ԹՈՂՈՐԿՈՒՄ 24-ՐԴ. ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՖԵՐՆ ՈՒ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ
Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ: Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ: |
Բացառիկ թողարկում` նոր բացահայտումներով: Այն, ինչի մասին խոսում են շատերը, գիտեն բոլորը և ոչ ոք չգիտի, թե ինչու: Ովքեր են այն ջրասույզները, որ մարդկանց խեղդում են Սևանա լճում: Ինչ մոգական ուժի ունի Արմավիրի ճանապարհի այս քարը: Արդյոք բուժում է Արմենիկումը: Ռեփ պատերազմ. ով է ում ծեծել` Միշոն Հայկոյին, թե Հայկոն Միշոյին: Հատուկ Ռեպորտաժի մարդաբանական թողարկում-բացահայտումներից: Դուք վերջապես նաև կիմանաք, արդյոք վտանգավոր են բջջայինները, քանի հատիկ կա նռան մեջ և ինչու քնել գիրքը բարձի տակ:
Արտակ Ալեքսանյան– Նյու Յորքի դպրոցներից մեկում շարադրության մրցույթ է հայտարարվել քաղաքի մասին լավագույն միֆի մասին: Հենց նույն օրը Նյու Յորք Թայմսն ու Գարդիանը հրապարակեցին հոլվուդյան մեծ կինոստուդիաների առաջիկա ծրագրերի մասին, որոնց մեծ մասը հիմնված է ժողովրդական միֆերն ու առասպելները էկրան բարձրացնելուն: Ցանկացած քաղաք և գյուղ ունի իր լեգենդը, միֆը, ավանդույթը, որը շատ հաճախ կարող է ունենալ հանրային, երբեմն սոցիալական ու տնտեսական նշանակություն: Միֆերի և կարծրատիպերի երկարակեցությունը հոգեբանները բացատրում են գլխավոր հանգամանքով` մարդկանց հարմար է հավատալը դրանց: Գուցե հարմար է հավատալ, որ բջջայինը կարող է ազդել առողջության վրա, կամ քննատետրը դնելով բարձի տակ` ամեն ինչ կհիշես, կամ որ երեխայի մազերը կտրելով նպաստել դրա փարթամությանը, կամ որ ոչինչ էլ պետք չէ ձեռնարկել, միևնուն է հաջորդ տարին վերջինն է լինելու, և 2012 թվականին գալու է աշխարհի վերջը:
Միֆերն ու առասպելները լինում են և հին, ինչպես օրինակ պնդումը, որ նուռն ունի 365 հատիկ, և նոր, որ օրինակ Արմենիկումը բուժում է ամեն ինչ, կարող է լինել մանկությունից փոխանցված, օրինակ որ ոզնին ուտում է միրգ, չէ որ տեսել ենք մուլտֆիլմերից, և իհարկե շոու բիզնեսից` հայ տղերքի Հայկոն ու Միշոն իրար հետ կռվել են: Երբ հայկական միֆերի ու թյուրընկալումների մասին ռեպորտաժն էինք քննարկում, պարզվեց դրա հեղինակներ Ալկա Չիլինգարյանն ու Սոնա Աբրահամյանը ամեն ինչին էլ հավատում էին: Սկզբում կազմեցին ցուցակ` տեսան շատ շատ է, ընտրեցին առավել հայտնիները, դարձրեցին տասնյակ ու սկսեցին հետազոտել:
Ալկա Չիլինգարյան, Սոնա Աբրահամյան
ԼԵԳԵՆԴ ԱՌԱՋԻՆ. ՔԱՐԵ ԵՐԱԶԸ
Երևանից հեռու է քառասուն կիլոմետր: Գյուղ է, որի բնակիչների կյանքում միստիկան վաղուց արդեն սովորական է դարձել: Մեղավորը քարն է: Երբ է այն հայտնվել այս բլրի վրա, ոչ ոք չգիտի: Գիտեն միայն, որ մի ժամանակ այստեղ քաղաք է եղել` Երևանից էլ հին: Քարը ինքն է ընտրում` ում երազանքը իրականացնի: Այդ որոշման մասին իմանալու համար պետք է փոքրիկ քար ընտրել ու մոտեցնել տուֆի այս կտորին: Եթե մնաց ու չընկավ, ձեր ցանկությունը կատարվելու է:
– Փափուկ քար է, հեշտ է, հղկվող, և եթե դուք վերցնեք այս փոքրիկ քարը, հնարավորինս հարթ, և պտտեցնեք, եթե բախտներդ բերի, կկպնի: Այստեղ պարզ ֆիզիկական էֆեկտ կա, դա բոլոր դպրոցական լաբորատորիաներում կա: Նշանակում է, էնքան ենք հարթացրել, որ ատոմները գտնվում են անհրաժեշտ հեռավորության վրա,- բացատրում է մասնագետը:
ԼԵԳԵՆԴ ԵՐԿՐՈՐԴ. ՀԱՏԱԿՈՒՄ
Քարի պես հին է Սևանի լեգենդը: Դեռ Խորհրդային տարիներին խոսեցին` Սևանի հատակում մարդ կա: Ջրասուզակ մարդասպանները ֆանտաստիկայի ժանրից չեն, բայց Սևանի դեպքն ուրիշ է: Սևանը բարդ լիճ է, հատակն էլ լավ ուսումնասիրված չէ: Պարզվում է, Սևանի հատակը տեսածները քիչ են, բոլորն էլ` գիտնական մարդիկ: Հոգնել են բացատրել` մենք մարդ չենք սպանել:
– Հնարավոր չի, որ նման խմբավորումներ լինեն, ապագայում էլ մենք ուժեղանում ենք և թույլ չենք տա,որ նման բան լինի: Ես դա բացառում եմ կտրուկ և վերջնականապես,- հավատացնում է Սևանի ոստիկանապետը:
Սևանը շատերի կյանքն է կերել, բայց մեղքը սուզվողների վրա գցել պետք չէ, մեղավորը` խմիչքն է: 2009-ին Սևանում 5 մարդ է խեղդվել, 2010-ին` 9-ը: Փորձաքննությունը ցույց է տվել` մեծ մասը հարբած են ջուրը մտել: Սևանի մասին լեգենդներ շատ կան, բայց դրանց հավատացողները սևանցիները չեն: Մայրաքաղաքից եկող բամբասանքների մասին կամ չեն խոսում, կամ խոսում են շատ վրդովված:
ԼԵԳԵՆԴ ԵՐՐՈՐԴ. ՃԱՌԱԳԱՅԹՈՂ ԶԱՆԳ
Հենց որ արտասահմանում սկսվեց բջջայինների արտադրությունը, ծնվեցին նաև հեռախոսների մասին լեգենդները: Միայն թե դրանք արդեն տեղական արտադրության էին:
-Այսօր իհարկե շատերն են խորհուրդ տալիս, որ հեռախոսը չդնեն այնպիսի տեղերում, որ վնասակար լինի: Եվ աբսուրդն այնտեղ է հասնում, որ անգամ անծանոթ մարդը փողոցում կարող է մոտենալ և ասել, որ այդտեղ վնասակար է,- ասում է Դավիթը:
Դավիթի կարծիքով լեգենդը տարածողները մեծահասակներն են: Ասում է` նախանձից են անում` տեխնիկայից գլուխ չեն հանում, ուզում են` երիտասարդներն էլ հիասթափվեն: Իսկ ջահելները ընտրությունը վաղուց են արել. Առողջության ու բջջայինի միջև ընտրում են բջջայինը:
– Բոլոր բջջային սարքերը պարունակում են իրենց մեջ այսպիսի անտենա: Երբ որ մենք գտնվում ենք շատ մոտիկ այդ անտենային, ապա գտնվում ենք ռադիոակտիվ գոտում, եթե մի քիչ հեռու լինի վտանգ բացարձակապես չկա,- բացատրում է ֆիզիկոսը:
ԼԵԳԵՆԴ ՉՈՐՐՈՐԴ. ԳՆԱՀԱՏՎԱԾ ՀԱՎԱՏ
Կա մի լեգենդ, որին սկսում ես հավատալ, հենց ընդունվում ես առաջին կուրս ու անհավատ դառնում դիպլոմը ստանալուն պես:
– Ես մեկ-մեկ պարապելուց հետո տետրս բարձիս տակ եմ դնում, որ կարդացածս չմոռանամ: Մեկ-մեկ էլ երեխեքի մազերը չեն լվանում, որ գիտելիքները գլխից չգնան,- ասում է փորձառու ուսանողը:
Ուսանողական լեգենդամոլությունը Զոյայի դեպքում սկսվեց ընդունելության քննության օրը: Բուհ գնացել էր մեկ, բայց հաջողություն բերող գրիչով: Դրա հաջողությունը անսպառ չէր` թանաքն էր վերջանում: Զոյան համոզված է` համալսարան ընդունվեց միմիայն գրիչի շնորհիվ: Փոխվեց կուրսը, փոխվեց նաև լեգենդը: Քննություններին նույն հագուստով է գալիս: Հիմա էլ հույսը շորերի վրա է դրել: Ուսանողական լեգենդի գաղտնիքը ամենից լավ հասկացել են դասախոսները` խնդիրը ներշնչանքն է:
ԼԵԳԵՆԴ ՀԻՆԳԵՐՈՐԴ. ՅՈԴԱՑՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ
1999 թվական: հեռուստացույցը ցույց է տալիս, ռադիոն խոսում է, թերթերն էլ գրում են` հայերը հայտնաբերել են Արմենիկումը, ՍՊԻԴ-ը բուժված է: 2011 թվական, Արմենիկումը կա, ՍՊԻԴ-ը` նույնպես: Արմենիկումի աստղային ժամն անցավ: Ռադիոն լռեց, թերթերն էլ էլ չեն գրում: Այն, ինչ տեղի ունեցավ 1999-ին, ցնցեց ամբողջ Հայաստանը: Սկզբում Արմենիկումի հրաշքին հավատացին նաև սահմանից այն կողմ: Դեղը պահանջված էր: Տասներկու տարի անց Արմենիկումը դարձավ դեղամիջոց զուտ հայերի համար:
– Չեն խոսում, որովհետև համոզվեցին, որ ՄԻԱՎ-ը այնպիսի վարակ է, որ հեշտությամբ դուրս չի գալիս օրգանիզմից, իսկ Արմենիկումը, ես չէի ասի, որ լռել է, բուժումը այսօր էլ է շարունակվում:
Արմենիկումի ստեղծման պահից դրա էությունն ու նշանակությունը ճիշտ չբացատրեցին: Դեղի մեկ սրվակը դեռ փրկություն չէ: Արմենիկումի գաղտնիքը յոդի մեջ է: Առաջին անգամ ամբողջ աշխարհում հայ գիտնականներին հաջողվել էր յոդից առանձնացնել վնասակար բաղադրությունը և զտած յոդով ներերակային ներարկումներ կատարել: Բժիշկները շարունակում են պնդել Արմենիկումը ունիկալ դեղամիջոց է:
ԼԵԳԵՆԴ ՎԵՑԵՐՈՐԴ. ՓՇՈՏ ՀԵՔԻԱԹ
Առաջին անգամ խորհրդային մուլտֆիլմերում էր. Էկրանին հայտնվեց բարի ու մրգասեր ոզնին: Խորհրդային տարիներն անցան, իսկ խորհրդային լեգենդները սեփականացրեց անկախության սերունդը:
– Ոզնիները բացարձակ չեն սնվում մրգերով, կաթով և հատապտուղներով: Հիմնական կերը ոզնիների միջատներն են, մանր կռծողները,նույնիսկ օձի ձագեր: Այնպես որ ոզնիներին կարելի է դասել գիշատիչների, այլ ոչ թե բարի և ոչ միս ուտող կենդանիների շարքին,- ասում է Կարենը:
Ոզնու փշերը նրա պաշտպանն են: Կարենը ոզնիների մասին մուլտֆիլմերից չէ, որ գիտի: Սիրում է նրանց ու առանց վարանելու ձեռքն առնում, բայց մյուսներին խորհուրդ է տալիս. զգույշ եղեք, փշերը ոչ միայն ծակող են, այլև թունավոր:
ԼԵԳԵՆԴ ՅՈԹԵՐՈՐԴ. ՏԱՐՎԱ ՀԱՏԻԿԸ
Հայկական մրգերի թագուհին, ազգային ճարտարապետության մշտական մասնիկը, Վերնիսաժի գլխավոր հերոսուհին ու տարվա խորհրդանիշը: Նռան 365 հատիկի լեգենդը հին է ու փխրուն, բավական է միայն հաշվել: Նռան լեգենդը հայերի մեջ ամենասիրվածն է: Թե ով է առաջինը տարածել 365-ի տեսությունը, գիտությանը հայտնի չէ, բայց ամեն ինչ անում են, որ լեգենդն այդ հանկարծ վերջ չունենա:
Որմիզդուխտը միակն էր, որ չզլացավ, նուռ գնեց ու սկսեց հաշվել: Առաջին արդյունքը զարմացրեց, բայց չհամոզեց, որոշեց մի նռան պարունակություն էլ հաշվել: Հիմա արդեն հաշիվը կորցրել է, բայց հայկական լեգենդների բացառիկ բացահայտումը իրենն է:
– Լինում են մեծ պտուղներ, լինում են փոքր: Կապված սերմի չափից` նուռը կարող է ունենալ քառասունից մինչև հազար հինգ հարյուր հատիկ,- փաստում է Որմիզդուխտը:
Ով էլ հաշվի ու քանի անգամ հաշվի, դժվար թե համոզի. սիրելի լեգենդը անձեռնմխելի է: Անվերապահորեն հավատացողներից էր Հատուկ ռեպորտաժի օպերատորը, որին մասնագետը այդպես էլ չհամոզեց:
ԼԵԳԵՆԴ ՈՒԹԵՐՈՐԴ. ՓԱՐԹԱՄ ՃԱՂԱՏՈՒԹՅՈՒՆ
Լեգենդները երբեմն անմեղ զոհեր էլ են ունենում: Սկսում են ամենափոքրերից: Ասպրամն էլ է ժամանակին զոհ եղել: Նրան զրկեցին մազերից, երբ արդեն ինը տարեկան էր: Լեգենդին էին հավատում` հետո փարթամ մազեր է ունենալու:
– Երկուսից երեք տարեկանում երեխաների մազերը սկսում են կտրուկ աճել, դա համընկնում է նրա հետ, որ երեխաներին քաչալացնում են, և մարդկանց թվում է, թե դրանից են շատանում մազերը,- ասում է Ասպրամը:
Քաչալացնելով, թե առանց դրա, բնությունը ինչ մազ տվել է, այդպիսին էլ կունենաս: Արհեստական մեթոդները անզոր են:
ԼԵԳԵՆԴ ԻՆՆԵՐՈՐԴ. <<ՍԱՐՔՈՎԻ>> ԿՌԻՎ
2009-ին ՀՏ Հայկոյի Քուանշ երգից հետո հայկական ռեփի այսպես կոչված պապաները խզեցին բարեկամական կապերը: Հայ իրականության մեջ սա նոր բան էր: Երկու ընկերոջ կռիվը դարձավ բոլորի քննարկման առարկան: Հայկոն երգով Միշոյի հարցերը լուծեց:
– Կեսը ասում էին` Միշոն Հայկոյին տփեց, մյուսները` Հայկոն Միշոյին տփեց, բայց տենց բան չի եղել, եղել է նորմալ զրույց:
Միշոյի պատասխանը չուշացավ: Բայց եթե Հայկոն հարձակվում էր` հավատարիմ մնալով մենամարտի կանոններին, Միշոն պաշտպանվում էր չթույլատրված հնարքներով, այն ինչ չէր համարձակվում ասել մի քանի տարի, ասեց մի շնչով:
– Դա փիար չի եղել, չնայած մինչև հիմա էլ շատերը համարում են , որ դա սարքած գործ է եղել, իրականում դա կռիվ էր իմ ու Միշոյի միջև` գործնական, որը դարձավ մասսայական,- ասում է ՀՏ Հայկոն:
Միշոն հնարեց մի վարկած, որը հարմար էր իրեն, և հետաքրքիր էր իր սերնդին: Հայկոն խոստովանում է` պատրաստ էր նման շրջադարձի: Հայկական շոու-բիզնեսի ամենասկանդալային լեգենդը բացահայտված է. Հայկո- Միշո կռիվը տրյուկ չէր: Վեճ էր, որ չկարողացան երկուսով լուծել:
ԼԵԳԵՆԴ ՏԱՍՆԵՐՈՐԴ. ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄԱՀՎԱՆ ԴԵԴԼԱՅՆԸ
2012 թվականը շատերը դիմավորելու են խրամատներում, մթության մեջ: Աշխարհի վերջն է գալու: Բայց եթե իսկապես լինի աշխարհի վերջը, չեն օգնի նույնսիկ խրամատները: Այնպես որ թողեք պատրաստություններն ու շարունակեք ապրել: Մարդկությունը առաջին անգամ չէ, որ մահվան է պատրաստվում: Լեգենդը նույնն է` շուտով վերանալու ենք: Փոխվում են միայն տարեթվերը` 1999, 2000, հիմա էլ 2012- ին ենք սպասում:
– Կենտրոնացան երկու 2012-ի վրա, դա համընկնում է Մայաների օրացույցի հերթական պարբերաշրջանի ավարտի հետ, դա դեկտեմբերի քսանմեկին պետք է լինի: Ավարտվում է տասներեքերորդ ցիկլը, բայց բնականաբար դրանից հետո սկսվելու է տասնչորսերորդը,- պազրզաբանում է աստղագետ Արեգ Միքայելյանը:
Hatuk reportaj@ voch mi vat toxarkum chi unecel………………sa el bacarutyun cher,aveli lav qan sranic arajvan@
Ays reportaj@ shat em havanel,spasum em nor bacahaytumneri!!!!
yes kcankanyi vor duq dzer arajika toxarkumneric mekum anradarnayiq Evratesil ergi mrcuytin yev patmeiq Evratesilyan rekordneri, skandalneri yev mer ays tarva anhajoxutyan masin