ԹՈՂԱՐԿՈՒՄ 4-ՐԴ. ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ: Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ: Վիդեո Մաս 3-րդ: Դիտել այստեղ: |
Հատկապես Լոռիում գայլերը գրեթե ամեն շաբաթ հարձակվում են: Գրեթե սովորական դարձած տեսարան է, երբ գյուղը խառնվում է իրար: Առաջին գծում` հովիվներն ու ոչխարներն են: Գայլային ախորժակը ավելի մոտ է եկել: Այժմ արդեն հարձակվում են տների վրա: Գայլերից հետո երկրորդ կծանները օձերն են: Տավուշում հայտնվել է երկգլխանի օձ: Եվ Հայաստանի ամենամեծ օձը, որ այսօր դարձել է Յութուբ-սենսացիա: Եվ Հայաստանի ամենահայտնի օձի բուժակները, որ ժառանգել են մեծ տատուց: Ու հիմա հայր ու որդի, փոքրիկ թոռն էլ, նախ, փրկում են օձերին, հետո էլ` բուժում մարդկանց: Հատուկ ռեպորտաժի բնագիտական ու բնապահպանական թողարկումներից: Գայլերի ու օձերի հարձակումների, զոհերի ու պայքարի մասին:
Արտակ Ալեքսանյան– Երբ բնապահպանները ահազանգում են բնությունը անխնա ոչնչացնելու մասին, շատ հաճախ դա բոլորին թվում է իրենցից հեռու, հաջորդ հազարամյակում նախատեսվող իրադարձություն: Մինչդեռ այն, ինչ այսօր կատարվում է ու ժամանակ առ ժամանակ ներկայացվում լուրերում, իրականում ավելի խորը բնապահպանական պատճառներ ունի: Այսօր մեր թողարկումը հենց այդ, առաջին հայացքից էպիզոդիկ, բայց իրականում շատ ավելի մասշտաբային խնդրի մասին է: Գրեթե ամեն տարի ավելանում են գայլերի հարձակման դեպքերը: Դրանք հաճախացել են հատկապես Լոռիում և Շիրակում: Պատճառը` անհետացող անտառներն են: Անտառներում բնակվող գայլերը սովորույթի ուժով վերադառնում են իրենց տարածքները, որտեղ արդեն կամ արտոավայրեր են կամ էլ բնակելիներ: Արդյունքում` տուժում են բոլորը` և կենդանիները, որոնց թվաքանակը նվազում է, և մարդիկ:
Զոհրաբ Հարոյանը ուսումնասիրել է գայլերի հարձակման այն բացառիկ դեպքերը, երբ գազանը ներխուժել է նույնիսկ բնակարան, երբ տարել է մի ամբողջ հոտ և երբ ահաբեկել է մի ամբողջ համայնք: Այսօր Լոռիում հովիվների անվտանգ արոտավայրերը աստիճանաբար տեղափոխվում են գյուղին հարակից տարածքներ: Մյուս կողմից, նույն գյուղացիներն այսօր հայտնվել են անօգնական վիճակում: Գյուղերում որսորդներ չկան, Որսորդմիության անդամներն էլ այդքան զինամթերք և զինտեխնիկա չունեն, որ գոնե ագրեսիվներին ոչնչացնեն: Այսինքն` ոնց պտտվում ես` կամ գայլ է, կամ պրոբլեմ:
Զոհրաբ Հարոյան– Սա դասական ու իրական Լոռին է, ուր սարերը բարձր են, երկինքը մոտ, արևն էլ ամռանը շուտ է հեռանում` առանց հրաժեշտ տալու: Խնկոյան գյուղն առաջին հայացքից սովորական է` զբաղված են հողով ու անասնապահությամբ: Տարին կիսում է խոպանը: Տարվա մյուս կեսն էլ` սովորական դարձած, բայց իրականում արտասավոր` կենաց ու մահի պայքար է: Խնկոյանում դռները երկաթից են, պատուհաններին ճաղավանդակներ կան, անասունների արոտավայրը` գյուղին կպած է: Գազանի դեմ պայքարում են մերկ ձեռքերով` գյուղում ոչ ոք զենք չունի:
– Դրա միակ ձևն էն ա, որ ձյունը գա, հետքով կարողանանք գտնել ու խբել,- ասում է որսորդ Սամվել Սարգսյանը:
Գայլաբները Սիմաֆորի ձորում են: Ասում են` իրենց պապերից է եկել անվանումը ու չգիտեն ինչ է նշանակում: Գայլերը որսն ուտում են բնում` սկզբում արյունն են խմում, հետո` միսը ուտում: Խոտհնձի ժամանակ ոսկորները գտել է հենց Նվերը: Երեկոյան էլ, տուն գնալիս նկատել է նաև գայլերին: Դիմացի սարին 4 գայլերը տեսել են մարդկանց ու թաքնվել:
– Ինձ թվում ա, հենց բունն էլ ստեղ է, Սամո: Չէ, խորունկ է էլի քարափի տակը: Բացի էդ էլ, արտերի մեջը սաղ իզեր էր քաշած: Մեկը հելնում էր սարը, մյուսը իջնում էր ձորը: Էն տափնաձները սաղ գելի քաշերն են,- պատմում է Խնկոյան գյուղի բնակիչ Նվեր Հակոբյանը:
Գայլերի հարձակումներից խուսափելու համար Խնկոյանի գյուղացիներն իրենց հոտը այլևս սար չեն բարձրանում, ոչխարներն արածեցնում են ճանապարհին մոտ: Այստեղ ամենավտանգավորը հովվի մասնագիտությունն է: Չորս ու կես ամիս 74-ամյա Ռաֆիկ Մադոյանը առավոտյան սարսափով է տնից դուրս գալիս: 1 ոչխարը 4 ամիս պահելու համար ստանում է 1000 դրամ, բայց եթե գազանը ոչխարին տարավ` պետք է փոխհատուցի կորուստը` 20 000 դրամ: Գայլերն արդեն 9 ոչխար են տարել:
Գայլերի հիմնական թիրախը ընտանի կենդանիներն են: Գայլը մարդու վրա կարող է հարձակվել մի դեպքում` երբ միայնակ է ու անօգնական: Այդ բացառիկ դեպքը պատահել է Սիսիանում` երեք տարի առաջ ձմռանը: Պողոսյանների որդին ընկերներին ճանապարհելուց հետո մոռացել էր տան դուռը կողպել:
– Ընկել ա շան հետևից, շունը փախել ա էն կողմ: Որ իրար գզել են, կպել ա, դուռը բացվել ա ու ըսենց մտել ա ներս: Մուտքը ստեղից ա եղել: Դռան փականը գցած չի եղել,- հիշում է Սիսիանի բնակիչ Գառնիկ Պողոսյանը:
Կեսգիշերն անց Գառնիկը տարօրինակ ձայն է լսում: Լույսը վառելուց հետո միջանցքում նկատում է արնաթաթախ ու կատաղած գազանին: 2007-ի հունվարյան գիշերը, գայլը մինչև Պողոսյանների տուն ներխուժելը Բռնակոթ գյուղում է հարձակվում մարդկանց վրա: Ույծ գյուղում ևս 2 մարդու է կծում: Ճանապարհին մարդկանց կծելով ու շներին խեղդելով հասնում է Սիսիան քաղաք ու մտնում Պողոսյանների տուն, որի խոհանոցում էլ սպանվում է:
Ըստ Առողջապահության նախարարության տվյալների` կենդանիներ հարձակման դեպքերը ավելացել են: 2008-ին արձանագրվել է 2514 դեպք, երբ կենդանիները կծել են մարդկանց, ընդ որում վայրի կենդանիներից տուժել են 37-ը: 2009 -ին արձանագրված 2897 միջադեպերից վայրի կենդանիներից տուժել են 39-ը:
Եթե Սիսիանում հարձակվել են մարդկանց վրա, ապա Լոռիի Դարպաս գյուղում արդեն գալիս են և կենդանիներին տանում են հենց գոմից: Այս ամառ գայլերը Դարպասում 2 ավանակ են հոշոտել, 1 քուռակ ու 6 ցուլ: Լոռու մարզում գայլերի դեմ պայքարելու միակ հույսը` որսորդներն են: Փորձառու որսորդ Սամվելը մի սեզոնի ընթացքում 14 գայլ է սպանել:
– Գայլը շատ խելացի, խորամանկ կենդանի է: Հնարավոր ա էս պահին նա մեզ տեսնում է, մենք իրան` ոչ: Նա շատ ուշադիր կենդանի է, իր ինքնապաշտպանության բնազդը էնքան ա զարգացած, որ ի վիճակի ա շատ հեռվից ջոկի վտանգը,- կենդանու բնույթը լավ է ուսումնասիրել որսորդ Սամվել Սարգսյանը:
Որսորդների կարծիքով, գայլերի հարձակումները հնարավոր է կանխել միայն մեկ պայմանով` եթե ամեն գյուղում որսորդ լինի կամ էլ` մասնագիտացած որսորդական խմբեր:
Որսորդները ասում են, որ գայլերին կկարողանան վերացնել առաջին ձյունից հետո միայն, երբ կկարողանան գտնել հետքերը: Իսկ մինչև այդ, Հայաստանի հյուսիսը ապրում է` շունչը պահած, սառած քրտինքով ու անքուն գիշերներով….գազանը հարևանությամբ է:
Արտակ Ալեքսանյան– Օձերի խայթոցները, ի տարբերություն գայլերի, գնալով նվազում են: Դրա պատճառը` օձերը մեր երկրում վերանում են: Հայաստանում բնակվում է չորս տեսակի թունավոր օձ: Դարևսկու իժը, որ տարածված է Աշոցքում, Հայկական տափաստանային իժը, Հայկական իժը և Անդրկովկասյան գյուրզան` ամենամեծը` մինչև 2.5 մետր երկարությամբ: Բացի գյուրզայից, մնացած երեքը` վերացող տեսակներն են և Կարմիր Գրքի հերոսներ: Օձերը հարձակվում են այն տարածքներում, որտեղ մինչև այդ ապրել են: Հետևաբար, եթե այնտեղ տուն է կառուցվում, ապա օձերը` սկսում են ապրել այդ տանը` այնքան ժամանակ, մինչև իրենց չվերացնեն: Արդյունքում, ուրբանիզացիան ոչնչացնում է հայկական բնաշխարհի գուցե ոչ ամենասիրելի, բայց կարևոր կենդանիներից մեկին: Ամենակարևոր հարցի պատասխանը` ինչ անել, առայժմ չկա: Հայտնի է, որ օձերը միգրացիայի չեն ենթարկվում, այսինքն, շատ դժվարությամբ են տեղափոխվում: Մարդկանց համար էլ նոր տարածքներ են պետք` բնակվելու համար: Պարզ է, որ կատարյալ տարբերակում` շինարարները գոնե պետք է խորհրդակցեին բնագետների հետ` հասկանալու համար, թե որքանով է նպատահարմար բնակելի շենք կամ տան շինարարությունն այդ տարածքում: Բայց քանի որ չեն խորհրդակցում, ունենք այն, ինչ ունենք: Այդ մասին ավելի մանրամասն` իր պատճառներով ու հետևանքներով, կպատմի Նելլի Հարությունյանը:
Նելլի Հարությունյան– Սողունը հայտնվեց անպատեհ ժամի ու անհարմար տեղում: Համլետ Մաճկալյանը ղարաբաղյան պատերազմի ժամանակ, մարտի դաշտում այնքան չէր վախեցել, որքան երկու տարի առաջ վախեցավ: Թոռնիկի ծնունդը Բերդին մերձակա ջրամբարի մոտ էին նշում: Համլետ Մաճկալյանը ջուրը մտավ, բայց խորովածի բույրը կանչում էր: Դուրս եկավ` վարտիքը հանգնի: Հենց այդ ժամանակ էլ օձը հարձակվեց: Հակաթույնը ներարկեցին, Մաճկալյանն ապրեց, բայց էլ լիճ չեկավ:
Գոհարի դեպքն ուրիշ էր, մահից հազիվ փրկվեց: 2004 թվականի հունիսի 15-ը մեկընդմիշտ դաջվեց նրա ու հարազատների հիշողության մեջ: Գոհարն այգի էր իջել` քաղհան անելու: Օձն էլ հենց խոտերի մեջ էր:
– էս հաստությամբ օձ էր, մեկուկեսից երկար: Փաթաթվել ա ոտիս ու սկսել ա կծելը, երեք անգամ կծել ա,- հիմա էլ սարսափով է հիշում Տավուշ գյուղի բնակիչ Գոհար Իսրայելյանը:
Անմիջապես տարան ամենամոտ հիվանդանոցը, բայց Բերդում հակաթույն չկար: Հաջորդն Իջևանն էր, հետո Դիլիջանը: Իսկ հակաթույնը չկար: Ի վերջո, մոտ տասը ժամ անց Գոհարին անգիտակից վիճակում հասցրին Երևան: Գոհարը փրկվեց, բայց լիովին չբուժվեց: Խայթոցից հետո շուտ է հոգնում, չի կարողանում երկար քայլել, կանգնել, ոտքը միշտ ուռած է: Արծաթագույն օձից հետ հանդիպումից տարիներ են ացել, բայց վախը մնացել է:
– Ամեն անգամ մտնելուց սպասում եմ, որ էլի օձը գա, կկծի:
Մարդիկ այստեղ զգուշորեն են քայլում, ամեն տեղից կարող է օձ դուրս գալ, ասում են դրանք ամենաշատը գերեզմանատներում են, նույնիսկ լեգենդ կա, թե Բերդի գերեզմանատանը երկգլխանի օձ է պտտվում: Գերեզմանատան պահակը երկգլխանուն դեռ չի հանդիպել: Միայն լսել է ու չի կասկածել:
Բերդի հիվանդանոցում արդեն պատրաստ են: Նկարահանման պահին մեկ հակաթույն ներարկել էին, մյուսի ժամկետը լրանում էր, նորն էին պատվիրել: 5.6 միլիգրամ տարողությամբ շիշն ավելի քան 70 հազար դրամ է: Բայց օձի խայթոցից բուժումն ամբողջությամբ անվճար է` պետպատվերով: Հակաթույնը բազմավալենտ է, այսինքն` նախատեսված է կոբրայի, գյուրզայի և էֆայի խայթոցների համար: Օձի թույնը չեզոքացնելու համար տարեկան մոտ 250 շիշ է դատարկվում:
– Այս շիճուկը շատ ալերգիկ ա, դրվում ա պրոբա, հետո նոր ներարկվում ա,- պատմում է ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:
Առաջին ներարկումը 6 ժամից պետք է չուշանա: Մինչև հիվանդանոց հասցնելն առաջին օգնությունը հենց տեղում է պետք ցուցաբերել, բայց ոչ ավանդական տարբերակով` անշարժացնել վնասված հատվածը և տուժածին տեղափոխել հիվանդանոց: Բժիշկը օձի խայթոցից շատերին է փրկել. Հայկն այս տարի 23-րդն է: Նրան առաջին ներարկումն արել են ճիշտ ժամանակին:
Մոտ մեկ տարի առաջ Յութուբում հայտնված կադրերը մակագրված են` որպես Հայաստանում հայտնաբերված աշխարհի ամենաերկար օձը: Այս տարի նույնիսկ ահազանգեր եղան, թե Արագածոտնում 8 մետրանոց օձ են տեսել, կենդանաբան Արամ Աղասյանը բացառում է սա:
– ՀՀ ամենամեծ օձը ինքն ա, գյուրզան, որի չափը կարա հասնի 2 մ, մի քիչ ավել: Բայց ոչ 3 մ, ամենամեծ գյուրզան իմ կողմից ա բռնվել, 2մ 20 սմ,- ասում է կենդանաբան Արամ Աղասյանը:
Յութուբում հայտնված հայաստանյան հսկային առաջին անգամ է տեսնում, ուշադիր զննելուց հետո ամեն ինչ պարզ է դառնում:
– Սա կոչվում ա մողեսաօձ, ամենաշատը կարա լինի 1.8 մ, շատ ագրեսիվ օձ ա, գործնականում անվտանգ են կոչվում:
Եղանակը տաքանալուն պես օձերի մասին խոսակցությունները դառնում են ավելի շատ, քան օձերն` իրականում: Պարզապես նրանք դուրս են գալիս ձմեռանոցներից: Բացի այդ, մարդիկ են հայտնվում օձերի տիրույթներում: Էկոհամակարգը փոխվում է, իսկ միգրացիան օձերի համար չէ: Հետզհետե նրանք էլ են վերանում: Այսպես եթե շարունակվի, հայկական իժից բացի, գյուրզան էլ կարմիր գրքում կհայտնվի:
Մարդիկ նրանց տունն են քանդում, օձերն էլ մարդկանց տներում են հայտնվում: Արարատ գյուղում վերջին տարիներին օձերը շատացել են, Գարիկի գործն` ավելացել: Գյուղում հայտնի է որպես օձ բռնող ու բուժակ:
– Հիմնական իմ բուժումը թուքն ա,- ընտանեկան գաղտնիքն է բացում Արարատ գյուղի բնակիչ Գարիկ Գրիգորյանը:
Շնորհը մեծ տատից` Ջավահիրից է ժառանգել: Օձերի տիրուհին նույնիսկ Մոսկվա է գնացել` ուժերը փորձելու: Պրոֆեսորին չի հաջողվել փրկել ճագարին, իսկ Ջավահիրն օձի թույնը չեզոքացրել է թքով: Մորից հետո որդին, հիմա էլ թոռը`Գարիկն է օձի կծածը բուժում:
Հատուկ մեզ համար` Գարիկը իժ ու գյուրզա է բռնել: Թույնը քամում է, բայց օձին չի վնասում: Եղբորորդիների համար սա սովորական տեսարան է: Անդրանիկը համոզված է, որ մի օր էլ ինքն է օձ որսալու, իսկ փոքրիկ Վազգենը պահը չի կորցնում, բռնում է օձին:
Բռնած օձերին Գարիկն աշնանը բաց է թողնում: Ասում է` դեռ հարց է, թե ով ում է վնասում: Օձն է մարդու տունը քանդում, թե հակառակը:
Հայաստանում 23 տեսակ օձ կա, որոնցից միայն 4-ն են թունավոր: 4-ից երեքը կարմիր գրքում են: Երևանյան լեռնատափաստանային իժ, հայկական իժ, դարևսկու իժ, որը միջազգային կարմիր գրքում է և գյուրզա, որը նույնպես իժերի ընտանիքին է պատկանում:
– Ամենահաճախ հանդիպողն անդրկովկասյան գյուրզան ա: Համարվում ա ամենավտանգավոր օձերից մեկը Հայաստանում,- բացատրում է հերպետոլոգ Կարեն Մարտիրոսյանը:
Կարենն օձերին ուսումնասիրում է 28 տարի: Հայկական ֆաունայի և աշխարհի էկզոտիկ սողուններն այստեղ են` Էկզոտարիումում: Օձագետ Կարենն ուսումնասիրել է այս սողունների վարքը. դրանք երբեք նախահարձակ չեն լինում:
– Եվ վարկածը, թե օձերը ավելացել են, այդպես չի, նույն քանակի են, նույնիսկ նվազել են: Քանդվում են նրանց բնակավայրերը, ստիպված տեղաշարժվում են: Այդ ժամանակ էլ հանդիպում են մարդկանց,- ասում է Կարեն Մարտիրոսյանը:
Եթե հանդիպել եք, լավագույն տարբերակը սպասելն է: Ինքնուրույն չեզոքացնելը վտանգավոր է: Երկար ու սուր պոչն առաջին նախանշանն է. օձը թունավոր չէ: Հաջորդ տարբերակիչ նշանն աչքերն են, ոչ թունավոր օձի բիբը կլոր է, թունավորինը`շեղ: Ոչ թունավորների թեփուկներ ձկան նման են, թունավորներինը` ուղղահայաց գծերով:
2008 թվականին օձի խայթոցի 170 դեպք է գրանցվել, մեկ տարի անց`110, այս տարի սեպտեմբերի 25-ի դրությամբ 88 խայթոց է եղել, երկուսը` մահացու: Օձերն ակտիվանում են գարնանը, վայելում արևի շողերը, զուգավորվում, մինչև աշուն հասցնում նույնիսկ ձագ ունենալ: Ամենաուշը նոյեմբերին մտնում են ապաստարաններ, որտեղ ձմռանը ջերմաստիճանը 10-ից չի իջնում: Եթե մարդիկ շարունակեն գրավել օձերի տարածքները, նրանք ստիպված են լինելու խայթել այնքան ժամանակ, մինչև ընդհանրապես վերանան:
Zer harordume najeluz heto voroschezi grel im erbor, Margarjan Vaxtangi, depki masin.Ajs tarva hulisi 2-in erbors daschtum kzum e oz.Erbajrs havatalov gjuri hekimin gnum e nra mot.Na el ir dere kselov votkin havatazrel e vor schutov kapakinvi.Jev bjschki gnal petk tchi.12 jam heto erbajrs mahanum e.Tornelov kin,erku zavak jev invalid more.Zer harordman mej zujz tvezik ajn mardkanz voronk nujnpes nerkajazan vorpes hekim.Es kotch em anum Hajastani bolor hajerin tchhavatal hekimnerin.Drank snahavat baner en.Urraki xabebaner.Nrank mardkajin kjank xlor en.Ete zes oze kzum e anmijapes gnazek hivandanoz.Erbors kjanki sxale schat kjanker karor e prkel apagajum.Nschem vor erbajrs aprum er Talini schrjan Arteni gjurum.Hima im erbajre tchka,bajz ajd hekime der anpatij aprum e.es schat kzankanaji vor duk hatuk ajs temajov harordum patrasteik kotch anelov bolorin xusapel ajd xabeba hekimneriz.Erbajrs endamene 40 tarekan er.