ԹՈՂԱՐԿՈՒՄ 34-ՐԴ. ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

logo11Տասը տարի առաջ ՄԱԿ-ի 189 երկիր ընդունեց Հազարամյակի հռչակագիրը: Ութ ուղղություն և գլոբալ համայնքի ութ մարտահրավեր: Տասը տարի անցել է, մնացել է ընդամենը 5 տարի` վերջնաժամկետին: Ինչպես է Հայաստանը դիմագրել և դիմագրավելու նոր մարտահրավերին:

Արտակ Ալեքսանյան – Այս շաբաթ հատուկ ուղերձով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, որն ամփոփել է Հազարամյակի նպատակների վերջին տասը տարվա արդյունքները: Հազարամյակի նպատակները 8 համամարդկային գործողությունների ծրագրեր են, որոնք աշխարհի երկրները, այդ թվում Հայաստանն ընդունեցին և պարտավորվեցին կատարել տասը տարի առաջ` 2000 թվականին: Այդ նպատակների իրականացման վերջնաժամկետ հայտարարվեց 2015 թվականը: Եվ ահա, ճանապարհի կեսն անցած է և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ամփոփել է, թե ինչ է արվել տասը տարում, և ինչ պետք է արվի առաջիկա 5 տարիներին:

Եվ այսպես, ըստ ՄԱԿ-ի տվյալների, մանկական մահացության ցուցանիշը նվազել է: Այսօր, սակայն, երկրի բնակչության ամենամեծ սպառնալիքը համարվում են մահացու հիվանդությունները: Աշխարհի բնակչության կեսը մալարիայով հիվանդանալու սպառնալիքի տակ է:

ՄԱԿ-ի հետազոտությունը այսպես կոչված աշխարհի միջինացված գնահատականն է: Տարբեր երկրներում իրավիճակը տարբեր է: Հազարամյակի ութ նպատակներից որն է հաջողությամբ իրականացվել Հայաստանում և որը` դեռ չի էլ սկսվել` մի քանի ամիս, խիստ հանգամանալից ուսումնասիրել է Նելլի Հարությունյանը: Հենց նրա տպավորությամբ, մեր երկրի ամենամեծ խնդիրը` գործազրկությունն է և աղքատության հաղթահարումը:

Նելլի Հարությունյան

Հայաստանում սովյալ չկա: Երիտասարդների կեսից ավելին ապահովված է աշխատանքով:Բոլոր երեխաները հաճախում են հանրակրթական դպրոցներ:
Մասնագիտական կրթությունը` մատչելի բոլոր խավերի համար: Բժշկական որակյալ օգնությունը` քաղաքում և հեռավոր գյուղում:

Գրեթե իդեալական այս պատկերն ընդամենը լավատեսական սցենար է և ՄԱԿ-ի հազարամյակի զարգացման նպատակները, որոնց հասնելու համար Հայաստանին մնացել է ընդամենը 5 տարի:

Տասը տարի առաջ` 2000 թվականին ՄԱԿ-ն ընդունեց Հազարմյակի հռչակագիրը: 189 երկիր միացան այդ փաստաթղթին, և Հազարամյակի գագաթնաժողովին ընդունեց աշխարհը փոխելու 8 կարևոր ուղիներ: Սահմանվեցին Հազարամյակի զարգացման 8 նպատակներ`

Ծայրահեղ աղքատության և սովի վերացում
Տարրական համընդհանուր կրթություն
Գենդերային հավասարության օժանդակություն
Երեխաների մահացության նվազեցում
Մայրական առողջության բարելավում
Պայքար ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ, տուբերկուլյոզի և այլ հիվանդությունների դեմ
Շրջակա միջավայրի կայունության ապահովում
Զարգացման համար գլոբալ համագործակցության ստեղծում:

Հազարամյակի նպատակներին հասնելու վերջնաժամկետը սահմանվեց 2015 թվականը: Զարգացման նշաձողն ընդունեց նաև Հայաստանը: Հազարամյակի նպատակները տեղայնացվեցին, սահմանվեցին թիրախներն, ու գործի անցան:

ԾԱՅՐԱՀԵՂ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՈՎԻ ՎԵՐԱՑՈՒՄ

photo102Աղքատության մակարդակը Հայաստանում 2015-ին պետք է ավելի ցածր լինի, քան 1990 թվականին էր: Սովից տառապող կամ օրը մեկ դոլարից պակաս եկամուտ ունեցող մարդիկ 1990-ի համեմատ պետք է երկու անգամ քիչ լինեն:

– Էսօր ահագին առաջընթաց ունենք, ծայրահեղ աղքատության ընդամենը 3 տոկոս մակարդակ ունենք: Ընդհանուր աղքատության մասով` 23 տոկոս: Այսինքն` ընդհանուր աղքատության ցուցանիշն արդեն կիսով չափ կրճատված է,- փաստում է էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը:

1999-2008 թվականներին աղքատությունն ավելի արագ տեմպերով կրճատվել է մայրաքաղաքում` մոտ երեք անգամ: Հայաստանի մյուս քաղաքների համեմատ առավել շահեկան վիճակում եղել և մնում են գյուղական բնակավայրերը: Աղքատության մակարդակն այնտեղ ամենացածրն է, ծայրահեղ աղքատներն` ամենաքիչը:

photo48Գեղարքունիքի Փամբակ գյուղում տնտեսական աճի ու անկումների մասին շատ բան չգիտեն: Ինչպես տարիներ առաջ, այսօր էլ հացը հողից են քամում, կաթն ու ձուն էլ տնական արտադրության են: Գյուղում 200 ընտանիք է ապրում: Հարակից եկամուտը սարերում աճող բոխին է: Հենց այդ ժամանակ էլ գյուղում տնտեսական աճ է գրանցվում:

photo76– Էս սեզոնին գնում, բոխի են հավաքում, մի քիչ էլի փող են աշխատում: Մեր առևտուրն էլ, թե էս սեզոնը կա, մի քիչ կա, եթե չէ, սառեցված ա,- ասում է գյուղացի Ծովինար Խլոյանը:

Ծովինարի խանութից բացի ևս երկուսը կան: Բայց մրցակցություն չկա, որովհետև կանխիկ առևտուր չկա: Գյուղի իսկական տնտեսական պատկերը ոչ թե պաշտոնական փաստաթղթերում, այլ պարտքով վաճառքի ցուցակում է:
Գյուղում աղքատության մակարդակը պաշտոնապես նվազել է, կյանքը լավացել է: Գյուղապետարանն աշխատում է միջազգային կազմակերպությունների հետ: Գյուղը նոր տեխնիկա է ստացել: Հիմա էլ կախված չեն հարևաններից:

photo38Թե գյուղում և թե քաղաքում աղքատության կրճատման ամենաազդեցիկ գործիքներից մեկն ընտանեկան նպաստն է: Ըստ փորձագետների` աղքատության կրճատման թիրախային ցուցանիշներն ապահովելու համար անհրաժշետ է, որ ճգնաժամը չազդի սոցիալական ծախսերի չափերի վրա:

 
– Եթե 2010-ի հունվարին ասում էինք, թե կենսաթոշակի, նպաստի չափի փոփոխություն չենք ունեցել, ապա այսօր մեր վիճակն ավելի լավ է, քանի որ շատ պարզ ու հստակ կարելի է ասել, որ մայիսից ընտանեկան նպաստի չափերը ավելացան, 3500-ով ավելի են ստանում,- ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:

photo29Ընտանեկան նպաստի կարիքն ամենաշատը զգում են փոքր ու միջին քաղաքներում: Աղքատության ցուցանիշներով հենց դրանք են առաջին տեղում: Նախկին արդյունաբերական կենտրոններից մեկը` Չարենցավանը, գործազրկության կենտրոն է դարձել:
Մասնագիտությամբ համակարչային ծրագրավորող Լիլիթը ֆոտոսրահում է աշխատում: Աշխատանքը մասնագիտության հետ կապ չունի, բայց գոհ է: Որևէ գործ գտնելն այս քաղաքում արդեն երջանկություն է:

-Օրինակ` իմ եղբայրը տնտեսագիտական համալսարան ա ավարտել, բայց հիմա ընդհանրապես գործ չունի,- պատմում է Չարենցավանի բնակիչներից Լիլիթ Ավետիսյանը:

Լիլիթը համոզված է, որ աղքատությունը չի նահանջի Չարենցավանից, քանի դեռ եղբայրն ու նրա նման երիտասարդները աշխատանք չեն գտել: Հազարամյակի այս նպատակին հասնելու հիմնական թիրախը զբաղվածության ապահովումն է:
2008-ի վերջին սկիզբ առած համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր գործն արեց: 2015-ին դժվար կլինի ապահովել 1990-ի համեմատ աղքատության ավելի ցածր մակարդակն ու սովից տառապողների թվի կիսով չափ կրճատումը:

ԳԼՈԲԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐ

photo57Ըստ փորձագետների` 2008 թվականի ՀՆԱ-ի մակարդակին կարելի է հասնել 2014 թվականին, լավագույն դեպքում` 2013-ին, հոռետեսականի դեպքում` 2015-ին: Տնտեսական զարգացման այս տեմպերը գլոբալ տնտեսական ճգնաժամի հետևանք են:

– 2009-ին 14.2 տոկոս անկում ունեցանք: Հիմնական առյուծի բաժինը բաժին ընկավ շինարարությանը: Ավելի քան 42 տոկոս անկում գրանցվեց,- նկատում է ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:

photo66Կամուրջշին ընկերությունում աշխատողների քանակը կրճատվեց`հասնելով կրիտիկականի: Ընդամենը 100 աշխատող էր մնացել: Մեծածավալ շինարարական նախագծեր 2008-ին դադարեցվեցին ու մինչև հիմա չեն վերսկսվել:

– Անցած տարի մինչև հունիսը կատարել էինք 100 մլնի շինմոնտաժման աշխատանքներ: Իսկ այս տարի արդեն 500 միլիոնի կատարել ենք,- ասում է <ԿամուրջՇին> ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը:

Կռունկավար Արսեն Հարությունյանի ընտանեկան բյուջեն տնտեսական ճգնաժամից ճեղքվածք էր ստացել: Ընտանիքի հայրը ծախսերը կրճատել, նվազագույնի էր հասցրել:

photo92– Բոլոր տեսակի ծախսերն էլ հետաձգվել էին էլի` փող չլինելու պատճառով: Մենակ գոյատևել ենք անցած տարիները: Իսկ հիմա որ աշխատանք կա, մտածում ենք մի բան ավելացնենք տնտեսության մեջ,- ուրախությունը չի զսպում կռունկավար Արսեն Հարությունյանը:

Շինարարության ծավալների կրճատումը մի կողմից, մասնավոր տրանսֆերտների կրճատումը մյուս կողմից` դանդաղեցրին աղքատության հաղթահարման տեմպերը: Կենտրոնական բանկի տվյալով, մասնավոր տրանսֆերտները 2009-ի հունվարին 2008-ի հունվարի համեմատ կրճատվել են մոտ 20 տոկոսով:
Ըստ փորձագետների`ճգնաժամն ու սպասվող հետճգնաժամային զարգացումները կազդեն հատկապես աղքատության հաղթահարման, կրթության և առողջապահության ծրագրերի վրա:

ՄԱՅՐԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

photo123Մայրական առողջության բարելավման համար 2 թիրախ է առանձնացվել: Առաջին. մայրական մահացությունը մինչև 2015 թվականը կրճատել 3/4-ով` 1990-ի համեմատ: Երկրորդ. ապահովել վերարտադրողական առողջության համատարած մատչելիություն:

-Կա նպատակ, որ մարզային բոլոր խոշոր կենտրոնները կունենան այնպիսի բուժհաստատություններ, որոնք իրենց որակով չեն զիջի միջազգային ստանդարտներին,- ասում է ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը:

Առայժմ ծննդօգնության բարձր` 3-րդ և 2-րդ մակարդակի բուժհաստատությունները կենտրոնացած են Երևանում: Մարզերում միայն առաջին կարգի հիվանդանոցներ են: Բարդություն ունեցող հղիներին հաճախ ստիպված են լինում մայրաքաղաք ուղարկել:
Գյումրիի Մանկան բարեկամ ծննդատունն ունի 4 մանկաբարձ-գինեկոլոգ, 2 վիրահատարան: Համալրվել է նոր սարքավորումներով: 3 տարի առաջ արված նորոգումից հետո հիվանադանոցն անճանաչելիորեն փոխվել է: Տնօրենն անձամբ է հետևում հիվանադանոցի մաքրությանն ու կարգուկանոնին:

– Քանի որ բժիշկը ստանում է 300-400 հազար, բա չպահանջեմ: Եթե չպահանջեի, 840-ից ինչի դարձանք 1600 ծնունդ: Փոխվել ա, չէ, ինչ-որ բան, մարդիկ վստահում են, որ գալիս են,- հպարտությամբ է խոսում ձեռքբերումների մասին Գյումրու ծննդատան գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը:

Վանաձորն այլևս չունի առանձին ծննդատուն, սա ընդամենը մեկ բաժանմունք է ամբողջ քաղաքի համար: Ծննդօգնության պայմաններն անբավարար են: Սենյակները քիչ են, մահճակալները` նույնպես: Ստիպված թախտեր են ավելացնում:

– Սա ծնարանն է, որտեղ միաժամանակ երեք ծնունդ կարող ենք ընդունել: Այնքան շատ են ծնունդները, տեսեք, մենք տեղ չունենալով, ծննդկաններին ստիպված պառկեցրել ենք ծնարանի մահճակալներին, չի կարելի, բայց դե ստիպված,- ասում է Լոռու մարզի գլխավոր մանկաբարձ, գինեկոլոգ Արամ Ավալյանը:

photo132Մարզի գլխավոր մանկաբարձը հավաստիացնում է, որ վատ պայամանները չեն ազդում բուժօգնության որակի վրա: Պարզապես նախորդ դարից ժառանգություն մնացած սարքավորումներով աշխատելն այնքան էլ հարմար չէ:

Մարզկենտրոններից որքան հեռանում ենք, հոգսերն ավելանում են: Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում հղիների` նախածննդյան հսկողություն իրականացնում են, բայց ծնունդներ չեն ընդունում: Երեխա ունենալու համար հղիները ստիպված են 40 կմ ճանապարհ անցնել:

– Շատ հեռու ա, լինում են դեպքեր, որ ավտոմեքենայում են ծննդաբերում, Մենք սպասարկում ենք 4 գյուղ, Երվանդաշատ, Վանանդ, Կողբ և Բագարան,- ասում է մանկաբարձ Տաթևիկ Ավետիսյանը:

-Էստեղ կարող ա ինչ-որ բան լինի, եթե գոնե պայմանագրային գինեկոլոգ լինի: Բայց ով կգա,- տարակուսում է Երվանդաշատի առողջության կենտրոնի գործադիր տնօրեն, ընտանեկան բժիշկ Արթուր Գարումովը:

photo142Հիվանդանոցային պայմաններից անկախ, նախածննդյան հսկողության տակ են գրեթե բոլոր ապագա մայրերը: Բժիշկներն այս գործում կարևոր են համարում անվճար ծննդօգնության հավաստագրի ներդրումը: Այն ձեռք բերելու համար հղիները ժամանակին և պարբերաբար պետք է այցելեն բժշկին:

– Ռեալ հասանելի է հղիության հսկողությունը, գյուղական համայնք է, թե քաղաքային: Հարցը հնարավոր ծավալների մասին է,- ասում է Ախուրյանի <Մոր և մանկան առողջության կենտրոնի> փոխտնօրեն Վահրամ Միրզոյանը:

Մայրական առողջության բարելավման գերխնդիրներն, ըստ ազգային զեկույցի, դժվարլուծելի են, սակայն իրականանալի: Անհաղթահարելի է միայն մայրական մահացությունը 1990-ի համեմատ 3/4-ով կրճատելու ծրագիրը:

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ

photo152Հայաստանը երեխաների մահացության միջին ցուցանիշ ունեցող երկիր է: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականով, Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ 2004 թվականին միակն էր, որտեղ մանկական մահացության կրճատումն իրատեսական էր համարվում:
Կառավարությունը 2003 թվականին ընդունել է Մոր և մասնկան առողջության պահպանման ռազմավարություն: Այնտեղ ամրագրված են հազարամյակի նպատակներին ուղղված հիմնական ռազմավարական ուղղությունները:
Մինչև 2 տարեկան երեխաների պատվաստումը մանկական մահացությունը կրճատելու կարևոր գործոններից է: Կամրուկի դեմ պատվաստվելու ընդգրկվածությունը մինչև 2015 թվականը պետք է լինի 95 տոկոսից բարձր: Հայաստանում 1994 թվականից գործում է Իմունացման ծրագիրը, որը 2005-ից դարձավ ազգային ծրագիր:

-Մենք հաջողությամբ ներդրեցինք կարմրուկի, կարմրախտի խոզուկի դեմ պատվաստանյութը պատվաստումների ազգային օրացույցում 2002-ին: Այսօր մեծ հաջողությամբ իրականացվում է: Եվ մեկ տարեկան և վեց տարեկան երեխաների ընդգրկվածությունը 95 տոկոսից բարձր է,- ծրագրի հաջողության մասին է պատմում Իմունացման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

photo162Կարմրուկի և կարմրախտի դեպքերը մեր հանարապետությունում զրոյացել են: Հայաստանը 2002 թվականից ճանաչվել է պոլիոմելիտից ազատ երկիր: Դիֆտերիայի դեպքեր գրեթե չեն գրանցվում: Պլանային պատավաստումների շարքը 2009-ին համալրվեց ևս մեկով:
Մինչև 2015 թվականը դժվար կլինի հասնել մինչև 5 և 1 տարեկան երեխաների մահացության նախանշված ցուցանիշներին: Մինչդեռ կարմրուկի դեմ պատվաստումների 96 և ավելի տոկոս ընդգրկվածությունը ավելի հասանելի է գնահատվում:

ԲԱՐՁՐՈՐԱԿ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱՊԱՀՈՎՈՒՄ

photo171Լեռնագոգ գյուղում դպրոցահասակ երեխա չկա, որ դասերից դուրս մնա: Դպրոցը նորոգվել է 3 տարի առաջ, տանիքն այլևս չի կաթում, դասասենյակները ջեռուցվում են: Նորոգումից հետո անգամ հաշմանդամ երեխաների համար է հեշտացել դպրոց գալը: Լեռնագոգի դպրոցի շքամուտքը նաև թեքահարթակներով է:

 
Ողջաբերդի միջնակարգ դպրոցում նման պայմանները երազանք են: Աշակերտներն այստեղ տարեցտարի պակասում են: 200 երեխաներից ընդամենը 97-ն են մնացել: Ընդամենը 10 տնակ-դասարան և մեկ ուսուցչանոց` չհաշված վարչական մասը: Սա է Ողջաբերդի դպրոցը: Նախկին շենքը հիմա որպես պահեստ է ծառայում:

-Տեղեր կա, որ պանելային մասն իրարից անջատվել ա: 97-98 թվին շենքին տրվեց արդեն 4-րդ կարգի վթարայնություն, որի արդյունքում էլ ուսուցման գործընթացը դադարեցվեց այստեղ,- Ողջաբերդի միջնակարգ դպրոցի տնօրեն Վահրամ Գրիգորյանը:

photo20Գյուղը սողացող հողերի վրա է, տնակները կյանքի համար անվտանգ են, բայց ուսման համար այստեղ լավագույն պայմանները չեն: Սակայն սա ոչ մեկի համար դպրոց չհաճախելու պատճառ չի դառնում: Դպրոցից դուրս մնալու պատճառները սոցիալական են լինում:

– Ֆինանսական ճգնաժամը որոշակի վատթարացում նկատվեց կրթության մատչելիության հետ կապված: Մասնավորապես սոցիալապես խոցելի խավերի երեխաների համար: Եթե համեմատում ենք անցյալ և այս տարվա տվյալները, բոլոր տեղերում ունեցել ենք տոկոսային անկում,- ցավով է նկատում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Պետբյուջեից 120 միլիոն դրամ է հատկացվել սոցիալապես խոցելի խմբի երեխաներին դասագրքով ապահովելու համար: Հիմնական` առաջինից 8-րդ դասարաններում աշակերտների հարուստ-աղքատ տարբերություն գրեթե չկա: Սոցիալական անհավասարությունն աճում է ավագ դպրոցում, իսկ մասնագիտական կրթական ծրագրերում այն ակնհայտ է:

photo191Կրթական խնդիրները քաղաքում ու գյուղում տարբեր են: Գյուղական համայնքներում երեխաները քիչ են: Օրինակ, Փամբակում այս տարի 2-4 առաջին դասարանցի է լինելու: Նրանք պարապմունքները կանցկացնեն երկրորդդասարանցիների հետ:

– Երկու դասարան պարապելը մի դասաժամում և ուսուցչի համար, և աշակերտի համար բացասական դեր է կատարում,- ասում է Փամբակի դպրոցի փոխտնօրեն Արարատ Գեորգյանը:

Գյուղական դպրոցների խնդիրը Կրթության նախարարի ուշադրության կենտրոնում է: Գյուղական դպրոցների հզորացման ծրագիր են մշակել: Փորձնական փուլն արդեն իրականացվում է: Որակ, մատչելիություն և արդյունավետություն, սրանք կրթական համակարգի երեք գերակա ուղղություններն են:

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

photo211Հայաստանը միացել է ավելի քան 26 միջազգային կոնվենցիաների ու բնապահպանական համաձայանգրերի: Դրանց համաձայն է մշակվում պետական բնապահպանական քաղաքականությունը:

-Սկսած 2004-ից մինչև 2010-ը անտառային ֆոնդի վերականգնման աշխատանքներ են կատարվել մոտ 30 հազար հա-ի վրա, որից 3-ը նոր տնկված տարածքներ են,- պատմում է <Հայանտառի> տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:

Հայաստանն անտառային ռազամավարություն է ընդունել, անտառային ֆոնդը պետք է հասցնի 20 տոկոսի: Առայժմ 13 տոկոսն է հաղթահարված: Կենսաբազմազանության պահպանության համար անհրաժեշտ հատուկ պահպանվող տարածքները նույնպես ավելացել են:

– Արդեն 11 տոկոսը գերազանցել ենք: Ճիշտ է, հարկ է նշել, որ 4 տոկոսը կազմում է ջրային տարածքը` Սևանը: Նախատեսվում են մի շարք արգելավայրերի բացում, ուսումնասիրություններ են տարվում,- թիրախի իրագործումն իրական է համարում ՄԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքների զարգացման հայաստանյան ծրագրի ղեկավար Կարեն Ճենտերեճյանը:

photo221Հատուկ պահպանվող տարածքներում ընդգրկված է Հայաստանի կենսաբազմազանության 60 տոկոսը: Սևանա լիճն իր էկոհամակարգով դրա մի մասն է: Լճի մակարդակի բարձացումն առաջին կարևորության հարցերից է:
Սևանա լճի մակարդակի բաձրացումը, հազարամյակի նպատակային թիրախներից բացի, նաև ազգային երազանք է: Միայն թե նախապատրաստական աշխատանքը ժամանակին ու բավարար չի եղել: Ջրի տակ մնացած բուսականություն, ճանապարհային ցանցի վերանախագծում, ապօրինի շինությունների վերացում. Ահա լուծելիք խնդիրները:

Շրջակա միջավայրի պահպանության նպատակի հաջորդ թիրախը անվտանգ խմելու ջրի մատչելիություն է:

photo231Գյուղական բնակավայրերում անվտանգ խմելու ջրից զրկվածները պետք է մինչև 2015 թվականը չգերազանցեն 5 տոկոսը, իսկ բերովի ջրից օգտվողները` 1 տոկոսը:

Քարակերտում անվտանգ ջրի մատչելիության հարցը միշտ էլ վտանգված է եղել: Ինչ գյուղը կա, ջրի խնդիրն օրակարգում է: Ջրագիծ անցկացնելը երազանք է, միայն թե իրականացնող չկա:

– Ծրագրեր միշտ էլ կան, մնացել են թղթի վրա: Որովհետև շատ թանկ ա: Մոտերքում ջուր չկա,- հուսահատորեն ասում է Քարակերտի գյուղապետ Մհեր Հարթենյանը:

photo241Ամենամոտը Թալինն է: Ամեն առավոտ հենց այնտեղից էլ Քարակերտ են գալիս ջրատար մեքենաները: Խմելու ջուրը երկու տարի է արդեն, որ Երվանդաշատում հասանելի է բոլորին ու ամեն ժամ: ՄԱԿ-ի և Հայաստանի երեխաներ հիմնադրամի աջակցությամբ Գյուղապետարանն իրականություն դարձրեց 24-ժամյա ջրամատակարարումը:
Ըստ փորձագետների` անվտանգ խմելու ջրի մատչելիության բարձացումը Հայաստանում գնահատվում է հավանական հասանելի:

Հայաստանը, որպես ՄԱԿ-ի ընտանիքի անդամ միացել է Հազարամյակի հռչակագրին և պարտավոր է իրականացնել տրված յուրաքանչյուր խոստում: Հազարամայակի զարգացման նպատակների իրագործման ճանապարհին Հայաստանն արդեն արձանագրել է հաջողություններ:

Արտակ Ալեքսանյան – Սա Հատուկ Ռեպորտաժի 2009-2010 հեռուստասեզոնի 34-րդ ու վերջին թողարկումն էր: Մենք գնում ենք ամառային դադարի, բայց ոչ հանգստի: Այս ընթացքում մեր թիմը, կշարունակի նկարահանումները և նոր թեմաներով, նոր հերոսներով ու նաև նոր լրագրողներով` թարմ թողարկումներով եթեր կվերադառնա արդեն սեպտեմբերին: Իսկ մինչև այդ, հուլիսի-օգոստոսին դիտեք այն լավագույնը, որ ներկայացրել ենք այս հեռուստասեզոնին: Վայելեք ամառն ու The best of-y` Բանաձևից: Առողջ եղեք:

Մեկնաբանությունները փակ են: