ԹՈՂԱՐԿՈՒՄ 33-ՐԴ. ՄԱՐՄՆԻ ՄԱՍԵՐ

logoՀայկական գեղեցկության չափերի բազմազանությունն այսօր միայն գավառում է: Մինչդեռ նորաձեւությունը ոմանց դարձնում է աութսայդեր: Գեղեցկության չափանիշները գնալով բարձրանում են, չափերը` նեղանում: Գեղեցկությունը կփրկի աշխարհը, բայց արդյունքում աշխարհն է փորձում փրկել գեղեցկությանը: Կանայք ու նրանց հիվանդագին դիետաները, սննդից հրաժարումն ու դարի ժանտախտը` անորեքսիան, նիհարելու հիմնական ձեւերն ու մեթոդները::

Արտակ Ալեքսանյան – Գեղեցկությունը կփրկի աշխարհը, բոլորը գիտեն, սակայն այսօր աշխարհն է փորձում փրկել գեղեցկությանը` ավելի շուտ գեղեցկուհիներին: Պարզվում է` գեղեցիկ ու սլացիկ լինելու համար նոր հազարամյակի կանայք պատրաստ են ու դիմում են ամեն ինչի, ու առաջին հերթին չուտելուն: Այնքան չեն ուտում, որ հիվանդանում են: Չուտելու կամ սննդից հրաժարվելու հիվանդությունը կոչվում է անորեքսիա:
Հայաստանում անորեքսիայի` որպես մահացու հիվանդության մասին սկսեցին բարձրաձայնել 80-ականների սկզբին: Այսօր արդեն այն համաճարակի պես շատ արագ տարածվում է: Եվրոպայում տարեկան 30 մարդ է մահանում այս հիվանդությունից: Այսօր անորեքսիայով Մեծ Բրիտանիայում տառապում է 6 միլիոն մարդ , Գերմանիայում՝ 2 միլիոն: Անորեքսիայով են տառապել եւ տառապում հայտնի գեղեցկուհիներ` Նիկոլ Քիդմանը, Ռենե Զելվեգերը, Քրիստինա Ռիչչին, Ուիթնի Հյուսթոնը, Քեյթ Մոսսը, Դոնաթելլա Վերսաչեի դուստրը: Անորեքսիայի առաջացման պատճառները բազմաթիվ են, բայց նրանց մեջ առաջինը նիհար լինելու ցանկությունն է: Նիհար լինելը ժամանակակից աշխարհում համարվում է գեղեցիկ ու մոդայիկ: Այդ պատճառով պատահական չէ, որ անորեքսիկների 90%-ը երիտասարդ կանայք են: Այս աղետը կանգնեցնելու համար նույնիսկ նորաձեւության հայտնի վարպետները սկսել են հրավիրել 90-60-90 չափերին չհամապատասխանող մոդելների` փորձելով կոտրել կարծրատիպը կանացի գեղեցկության մասին: Ավելին, ճապոնացիները, օրինակ, գտել են, որ 40 տարեկանում նորմայից մի քանի կիլոգրամ գեր կանայք ավելի երկար են ապրում, քան նիհարները:

Ամբողջ ուժով, հաճույքով ու հետաքրքրությամբ Հատուկ Ռեպորտաժի գեղեցկուհիներ Մանու Իրիցյանն ու Գոհար Մանուկյանն ուսումնասիրել են նիհարելու հիմնական ձևերն ու մեթոդները: Դրանցից մի քանիսն անձամբ փորձել, մյուսներից հրաժարվել կամ համաձայնել են լինել միայն դիտորդ: Գրեթե երկամյսա լրագրողական ուսումնասիրության արդյունքը այժմ ամբողջացնում ենք Մարմնի մասեր կոչվող ֆիլմով:

photo16Գոհար Մանուկյան, Մանու Իրիցյան – Բնորդուհու հյութեղ մերկությունը մնաց ուսանողական կտավին: Փարթամ մարմնի կոր ուրվագծերը բնօրինակին գոնե մոտեցնելու համար ուսանողները շատ պետք է տքնեն: Փորձառու դասախոսներն ապագա նկարիչներին առաջին կուրսից զգուշացրել են` թմբլիկներին կտավին հանձնելը դժվար գործ է:

Եթե նա ընկալվում է, որպես մայր, օջախի շարունակող, նա պետք է լինի լայն, իսկ եթե ուղղակի գեղեցկության էակ, սիրուհի, էդ դեպքում նա լինում է նիհար եւ ուղղակի գեղեցիկ,- բացատրում է արվեստաբան Եվգենյա Քալանթարյանը:

Քանդակագործը, եթե աշխատանքի ընթացքում չսիրահարվի իր բնորդուհուն, ուրեմն աշխատանքը գին չի ունենա, հավատացնում է ամեն անգամ սիրահարվող քանդակագործը: Ի տարբերություն նորաձեւության արվեստում ստանդարտներ չկան, կարեւորը` քարը շունչ ստանա:

Մեծ կուրծք, կոնք… կարեւոր չէ, կարեւորը ֆորմաների փոխհարաբերույթուն լինի, համահունչ լինի,գեղեցիկ,- ասում է քանդակագործ Տարիել Հակոբյանը:

photo25Նախնադարյան կինը մեծ կոնքերով էր եւ փարթամ կրծքով, դեմք ընդհանրապես չկար: Անտիկ դարաշրջանում գեղեցկությունն արդեն ենթարկվում է համաչափության: Ստացվում է այն իդեալական գեղեցկությունը, որն այսօր կոչում ենք 90/60/90: Միջնադարում կինը համարվում էր եկեղեցուց մերժված էակ եւ պատկերվում էր միայն Տիրամայրը: 14-ից մինչեւ 17-րդ դար ներկապնակի գույներն ընդգծում են կանանց միայն հյութեղ բարեմասնությունները:

Տասնամյակներ անց տղամարդիկ շնորհակալ կլինեն Քրիստիան Դիորին: Հենց նա էր, որ առաջին անգամ պոդիում բարձրացրեց 90/60/90 կանանց: Ավազի ժամացույցի նմանությամբ գեղեցկուհիները Դիորի բրենդն են, նրա եւ տղամարդկանց 99 տոկոսի իդեալը:

photo33Իր իսկ փորձով եւ կառուցվածքով, նաեւ սննդակարգով ու ապրելակերպով Ատեքս նորաձեւության կենտրոնի գեղարվեստական ղեկավար Միկան արդեն տասը տարի օրինակ է ծառայում հայ մոդելներին: Ու ամեն նոր պարմանուհու հիշեցնում է` կինը ռետինից չէ, նա ինքն է որոշում իր գոտկատեղի բարակությունը: Հատկապես որ միջազգային մոդելային շուկայում կոտրվել է 90-60-90 կարծրատիպը:

Հիմա մենք բուտիկների համար ենք նաեւ աշխատում, եւ նրանք ասում են, որ իրենց լայն կոնքերով աղջկներ են պետք,- նշում է Միկան:

2009-ը նորաձեւության համար հեղափոխական էր: Լոնդոնյան բոմոնդը ընդվզեց Դիորի դեմ: Մի ցուցադրության ժամանակ պոդիում բարձրացան առավել քան թմբլիկ աղջիկներ: Մարտահրավերը նետված էր 35 կգ քաշայիններին: Հեղափոխականները գործի դրեցին ծանր հրետանին` բեմ բարձրացավ Նաումի Քեմբըլը:

Ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի համար կլիպը կլիպ չի, եթե այնտեղ կին չկա: Բացի գեղագիտական հաճույքից, ռեժիսորը մեկ այլ պատճառ էլ ունի. կոմերցիոն հաջողությունն ուղիղ համեմատական է աղջիկների առատությանը:

photo43
Տեսահոլովակի մեջ հիմա նկարում եմ մի աղջկա, որն այդքան էլ նիհար չէ: Ինքս էլ այդպես նիհար չեմ: Այ, էս աղջիկը գեր է, չեմ նկարի, սա նիհար է, կնկարեմ, ըտենց բան չկա,- գեղեցկության իր չափանիշներով է առաջնորդվում ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը:

 
photo53Աղջիկների չափսերի հանդեպ անտարբեր է նաեւ Վիգեն Մնոյանը: Նրա լուսանկարչական օբյեկտիվում այժմ իսկական քաոս է: Գեղեցկության չափանիշները խառնաշփոթ են ստեղծել ոչ միայն նորաձեւության մեջ, այլեւ ֆոտոարվեստում: Մնոյանին մնում է էկրան հանել կնոջ ամենահետաքրքիր մասերը:

 
Ֆոտոխցիկը սիրում է խորը, հետաքրքիր, խելացի կնոջը: Գեղեցկությունը չաղի կամ նիհարի մեջ չէ:

photo63Տիկին Ծովինարի հարսներից մեկը հարեւանի աղջիկն է, մյուսին որդին փախցրել է Սիսիանից: Քաշային խտրականություն ընտանիքում չկա. հարսներին ընտրելու ժամանակ սկեսուրի ձեռքին սանտիմետր չի եղել:

Մեկը չաղլիկ է, մեկը նիհար,- գոհունակությամբ հարսներին է նկարագրում Ծովինար Մկրտչյանը:

photo72Դիետայի նորամուծությունը հարսիկ Շողիկը Արա գյուղ բերել է Սեւանի ափից եւ տանելու է Ռուսաստան. ամուսինն այնտեղ է աշխատում: Շողիկի անհեղինակ դիետան օգնեց գտնել փեսացու հյուսիսից: Նրբակազմ սկեսուրն առաջինն է հարսին հավանել: Տուն բերելուց հետո էլ բացել է գեղեցկության իր բանաձեւը: Ամուսինները սիրում են խնամված կանանց` գերն ու նիհարը ժամանակի հարց է:

photo81Ատեքսի Միկան ու Արա գյուղի էմման համակարծիք են` կանանց հատուկ դիետա պետք չէ: Որքան էլ ռեժիսորներն ու մոդելյորները սիրում են կլորիկ կանանց, միևնույն է, հոլիվուդյան սլացիկ աստղերի հաղթարշավը թելադրում է գեղեցկության իր չափանիշները: Գերությունն այսօր աղքատության և չափը չիմանալու նշան է: Հենց այդ սոցիալական պիտակին չարժանանալու համար շատերը նախընտրում են նիհարելու ամենածայրահեղ միջոցը` չուտելը: Եվ 21-րդ դարի կանացի հիվանդությունների առաջին եռյակում` անորեքսիան է քաղցկեղից ու միոամայից հետո:

22-ամյա մոդել Լուիսել Ռամոսին ճանաչում բերեց նրա մահը: Չորս տարի առաջ Ուրուգվայում Մոդայի Շաբաթվա ժամանակ նա իր վերջին շրջապտույտն արեց, ապա ընկավ` բոլոր հայտնի մոդելյորների աչքի առաջ: Օրեր անց հայրը սենսացիոն հայտարարություն արեց. աղջկա մահվան պատճառը սրտի կաթվածը չէր: Նիհարելու մոլուցքը Լուիսելին զրկել էր ախորժակից:

Անորեքսիկների 90%-ը երիտասարդ կանայք են: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս հիվանդությամբ տառապողների միայն մեկ երրորդին է հաջողվում լիովին բուժվել, եւ դրա համար պահանջվում է երբեմն 8 տարի:

photo91
Սիրո պակաս ունեն, թերարժեքության բարդույթ: Անորեքսիայով հիվանդները շատ քիչ են դիմում բժշկի: 5 տարվա աշխատանքի ընթացքում դիմել է երեւի 8-10 անորեքսիկ,- ցավով է նկատում դիետոլոգ Վարդանուշ Պողոսյանը:

 
Հայաստանում անորեքսիկների վիճակագրույթուն չկա: Դիետոլոգն իր փորձով միայն կարող է պնդել, որ Հայատանում նույնպես նիհարելու տենդի պատճաով մարդիկ կորցնում են չափի զգացումը: Ավելի նիհար լինելու ցանկությունը բերում է հոգեբանական ծանր վիճակի:

photo131Անորեքսիայով հիվանդ է մոլորակի բնակչության 3-ից 5%-ը: Մինչդեռ սոցիոլոգները պարզել են, որ հողածինների մոտ 15 տոկոսը գեր է, նույնքանն էլ` սովի մատնված: Եվրոպացիների 40 տոկոսն ունի հավելյալ քաշ: Միացյալ Նահանգները բացառիկ առաջատար է` ճարպակալությամբ տառապում է ամերիկացիների 61 տոկոսը:

Հայաստանում նիհարելը գովազդվում է բարձրաձայն, իրականացվում` դռնփակ: Արդեն մեկ տարի է ռուս մասնագետները 350 հայ կանանց ու տղամարդկանց քսանհինգ հոգեբանական հնարքի միջոցով օգնում են քիչ ուտել: Ավելորդ կիլոգրամներից ազատվելու գինը 130 հազար դրամ է:

Ունենք 30-35 կիլոգրամ քաշի նվազեցումներ: Շատերը հասել են իրենց ուզած քաշին, դա եղել է 20, 15 կիլոգրամ,- արձանագրում է հոգեբան, խորհրդատու Արմինե Փաշայանը:

photo141Խմբակային թերապիան պարտադիր է, աշխատանքային լեզուն ռուսերենն է: Չորս օր եւ մարմինը կապ կհաստատի հոգու հետ: Հետո կսովորեցնեն ազատվել սթրեսից` առանց սառնարանի դուռը բացելու: Հրաժեշտին այցելուներն ախորժակ չունենալը կտարբերեն քաղցած լինելուց: Սրանք կենտրոնի պայմանագրի խոստումներն են:

Շատակերությունը, որպես կանոն, թաքնված հույզերի հետեւանքն է: Ուզում եմ սփոփանք գտնել, խլացնել դրանք, բայց մոտակայքում ուտելիքն է: Ուստի մեր հաճախորդներին սովորեցնում ենք հասկանալ սեփական զգացմունքները եւ արձագանքել դրանց,- նիհարելու բանաձեւերից է բացում բժիշկ-հոգեբան Միխայիլ Բոգոլյուբով:

photo101Ավելորդ քաշը հիվանդություն է, բայց նախ պետք է ախտորոշել դա եւ սա էլ մասնագետի գործն է: Առողջության համար վտանգավոր միջոցների դիմելուց առաջ, պետք է վստահել բժշկության համար արդեն վաղուց հայտնի բանաձեւին: Բի-էմ-Ային, այսինքն` մարմնի ծավալի ինդեքսին: Եթե այն 30 Է, ուրեմն` կարող եք հանգիստ սրտով թակել վիրաբույժի դուռը. դուք ճարպակալության առաջին փուլում եք:

photo112
Ստամոքսի բանդաժավորումը Հայաստան է ներմուծվել մեկ տարի առաջ: Հայ վիրաբույժները ստամոքսի ծավալը փոքրացնելու համար ուսանել են Եվրոպայում: Բանդաժավորումն արվում է մեկ անգամ եւ ընդմիշտ: Եվ քո ախորժակն արդեն սարքի ձեռքին է:

 
Հայկական շոու բիզնեսի Պրիմադոննան հերքում է բոլոր ասեկոսեները` իր ստամոքսը չի փորքացրել եւ ոչ էլ դիմել է վիրահատական միջամտության: Պարզապես մի օր արթնացել է ու որոշել նիհարել: Որոշման պատճառը գիրությունը չէր. որոշեց նոր կերպարով բեմ բարձրանալ ու դրայվի մեջ ընկավ. ազատվեց խանգարող կիլոգրամներից:

photo122Կանայք հարցնում են, թե ինչպես են անցել իմ վիրահատությունները: Ես այդպես էլ չհասկացա, թե դա ինչ վիրահատություն էր, ասեկոսներ եղան, որ ես վիրահատվել եմ,- զարմանում է Շուշան Պետրոսյանը:

Շուշան Պետրոսյանի դիետան անխախտ է արդեն մի քանի տարի: Արդեն ծանոթ բանաձեւը երկրորդ երեխայից հետո կրկին օգնեց վերադառնալ նոր կերպարին: Հիմա իր թմբլիկ ընկերներին է օգնում նիհարել: Թեեւ գիտի` ամենաբարի մարդիկ հենց նրանք են` թմբլիկները:

Նիհարելու եւ սեքսուալ գրավչությունը վերակագնելու համար ֆենշուի վարպետները դարեր շարունակ չեն հոգնում խորհուրդ տալուց. ձերբազատվե’ք ավելորդ քաշից և ավելորդ մտքերից` օրական նետելով մեկական անպետք իր: Ձերբազատվեք նաեւ Ձեզ նիհարել խանգարող հին ու սխալ մտքերից: Ողջ գումարը ծախսեք փոքր համարի հագուստի եւ թանկարժեք իրերի վրա, այդ ժամանակ ստիպված կլինեք նիհարել:

Ինչպես թանկարժեք քարը, այնպես էլ կինը, անկախ իր տարիքից, քաշից եւ ժամանակի ներկայացրած չափանիշներից, երբեք չի կորցնում իր արժեքն ու հմայքը: Օրինակ, որքան մեծ է Սվարովսկիի բյուրեղիկների քաշը, այնքան բարձր է դրա գինը: Գինեսի գրքում հայտնված ամենամեծ Սվարովսկին կշռել է մոտ 70 կգ:

Մարմնի մասերն ու գեղեցկության բանաձեւը դիտեք այստեղ

6 մեկնաբանություն

  1. Edgar 14 May 2011, 19:20

    jer haxordumner@ misht nayum em , shat hetaqrqir en.Inj hamar hetaqrqir kliner vor duq mi toxarkum kazmakerpeq, hatuk “bomjeri” masin ,vorovhetev hima da karces biznes e darjel.

  2. Mariam 8 June 2011, 21:01

    barev dzes!!!bolori karciqnernel hetaqrqir er kardal.es liovin hamadzaynem Hrant Erickinyani karciqi het mianshanak (gexeckutyunn ir chapanishnerova arajnordvum)kap chuni ger es nihar es yuraqanchyurs unenq mer yurovi gexeckutyun@…i dep es dzes shat em sirum.dzer gorcin [email protected]@ inc parzapes hiacnuma duq mez shat baner eq sovorecnum SHNORHAKAL ENQ DZEZANIC 🙂