ԹՈՂԱՐԿՈՒՄ 10-ՐԴ. ՍՈԼՈ` ՄԻԱՅՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ: Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ: |
Նոր մարդահամարին դեռ կա, բայց այսօր էլ արդեն պարզ է. Երկրում միայնակ կանայք ավելացել են: Ինչու են հայուհիները միայնակ: Դա ընտրություն է, թե ճակատագիր: Նոր ժամանակների փոփոխություններից: Նախկինում հաշտվում էին, հիմա ուզում են: Այրիները` նորի փնտրտուքով: Եվ հակառակ սեռից. ինչու են տղամարդիկ միայնակ:
Տղամարդկանց դեպքում հարց է` նրանք միայնակ են, թե ուղղակի ինքնուրույն: Եվ առաջին անգամ ու անկեղծ` հեռուստագեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանի խոստովանությունը` նրան դուրս չեն գալիս գեղեցիկ տղամարդիկ: Մարդաբանական թողարկումներից` կանանց ու տղամարդկանց ճակատագրի ու ընտրության, այլընտրանքի բացակայության ու գուցե սոլո-հորիզոնի մասին:
Արտակ Ալեքսանյան– Արդեն անհերքելի է, առաջիկա մարդահամարն էլ ցույց կտա` մեր երկրի բնակչության կեսից ավելին համարվող մեր լավագույն կեսը` կանայք, ավելի շատ միայնակ են, քան միասին` ամուսնացած: Սա ունի մի քանի սոցիալական բացատրություն: Նախ, արտագաղթել է ավելի շատ տղամարդ, արտագնա աշխատանքի նույնպես մեկնում են տղամարդիկ ու երբեմն տարիներով չեն վերադառնում: Բացի այդ, կանայք այսօր ավելի
ինքնուրույն են ու ավելի համարձակ են դիմում ապահարզանի` կիրթ ու հաջողակ կինը այլևս չի համակերպվում կեղծ հարաբերությունների կամ դրա բացակայության հետ: Արդյունքում, այսօր արդեն կանանց մենությունը փոխում է երկրի դեմոգրաֆիան, սոցիալական հարաբերությունները, նույնիսկ տնտեսության վիճակը:
Տիգրան Զարեյանն ուսումնասիրել է, թե ի վերջո ինչու են կանայք նախընտրում սոլո-կյանք` դա ինքնուրույնության նշան է, թե ընտրության բացակայության: Իր հետազոտության ընթացքում Տիգրանը բացահայտել է, օրինակ, որ այսօր կանայք փնտրում են ոչ թե ամուսին, այլ երիտասարդ սիրեկան, որ ինտերնետային ծանոթություննների կայքերում միայն Երևանից կա 3000-ից ավելի սեքս փնտրող հայուհի և որ ամուսնական գրասենյակները դարձել են ծանոթությունների ակումբներ: Մի խոսքով, նոր ժամանակների նոր կարիքները խմբագրում են նաև միայնակների սոլո-կարիքները:
Տիգրան Զարեյան– Գրեթե բոլոր կանայք ցանկանում են` ամուր ու նվիրված ընտանիք: Առաջին հայացքից պարզ, այսօր արդեն բարդ դարձած այս նպատակը շատերին թողնում է կեսճանապարհին ու միայնակ: Անձնական կյանքի բացակայությունն էլ կանայք փոխհատուցում են կարիերայում և բիզնեսում:
– Եթե ես չգտա ինձ ընտանեկան կյանքի մեջ, որպես կին, ես շատ լավ մայր եմ , շատ լավ աղջիկ եմ ծնողներիս համար, բայց ես չդարձա կին: Ես ամուսին չունեմ: Ես գտա ինձ էս ոլորտում,- ասում է Ռադիո Վան> և <Ռուսսկոյե ռադիո Երևան> FM ալիքների տնօրեն Շուշանիկ Արևշատյանը:
Հայաստանում ապրող կանանց 63 տոկոսը միայնակ է: Պատճառները տարբեր են: 57-ամյա Աիդան միայնակ է արդեն 15 տարի: Ասում է, որ երբեք իրեն չի զգացել միայնակ: Կարևորը մարդիկ ու զրուցակիցներն են:
– Երբ որ մնում ես մենակ, արդեն զգում ես , որ հոգնել ես: Եվ կարիք ունես, որ հանգստանաս` ինչ-որ մեկի հետ զրուցելով,- նկատում է Աիդա Ղուշչյանը:
Ամուսնու հետ բաժանումից հետո մնացին ընկերներ: Աիդան ամուսնացել էր առանց սիրելու` հայրն էր դաստիարակել ու կրթել արխայիկ ոգով, երբ ամուսնական կյանքում պետք է հետևողականորեն կատարել բոլոր պարտականություններն ու պարտավորությունները:
Մեր երկրում կա ամուսնության 6 գրանցված գրասենյակ: Այստեղ գրանցված կանայք մի քանի անգամ շատ են նույն հոգսով տառապող տղամարդկանցից: Ամուսնական գրասենյակի տնօրենի դիտարկմամբ, կանանց մեծ մասը միայնակ է, որովհետև գերագնահատում է սեփական արժանիքները:
Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը, բազմաթիվ թեստեր անցկացնելուց հետո, եկել է եզրահանգման, որ կանանց միայնության սոցիալական պատճառները երկուսն են` արտագաղթն ու ծնելիությունը:
– Վերջին 18 տարիների ընթացքում երկու անգամ նվազել է ծնելիությունը: Բայց հիմնական պատճառը արտագաղթն ա, քանի որ մեկնողների ճնշող մեծամասնության մոտ 60 տոկոսը տղամարդիկ են,- բացատրում է սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը:
Ամուսնական գրասենյակներից բացի կա մեկ այլ, բայց ավելի թանկ միջնորդ: Ծանոթացեք. Հայաստանում աշխատող միակ անհատ ամուսնական գործակալն է: Նախքան նրա հաճախորդը դառնալը, նախ պետք է բարդ թեստ հանձնել և պատասխանել 200 հարցի: Չէ որ ընտանեկան ինստիտուտն էլ բարդ հարաբերությունների համակարգ է:
– Իսկ ինչի ա ձեզ թվում, որ Հայաստանում ընտանեկան ինստիտուտը կայացած է, իհարկե, ոչ,- պատասխանում է անհատ ամուսնական գործակալ Ռազմիկ Մովսիսյանը:
Անհատ ամուսնական գործակալին դիմում են բազում միայնակ կանայք: Գրեթե բոլոր կանայք փնտրում են ոչ այնքան ամուսին, որքան մշտական զուգընկեր: Կան նաև, որ տղամարդ են փնտրում միայն սեքսի համար: Սեռական կապեր ձեռք բերել-չբերելու երկընտրանքը հոգեկան ու ֆիզիկական մեծ լարում է առաջացնում: Այս դեպքում նախ պետք է թակել հոգեթերապևտի դուռը:
-Դա հոգեբանության մեջ կոչվում է ակտուալ նևրոզ,- բացատրում է հոգեվերլուծական ուղղության հոգեթերապևտ Գագիկ Թադևոսյանը:
Ակտուալ նևրոզի առաջնային դրսևորումը սեռական անբավարարվածությունն է: Դա սկզբում, հետո կարող են առաջանել հորմոնալ խանգարում, ֆիզիոլոգիական բարդություն ու անգամ հոգեկան շեղում:
-Հիմնականում, իհարկե, բերում է, հանգեցնում է սեքսուալ դիսկոմֆորտի: Որը նրան հանգիստ չի տալիս առօրյայում, այսինքն` ազդում է նրա վարքագծի վրա,- ասում է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Սեքսի ծարավն ու սեքսի պակասը միայնակ կանանց հաճախ բերում են համացանց: Միայն հանրահայտ Մեյլռուի ծանոթությունների կայքում կա 2300 գրանցված հայ կին և աղջիկ: Նույնքան Մամբա ծանոթությունների հայտնի կայքում` մոտ 2000: Հիմնականում իրենց նկարներով ու իրական տվյալներով` անկետաներում չեն բացառում վիրտուալ սեքսը:
Նազենիի սիրտը գերելու ու նրան հմայելու համար տղամարդը պետք է նախ տղամարդ լինի: Պարզվում է գրավիչ ու գեղեցիկ դերասանուհու համար ապագա սիրեցյալի արտաքինն այնքան էլ կարևոր չէ:
-Արտաքին տվյալների առումով հաստատ չէ: Չնայած ես ունեմ որոշակի նախասիրություններ: Ցանկալի է, որ տղամարդը լինի առնական: Հատուկ քաղցր արտաքին չունենա: Իսկ տղամարդու իդեալ ասվածը մտածող մարդու կերպարն է,- ասում է Նազենի Հովհաննիսյանը:
Խորհրդային տարիներին տիկին Նելլին առաջին կանանցից էր որին հաջողվեց վարորդական իրավունք ստանալ: 87-ամյա այրին մենակ է արդեն 40 տարի: Ամուսինը մահացել է 1970-ին:
-Կյանքի ընկեր կուզենայի ունենալ, բայց ամուսին ոչ,- ասում է Նելլի Խաչատրյանը:
Նրանք տարբեր են, անբացատրելի ու առեղծվածային: Սակայն իրենց ցանկություններով, մտքերով ու մղումներով` իրար նման ու իրար պես խոցելի:
Արտակ Ալեքսանյան– Երբ է մարդ համարվում միայնակ` երբ չի ամուսնացել, թե երբ սիրահարված չէ, երբ 30 տարեկան է, թե 40, ինչու միայնակ կնոջը, որ կարող է իր կյանքի ընթացքում ունենալ մի քանի սիրեկան, հաջորդաբար կամ բոլորը միասին, անվանում` անբարո, իսկ նույն այդ տղամարդկանց` կազանովա կամ դոն-ժուան: Եվ վերջապես, այդքանով հանդերձ` ինչու են տղամարդիկ միայնակ: Արևմտյան հոգեբանները հայտնաբերել են, որ տղամարդիկ միայնակ են, որովհետև զգուշավոր են և չեն ցանկանում հոգեբանական ոչ վերելք ապրել ու ոչ էլ անկում: Սոնա Աբրահամյանի հերոսները գալիս են ապացուցելու հենց այդ տեսության իրավացիությունը` մեծ սիրուց ու մեծ կորստից հետո նրանք ի վիճակի չեն, չեն կարող կամ չեն ցանկանում նոր հարաբերություններ ու նոր
ընտանիք:
Սոնա Աբրահամյան– Արդեն ջահել չէ; Ընկույզը մազերի սպիտակը վերացնում է, իրեն էլ երիտասարդեցնում, բայց միայն տեսքով, հոգին ծերացավ, հենց որ կինը Ռուսաստանի տոմսը գնեց ու հեռացավ: Օնիկը չգիտի էլ` ամուրի է, թե ոչ: Ապագա կնոջը Սոչիում էր հանդիպել: Սիրահարվել էր ու բանակ գնացել: Մեկնելուց առաջ միայն անունն էր
իմացել, մեկ էլ հասցեն:
– Ասեցի` գնամ, տեսնեմ ոնց ա: Էդ պահին աչքերից արցունքներ թափվեցին, հիմա էլ է նույնը հետս կատարվում, ու Սվետան ասեց` քո արցունքները ինձ հեղափոխեցին, հենց որ արցունքներդ տեսա, ասեցի` չէ, պիտի գնամ, նա է իմ տղամարդը,- հիշում է Օնիկը:
Սերը տևեց այնքան, որքան շարունակվեց անհոգ ու հարմարավետ կյանքը: Ցուրտ ու մութ տարիներին ռուս կինը չէր դիմանում, մի տարին ամուսնու մոտ էր անցկացնում, երկուսը` հայրենիքում:
– Երկու տարի հետո եկավ, տեսավ մոտս մի կին է ապրում, մի քիչ զայրացավ: Հինգ տարի հետո եկավ,մոտս մի ուրիշ կին էր բնակվում, ավելի հիասթափվեց: Ասում էր` ես քո հետ անկողին չեմ մտնի, ասեցի` ես իմ ճարը կտեսնեմ:
Տասը տարի առաջ կինը մեկնեց անվերադարձ: Այժմ լիովին մենակ է: Տանն իրեն սպասողը միայն կատուն է մնացել:
Ժամերով նստում ու սիրած կնոջն է հետևում: Երկար համոզելուց հետո Գագիկը խոստովանեց. նա է այն կինը, ով իրեն մենությունից կփրկի: Թեև հասցրել է ամուսնանալ ու բաժանվել, կյանքում սիրել ու սպասել է մեկին` իր պարող Քնարին: Սիրո խոստովանություն Քնարը այդպես էլ չլսեց, Գագիկը առանց այդ էլ գիտեր` մերժվելու է: Որոշեց անպատասխան սերը մոռանալ ամուսնությամբ, մանավանդ` տարիքն անցել էր: Ամուսնական կապը շուտ քանդվեց:, Քնարը մնաց անհասանելի: Գագիկը համոզված է. անպատասխան սերն է տղամարդուն մենության մատնում: Ամբողջ կյանքում տղամարդիկ փնտրում են նրան, ումից մի անգամ մերժում են ստացել:
– Միայնակ տղամարդը երկար չի ապրում: Մարդը ծնվում է մենակ, պատկերացնում եք մենակ էլ մահանա,- ասում է Գագիկը:
Ինչ է կատարվում իր հոգում ու ինչպես է վախենում մենակ մնալուց, գիտի միայն ինքը: Տանը իրեն հասկացող չկա, քույրը անտարբեր է, մայրն էլ միայն օգնել է, որ ընտանիքը քանդվի:
Կան մարդիկ, որոնց համար մենությունը հոգու մշտական վիճակ է: Շահենը ծնվել է Թեհրանում, ապրել ԱՄՆ-ում, տուն գնել Գերմանիայում, բայց հիմա Երևանում է, կիսափուլ հանրակացարանում, որը լիակատար դատարկ է: Առաջին ու վերջին անգամ սիրահարվել է 20 տարեկանում, բայց հարսնացուն մայրիկին դուր չէր եկել: Երբ տեսավ, որ ծնողների հետ լեզու չի գտնում, Ֆլորին առավ ու փախավ: Ինչ իմանար, որ ծնողները շեքսպիրյան ողբերգություններից դասեր չեն քաղել կամ սերը համարում են միայն գրքերում նկարագրվող զգացմունք:
– Մամա-պապաները ուժեղ խփան իրար, իրա մաման ուզում էր շահից ինձ իրա տուն քաշել, իմ մամեն հենց իմացավ , սկսեց: Նույնիսկ ջոկվեցանք, եկան հարձակվեցին, որ տունը քանդեն,- պատմում է Շահենը:
Ստիպված էր Ֆլորին հայրական տուն վերադարձնել: Այդ օրից ոչ մեկի այլևս չի սիրահարվել: Ասում է` կանանց հանդեպ հարգանքով է, բայց սիրել չի կարողանում, հիասթափվել է: Իր սերը, որ այդպես էլ ամբողջ կյանքում չկարողացավ տալ և ոչ մի կնոջ, տվեց երեխաներին: Երեք երեխա որդեգրեց ու մեն-մենակ մեծացրեց: Տարիներ առաջ Իրան է վերադարձել: Մի անգամ այգում Ֆլորին տեսել ու չի մոտեցել: Երջանիկ լինելու համար արդեն ուշ է, չնայած ոչ ինքը, ոչ էլ Ֆլորը այդպես էլ չամուսնացան:
35 տարվա ամուսնական կյանքի վերջակետը դրվեց մի օրում: Կինը քաղցկեղով հիվանդ էր, ինքն այդ իմացավ, երբ կնոջը միայն երեք ամսվա կյանք էր մնացել: Կնոջ մահից հետո Ռուդիկը միանգամից փոխվեց, վախենում էր մենակ հաց ուտել ու նույնիսկ քնել: Բժիշկները
ասում էին` հենց որ կնոջ մահվան սթրեսն անցնի, վախը կվերանա: Բայց վախը այդպես էլ չանցավ: Մենակ մնալու սարսափը հանգիստ չի տալիս հատկապես գիշերը:
– Գիշերը չեմ կարողանում քնել, միացնում եմ հեռուստացույցը էնքան, որ դմբրեմ: Բայց էս գիշեր երազ եմ տեսել, իբր կինս կանչում ա ինձ, վեր թռա ու ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել,- հիշում է Ռուդիկը:
Ռուդիկը հիշում է, մահանալուց առաջ կինը խնդրել էր մենակ չմնալ ու շուտ ամուսնանալ: Ռուդիկը չհասցրեց, մենությունը նրան ֆիզիկապես ու հոգեպես մաշեց, հետո էլ հոգեբուժարանի դուռը հասցրեց: Ռուդիկը դեռ 6 ամիս է, որ մենակ է: Վերադարձել ու ապրում է այն գյուղում, որտեղ ժամանակին ծանոթացել էր կնոջ հետ: Հույս ունի, որ տուն մենակ չի գնա: Մենությունը հոգեկան խանգարման կհասցնի նույնիսկ ամենամուրին:
Մեկը վախենում է միայնակ մնալ, մյուսը երազում մենություն ձեռք բերել: Երկաթգծի պահապանն է ու այս գնացքի մշտական ուղևորը: Կոլյա պապն արդեն տասը տարի է, տուն չի գնում: Կինը հենց այնտեղ մահացավ, իր ձեռքերի մեջ: Կնոջը հողին հանձնեց թե չէ, Կոլյա պապը տնից դուրս եկավ ու չվերադարձավ: Մեքենավարի հոգին նորից դեպի երկաթգիծ կանչեց: Գնացքում ապրում է` մենակ, երեխաներից հեռու: Նույնիսկ իր համար աշխատանք է գտել` երկաթգծի թանգարանն է հարստացնում ու ինքն էլ այն հսկում:
– Գնում եմ, թոռներս շորերս պահում են, ասում են` պապի մնա, բայց ես տեսնում եմ կինս չկա, կառավաթը կա, ինքը չկա, հետ եմ գալիս,- ասում է Կոլյա պապը:
Տղամարդը երբեք ինքնակամ մենակ չեն մնում, մենությունը հետևանք է, պատճառը` ճակատագրական սերը: Եթե կանայք հաշտվում են ճակատագրի հետ ու հարմարվում են միայնությանը, տղամարդիկ դրանից մահու չափ վախենում են: Միայնակ կլինի տղամարդը թե ոչ, մեծ հաշվով որոշում են կանայք:
@NDUNUM EM DZER TESAKETER@,SHAT CHISHT EK MEKNABANUM SOLO MARDU HOGEVICHAK@,BAJZ MI BAN KUZEI AVELAZNEL… INCHU HAJ TXAMARD@ @NDARAJ CHI GNUM JAMANAKI PAHANJNERIN,MNUM E IR NAHAPETAKAN KARGERIN HAVATARIM.INQS SHAT CHAPAVOR MARD EM,ERBEMN NUJNISK VOCH JAMANAKAKIZ,BAJZ ZGACEL EM HAJ TXAMARDU HETAMNAZUTJUN@ U ,HAMOZVAZ EM,VOR SHATERN EN INZ HET HAMAMIT.KNEREQ ANKEXZUTJANS HAMAR.{KEDVIN CHUNEM,DRA HAMAR EM AJSPES GRUM}
XOSQS VOCH BOLORI MASIN E JEV KARAJARKEI MI HAXORDUM NVIRVAZ “”XANDIN” JEV NRA ZAVOT HETEVANQNERIN,NAXAPES SHNORHAKALUTJUN