ԹՈՂԱՐԿՈՒՄ 6-ՐԴ. ԿՌԻՎ ԿԻՆՈ

logo Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 3-րդ: Դիտել այստեղ:

Անկախությունից ի վեր մինչև այժմ նկարահանվել է գեղարվեստական 90 ֆիլմ: Անհավանական քանակ: Ինչպես պատահեց և ուր են այդ ֆիլմերը: Գրեթե դասական դարձած, հռետորականից դատավճռի վերածված հարց` մահացել է արդյոք հայկական կինոն: Եվ, վերջապես, ինչ սկզբունքով և ովքեր են այսօր պետության փողերով նկարահանում կինո: Խրախճանք խոլերայի ժամանակ` Ոսկե ծիրան կինոփառատոնն ու դրան նախորդող ու օրինակ ծառայող Կաննի փառատոնը: Բացառիկ հարցազրույցներ, համաշխարհային մեծության աստղեր: Կինոն` հատուկ ուշադրությամբ: Հայկական կինոարտադրության ոչ թե խնդիրները, այլ մղձավանջները, հին վախերն ու մեծ անկումները: Հատուկ Ռեպորտաժի Կինոգիտական թողարկումներից:

Արտակ Ալեքսանյան – Մեկնարկել է Կինոաշուն փառատոնը, որի շրջանակում մեկ ամիս շարունակ Երևանում և չորս մարզերում կցուցադրվեն հայկական ֆիլմեր: Ազգային կինոկենտրոնի նախաձեռնության նպատակն է հանդիսատեսին նորից բերել կինոդահլիճ ու հայկական ֆիլմերը հասցնել հայ հանդիսատեսին: Կինոաշունը իսկապես կարող է դառնալ ինքնօրինակ լոկալ պրեմիերաների մի ամբողջ շարք: 91 թվականից ի վեր նկարահանվել է գեղարվեստական 90 լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմ: Այդ 90 ֆիլմերի 90 տոկոսը Հայաստանում գրեթե ոչ ոք չի տեսել: Հիմա արդեն բոլորը կտեսնեն: Կտեսնեն ու կհամոզվեն` հայկական կինոմատոգրաֆը 91-ից հետո գրեթե դադարել է գործել, այն ինչ կա` ավելի լավ է չլիներ:

photo1Արտյոմ Լևոնյանը փորձել է զրուցել բոլորի հետ` պարզելու համար ինչու է մեր կինոն` հենց ռեժիսորների բնութագրմամբ` հեղինակային, ժողովրդական խոսքով, ձանձրալի, կյանքից կտրված, իրենց թվում է, թե սյուրռեալիստական, բայց իրականում` տափակ ու կանխատեսելի սցենարով: Մի ժամանակ դեռ հասկանում էինք` այնքան չէին նկարել, որ կուտակվել էր, դրա պատճառով կինոն խտացած էր գաղափարներով: Հիմա էլ հո այդպես չէ: Հիմա ինչու չեն նկարահանում սովորական, մարդկային պատմություններ ու ճակատագրեր, ինչու չեն առաջարկում նոր հերոսներ, նոր սոցիալական դրամա, նոր արտիստներ: Կարծում եմ պատճառը մեկն է. որովհետև մեծ մասամբ այդ մարդիկ անտաղանդ են, տաղանդավորները աշխատում են ու գտնում են միջոցներ, անտաղանդները` կպած պետբյուջեից, դեռ խորհրդային իներցիայով ցանկանում են ոչ թե կինո նկարել, այլ կինոյի փողով մի քանի ամիս ապրել:

Արտյոմ Լևոնյան – Անկախացումից հետո հայֆիլմը պարապուրդի մատնվեց, հետո սեփականաշնորհվեց` շարունակելով առ այսօր մնալ դատարկ: Մշակույթի նախարարության միջնորդությամբ ֆինանսավորվող Ազգային կինոկենտրոնն էլ, երիտասարդ սերնդի կինոռեժիսրոների համոզմամբ, վերածվել է ակումբի, որտեղ մուտք ունեն ոչ բոլորը:

90-ակաների ոլորապտույտի, պարետային ժամի ու կտրոնով հացի, մթության ու ինքամոռացության մասին նկարեց Միքայել Դովլաթյանը: <<Լաբիրիթոսը>> ժամանակի տարեգրությունն էր` կորած ու մոլորված մարդու ու նրա երկփեղկման մասին:

photo2– Այսօր ինչ ա կատարվում, ինստիտուտը դեռ չավարտած նա արդեն ռեժիսոր պաստանովշիկ ա ..ինքը արդեն..բա վոնց ես պետք ա կինո նկարեմ , ինքը արդեն համ իրա վրա ա քաշում էդ գերեզմանաքարը, համ էլ …բանի պետք չի գալիս,- վրդովվում է կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը:

 
<<Լաբիրիթոսը>> գնաց Բեռլին, ցուցադրվեց մի շարք երկրներում, սակայն համաշխարհային ճանաչում չստացավ: Այն պատմում էր հայի ու Հայաստանի մասին, մարդու և իր ժամանակի մասին: Բայց հայկական կինոն դեռ պիտի գտնի այն կինոշուկան, որտեղ կարող է հասկանալի և ընդունելի լինել:

Հոլիվուդին մոտեցավ, ավելին հատեց Հոլիվուդի սահմանները Վիգեն Չալդրանյանը: Նրա <<Լռության սիմֆոնիան>> դարձավ առաջին ու դեռևս միակ հայկական կինոնկարը, որը կարողացավ բախել Օսկարի դարպասները: Չալդրանյանին երբեմն որակում են որպես պոպուլյար, երբեմն էպատաժային ռեժիսոր:

photo3– Շեքսպիրն ասում էր` ամեն սև բան Օթելո չէ, ուրեմն` ամեն փողոցից վերցրած դերասան, կիագրագետ օպերատոր… ու չես էլ իմանում ռեժիսոր ունի էդ կինոն, թե չէ: Այսօր մենք համատարած ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ ենք,- ասում է Վիգեն Չալդրանյանը:

Հայկական կինոն քաոսի մեջ է, թացն ու չորը խառնվել են, կինոն ու արհեստը` կորցրել իրենց տարանջատող պատնեշը: Ըստ նրա` քանակով որակ ստանալը այսօրվա կինոստրատեգիայի միակ ուղենիշն է:

Անկախության շրջանում ստեղծվեցին մոտ 90 լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր: հայ ռեժիսորները ինչ նկարում էին` ստացվում էր հեղինակային կինո: Իսկ մասսայական կինոն իր տեղը զիջեց բարդ, հոգեբանական, խոհափիլիսոփայական, բայց մեծամասնության համար անհասկանալի բովանդակությամբ ու նույնատեսակ ֆիլմերին:

photo4– 90-ականների վերջերին 2000-ի սկզբին մի հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց հայկական կինոյում, երբ 4 կինո ստեղծվեց գրեթե իրար հետևից այն մասին, թե ինչպես է նկարահանվում ֆիլմ: Դա արդեն թեմատիկ փակուղի է, ասելիքային փակուղի,- համոզված է Դավիթ Մուրադյանը:

 
Էդգար Բաղդասարյանը տալիս է հայկական կինոյի մահվան էպիկրիզը. այն այսօր տապալվում է և երեկ էլ մեծ հաջողությամբ տապալվել է ռեժիսորի մեծամտության պատճառով: Համոզված է նաև, որ այսօր ինքնասիրահարված հանճարներն ավելի շատ են, քան իսկապես կինո ստեղծողները:

photo5– Կային ռեժիսորներ, որ ասում էին` մինչև ձեռքս ժապավենին չկպնի, ես կինո չեմ նկարելու, պետք էր խփել ձեռքին ու ասել, որ էտ մառազմին վերջ տան , – համողզված է Էդգար Բաղդասարյանը:

Ռեժիսոր Սուրեն Բաբայանը ժապավենով ֆիլմ նկարահանել է: Գիտի դրա գինը` ուղղակի և անուղղակի իմաստով: Իրեն համարում է ֆիքշն-ֆիլմի ներկայացուցիչը Հայաստանում: Նրա <<Արարման օրն>> ու <<13-րդ առաքյալը>> որոշեցին իր տեղն այս շուկայում: Նրա ֆիլմերը միշտ արժանացել են պետական աջակցությանը: Բողոքելու առիթ երբեք չի ունեցել, սակայն լավ գիտի, Հայաստանում վերջին տարիներին իրականում ով և ինչպես է ֆինանսավորում, ով և ինչպես է որոշում` այս ֆիլմին կանաչ լույս տալ, այն ֆիլմին` կարմիր:

photo6– Խուլիգանություն, դա ուղղակի ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ Ա,- զարյրույթը չի զսպում Սուրեն Բաբայանը:

Այս տարի Ազգային կինոկենտրոնը պետությունից ստացել է 290 միլիոն դրամ: Գումարն արդեն բաժանել են: Այժմ նկարահանում են 6 երիատասարդ և դեռ շատերին անհայտ ռեժիսորներ: Գևորգ Գևորգյանը շատ զգայուն է դառնում, երբ լրագրողը հարցնում է այն ռեժիսորների մասին, որոնց ֆիլմերը չեն ֆինանսավորվում:

– Կարող ա, դու գնացել ես, սլեսարների հետ ես խոսացել, ես ինչ իմանամ,- բարկությունը չի կարողանում զսպել Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Գարիկ Մաշկարյանը վստահ է, ինքը փականագործ չէ: Նկարած երկու ֆիլմ ունի: Աշխատել է Սուրեն Բաբայանի հետ: Կինոկենտրոնն առաջարկել է ծրագիր ներկայացնել, և այս հանգամանքը նրան մի քանի գիշեր հանգիստ չի տվել:

– Ընենց մի հատ ծիծաղալու թիվ ասեցին, որ ասենք ուսանողը էսօր իրա դիպլոմային աշխատանքը կարող ա նկարի էդ գումարով, ոչ էնքան լավ կստացվի, բայց դիպլոմային աշխատանք, կուրսային աշխատանք կարող ա ,- ասում է Գարիկ Մաշկարյանը:

photo8– Դրանք էն մարդիկ են, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում,- հակադարձում է Գևորգ Գևորգյանը:

Հայկական կինոն երբեք գումարներ չի բերի և ճանաչում չի ունենա, քանի դեռ չկան կինոթատրոններ: Պրոդյուսեր և կինոման Մելիք Կարապետյանը հենց այս բացը լրացնելու համար նախաձեռնեց կինոցուցադրությունների շարքը:

– Ունենք մեկ ու կես կինոթատրոն, հիմա դա դառել ա մատի փաթաթան, բոլորը օգտագործում են, բոլորը, և ոչ մի փորձ չի արվում, որ կինոթատրոնների ցանցը զարգանա,- ասում է Մելիք Կարապետյանը:

photo9Առանց ժարգոնի, թե ժարգոնով, հեղինակային, թե կոմերցիոն, լավ, թե վատ բոլոր կինո ստեղծողները բողոքում են, բայց բոլորն էլ ֆինանսավորվել են պետությունից ու պետության գումարներով: Հայկական կինոն վերջին 20 տարում չգտավ իր տեղն ու դիրքը աշխարհում և Հայաստանում: Այն դեռ խարխափում է մթության մեջ ու փնտրում մեծ էկրան բարձրանալու ոլորանները:

Արտակ Ալեքսանյան – Սովորաբար կինոների առատությունից է ծնվում կինոփառատոնը, մեզ մոտ գուցե պատահի հակառակը: Կինափառատոնից շատանան ֆիլմերը: Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը մի կողմից, շատ ողջունելի է, որովհետև Հայաստան են բերում իսկապես համաշխարհային աստղեր, իսկապես լավ ֆիլմեր, բայց մյուս կողմից` մենք ինքներս այդ փառատոնին չունենք ոչինչ առաջարկելու: Համեմայն դեպս, մինչև այժմ չի եղել նոր ֆիլմ, որը արտադրված լիներ Հայաստանում և բացեր կինոփառատոնը: Ինչ կլինի արդյունքում` դժվար է ասել: Թեև նույն կինոփառատոնի ընթացքում վարպետության դասերը, կինոգործիչների հետ շփումները գուցե մեղմեն հայ ռեժիսորների պաթոլոգիայի հասնող ինքնահավանությունը, գուցե տեսնեն և սովորեն: Գուցե դրանից մի բան փոխվի: Այդպես եղել է ֆրանսիայում: Կաննում: Միջազգային այս երկու կինոփառատոններին այս տարի մասնակցել, համեմատել ու լավագույնների հետ զրուցել է Տիգրան Դանիելյանը:

photo10Տիգրան Դանիելյան – Մայիսի 11-22 եվրոպական կինոյի մայրաքաղաքում` Կաննում են հավաքվում կինոաշխարհի ամենահայտնի դեմքերը: Նույնիսկ գորգը մաքրողների համար այստեղ հատուկ մրցույթ է կազմակերպվում:

Կարմիր գորգով ամեն երեկո անցնում են փառատոնի հյուրերն ու ֆիլմերի ստեղծագործական թիմերը: Պատահական մարդ այստեղ հայտնվել պարզապես չի կարող: Կարմիր գորգով անցնելու համար պետք է խստորեն պահպանել դրեսս կոդը` սև տաբատ, պիջակ, սպիտակ վերնաշապիկ ու սև փողկապ, եթե չունեք, ապա հոգ չէ, հենց տեղում կարող եք գնել: Կաննի միջազգային կինոփառատոնը հեղինակային` արթ հաուս ֆիլմերի ամենամեծ ու ամենահեղինակավոր շուկան է:

photo11– Անհայտ, բայց տաղանդավոր դերասանները Կաննում աստղ են դառնում ու վերադառնում: Ամեն փառատոնից օրեր անց մենք սկսում ենք պատրաստվել հաջորդին,- նկատում է Կաննի միջազգային կինոփառատոնի տնօրեն ժիլ ժակոբը:

Պապարացիների զգայուն օբյեկտիվն այս տարի նշանառուի համբերատարությամբ հսկում էր Բենիսիո Դել Տորոյին` տարվա ամենասկանդալային ժյուրիականին: Հոլիվուդյան ռեժիսոր Թիմ Բարթենը ղեկավարոմ էր 9 հոգանոց ժյուրիի կազմը:

photo12– Մենք ամեն անգամ բուռն քննարկումներ ենք անում, բայց ամեն ինչ շատ լավ է ընթանում: Այստեղ կարող ենք մեր ուզած ժամանակ դիտել ֆիլմերը, կարծում եմ ես լավ ընտրություն եմ կատարել,- ասում է Հիմնական մրցութային ծրագրի ժյուրիի անդամ Բենիսիո Դել Տորոն:

 
Կաննի կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը Ոսկե արմավենու դափնեկիր Ատոմ Էգոյանն էր: Առաջին անգամ նա Կաննում էր իր դեբյուտային ֆիլմով, որը հաղթել է հենց կարճամետրաժների մրցույթում: Այստեղ ժյուրի ղեկավարելը լավ հնարավորություն է Ոսկե Ծիրանում նույն փորձը կիրառելու համար:

photo13– Երբ առաջին անգամ եկա Կանն, չէի պատկերացնի, որ մի օր կլինեմ ժյուրիի նախագահ, այստեղի փորձն ու ծանոթությունները շատ են օգնել ինձ,- պատմում է Կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահ Ատոմ Էգոյանը:

2010-ի փառատոնը բացվեց Րիդլի Սքոթի <<Ռոբին Հուդ>> ֆիլմով: Գրան Պրիին աժանացավ Խավիեր Բեաուվոյիսի <<Մարդկանց մոլորակը>> ֆիլմը: Լավագույն կարճամետրաժ ֆիլմ ճանաչվեց Սերժ Ավետիքյանի <<Շների պատմություն>> ֆիլմը:

– Ոսկե Արմավենի ստանալուց հետո ես սկսել եմ ավելի շատ աշխատել, հիմա նոր ֆիլմ եմ պատրաստում: Դարձյալ հայերի ճակատագրի մասին,- ոգևորված է Սերժ Ավետիքյանը:

Ոսկե Ծիրան

photo15Ոսկե ծիրան երևանյան 7-րդ միջազգային կինոփառատոնի Կարմիր գորգն է: Ի տարբերություն Կաննի, նրա գործառույթն այնքան էլ արտառոց չէ` փռում են երկու անգամ` բացմանն ու փակմանը: Այստեղ պետք չէ հատուկ պատրաստվածություն` ոչ դրես կոդ կա, ոչ էլ խիստ պահանջներ: Երևանյան կարմիր գորգի ամենասպասված աստղը եվրոպական կինոյի լեգենդ Կլաուդիա Կարդինալեն էր:

photo16– Շատ հաճելի էր խաղալ Անրի Վեռնոյի <<Մայրիկ>> ֆիլմում հայուհի մոր կերպար, այդ դերի համար մայրս ինձ շատ է օգնել, նա ասում էր` Վեռնոյի ֆիլմն ուղղակի հրաշք է,- հիշում է Կլաուդիա Կարդինալեն:

Կաննում հյուրերը ուշադրության կենտրոնում են, պապարացիների թիրախը: Ոսկե Ծիրանում ամեն ինչ այլ է, այստեղ կինոյի հայտնի դեմքերն էլ երևանցիների պես ազատ զբոսնում են քաղաքում, քննարկումներ կազմակերպում ու ժամանակ անցկացնում: Կաննում լավագույն սցենարի հեղինակ ճանաչված Լի Չան-դոնը փառատոնից հետո մեկ շաբաթ Երևանում էր:

Lee Chang-dong– Երկրորդ անգամ եմ այստեղ ու ամեն անգամ նոր բացահայտումներ եմ անում: Առաջին անգամ Ոսկե Ծիրան գալուց հետո նկարահանեցի իմ <<Պոեզիա>> Ֆիլմը, որը տարբեր մրցանակներ է ստացել ու հիմա ցուցադրվում է նաև Հայաստանում,- ասում է հարավկորեացի կինոռեժիսոր Լի Չան-դոնը:

Կաննից հետո Ռոտերդամի փառատոն և Ոսկե Ծիրան: Փառատոնային այսպիսի քարտեզից է օգտվում Ֆրանսիացի կինոռեժիսոր Կլեր Դընին: Մի քանի օրով Երևան ժամանեց Գերմանիայում բնակվող թուրք կինոռեժիսոր ֆաթիհ Աքինը, որի ֆիլմերը հիմա Եվրոպայում ամենադիտվողներից են: Իր մայրիկի հայրենիք առաջին անգամ եկավ ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր Ալեն Հյուսը, որը եղբոր հետ անցած տարի նկարահանել էր <<Իլայի գիրքը>> ֆիլմը:

photo18– Գիտեի, որ իմ ֆիլմը Հայաստանւմ արդեն վարձույթի է դուրս եկել, բայց, միևնույն է, որոշեցի գալ ու ինքս ներկայացնել: Հայկական մշակույթի մասին ինձ շատ են պատմել մայրս ու մորաքույրս: Կարծում եմ` հաջորդ տարի Ոսկե ծիրանն ավելի լավ կազմակերպված կլինի, որովհետև ես ավելի մեծ ակնկալիքներ ունեի,- տպավորություններով է կիսվում ամերիկացի պրոդյուսեր, կինոռեժիսոր Ալեն Հյուսը:

photo19– Ինձ հաճախ ասում եմ, որ էդ ինչպես եք անում, որ նույն տարում Ձեզ մոտ այսքան հայտնի մարդիկ են գալիս, ես էլ ասում եմ` դա սերն է իսկական կինոյի հանդեպ, այստեղ կինոյի իրական սիրահարներն են,- ասում է <<Ոսկե Ծիրան>> կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Ի տարբերություն Կաննի, Ոսկե ծիրանը մրցանակներ է շնորհում միայն ֆիլմերի հեղինակներին: Երևանյան փառատոնում լավագույն ֆիլմ է ճանաչվել թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի <<Կոսմոս>> Ֆիլմը:

19 մեկնաբանություն

  1. Manvel Saribekya 23 October 2010, 23:45

    spasvum er,vor dzer haxordum@”kriv kino”anvanumov,knerkayacner hay kinoyi nerkayis iravchaki patcharner@,yev iravichakic durs galu yelk@,bayc avax,parzvec,vor da, guce yev,petk chi yexel dzez,u haxordman mex@ drecik Hrach Keshishyan ”rejisori”[email protected],vor ayn inch anum ek,ankexc chek,yev dran duk el chek havatum,te che vay mez…

  2. Հովհաննես Գալստյան 24 October 2010, 00:34

    “Բանաձեվի” հայկական կինոյին նվիրված Հատուկ ռեպորտաժը նայեցի կեսից, երբ սկսեցին զանգել ու տեղեկացնել հաղորդման մասին: Կայքում նայեցի ամբողջ պատկերը: Վերջին երկու տարիների ընթացքում հայկական կինոյի մասին սուբյեկտիվ վերլուծությունների հանդիպել եմ ու չէի զարմանա, եթե Արտակ Ալեքսանյանի գործոնը չլիներ: Անցած տարեվերջին Մոսկվայում էի, մեկնել էի Ռոտերդամի Փառատոնի համար ԽՃՃՎԱԾ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ֆիլմի նոր օրինակ տպելու, ի դեպ՝ բացառապես միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ, ուրեմն Մոսկվայում էի, երբ էլի ինձ զանգեցին ու ասեցին, որ Արտակ Ալեքսանյանը իր տարվա ամփոփիչ Հատուկ ռեպորտաժում “Խճճված զուգահեռները” ընդգրկել է անցնող տարվա մշակութային կարեվորագույն իրադաձությունների մեջ: Ընդ որում նշվել է մշակութային երեք իրադարձություն, որոնցից մեկը եղել է մեր ֆիլմը: Անկեղծ ասած մեր ֆիլմը վերջին երկու տասնամյակի հայրենական կինոարտադրության մեջ չդնելը միայն զվարճացնում է ինձ: Իրոք, ֆիլմը ընդհանուր քիչ բան ունի իր արտադրության ձեվով թե գեղագիտությամբ, ֆինանսավորման աղբյուրների ռադիկալ բազմազանությամբ թե հետագա փառատոնային ճակատագրով: Էդ իմաստով իրավացի եք “Խճճված զուգահեռները” որեվէ կերպ չհիշատակելով: Բայց հակասությունը, համաձայնվեք, հետաքրքիր է: Տասը ամիս առաջ ֆիլմը մշակութային իրադարձություն էր, իսկ հիմա ուղղակի ֆիլմը չկա՞: Չկա այն ֆիլմը, որը միայն միջազգային կինոփառատոնների ընթացքում ավելի շատ հանդիսատես է ունեցել քան ձեր նշած “Բլոքբաստերները” շուկայու՞մ: Հայաստանը էս մասով էլ է յուրահատու՞կ: Ֆիլերը, որոնք աննախադեպ ագրեսիվ գովազդային արշավի արդյունքում կինոթատրոնային ցուցադրման միջոցով հետ են բերում իրենց բյուջեի միայն մի մասը կոչվում են “բլոքբաստե՞ր”: Ի դեպ, անձամբ ես ավելի քան դրական եմ վերաբերվում այդ ֆիլմերին եվ այն փաստին, որ դրանք հանդիսատես են բերում դահլիճ: Բայց մենք ինչի՞ մասին ենք խոսում: Հայկական կինոարտադրության մասնագիտական վերլուծությա՞ն, թե՞ անորակ PR-ի: Իմաստ չէի տեսնի գրելու, եթե խոսքը չգնար հենց ձեր հաղորդման մասին: Հայկական հեռուստատեսությունը հաստատ հայկական կինոարտադրությունից ավելի լավը չէ: Ձեր հաղորդումը այն աննշան հաղորումներից է, որին կարելի է ժամանակ հատկացնել: Այն գրավում է թարմությամբ, օբյեկտիվությամբ ու վերլուծական մտքի առկայությամբ: Հիմա չգիտեմ մյուս ոլորտներն էլ ե՞ն էսքան “օբյեկտիվ” վերլուծվում:
    Լավ եղեք,
    Հովհաննես Գալստյան
    Կինոռեժիսոր, պրոդյուսեր
    Փարալլելս Ֆիլմ

  3. Alia 24 October 2010, 01:30

    – Ինձ հաճախ ասում եմ, որ էդ ինչպես եք անում, որ նույն տարում Ձեզ մոտ այսքան հայտնի մարդիկ են գալիս, ես էլ ասում եմ` դա սերն է իսկական կինոյի հանդեպ, այստեղ կինոյի իրական սիրահարներն են,- ասում է <> կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

    Voske Ciran paraton@ nman e giteq inchi? da nuynn e, vor mi qani mot @nkernerov havaqvenq, naenq mer sireli filmeric, mi qani hat el nor film,canotutyunner hastatenq, uraxanaq u gnanq tun, anunn el dnenq MIJAZGAYIN PARATON, ur mrcanakner handznvum en nranc um het voske ciran@ hamagorcakcutyan herankarner uni(orinak Turqiayi het)u anen ayn inch uzum em, tqac te film@ inchpisin e, mievnuynn e ayd rejisorin, vor harcnes,- Nereceq dzer film@ inchi masin e?, patasxan@ klini hetevyal@` – Iskakan arvest@ masaneri hamar che… dra hamar el ashxarhum Voske Ciran paratoni nman “ISKAKAN ARVEST@” gnahatoxner kan… indz hamar hay kinoyi vichak@ aveli cavali e, vorpes eritasrd kinorejissor… chgitem, ovqer en ayn merjvac rejisorner@, vor Azgayin Kinokentroni koxmic merjum en stacel kinoartadrutyan hamar, amen depqum Hayastanum nkarahanvac filmeri 90% nkarahanvum e petakan byujeyov, indz hamar tarorinak er naev gorcox rejisorneri boxoq@, verjin tarinerin menq miayn nranc anunnern enq lsum himnakanum` Vigen Chaldranyan u Suren Babayan… verjers naeci Hovhannes Galstyani “Xchchvac zugaherner@” shat havaneci, amenakarevor@ dzax dzerqov aj akanj@ cher brnel,rejisorakan tesankyunic el bavakanin hetaqrqir er ashxatac…

  4. Հովհաննես Գալստյան 24 October 2010, 14:38

    Հարմար տեղ ա ծանոթանալու համար,Ալիա ջան: Կասե՞ս որտեղ ես ֆիլմը նայել: Կինոթատրոնում թե՞ ինստիտուտում: Դու շատ դիպուկ դիտարկում ես արել: Ուրեմն կինոկենտրոնից ամենից շատ բողոքում են էն մարդիկ, ովքեր ստանում են պետական ֆինանսներ՝ կինոկենտրոնի միջոցով ու տարիներ շարունակ չեն կարողանում ֆինանսավորման որեվէ այլ աղբյուր գտնել: Շատ ցավում եմ, որ ստիպված եմ էլի մեր ֆիլմից խոսել, բայց Զուգահեռները կես միլիոն դոլարից ավելի գումար է ստացել արտասահմանյան աղբյուրներից: Դա նշանակում ա Զուգահեռները ամենաքիչը ունեցել ա նորմալ արտադրության փաթեթ: Արվել է գրագետ ու խոստումնալից առաջարկ: Մերոնք դրա տաս տոկոսը ի վիճակի չեն գտնելու: Հիմա ես աշխատում եմ երկրորդ նախագծի վրա: Նույն պատկերն ա: Էլի միջազգային նախագիծ: Համաարտադրողների մեջ կան եվ նոր ընկերություններ եվ հները: Ուրեմն ընկերությունները դժգոհ չեն: Ուրեմն գործընկեր գտնել հնարավոր է: Ենթադրում եմ որ էդ ուղղությամբ հատկապես ջահելները ինտենսիվ աշխատում են, բայց ինչ որ անարդյունք: Էդքանից հետո, երբ իմ կոլեգաների ֆինանսավորման ակնկալիքները պտտվում-պտտվում, մնում են Կինոկենտրոնի դռան մոտ, միեվնույն է բողոքում են կինոկենտրոնից: Ես աշխատում եմ կինոկենտրոնի հետ արդեն հինգ տարի ու այդ կառույցի թերությունները շատ ավելի մոտիկից գիտեմ: Բայց մեկ ա կինոկենտրոնից բողոքող ռեժիսորները ու հատկապես երիտասարդ պրոդյուսերները մեղմ որ ասեմ՝ անկեղծ չէն: Ախր ոչ մի քայլ չեն անի առանց էդ կենտրոնի: Էս պատճառով ա, որ ես դրական-լոյալ եմ Հրաչ Քեշիշյանի արածի հանդեպ: Հրաչը գտնում ա ֆիլմերի ֆինանսավորման ալտերնատիվ աղբյուրներ, հանդիսատես ա բերում կինոթատրոն, շատ ու պիտանի նկարում ա: Շատ դրական ա: Առաջ շարժվելու մի տարբերակն էլ դա ա: Բայց դե Բլոքբաստեր… գոնե ասելուց առաջ ճշտեն էդ բառի մասնագիտական սահմանումը կինոկայքերում:

  5. Artak 24 October 2010, 22:51

    Հարգելի Հովհաննես
    Շնորհակալ եմ էջում գրելու համար: Նախ և առաջ, ցանկանում եմ ներողություն խնդրել` Ձեր ֆիլմի մասին չհիշատակելը հաղորդման ամենամեծ բացթողումն էր, առաջին հերթին իմ, հետո միայն Արտյոմ Լևոնյանի: Որքան հիշում եմ, դուք բացակայում էիք քաղաքից, երբ Արտյոմը նկարահանումներ էր կատարում: Սակայն, անկախ ամեն ինչից, Ձեր ֆիլմի մասին պետք էր, կարևոր էր խոսելը: Այդ առումով, շատ վատ եմ զգում, առաջին հերթին մեր աշխատանքի համար, որ բացթողում էր, երկրորդը` որ չենք անդրադարձել արժանի գործին:

    Հենց այդ պատճառով ԵՍ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺԸ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՁԵԶ և ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ: Ոչ թե մեղավորության զգացումից դրդված, այլև որովհետեև Ձեր ֆիլմն ու դուք չափազանց հետաքրքիր թեմա և պերսոնա եք անուշադրության մատնելու համար:

    Մեծ ափսոսանքով ու հարգանքով
    Արտակ Ալեքսանյան

    Հ.Գ. Բլոկբաստեր բառեզրի բացատրությունը նայեցի: Կարծես թե տեղին էր օգտագործված: Կարող էի ասել նաև բեսթսելլեր` նկատի ունենալով վաճառքի ծավալները:

  6. Հովհաննես Գալստյան 25 October 2010, 21:55

    Սիրելի Արտակ,
    Շնորհակալություն անմիջական երկխոսության համար: Համարենք, որ ծանոթացանք: Մասնագիտական անլիարժեքության զգացում եմ ունենում, երբ սխալվում եմ որեվէ մարդու հարցում: Ուրախ եմ, որ չեմ սխալվել: Կրկնակի ուրախ եմ՝ ծանոթանալու ֆիլմի մասին Ձեր կարծիքին: Ես սիրում եմ իմ գործը ու տխրում եմ, երբ քամահրանքով են խոսում կինոյի պես նուրբ բանի մասին: Իսկապես հաճույքով եմ դիտում Հատուկ ռեպորտաժները: Պատիվ կհամարեմ, եթե անդրադառնաք:

    Երբ ես էի նայում կինոբառարանները` Բլոքբաստեր սահմանումը վերաբերվում էր նախ եվ առաջ բյուջեին: Նույնիսկ որոշակի սահման կար՝ $100 000 000 US, որն անցնելու դեպքում ֆիլմը կոչվում էր բլոքբաստեր: Գուցե հիմա տերմիններն ու սահմանումները փոխվել են:

    Լավ եղեք,
    Հովհաննես

  7. Alia 26 October 2010, 01:03

    Ներեցեք,որ ուշ պատասխանեցի Ձեր հարցին Պարոն Գալստյան,ֆիլմը նայեցի ինստիտուտում “Կինոաշունի” շրջանակներում և կարծում եմ դեռ երկար ժամանակ տպավորված կլինեմ այդ աշխատանքով,անկեղծ ուրախ եմ, որ կա նման ռեժիսոր:Շնորհակալություն: Համաձայն եմ Ձեզ հետ Կինոկենտրոնի հարցում, ինքս 2009 թվականի ուսանողական նախագծերից մեկն եմ նկարահանել Ազգային Կինոկենտրոնի հետ,Ճիշտ է ֆիանսավորումը միշտ Էլ այնքան չի լինում, ինչքան ուզում ենք , որ լինի,հատկապես խաղարկային կինոյում, ամեն դեպքում կարողացանք ես և իմ ստեղծագործական խումբը պատվով դուրս գալ:Կարծում եմ, որ մեր ռեժիսորները պետք է հասկանան,որ կինոն առաջին հերթին արվեստ լինելուց բացի նաև արտադրություն է, եթե այն կինոթատրոն հանդիսատես չի բերելու,եթե չունի մարկետիգային հստակ պլանավորում,եթե ֆիլմը նկարվում է այն բանի համար, որ ռեժիսորը չմոռացվի և մնալու է տվյալ ռեժիսորի անձնական արխիվում, ապա արտադրող ընկերությունը բոլոր իրավունքներն ունի չֆինանսավորելու նմանօրինակ ֆիլմեր,կան ռեժիսորներ, որ ասում են.-” Ես չեմ կարող կոմերցիոն ֆիլմ նկարել,իմը` հեղինակային կինոն է”,բայց եկեք ընդունենք, որ հեղինակային կինոն էլ կարող է կոմերցիոն լինել, բացի այդ կոմերցիան վատ բան չէ.ծախսվում է գումար և սպասվում է ակնկալիք, ինչը շատ նորմալ է,այլ դեպքում արտադրող յուրաքանչյուր հզոր ընկերություն, շատ կարճ ժամանակում կսննկանա, ի վերջո ֆեդերիկո Ֆելլինին` համաշխարհային հեղինակային կինոյի վառ ներկայացուցիչը, իր երկրում ամենակոմերցիոն ռեժիսորն էր…

  8. Արտյոմ Լևոնյան 26 October 2010, 20:18

    Հարգելի Հովհաննես Գալստյան

    Ցավում եմ, որ Դուք և Ձեր ֆիլմը տեղ չեն գտնել ռեպորտաժում:Սակայն պատճառը Ձեզ անտեսելը կամ Ձեր ֆիլմի գոյությունը չկարևորելը չէր, այլ այն, որ Հատուկ ռեպորտաժը նկարահանելու ընթացքում Դուք երկրում չէիք, ես անգամ Ձեր բջջային հեռախոսահամարը ունեմ, զանգահարել եմ մի քանի անգամ տարբեր պարբերականությամբ. այն անջատված էր: Կարծում եմ` հիմա կհասկանաք բացթողման բուն պատճառը: Իհարկե, ես էլ մեծ ցանկություն ունեի, որ Դուք նույնպես լինեիք ռեպորտաժի հիմնական հերոսներից մեկը, սակայն այսպես ստացվեց, այսպես ընթացքի բերումով:

  9. Հովհաննես Գալստյան 27 October 2010, 11:47

    Շնորհակալություն, որ պատասխանեցիր: Ես էլ երեկ զբաղված էի, չեմ նայել: Ուրախ եմ, որ կոլեգաներ ենք: Ուրախ եմ, որ նկարել ես: Էլի նկարի: Մյուս տարվա սկզբում ես խումբ եմ հավաքելու: Փետրվարին կապվի փոստով [email protected] նայի սցենարը: Գուցե աշխատելու ցանկություն առաջացնի: Հանդիպել եմ ուսանողության հետ՝ ոչ մասնագիտական ԲՈՒՀերում: Իմ հույսն էլ դուք եք: Մենք պետք է նախ կինոմիջավայր ունենաք: Դրական, ստեղծագործական, ուժեղ ու բարդ մարդկանց միջավայր, որտեղ մասնագիտական քննարկումներ կլինեն նոր ֆիլմերի շուրջ: Էդ միջավայրում կծլեն լավ ֆիլմեր: Ու միայն հետո էդ ֆիլմերի արդյունքում կհայտնվի հանդիսատես: Կոմերցոն, ոչ կոմերցիոն, բլոքբաստեր… դրանք հնարքներ են – уловки, շուկայի մասնագետների կողմից հորինված: Լավ կինոն գտնում է հանդիսատես: Գոցե ոչ անմիջապես, գուցե դանդաղ իսկ հնարավոր է միանգամից: Ճիշտն այն է, որ կինոն առանց հանդիսատեսի – փակուղի է: Արտադրությունը պիտի ինքնածախսածածկվող կամ շահութաբեր լինի անկախ ամեն ինչից: Դա տարիների աշխատանք է պահանջում: Սոցիալիստական անցյալ ունեցող երկրները պիտի անցնեն էդ բարդ ճանապարհը: Դա պետք է անեն պրոդյուսերները: Բայց դա նաեվ պետք է նստի ռեժիսորի ենթագիտակցության մի ծմակում ու չխանգարի իրեն աշխատել: Ուղղակի պիտի նստի ու մնա:

  10. Հովհաննես Գալստյան 27 October 2010, 21:43

    Սիրելի Արտյոմ.
    Շնորհակալ եմ Ձեր գրածի համար: Հասկանում ենք, որ նախորդ պատասխանը ուղղված էր ALia-ի մեկնաբանությանը: Ուղարկելիս Ձեր գրածը դեռ տեղադրված չէր կայքում:
    Ճիշտ է, գարնանը ու ամռանը ֆիլմը ցուցադրվում էր հյուսիսային ու հարավային Ամերիկաներում եվ Եվրոպայում: Ես շատ եմ բացակայել, որովհետեվ հրավիրվում էի ֆիլմը ներկայացնելու: Զուգահեռները ԱՉՔԸ ԴՈՒՐՍ ֆիլմ է, ավելի շատ արձագանք ու հանդիսատես ստանում է դրսում: Նայեք ցանցում. անգլերեն եվ ռուսերեն տեղեկատվության թիվը անհամեմատելի է հայերենին: Դրսում հետաքրքրված են ՆՈՐ հայկական կինոյով: Ուզում են հասկանալ թե ինչ է տալու այս երկիրը մեծ էկրանին՝ երկարատեվ բացակայությունից հետո: Ներսում՝ հակառակը: Ձեր հաղորդման ընթացքում Զուգահեռներին չանդրադառնալը ինձ հիշեցրեց նույն տրամաբանությունը՝ Դրսի համար ֆիլմը կա, ներսի համար՝ չկա: Բայց եկեք չկենտրոնանաք: Դուք վերլուծել էիք հայկական կինոյի վերջին շրջանը, ես անդրադարձել էի Ձեր վերլուծությանը: Նորմալ է: Եկեք առաջ գնանք: Ես մնում եմ Ձեր հանդիսատեսը եվ անկեղծորեն ցանկանում եմ ամենայն հաջողություններ:
    Հովհաննես

  11. Համազասպ 28 October 2010, 16:11

    Ի գիտություն Վ.Չալդրանյանին` Օթելլոին վերաբերվող` …ամեն սև բան Օթելլո չէ, խոսքերի հեղինակը մեծն Վահրամ Փափազյանն է և ոչ մեծն Շեքսպիրը։ Ուսուցանելուց և խրատներ կարդալուց առաջ անհրաժեշտ է ուսուցանվել ու խրատվել։ Եվ ամենակարևորը` մեծերի խոսքերից պատեհ անպատեհ աջափսանդալ չեփել ու մարգարեանալու ախտով չտառապել։

  12. Alia 28 October 2010, 17:57

    Մենք պետք է նախ կինոմիջավայր ունենաք: Դրական, ստեղծագործական, ուժեղ ու բարդ մարդկանց միջավայր, որտեղ մասնագիտական քննարկումներ կլինեն նոր ֆիլմերի շուրջ::
    Հարգելի Հովհաննես Գալստյան
    Համաձայն եմ Ձեզ հետ, ես երկար մտածում էի, ինչն է մեզ խանգարում, որ ուրիշների/ոչ հայկական արտադրության/ ֆիլմերն ավելի լավ ու գրկաբաց ենք ընդունում, քան մերը: Մեր ֆիլմերը անպայման պետք է քննադատվեն, այլ ոչ թե առողջ քննարկումներ լինեն, մերը պարտադիր պետք է չհավանենք,/ խոսքը չի վերաբերում այն բանին,թե ֆիլմը լավն է,վատն է, դա հարցի մյուս կողմն է/: Կինոմիջավայր կստեղծվի այն ժամանակ,երբ մեր ասածների ու արածների մեջ մաքսիմում անկեղծ կլինենք ու կկարողանանք անկախ ամեն ինչից օբյեկտիվ լինել:Օբյեկտիվությունը մեզ շատ է պակասում: Փետրվարին անպայման կկապվեմ փոստով,մեծ սիրով կնայեմ սցենարը: Ձեզ ստեղծագործական հաջողություններ պարոն Գալստյան:

  13. Համազասպ 29 October 2010, 11:58

    Մի մտորում ունեմ` ոնց որ թե կոնտեքստից դուրս է, սակայն գերարդիական։ Կինոն` ինչպես և ցանկացած արվեստ, պիտի փորձի ուղղել կենցաղի արդյունքում կորացած մարդու մեջքն ու կորսվող հոգին։ Այդ առումով ասելիքը պիտի համարժեք լինի անելիքին։ Չեմ ուզում տարածվել, սակայն եթերը հեղեղած սերիալ կոչվող կինոներից մեկում արդեն երկու շաբաթ է մեր ազգակիցները (տնով տեղով ամբողջ ցեղով` կին, տղամարդ` իրար հերթ չտալով)անզորությունից լաց ու կոծ են դրել (դասական դեժավյու), իսկ հարևան հակառակորդը հզորությունից պսպղում է(Արմենիա TV` սերիալ Վերադարձ)։ Դրանից ոչ պացիֆիզմի հոտ է գալիս, ոչ էլ այլ բանի` դասական պարտվողական գովազդ (անկախ վերջաբանից, որտեղ պարզ է որ ամեն ինչ լավ է ավարտվելու)։ Սա մեջք ու հոգի կորացնելու լավագույն հոգեմետն է և այդ առումով հոգևոր և մշակութային հետընթացի տարրական բաղադրիչ։ Մեր Նոր կինոն` անկախ ֆորմատից, պիտի գոնե ֆիզոթերապևտիկ կազդուրիչ գործառույթ ունենա,իսկ հետո նաև ոգևորիչ ու խթանիչ։ Ու այդ առումով մեր կողմից անտեսել արդեն ուրիշների կողմից չանտեսվածը` չափազանց շռայլություն է։ Մեր Նոր կինոյի կիսաչոր դաշտում ամեն կանաչ ծիլը` որը կոչված է ուղղելու մարդու մեջքն ու հոգին, առնվազն պետք է չտրորվի ու խնամվի։ Մնացյալը ժամանակի և ստեղծագործողի խնդիրն է… Պինդ կացեք։ Ամեն ինչ լավ է լինելու։

  14. Ռուզաննա 31 October 2010, 21:34

    Հայկական կինոյի ճակատագրով հետաքրքրվող բոլոր անձանց, այդ թվում` “Հատուկ ռեպորտաժ”-ի աշխատակազմին, հռավիրում եմ մասնակցել նոյեմբերի 1-ին, “Կինոյի տանը” կայանալիք կլոր սեղան-քննարկմանը։ Կարծում եմ, բաց քննարկման լավագույն հնարավորություն է ընձեռված։

  15. Ռուզաննա 31 October 2010, 21:37

    Հայկական կինոյի ճակատագրով հետաքրքրվող բոլոր անձանց, այդ թվում` “Հատուկ ռեպորտաժ”-ի աշխատակազմին, հրավիրում եմ մասնակցել նոյեմբերի 1-ին, “Կինոյի տանը” կայանալիք կլոր սեղան-քննարկմանը։ Կարծում եմ, բաց քննարկման լավագույն հնարավորություն է։

  16. Artak 1 November 2010, 01:06

    Հրաշալի է: Կարող եք ասել նաև ժամը հարգելի Ռուզաննա:

  17. Ռուզաննա 1 November 2010, 13:15

    Հարգելի Արտակ, կլոր սեղան-քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին ժամը 13:00-ին` Կինոյի տան 3-րդ հարկում:
    Շնորհակալ եմ:

  18. Ruzanna 1 March 2011, 22:02

    xosqer chunem,hrachali film,vor@ tarbervum e aysorva bolor filmeric.es hiacac em