ԹՈՂԱՐԿՈՒՄ 6-ՐԴ. ՓՈՇԻԱՑԱԾ ՓՈՂԵՐ
Ռեվիզորի հետքերով: Վերահսկիչ պետբյուջեի պալատի ընդամենը 4 տոկոսի ստուգայցից երկու կանգառ` Հնեվանք: 14 դարյա եկեղեցու պատմությունն այդքան խճճված չէ, որքան դրա քառամյա վերանորոգման պատմությունը: Տալվորիկ համայնք: Ինչու է գյուղապետը գնել 20-ամյա վաղեմության գյուղտեխնիկա և ինչու է այն գնել իր գանձապահի որդուց:
Արտակ Ալեքսանյան – Արդյունավետ կառավարումն առաջին հերթին արդյունավետ ծախսելն է: Վերահսկիչ պալատը վերջերս ներկայացրեց հինգ նախարարությունների ստուգումների արդյունքները: Առավել շատ խախտում թույլ տվածներից մեկը մշակույթի նախարարությունն էր: Միայն վերջին երկու տարիներին հուշարձանների վերականգման պետական ծրագրի վերահսկիչի ուսումնասիրությունը հայտնաբերել է 190 մլն դրամի խախտում, որից մոտ 120 մլնը պետք է վերադարձվի պետբյուջե: Վերահսկիչը, բացի ֆինանսավորումից, ուսումնասիրել է նաև 44 պատմամշակութային հուշարձանից 5-ի վերականգնումը, որ սկսվել է դեռ 2005-ին: Նրանց հետքերով Հատուկ Ռեպորտաժը նույնպես մեկնեց այդ վերականգնվող համալիրներից Հնեվանքի շինհրապարակ` պարզելու, ինչից է դժգոհ Վերահսկիչը:
Գոհար Մանուկյան – Լոռիի Հնեվանքի 14 դարյա կենսագրությունն այդքան խճճված չէ, որքան եկեղեցու նորոգման ընդամենը քառամյա պատմությունը:
Կառավարությանը 2005 թվականի որոշմամբ սկսեց Հնեվանքի վերականգնում: Սովորաբար, ըստ կարգի ու տրամաբանության, եկեղեցու վերականգնումը շինարարական կազմակերպությունը պետք է սկսեր այցելելով Չարենցի փողոց` Հնագիտության ինստիտուտ:
Հնեվանքի վերականգնումը հանձնարարվեց Գուգարք ընկերությանը: Հենց այս ընկերությունը պետք է վճարեր 30 հազար դրամ` հնագետի փորձագիտական ծառայության համար: Այս խնայողության հետևանքով ընկերության տնօրենն այսօր բանտում է: Սամվել Հովսեփյանի դեմ հարուցվել է քրեական գործ:
Հետաքրքիր է երկու հանգմանք` քրեական գործերը ըստ դատախազության, ֆինանսական չարաշահումների մաիսն է: Մինչդեռ Վերահսկիչը ամենամեծ բացթողումը համարում է վերականգնման տեխնոլոգան և շինանյութը: Եկեղեցին վերականգնել են մի քանի տեսակի քարերով` այդ ընթացքում չնկատելով բնօրինակները` հենց եկեղեցու տարածքում:
Արեգ Հայրապետյան, Մշակույթի նախարարության իրավաբան – Սրբատաշ քար է, որ տարիների ընթացքում դառնում է նույնը: Մենք կարող ենք հնեցնել, բայց դա ընդունված չէ ճարտարապետության մեջ:
Մարտին Քյուրքչյան Վերահսկիչ պալատի 6-րդ վարչության պետ – Գավիթի քարը բազալտ է, բայց հիմա ֆելզիտ են արել: էդ դարում ինչ ֆելզիտ:
Վանական համալիրի գործը ուսումնասիրել է Մարտին Քյուրքչյանը: Վերահսկիչ պալատի 6-րդ վարչության պետ, մասնագիտությամբ ճարտարապետ Քյուրքչյանը Հնեվանքի ստուգումից վերադարձավ լուսանկարների մի ամբողջ տրցակով: Ընդամենը մի պատի օրինակով, շինարարները ջանացել էին ցույց տալ քարաշատ երկրի ողջ բազմազանությունը` չպահպանելով անգամ գունային ներդաշնակությունը:
Մարտին Քյուրքչյանը, Վերահսկիչ պալատի 6-րդ վարչության պետ – Այն վերակառուցումը, որ իրականացվում է Հնեվանքում, իրականում կառուցում է: Այս հատվածում 1-2 քար է օգտագործված շինարարության ընթացքում:
Հնեվանքի 2005-ից սկսված քառամյա վերականգնողական աշխատանքում Մշակույթի նախարարությունը թերություն նշմարեց միայն 2008-ին: Այն էլ զուտ ֆինանսական:
Վերահսկիչ պալատի զեկույցից.
Գուգարք ընկերությունը, պայմանագրի համաձայն 321 միլիոն դրամ է ստացել ` պարտավորվելով վերականգնել Լոռի մարզի երկու եկեղեցի: 321 մլն արժողության պայմանագրային գումարից պետք է բյուջե վերադարձնել 57 մլն դրամը: Պալատն արձանագրում է 38 միլիոն դրամի չհիմնավորված ծախս:
Լոռիի դատախազությունը 2008-ին գործ է հարուցել Սամվել Հովսեփյանին պատկանող ՋՈՋ ընկերության դեմ` ֆինանսական չարաշահումների հիմքով: Նախաքննությունը պարզել է, որ Սամվել Հովսեփյանը պետական համարվող միջոցնել օգտագործել է սեփական ընկերության նպատակներով: Մշակույթի նախարարության գրավոր դիմումից հետո, դատախազությունը ԳՈՒԳԱՐՔ-ի դրամարկղում հայտնաբերել է 32 միլիոն դրամի պակասորդ:
Արեգ Հայրապետյան, Մշակույթի նախարարության իրավաբան – Գուգարքը անցած տարի քաղաքաշինության նախարարությունից մեկ այլ պատվեր է ունեցել ու դա չի կատարել: Եվ դուրս է մնացել շին. աշխատանքներ իրականացնող ընկերությունների ցանկից:
Լոռիի դատախազությունը փոխանցում է` Գուգարքի տօրենը Հարկային պարտավորութուններից խուսափել է: Հարկայինին պետք է վճարի 42 միլիոն դրամ:
Բոլոր գործերը կքննվեն մի վարույթում: Հովսեփյանի դեմ հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերի յուրացման մեղադրանքով: Խափանման միջոց ընտրվել է կալանքը: Կատարվում է նախաքննություն:
Կարեն Հակոբյան Գուգարք ՓԲԸ ժամանակավոր պաշտոնակատար – Ֆինանսական եւ շինարարական շեղումներ են հայտնաբերվել, որից հետո սառեցվել են գուգարքի հաշիվները:
Դատարանը կարդարացնի Սամվել Հովսեփյանին, թե ոչ, փողը կվերադարձնեն պետական բյուջե, ցույց կտա ժամանակը, մինչդեռ գլխավոր հարցը մեկն է` արդյոք? կառավարության որոշումը օգնեց պահպանել?, թե? ոչնչացնել մեր ազգային ժառանգությունը:
Արտակ Ալեքսանյան – Հաջորդը` Տալվորիկ համայնքն է: Այստեղ համայնքի պատմությունն ընդհանրապես զավեշտալի է: Գյուղապետը, սեփականաշնորհած հողերի գումարը ծախսել է գյուղտեխնիկա գնելու համար: Թվում էր, թե նորմալ է: Սակայն խնդիրն այն է, որ ամենաթարմ տեխնիկան 20-ամյա վաղեմության է: Ավելին, լոռեցու պարզությամբ ամրավիրցի գյուղապետը պնդում է, որ ավելի թարմ գյուղտեխնիկա Հայաստանում հնարավոր չէ գնել: Այսինքն, մեր երկրում 1989 թվականից այս կողմ, նոր տեխնիկա չի ներկրվել: Հետո, պարզվում է, որ այդ տեխնիկան գնել է ոչ թե մասնագիտացած ընկերությունից կամ մրցույթով, այլ իր գանձապահի որդուց: Երբ Մանու Իրիցյանը մեկնեց Տալվորիկ, Վերահսկիչներից մի քանի օր անց, անմխիթար վիճակում գյուղտեխնիկան ներկել էին ու պնդում էին, որ ամեն ինչ աշխատող է: Կարգի բերեցին, թե կարգին էր ի սկզբանե, այսօր պարզել հնարավոր չէ:
Մանու Իրիցյան – Ռուսական զորամասի նախկին կրակակետն արդեն կես տարի լրատվամիջոցների ու պետական պաշտոնյաների ուշադրության թիրախն է: Ամեն ինչ սկսվեց, երբ Տեղեկատվության ազատության կենտրոնը այս մայիսին պահանջեց Տալվորիկի համայնքային բյուջեի տարեկան հաշվետվությունը: Օրենքով սահմանված ժամկետը լրանում էր, իսկ պատասխանն ուշանում:
Կիրակոս Սաղաթելյան -Տալվորիկի գյուղապետ – Չէինք կարողանում, ժամանակ չկար: Ասեցինք, ինչ ձեզ հետաքրքրում ա կարող եք մարզպետարանում կա: Գրեցինք, որ կարող եք ստանալ մարզպետարանի կոմպյուտերային. կոմպյուտերից, տենց են ասում:
Գյուղապետի ու տեղեկատվության ազատության կենտրոնի հաջորդ հանդիպումն արդեն դատարանում էր: Գյուղապետից պահանջում էին տեղեկատվություն եւ փոխհատուցում:
Շուշան Դոյդոյան- Տեղեկատվության ազատության կենտրոնի տնօրեն – Երբ հարց էինք տալիս, թե որ կայքում պետք է ծանոթանանք, դատարանից ընդմիջում պահանջեց: Եռօրյա ժամկետ, որ ճշտի:
Գյուղապետարանի նոր վարչական շենքը կառուցել է Տագատէ ընկերությունը: Ըստ այս արձանագրության` շինարարությունն ավարտվել է դեռեւ 2008-ին: Ընկերությունը ստացել է իր բաժին 3մլն. 745հազար դրամը, սակայն գյուղապետարանի շենքը չի բացվել:
Կիրակոս Սաղաթելյան -Տալվորիկի գյուղապետ – Ցրտի պատճառով չենք արել: Գումարը փոխանցվելա, քանի որ տարին փակում էինք, որ չմնար:
Վերահսկիչ պալատը բյուջեի կատարողականում չգտավ նաեւ խմելու ջրի, էլեկտրական հոսանքի համար հավաքագրված գումարի ծախսային հիմնավորումը: 856 հազար դրամը կախված մնաց օդում: Գյուղապետի արդարացումը սա է. միայն 2007-ին խորքային հորի պոմպը երեք անգամ վառվել է քամիների ու հոսանքի տատանման պատճառով:
316 բնակիչ ունեցող Տալվորիկ համայնքում միայն վերջին երկու տարիներին օտարվել է գրեթե 150 հեկտար հող: Մինչդեռ տարեկան հարկը` 2 մլն 81 հազար դրամը, չի երեւում: Վերահսկիչն արձանագրել է խախտումներ նաեւ մրցույթների ու աճուրդների անցկացման գործընթացում:
Դատախազության տվյալով` 2005-2008 թվականներին համայնքը ձեռք է բերել 48 մլն. դրամի գյուղատնտեսական տեխնիկա: Վերահսկիչը պնդում է, որ այն նոր չէր, ավելին, պիտանիության առումով դասում է մետաղի ջարդոնի շարքին:
Գեղամ Հովեյան – Ամենաթանկ տեխնիկան գնվել է 2007-ին 5 մլն.126 հազար դրամով 81 թվականի տրակտոր. նկարը: Մեկնաբանություններն ավելորդ են: Գնվել է նաեւ 5 մլն. 445 հազար դրամի տարբեր գյուղգործիքներ, որն ավելի շատ մետաղի ջարդոն է հիշեցնում:
Ըստ Վերահսկիչ պալատի, գյուղապետը յուրացումներ է կատարել, ընդ որում տեխնիկան գնել է իր, իսկ գանձապահի որդուց: Ըստ գյուղապետի` ինքը որեւէ ապօրինի գործողութղություն չի կատարել: Ըստ վերահսկիչի` սրանք են գյուղի 48 միլիոնանոց տեխնիկան: Ըստ գյուղապետի` սրանք: Մի բան պարզ է. նույնիսկ անկողմնակալ աչքով հնարավոր չէ պարզել, տեխնիկայի աշխատունակության աստիճանը եւ դրա համապատասխանությունը գնին: Դա միայն անկախ ապրանքագիտական փորձաքննության գործն է: Տալվորիկի ղեկավարի գործն արդեն դատախազությունում է, նրան մեղադրում են քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով` մեղադրանքով:
Արմեն Նիկողոսյան ՀՀ գլխ. դատախազություն – Հափշտակված գումարների չափը, որպես վնաս, ներառվել է նաեւ քրեական գործում: Բացի այդ, արձանագրվել է, որ նա շուրջ 1 մլն. 200 հազար դրամի տարբեր տեսակի վարձավճարներ չի ներառվել համայնքային բյուջե: Ըստ իր բացատրության, ոչ նպատակային ծախսեր են:
Բազմազավակ ընտանիքի հայր 49-ամյա Կիրակոս Սաղաթելյանն ունի հինգ դուստր եւ մեկ որդի, որոնց հետ ապրում է կիսակառույց այս տանը եւ վարում է հնամաշ ռենջ ռովերը: Արմավիրցի գյուղապետի հոբբին` թենիսն է: Ու հենց թենիսի տրամաբանությամբ նա պատրաստվում է իրեն նետված գնդակը հետ վերադարձնել:
Մեղավորության վարկածից բացի կա նաեւ անմեղության կանխավարկած: