առանց զգացմունքների, միայն այն, ինչ տեսել է, հասկացել ու հիշել: Առաջին կլինիկական մահից հետո` արդեն չորս տարի փնտրում է իր աշակերտներից մեկին` Գնել Մկրտչյանին: Չեն հանդիպել արդեն 34 տարի: Անգիտակցության մեջ հենց նրա դեմքն էր ֆոտոկադրի պես անդադար գալիս աչքի առաջ:

bella– Կյանքի թել արտահայտությունը ես ֆիզիկապես եմ զգացել: Իմ փորն ուռել էր, այդ, այսպես կոչված, թելը ձգվել էր, ու հանկարծ թուլացավ, չկտրվեց: Հիշում եմ` ինձ շատ լավ էի զգում: Հետո տղաս պատմեց, որ բժիշկն այդ ժամանակ իր ձեռքը կոկորդս էր մտցրել, որ դուրս հաներ խորխը, թե չէ կխեղդվեի: Ու այդ պահին ես ժպտացել եմ,- հիշում է Բելլա Ղազարովան:

Էլեկտրաշոկի հինգ հարվածի փոխարեն բժիշկները տասնվեց հարվածով փորձեցին ետ բերել նրան: Երբ արդեն սպիտակ սավանն էին պատրաստում, տիկին Բելան աչքերը բացեց:

– Մի աննկարագրելի վայր էր, այնտեղ ուրիշ գույներ էին: Ես ու ամուսինս արահետով քայլում էինք, բացօթյա տաղավարներ կային, որտեղ նախաճաշում, ճաշում էին մարդիկ:

Հիմա արդեն մահից չի վախենում, այնտեղ հանդիպել է մորը, որին ութ տարեկանից չէր տեսել:

Արայիկը, որ խնամում էր մորաքրոջը, արդեն երկու տարի սկսել է նորից աշխատել: 2008-ին մորաքույրը մահացավ` այդպես էլ գիտակցության չգալով:

11-ամյա Սյուզինն սկսել է արձագանքել բժիշկների հրահանգներին: Սա հույս է ներշնչում, որ շուտով աղջիկը կոմայից դուրս կգա:

Կոյամում գտնվող մարդու հետ, բժիշկները խորհուրդ են տալիս անընդհատ հաղորդակցվել, խնամել, չհրաժարվել: Խոսել նրա հետ ու աղոթել Աստծուն:

28 մեկնաբանություն

  1. anna 27 June 2010, 12:19

    Շատ հուզիչ թողարկում էր: Հատկապես կոմայի էդ աղջիկա կադրերը….Աստված կարոտ պահի

  2. Մարինե 22 July 2010, 20:44

    շատ լավ թեմա է . բայց վատը այն է որ չեն թոշակավորում այս հիվանդներին . բայց թե ինչու? լավ իմանալով որ անբուժելի են ………….

  3. Lilit 26 November 2010, 20:27

    Եվրոխորհուրդը չունի 52 անդամ պետություն, ինչպես նշված է նյութում, այլ 47.