ԹՈՂԱՐԿՈՒՄ 35-ՐԴ. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ

logo2 Վիդեո: Դիտել այստեղ:

Ակամայից, հանգամանքների բերումով, թե ճակատագրով: Ինչպես են այսօր ծնվում կամ դառնում հերոսներ: Հանրապետության տոնի առիթով Հատուկ Ռեպորտաժը ներկայացնում է մեր օրերի իրական ու իսկական հերոսների: Եվ բացառիկ ռեպորտաժ Աֆղանստանից` հայ խաղաղապահների մասին: Նրանք մասնագիտությամբ են զինվոր, հրշեջ ու ոստիկան: Բայց փրկվածների համար, հերոսներ են:

Արտակ Ալեքսանյան– Շնորհավորում եմ բոլորիս` հանրապետության տոնի առթիվ: Վերջին տարիներին մենք սկսել ենք միմյանց տեսնելիս կամ զանգելիս շնորհավորել ոչ միայն նոր տարվա կապակցությամբ, այլև սեպտեմբերի 21-ի, մայիսի 8-ի, 9-ի, այսօր` մայիսի 28-ի: Սա նշանակում է, որ ազատության ու անկախության, հաղթանակի ու միասնական ձեռքբերումների գաղափարը շատերիս համար դառնում է հարազատ ու անձնական: Գուցե պետական մտածողությունը նաև այսպես է ձևավորվում: Բայց երբ հպարտանում ենք անցյալի հերոսներով, ակամա հարց ենք տալիս ինքներս մեզ` միթե հերոսականը մնացել է անցյալում, միթե մեր օրերում էլ չկան հերոսներ: Հենց այս հարցի պատասխանի հետևից էլ գնաց Տիգրան Զարեյանը` գտնելու մարդկանց, որոնք իսկապես հերոսներ են, չեն վախեցել, համարձակվել են անել այն քայլը, որին ընդունակ չեն շատերը, կամ չեն խիզախի շատերը: Հատուկ Ռեպորտաժը հատուկ ջերմությամբ ներկայացնում է երկրորդ հազարամյակի երրորդ հանրապետության նոր հերոսներին ու հերոսապատումը:

171Տիգրան Զարեյան– Առաջին անգամ ու միայն Հատուկ Ռեպորտաժի համար Ոստիկանության հատուկ վարչության աշխատակիցը բացահայտում է իր անունն ու ներկայանում է բաց դեմքով: Նա մասնակցել է Արցախի հերոսամարտին: Այժմ Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատում է: Նրա դեմքը հացագործներն անգամ չեն տեսել, որոնց վնասազերծել ու ձերբակալել է: Նա արժանացել է արիության ու սխրագործության մեդալների: Փրկել է ավելի քան 300 մարդու կյանք:

– Ես չեմ վախենում: Թող իրենք հանցագործություն չանեն, ես էլ չձերբակալեմ,- ասում է լեյտենանտ Էդուարդ Մելքոնյանը:

2008 թվականի օգոստոսի դեպքը Էդուարդը հիշում է վայրկյանի ճշտությամբ: Հանցագործը զիվված էր ոչ միայն հրազենով, այլև ականներով: Խառը իրավիճակում հանցագործը նետում է ականը: Էդուարդը առանց տատանվելու օդում բռնում է ականը և փրկում է ամբողջ շենքի բնակիչների, զինակից ընկերների ու նաև իր կյանքը: Տանը Էդուարդը հոգատար ու նվիրված հայր է:

1Արմենը փրկարար է: Արդեն մթնում էր, երբ ահազանգ ստացվեց, որ Նիվա մակնիշի մեքենան, որի մեջ երկու մարդ կար, հայտնվել է Հրազդան գետում: Փրկարարները` Արմենի գլխավորությամբ, անմիջապես հասան դեպքի վայր: Պահը օրհասական էր, մութը` համատարած:

-Եթե մենք ժամանակին տեղ չհասնեինք, գուցե նրանց մոտ սթրեսային վիճակն առաջացներ սխալ գործողություններ, որը իրենց կարող է վախճանի հասցներ,- ասում է փրկարար Արմեն Ներսեսյանը:

Արմենը մի քանի վայրկյանում մշակեց մարդկանց գետից դուրս բերելու պլան, ու փրկարարներն արագ անցան դրա իրագործմանը: Արմենի ու նրա թիմի շնորհիվ երկու աղետյալներն էլ փրկվեցին:

Մեր հաջորդ հերոսը փրկարար չէ, սակայն մարդկային կյանքեր է փրկել ու փրկում: Նա ձեռքեր չունի, չորքոտանի է: Ռեքս է անունը: 2.5 տարեկան է: Նրան երբեք չեն վարժեցրել ու ոչ էլ սովորեցրել մարդկանց փրկել: Ռեքսը վերջին 1 տարում փրկել է 5 երեխայի կյանք: Երեքին փրկել է գետում խեղդվելուց, 1-ին` ավտոմայրուղու վրա, 1-ին էլ` պատն ի վեր բարձրացող ուղղահայաց աստիճանների վրա:

– Տանը նստած էինք, հանկարծակի մոտեցավ` բերանին ինչ որ բան բռնած: Մոտեցավ տեսանք, որ հարևանի երեխան էր,- պատմում է Ռեքսի տերը` Ռաֆայել Թումանյանը:

2Հերոս չեն ծնվում: Հերոս դառնում են: շարքային Արման Մանուկյանի արածը և հերոսություն է, և ծառայողական պարտք: Մինչև 19 տարեկանը Ռուսաստանում ապրելուց հետո վերադարձել է Հայաստան, անցել ժամկետային ծառայության և 2010-ի սեպտեմբերի 4-ին, սահմանի վրա վնասազերծել ադրբեջանցի դիվերսանտին: Ընդ որում հակառակորդը հատուկ ջոկատային էր, մինչդեռ երիտասարդ շարքայինը ձեռնամարտի է բռնվում ու զգետնում է դիվերսանտին:

Միքայելը ոստիկանության պահպանության բաժնի աշխատակից է: Սովորականի պես իր ծառայողական կետում էր, Կոնվերս բանկի Նորքի մասնաճյուղում: Կեսօր էր, բանկն էլ` սակավամարդ: Հանցագործը, դեմքը կտորով ծածկած, ներխուժում է բանկ ու զենքն ուղղում Միքայելի վրա:

– Այդ ժամանակ հասկացա, որ պետք է ինչ, որ բան ձեռնարկել թե չէ նա կփախչի փողերով: Պտտվել և կրակել եմ նրա ուղղությամբ,- հիշում է Ոստիկանության պահպանության բաժնի աշխատակից Միքայել Հովսեփյանը:

3Հրշեջ Դավիթ Միրզոյանը շատ անգամներ է նայել մահվան աչքերին: 19 տարեկանից նա, կարելի է ասել` կրակի հետ է խաղում ու հաճախ ալպինիստական հնարքներ բանեցնում: Սակայն 2008-ին տեղի ունեցածը ստանդարտից դուրս էր:

– Ավտոսանդուղքն էլ հնարավոր չեր մոտեցնել շենքին,- պատմում է Հրշեջ ծառայություն ավագ օղակի հրամանատար Դավիթ Միրզոյանը:

Շտապ որոշում է կայացվում բնակարան մտնել տանիքից` իջնելով ճոպանների օգնությամբ ու ալպինիստներին հատուկ հնարքներով: Դավիթը առանց վարանելու կապում է ճոպանն ու տանիքից իջնելով` մոտենում պատուհանին: Հավաքելով վերջին ուժերն ու վերջին անգամ ճիգ գործադրելով, Դավիթը կարողանում է մուտք գործել այրվող բնակարան: 3 տարի անց խոստովանում է. նախախնամությունն էր, որ օգնեց ողջ մնալ և փրկել ևս մեկ կյանք:

Փորձագետները համոզված են, որ այսօր անհրաժեշտ է ձևավորել մեր ժամանակների հերոսի կերպարը: Ի վերջո, որքան շատ լինեն հերոսները, այնքան ազնիվ կլինի հասարակությունը:

Արտակ Ալեքսանյան– Տիգրան Զարեյանի հերոսների պես, մի հերոսական քայլ է արել Տիգրան Դանիելյանը: Երբեմն լրագրողին էլ է բախտ վիճակվում համեստորեն հերոսանալ` պարզապես կատարելով մասնագիտական պարտքը: Նա մեկնել է Աֆղանստան` տեսնելու և նկարահանելու հայ խաղաղապահներին` ինչպես են նրանք անցկացնում իրենց օրերը, ծառայությունը, ու ինչ են մտածում նրանց մասին եվրոպացի ու ամերիկացի հրամանատարները:

102Տիգրան Դանիելյան– Բարի գալուստ Կունդուզ: Այս քաղաքը մի քանի հազար տարեկան է, բայց ողջունող ցուցանակը մի քանի տարի առաջ է հայտնվել օդային դարպասի մոտ: Բարեմաղթանքն էլ իրականում ուղղված է զինվորականներին. Կուդուզի միջազգային օդակայանում վայրէջք են կատարում հիմնականում ռազմական` ՆԱՏՕ-ական օդանավեր: Խալի պապը Լոնդոնից հայրենիք է վերադարձել 30 տարի առաջ, պատերազմը սկսվելուն պես: Հիմա էլ ռուսերեն է սովորում` Մեդվեդևի ու Քարզայի վերջին հանդիպումից հետո Աֆղանստանի փրկությունը կապում է ռուսների հետ:

Խալիլ Ջաբլոնի անվտանգությունը վերջին երկու տարում ապահովում են հայ խաղաղապահները: Աֆղանստանում 40 հայ խաղաղապահների երկրորդ զորախումբն է հսկում Կունդուզի օդակայանը: Հայ խաղաղապահներին այստեղ բոլորն են ճանաչում, ավելին կամաց կամաց հայերեն են սկսում շփվել հետները:

Կունդուզի հոսպիտալն է, զինվորներից բացի այստեղ բուժվում են նաև վիրավոր տեղացիները: Հայ խաղաղապահների ամեն զորախմբի հետ Աֆղանստան է գալիս նաև ռազմական բժիշկ: Արմենը կամ ինչպես զորախմբում են ասում Դոկտորը դեռ հայ զինվորներին բուժելու առիթ չի ունեցել, փոխարենը օգնում է տուժած աֆղանստանցիներին:

161Մայոր Գեղամյանը խաղաղապահի մեծ փորձ ունի, Իրաք, Կոսովո ու հիմա էլ Աֆղանստան:

– Այստեղ, համամետած բոլորի, ամենավտանգավորն է, չնայած որ Իրաքն էլ էր վտանգավոր,- ասում է մայոր Հրայր Գեղամյանը:

Հայ խաղաղապահների առաջին զորախումբը Աֆղաստանում մնացել է մոտ 7 ամիս ու այդ ընթացքում կառուցել է Աֆղանստանի հայկական միակ սրբավայրը: Գերմանական զորախմբի հենակետի կենտրոնական մասում հայերը երկու շաբաթում կանգնեցրին Սուրբ Թեդևոս մատուռը: Հայ խաղաղպահների երկրորդ զորախումբը Աֆղանստանում կառուցեց փոքրիկ Հայաստան: Լիթլ Արմենիա հանգստի սենյակը հայ զինվորների մեծ ձեռքբերումներից է:

Աֆղանստանում գտնվող հայ խաղաղապահների երկրորդ ջոկատը պետք է վերադառնար փետրվարի 19-ին, բայց տղաները Հայաստան եկան միայն մարտի հինգին, եղանակը թռիչքային չէր: Մեր երրորդ ջոկատն արդեն Աֆղանստանում է ու շարունակում է հսկել Կունդուզի օդակայանի անդորրը: Ավելին, հայ խաղաղապահների գերազանց ծառայության արդյունքում, ՆԱՏՕ-ի խնդրանքով նրանց թիվը ավելանում է: Գերմանիայում զորավարժություններից հետո տղաները կմեկնեն արդեն Կունդուզ:

Մեկնաբանությունները փակ են: