ԹՈՂԱՐԿՈՒՄ 20-ՐԴ. ԲՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ

logo2Մեր իրականության նոր անոմալիան. հրապարակավ խախտում են, խոստովանում և վճարում տուգանքները: Բայց արդյունքում, աղտոտվածությունն էլ վերածվում է անոմալիայի: Անտառն ու անտառապահն այսօր միայնակ են ընդդեմ կացնահարների: Անտառապահներ` առանց միջոցների և օգնության, և տեսուչներ` առանց խղճի ու պատասխանատվության: Այն, ինչ թաքնված է պաշտոնական հաղորդագրությունների հետեւում: Այն, ինչի մասին նույնիսկ տեղերում վախենում են խոսել: Անտառն ու Ախթալան` Հատուկ Ռեպորտաժի ուսումնասիրության թիրախում: Մեծ տառապանք է աշխատել անտառապահ և ապրել այդ տառապալից պայմաններում:

Արտակ Ալեքսանյան – Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը շուտով կավարտի Բնապահպանության տեսչության նախկին պետի եւ նրա տեղակալի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Այս երկու պաշտոնյաներին մեղադրում են բնապահպանական կոռուպցայի մեջ: Հենց նրանց գործի քննությունն իրականում ցույց է տալիս ոլորտի կոռուպցիոն այն խոցերը, որի պատճառով բնությանը հասցվում է անվերականգնելի վնաս: Բնապահպանականը երբեք չի եղել ու հիմա էլ պարզունակ կոռուպցիա չէ: Դրա հիմքում տուգանքներն են. ոչ ոք չի հրաժարվում, ու միշտ էլ խոշոր հանքարդյունաբերողներն ու կորպորացիները հաճույքով վճարում են բոլոր տուգանքները, որովհետեւ այդպես հարմար է` վճարել օրինակ տասը հազար դոլար` հստակ իմանալով, որ ազատվում ես գլխացավանքից, գործում ես օրենքի շրջանակում եւ, ի վերջո, ստանալու ես միլիոնավոր դոլարի օգուտ:
Նելլի Հարությունյանն այցելել է Ախթալա, որտեղ, մի կողմից, կոմբինատի շահագործումը մարդկանց զբաղվածությունն է ապահովում, որ ապրեն, բայց նաև այդ շահագործումից ստեղծվում են ապրելու համար անտանելի պայմաններ:

photo19Նելլի Հարությունյան – Անիչկա տատիկը կյանքի 80 տարիների կեսից ավելին այստեղ է ապրել` Ախթալայի ձորակում, գետի ափին: Ինքն է, Ղարաչն ու հավերը: Առաջ կով էլ էր պահում, բայց հիմա առողջությունն արդեն այն չէ: Ամուսինը մահացել է, հինգ երեխաներից 3-ը Հայաստանում չեն, երկուսն էլ Վանաձորում են: Ինչ Ախթալայի կոմբինատը վերագործարկել են, ինքն էլ է մտածում գնալու մասին: Պոչամբարն ուղիղ տան գլխին էր: Ընդամենը մի տարի առաջ են այն տեղափոխել, բայց դրանից համարյա բան չի փոխվել: Չշահագործվող պոչամբարից ջրերը շարունակում են հոսել նրա տան մոտով: Դատարան է դիմել, կոմբինատից փոխհատուցում է պահանջում.

Ասի, պարոն Սերոբ, ես իմ տան փողն եմ ուզում: Ասավ` 55 հազար դրամ կտամ, դոլար չեմ տա,-կոմբինատի սեփականատիրոջ պատասխանից Անիչկա տատիկը շատ է սրտնեղել:

Գետի ջուրը ոչ մի բանի պիտանի չէ: 2001-ից սկսած այն նորից աղտոտվում է պոչամբարից հոսող ջրերով: Անիչկան նույնիսկ ձեռքերը չի լվանում դրանով, ուր մնաց թե խմի: Հավերին էլ է արգելում, ապահովության համար ցանկապատ է քաշել:

Փակել եմ սաղ, հավերից հինգ հատը գնացել էին, խմել էին էդ ջրից, սատկել:

photo28Ախթալայում երեք պոչամբար կա: Մեծ լոռեցու հեքիաթի նման` երկուսը` մեռած, մեկի մեջ էլ իսկի շունչ չկա: Այլ կերպ ասած, երկուսը չեն շահագործվում, իսկ երրորդ` աշխատող պոչամբարն էլ, իրականում, շահագործման ենթակա չէ: Իսկ Այրում-Ճոճկան ձորի Նահատակ կոչվող պոչամբարը միայն վերականգնելուց հետո է հնարավոր շահագործել:

Ախթալա գետակը խառնվում է Դեբեդին: Ինչ է դառնում դրանից հետո Դեբեդը, ահազանգող տվյալների մասին մասնագետներն առայժմ չեն խոսում: Բայց որ Ախթալան վաղուց արդեն գետ չէ եւ նման է պոչանքի, այդ մասին աղաղակում են փորձաքննության արդյունքները:

photo36
Գետում բնական ջուր չկա, մինչեւ Դեբեդ հասնելը կեղտաջուր ա` հանքարդյունաբերության կեղտաջուր, ուղղակի էստեղ մեր բախտը բերել ա, որ Ախթալա գետի հզորությունը շատ փոքր ա, հոսքն էլ` շատ փոքր եւ նրա ազդեցությունը շատ մեծ չի,- նշում է Հայէկոմոնիտորնգի փոխտնօրեն Սեյրան Մինասյանը:

-Նույնիսկ դժվարանում ենք անալիզ կատարել, գետն այնքան աղտոտված ա, կավույթային մասնկիները այնքան շատ են լինում, որ անհրաժեշտ է լինում ջուրը պահածոյացնելու, նոսրացնել,- գործի դժվարություններից է պատմում Հայէկոմոնիտորինգի ջրի որակի մոնիտորինգի բաժնի ղեկավար Գայանե Շահնազարյանը:

photo45Վերջին հինգ տարում Ախթալա գետում ծանր մետաղների տեսակարար կշիռը գրեթե չի փոխվում և շարունակում է գերազանցել թույլատրելիի վերին սահմանը: Ծանր մետաղների բարձր պարունակությունը քաղցկեղածին է եւ մարդու առողջության համար խիստ վտանգավոր: Մակերեւութային ջրերի համար Հայաստանում ընդունված նորմատիվներով մեկ լիտրում ցինկի պարունակությունն, օրինակ, առավելագույնը կարող է լինել 0.01 միլիգրամ: 2009-ի միջին տարեկան տվյալներով Ախթալա գետում այն դիտվել է 2.02 մգ/լ: Այսինքն` թույլատրելի սահմանը գերազանցվել է 202 անգամ: Վերահսկումը մոնիտորինգի կենտրոնի գործը չէ: Բնապահպանության նախարարության տեսչությունն է պարտավոր պարզել, թե ով եւ ինչպես է աղտոտում միջավայրը: Տեսչությունը 2009-ի դեկտեմբերին շրջակա միջավայրն ու ջրային ռեսուրսները աղտոտելու համար Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին տուգանել էր 10 միլիոն 140 հազար դրամ: Կարինե Դանիելյանը ոգեւորվել էր: Վերջապես նախարարությունն արձագանքել էր բնապահպանների ահազանգերին:

photo55 Նախարարությունը պնդել էր երկու խնդիր, նախ` պոչամբարը կարգի բերել եւ երկրորդը` անցնել շրջապտույտ ջրօգտագործման համակարգի, որը դժվար պրոցես է, տեխնոլոգիական մեծ նորություններ է պահանջում: Կոմբինատը կիսով չափ իրականացրել է,- նշում է Բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը:

photo65Ոգեւորությունից մասնիկ չմնաց, երբ տուգանքը նշանակելուց շաբաթներ անց` դեկտեմբերի 28-ին Ոստիկանությունը ձերբակալեց Բնապահպանության տեսչության պետին եւ պետի տեղակալին` կաշառակերության մեղադրանքով: Կարինե Դանիելյանը հիշում է, երբ նախարար նշանակվեց, աշխատողներին առաջին հերթին զգուշացրեց` կաշառք չվերցնեք: Նախարար Արամ Հարությունյանը կամ մոռացել էր զգուշացնել, կամ մեկ այլ պատճառով Ախթալայի կոմբինատում հայտնաբերած խախտումներն ամբողջությամբ չարձանագրելու, տուգանքի չափը տասը միլիոն դրամով կրճատելու համար Բնապահպանության տեսչության պետի տեղակալը 5 միլիոն դրամ կաշառք էր ստացել ընկերության խորհրդի նախագահի օգնականից: 3 միլիոն 790 հազարը պետին էր տվել: Կաշառքը նաեւ նրա համար էր, որ Այրում-Ճոճկան ձորում շրջանառու ջրամատակարարման համակարգը շահագործման հանձնելու ժամկետը հետաձգվի:

Բնապահպանության տեսչության պետի եւ տեղակալի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործը մտել է դատարան: Բնապահպանության նախարարն առայժմ հրապարակային որեւէ գնահատական չի տվել կատարվածին: Փոխարենը նախկին նախարարներն են բացահայտում բնապահպանության ոլորտում կոռուպցիայի առանձնահատկություններն ու գաղտնիքները:

Ես որ աշխատում էի, ինձ ասում էին, դե,պարզ ա, որ նախարարությունը կոռուպցիայով չի զբաղվում, դուք ինչ ունեք, որ ինչ վերցնեք; Բայց այդպես չի, որովհետեւ նախարարության ֆունկցիան վերահսկողությունն է: Եթե վերահսկող ես, այդ գայթակղությունը շատ մեծ է, հատկապես հսկվող օբյեկտներն էլ անընդհատ փորձում են ռիսկի ենթարկել նախարարությանը,- խոստովանում է ռիսկերից խուսափած Կարինե Դանիելյանը:

Թե կա բնապահպանական հանցանք, այն անտեսելու գայթակղիչ առաջարկներ միշտ էլ կլինեն: Վարդան Այվազյանը խոստովանում է, որ իրեն էլ առաջարկել:

Ռիսկի ամենամեծ տոկոսը պարունակում է վերահսկողությունը: Պետք է օրենքները հստակեցնել, որ մանեւրելու տեղերը հնարավորինս քիչ լինեն,- բացատրում է ներկայիս պատգամավոր, նախկին նախարար Վարդան Այվազյանը:

Օրենքները հստակեցնելու կարիք կա: Օրենսդրական դաշտում, ինչպես մասնագետներն են ասում, բացերը շատ են, իսկ ահա այս դաշտում ամեն ինչն է բաց, ոչ ցանկապատ կա, ոչ զգուշացնող ազդագիր, ոչ արգելող որեւէ նշան: Հովվերգական պատկերը կատարյալ է:
Ճոճկան-Այրում հատվածում վիճակն ավելի բարդ է: Վաղուց փակված, բայց այդպես էլ չծածկված պոչամբարը ձորակն անցնելու ուղիղ ճանապարհ է ոչ միայն կենդանիների, այլեւ մարդկանց համար:

Արտակ Ալեքսանյան – Տուգանքները վճարիր և հանգիստ ապրիր` հայտնի ռուսական գովազդը վերափոխված իրականում ցույց է տալիս այն ցինիկ վերաբերմունքը, որ այսօր կա բնապահպանության ոլորոտում: Ավելին, անտառների պահպանության դեպքում արդեն խոսքը գնում է այնպիսի պայմանների մասին, որոնց դեպքում ի սկզբանե հայտնի է, որ անհնար է պահպանել անտառը: Նախ, ծառերը կտրելու տուգանքներն են փոքր, երկրորդ` անտառապահներն այսօր զինված են նախնադարին հարիր գործիքներով` ոչ փոխադրման միջոցներ, ոչ էլ պահպանության: Ավելին, այսօր անտառտնտեսությունը այնքան արագ է փոխում իրեն գերակա նախարարությունները, որ այդպես էլ չի հաջողվում որևէ համապարփակ բարեփոխում իրականացնել: Մինչդեռ անտառները, այսօր արդեն երկրի ամենամեծ հարստությունն են: Առանց անտառի` ամեն ինչ է վտանգված` անապատացումն ու օդի աղտոտվածությունը, եղանակային փոփոխությունները, ստորգետնյա ջրերի հոսքերն ու ջրհեղեղները, հիվանդություններն ու զբոսաշրջության անկումը` հենց դրա արդյունքն են:

Գոհար Մանուկյան – Մարտուն Ավագյանը անտառում է` 10 ամիս, նա Դսեղի նորանշանակ պետն է:: Պատասխանատու է 15 հազար հեկտար անտառի համար: Այն հսկելու և Լոռվա կանաչը պահպանելու համար Մարտունն ունի ընդամենը 14 անտառապահ: Յուրաքանչյուրին հասնում է միջին հաշվով հազար հեկտար և 30 հազար դրամ աշխատավարձ: Դեռ չունի հանդերձանք, զենք-զինամթերք կամ որևէ փոխադրամիջոց` թեկուզ ձի: Թեև շատ կուզեր ունենալ, բայց չի եղել, չկա, և չի էլ լինելու:

photo74
Անտառտնտեսությունում սովորույթ կա, որ դիրեկտոր ես գնում, ցավակցում են եւ ոչ թե շնորհավորում: Երեւի դրա համար հիմնավոր պատճառներ կան,- աչդեն ինքն էլ է կատակում` Դեսեղի անտառտնտեսության պետ Մարտուն Ավագյանը:

 
photo83Պատճառներն առավել քան հիմնավոր են: Մարտունի նախորդներն այսօր բանտում են: Նախորդ տնօրենն ու հաշվապահը երկու ամիս առաջ ձերբակալվել են` պաշտոնական դիրքը չարաշահելու եւ փաստաթղթերը կեղծելու համար: Նրանց սպառնում է մինչև չորս տարի ազատազրկում: Փաստաթղթային կեղծարարությամբ փորձել են յուրացնել ավելի քան 5 մլն դրամ: Թումանյանի քննչական բաժանմունքում չեն հասցնում շունչ քաշել Հայանտառից. մի քրեական գործը ճանապարհում են դատարան, անմիջապես սկսվում է մեկ այլ գործի նախաքննությունը: ՀայԱնտառ ընկերության մասնաճյուղերում միայն 2008-ին գրանցվել է երկու հազարից ավելի ապօրինի ծառահատում, պետությունը կրել է մոտ 85 միլիոն դրամի վնաս: Դատարան ուղարկված 172 քրեական գործից 135-ը վերցվել են դատական վարույթ: Նույն տարում էլ ՀայԱնտառում 100 մարդու են ազատել աշխատանքից: Պակաս տպավորիչ չեն նաեւ 2009-ի թվերը: Աղմկահարույց էր Ջիլիզայի գործը:

2009-ի տվյալով 3 տարվա ազատազրկում տվեցինք եւ նա կրում է իր պատիժը, վնասն էլ փոխհատուցվում է` Ջիլիզայում,- ասում է Բնապահպանության տեսչության պետի տեղակալ Կառլեն Պապոյանը:

Քրեական գործով հիմնական մեղադրյալը անտառտնտեսության արդեն նախկին տնօրեն Հենրիկ Քոչինյանն է: 3 ստուգում և 30 մլն դրամի խախտում: Ձերբակալված է նաեւ անտառապահը, որը Վրաստանի քաղաքացի է:
Որքան մեծ է անատառապահին վստահված տարածքը, այնքան անպաշտպան է նա: Անտառապահի ձեռքին զենք չկա, իսկ ծառ կտրողը անտառ սովորաբար գալիս է զինված, բացատրում է անտառապահ Դավիթ Ղազարյանը: Նա այն սակավաթիվ երջանիկներից է, որ երեք տարի նույն գործին է: Մյուսները կամ ծառ կտրելու գայթակղությանը չեն դիմանում կամ էլ` քիչ աշխատավարձին:

Զենք ա պետք, ձի ա պետք, ոտքով դժվար ա քայլել, աշտավարձը քիչ ա,- դժվարություններն է մեկ առ մեկ թվարկում Դսեղի անտառտնտեսության անտառապահ Դավիթ Ղազարյանը:

photo92Իր 1200 հա-ը հսկելու համար անտառապահը շատ ժամանակ չունի` օրը ութ ժամ: Մինչդեռ երկու ամիս է հարկավոր ոտքով անցնելու համար իրեն վստահված տարածքը: Բնապահպանական տեսչությունն ամեն ծառատեսակի համար ունի տուգանքի չափ, որը սահմանված է Վնասի հատուցման սակագնի մասին օրենքով: Այստեղ ամեն ծառատեսակ ունի իր գինը` ամեն սանտիմետր մեծացնում է ծառի արժեքը: Օրինակ անցած տարի Դսեղի անտառտնտեսությունում 84 ծառ ապօրինի հատելու վնասը կազմել է մոտ 4 ու կես միլիոն դրամ:

photo102Գյուղացիների դեմն առել են` մեկ տարի է Հայանտառը շրջակա գյուղերի բնակիչների համար հակակոռուպցիոն զեղչ է արել: Մեկ խորանարդ մետր փայտը հազար դրամով է վաճառում: Բայց հզորների դեմ անզոր է: Օգնության ձեռք է պետք` Հայանտառը իրավաբանական անձ չէ, այլ պետական ոչ առևտրային կազմակերպություն, որի գործառույթները մեծ չեն: Ավելին, կառույցը մեկ Բնապահպանության, մեկ Գյուղնախարարության ենթակայության տակ է անցնում: Բայց միևնույն է, ուր էլ տեղափոխեն, նույն սահմանափակ իրավունքներով են:

Բավարար լինելուց հեռու ենք, որ մեզնից գոհ լինենք, դա այդպես չէ, եւ հնարավոր չէ: Կառուցվածքային խնդիրներ ունենք` անտառային տնտեսությունները ընդամենը մասնաճյուղեր են,- նշում է Հայանտառ ՊՈԱԿ նախագահ Մարտուն Մաթեւոսյանը :

Խնդիրը կարգավորող իրավական դաշտում էլ` ինչպես անանցանելի ջունգլիներում. Ոլորտի գերատեսչություների աշխատանքը կանոնակարգելու համար հարկավոր է վերանայել Բնապահպանության վերահսկողության մասին օրենքը:

Թողարկումն ամբողջությամբ դիտեք այստեղ

1 մեկնաբանություն

  1. Gayane 26 March 2010, 17:40

    Ditelov bnapahpanutyan veraberyal haxordum@ zgaci vor der kan mardik um hamar mievnuyn chi Hayastani bnapahpanakan vichak@:Es aprum em Kapanum u asem Dzez vor Dino Gold mayning @nkerutunn el Kapani bnapahpanakan vickakne jaxjaxum,u mi moraceq haravayin darpasi masin el hisheq u mi haxordum el Kapani masin nvireq: