ԹՈՂԱՐԿՈՒՄ 22-ՐԴ. ՈՒԺԳԻՆ ՀՄԱՅՔ
Թույլ սեռ ասում էին գուցե 20-րդ, բայց ոչ 21-րդ դարում: Հատուկ Ռեպորտաժն ամփոփում է կանանց միամսյակը: Հոգով ու մարմնով, Ռուսաստանի ամենաուժեղ կանայք` Նարեկ Նիկողոսյանի հավաքածուում: Հատուկ մասնագիտությամբ կանայք` ըստ Սոնայի ցուցակի: Եվ վերջապես, բացառիկ հարցազրույց Եվրոպայի չորրորդ ձեռնոց, բռնցքամարտիկ Ագնեսե Բոժայի հետ: Նրա անհավանական պատմությունը. Լատվիայում ծնված ու բնակվող բռնցքամարտիկին 16 տարեկանում ծնողները բացում են ամենամեծ գաղտնիքը: Ամենահետաքրքիր, զարմանալի ու ապշեցուցիչ կանայք` մեր թողարկմանը:
Արտակ Ալեքսանյան– Անկախությունից հետո շատերը ստիպված էին ադապտացվել նոր իրականությանը և նոր իրողություններին: Արդյունքում շատերը փոխեցին իրենց մասնագիտությունը: Ողբերգություն էր, թե ուղղակի ապրելու հրամայական, բայց քիմիկոսները դարձան վարորդներ, ֆիզիկոսները` բանվորներ: Խորհրդային կրթական համակարգը չբռնեց նոր ժամանակների քննությունը: Պատերազմն ու գործազրկությունը, սեփականաշնորհումն ու գործարանների թալանը մարդկանց ստիպեցին փնտրել նոր աշխատատեղեր: Սկզբում ցավագին էր, վիրավորական, հիմա, կարծես, կյանքի նորմ է դարձել` աշխատանք լինի, որ ընտանիքը կերակրես: Վերապրոֆիլավորումը, սակայն, վերաբերում էր հիմնականում տղամարդկանց, չէ որ նրանք են ընտանիքի կերակրողը, մեր հասարակությունն էլ` պատրիարխալ է: Սակայն վերամասնագիտացման երկրորդ ալիքում հայտնվեցին նաև այն կանայք, ովքեր միայնակ էին մնացել իրենց երեխաների հետ: Ամուսինները արտագնա աշխատանքի էին, և ոչ պարբերական գումարներով հնարավոր չէր տունը պահել:
Սոնա Աբրահամյանի հերոսուհիները հենց այդպիսին են. կանայք, ովքեր որոշել են, որ կարևորը արդար վաստակն է, թեկուզ դա լինի մի քիչ ծանր, անսովոր ու ոչ կանացի:
Սոնա Աբրահամյան– Նրանք մեր կողքին են, բայց մեզնից տարբեր են: Նրանց ճանաչում են, բայց չեն հասկանում: Նրանք կանայք են, որոնց ճակատագիրը չկոտրեց: Նրանց մասին են ասում ` տղամարդ կին է:
Ապրանքագետ Մարինեի մտքով էլ չէր անցնում, որ ճանաչված է լինելու: Միշտ ժպտերես, նուրբ ու քնքուշ արտաքինով շիկահեր վաճառողուհին երկար տարիներ գաստրոնոմում աշխատելուց հետո մի օր ջղայնացավ, կացինը ձեռքն առավ ու մսագործ դարձավ: Հոգսերը շատ էին, բայց կողքին` ոչ ոք: Ամուսինը կար, բայց խոպանում էր: Երկու երեխաները մեծանում էին, ծախսերը` նույնպես: Փող աշխատել պետք էր` թեև մսագործ մայրիկը երեխաների սրտով չէր:
– Էրեխեքը սկզբում մի քիչ դժվար ընդունեցին, որ պետք ա մսագործ դառնամ: Ասում էին` չէ, մամա, քեզ չի սազում ըտենց աշխատանք:Կնոջ գործ չի, կանացի աշխատանք չի, որ անես,- հիմա արդեն ժպիտով է հիշում մսագործ Մարինե Զոհրաբյանը:
Կացնի տիրուհին հիմա մսի բիզնես է անում ու վայելում իր բաժին փառքը: Մարինեին ամբողջ թաղամասն է ճանաչում: Կանայք նրանով հպարտանում են, տղամարդիկ` խոսեցնելուց առաջ մի լավ ծանրութեթև անում:
Վարպետ անունը կոշիկի բիզնեսում 33 տարվա ստաժից է մնացել, կոշկակարի կրպակն ու գործը` հանգուցյալ ամուսնուց: Վարպետ Լյովան կոշիկի գործ էր անում, տիկին Գայանեն կողքից սուսուփուս նայում էր ու սովորում:
– Ամուսինս համոզվեց, որ ես ավելի մաքուր գործ եմ անում: Չէին պատկերացնում, որ կինը կարող ա գործ անի, գալիս վերցնում էին, ասում էին` վարպետ ջան, շատ շնորհակալություն, ես էլ ասում էի, ով անի, ում ասեն ու մի հատ գլխին կտցնում էի,- հիշում է կին կոշկակարը` Գայանե Ղամբարյանը:
Վարպետ Լյովայի սիրտը չդիմացավ: Կաթվածից հետո կոշկակար ամուսինները միասին էին կրպակն աշխատեցնում: Ամուսինը հաճախորդ էր բերում, կինը` նրանց կոշիկները կարում: Երեք տարի առաջ Գայանեն մենակ մնաց: Հիմա իր կրպակից հազվադեպ է դուրս գալիս, կոշիկ սարքելով տան վարձն է տալիս, մի կերպ հարկերը մուծում: Սա էլ հերիք չէ, աղջկա ու թոռան հոգսն էլ է իր վրա: Տան տղամարդն է, թե կինը արդեն ինքն էլ գլուխ չի հանում:
Համար 10-ը տրոլեյբուսը քչերից է, որ մնացել է քաղաքում: Այս տրոլեյբուս մեկ անգամ նստողը հաճելի շոկի մեջ է ընկնում: Սովորաբար դա լինում է իջնելու պահին, երբ <ապեր ստացիր> ավանդական արտահայտությանը կանացի ձայն է արձագանքում:
– Սա եղել է մանկությանս երազանքը: Նույնիսկ երեխա ժամանակ փորձել եմ հեծանիվ վարել, չի ստացվել, ընկել եմ, նույնիսկ սպի ունեմ և էդ ժամանակ ավելի ուժեղ ցանկություն առաջացավ, որ անպայման պիտի վարորդ դառնամ: Ես որ գնացի, ասեցին` տրամվայ եք ուզում, թե տրոլեյբուս, ասեցի` գիտեք, որը ղեկ ունի ու պագրիշկեք,- ծիծաղում է տրոլեյբուսավար Էլմիրա Մանյանը:
Կինո Կոմիտասի մոտ Էլմիրայի համար կանգառ միշտ կա: Այս կանգառում նա տեսավ, սիրեց ու ամուսնացավ: Ամենագնաց կինը անընդհատ տղամարդկանց մեջ է ու նրանց ուշադրության կենտրոնում: Բայց նոր ամուսինը դրանից չի նեղվում ու չի վախենում, որ մի օր էլ իրենից ավելի հաճելի ուղևոր կբարձրանա տրոլեյբուս: Նորաթուխ հարսը, բայց արդեն 29 տարվա տրոլեյբուսավարը ինքն էլ է զգում, որ արդեն հեռուն է գնացել: Կորցրել է կանացիությունն ու մի տեսակ տղամարդու պես դարձել:
– Նույնիսկ քայլելու մեջ, ինձ թվում ա, որ ես տղայական եմ քայլում: Եթե խոսակցության մեջ ժեստը մի քիչ կոպիտ կամ տղայական ա, ամուսինս ասում ա, դու մոռացել ես, որ տունն ես արդեն:Դու գարաժի տղաների հետ չես:
Երեք պատմություն, որ մի բանում նույնն են` կանանց ուժեղացնում են տղամարդիկ, որոնք բացակայում են: Երբ կողքիդ ոչ ոք չկա ու կյանքի հոգսը մենակ ես տանում, սովորում ես ամենակենսականը` պաշտպանվելը: Բայց ուժեղ լինի կինը, թե թույլ, երազանքը` ընդհանուր է. կողքին լինի մեկը, որի ներկայությամբ պետք չէ ուժեղ ձևանալ:
Արտակ Ալեքսանյան– Այն, որ տղամարդիկ քիչ են, ու առանց տղամարդկանց պետք է ուժեղ լինել` ճշմարիտ է ու իրական հատկապես Ռուսաստանի համար: Երկրորդ հայրենականից հետո այդ երկրում կանայք են իրենց վրա կրում կյանքի դժվարությունները: Այդ պատճառով, մեծ հաշվով Նարեկ Նիկողոսյանը երկար չի փնտրել ու գտել է ռուս ուժեղ կանանց` օդաչու, ծանրամարտիկ ու նույնիսկ ռազմական կադետական դպրոց կանանց համար` միակը Ռուսաստանում: Ռուսական ուժի և գեղեցկության մասին ռեպորտաժը մենք պատրաստել ենք մեր գործընկեր` Ռաշա Թըդեյ հեռուստաընկերության հետ միասին, որի գործադիր տնօրենը, ի դեպ, նույնպես ուժեղ ու հաջողակ կին է, ի դեպ, երիտասարդ հայուհի:
Նարեկ Նիկողոսյան– <Լինում է, չի լինում> մուլտի հերոսուհի մատրյոշկաները իրենց կանացի թեթևամտության և անուշադրության պատճառով դառնում են չար կավե ձիավորների գերին: Սակայն գեղեցիկ սեռին օգնության են հասնում ուժեղ տղամարդիկ: Ամեն ինչ` ինչպես գեղեցիկ հեքիաթում, սակայն փոքրիկ Յուլյային այս մուլտը սկզբում այնքան էլ դուր չի գալիս:
Վիրահատական սեղանին Յուլյան է: Տասը տարեկան աղջնակը մի քանի տարի առաջ ավտովթարի պատճառով կորցրել է խոսելու ունակությունը: Հիմա ուզում է վերականգնել: Բժիշկները անհանգստանում են` վիրահատությունը վտանգավոր է, բայց գիտական առումով էլ այնքան կարեւոր է, որ աշխարհի բազմաթիվ վիրաբույժների խնդրանքով ուղիղ հեռարձակվում է ինտերնետով:
Այս օրիորդներն էլ ստիպված են եղել ընտրել` սովորական, թե կադետական կրթություն: Ռուսական միակ և հնագույն իգական ռազմական դպրոցն է: Ապագա կադետուհիներն այստեղ սովորում են պաշտպանել իրենց հայրենիքն ու… ընտանիքը:
– Մեր շրջանավարտի կերպարը հետևյալն է` ինտելեկտուալ կին, որը կարող է պետք եղած ժամանակ պաշտպանել հայրենիքը` սա է կադետությունը,- բացատրում է կարուձևի ուսուցչուհի Վիկտորյա Սելենսկայան:
– Սովորական դպրոցներում միայն սովորում են, իսկ մենք նաև ճանապարհորդում ենք, մասնակցում ենք շքերթների, մի խոսքով, անգործ չենք մնում,- հպարտությամբ է ասում կադետուհի Մարիա Կորչագինան:
– Չկա մի բան, որը կարող է անել տղամարդը, իսկ կինը չի կարող: Ամեն ինչ հնարավոր է,- ասում է սպորտային օդաչու Սվետլանա Կառանինան:
Այս խոսքերը մի տեսակ պաթետիկ են հնչում, քանի դեռ օդանավը գետնից չի պոկվել: Սվետլանա Կառանինան միջազգային օդային բազմաթիվ մրցույթների հաղթող է. 32 ոսկե մեդալ ունի: Մահացու կորից դուրս գալը նրա համար շիկահերների մասին անեկդոտ պատմելու չափ հեշտ է: Նա երկնքում կարողանում է անել այն, ինչի մասին շատ տղամարդիկ սարսափում են նույնիսկ երևակայել: Սակայն հանճարեղ կնոջ համար ՍՈՒ-26 օդանավը առաջին տեղում չէ, Սվելանան երբեք օդ չի բարձրանում, քանի դեռ երկու երեխաներին և ամուսնուն մի լավ չի կերակրել:
Առաջին հայացքից դժվար է գուշակել, բայց տիկին Տատյանան աշխարհի ամենաուժեղ կինն է` իր տարիքակիցների շրջանում: 62-ամյա կնոջ գոգնոցը թաքցնում է պիրկ մկանները: Նա սկսել է պարապել 48 տարեկանից: Ծանրամարտիկ որդու կատակ-առաջարկը մայրը լուրջ է ընդունել, և արդեն տասներեք տարի օրեցօր ավելացնում է ծանրաձողերի քաշը: Որոշել է ռեկորդ սահմանել:
– Մարդը միշտ էլ կարող է հասնել նրան, ինչին ձգտում է, եթե իսկապես ուզում է,- այս փիլիսոփայությամբ է կյանքում առաջնորդվում ծանրամարտիկ Տատյանա Ֆոմինան:
Տիկին Ադելինան` Ադելինա Աշոտովնան, միայն մի որդի ունի, սակայն նրան շատերն են մայրիկ ասում: Ռուսաստանի Մայր Թերեզա: Որպես ապացույց` Մայր Թերեզայի` միանգամից արծաթե և ոսկե շքանշան կա կրծքին: Աշխարհում երկու կին է արժանացել այս մրցանակին, մյուսը ապրում է Հարավային Ամերիկայում: Ընդհանրապես Ադելինա Աշոտովնան այնքան շքանշան ու կոչում ունի, որ բոլորը կրծքին տեղ չեն անում, այցեքարտի վրա էլ չեն տեղավորվում:
– 33 միջազգային մրցանակ, համաշխարհային ճանաչում, օրինակ` մի քանի օր առաջ Շվարցնեգերը ինձ ուղարկեց մի մատանի` Խաղաղության մայր կոչվող, Օքսֆորդի համալսարանի դոկտոր և գրանդ դոկտոր եմ, այդ ամենը շատ լավ է, բայց դե մյուս կողմից` շատ դժվար օրեր են եղել, ծանր օրեր, երբ ես գիշեր-ցերեկ չէի քնում,- ասում է բարեգործ Ադելինա Մնացականովան:
Տիկին Ադելինան չէր քնում, որովհետև օգնում էր իր ճակատագրին արժանացած փախստականներին: 1988-ին արդեն պատկառելի տարիքի հասած հայուհին ստիպված էր թողնել ամեն ինչ ու Բաքվից փախչել Սանկտ-Պետերբուրգ:
Արտակ Ալեքսանյան– Եվ վերջապես մեր ռեպորտաժը Եվրոպայի չորրորդ բռնցքամարտիկ Ագնեսե Բոժայի մասին: Լատվիայում ծնված Ագնեսեին միշտ մի հարց է տանջել` ինչու է ինքը իր դասարանում ամենացածրահասակը, ամենասևը, չէ որ ինքն էլ է լատիշ, ծնողներն էլ: Ի վերջո, հայրն ու մայրը բացահայտում են պատճառը. նա որդեգրված երեխա է, ծնողներն էլ հայ են: Այդ պահից սկսած նրա ճակատագիրը փոխվում է: Ու հենց այդ ժամանակ էլ ինտերնետում ծանոթանում է հայ մի մարդու հետ, որի հետ ժամերով զրուցում է և որի շնորհիվ սկսում է ճանաչել Հայաստանը: Այս պահից սկսած Ագենեսեյի պատմությունը կշարունակի Գոհար Մանուկյանը:
Գոհար Մանուկյան– Նրանց առաջին շփումը վիրտուալ պատահականություն էր: Կարենն արեց առաջին քայլը ու պատասխանը չուշացավ… մի քանի վայրկյանից Ագնեսեն հայտնվեց և պատասխանեց` ես կողմ եմ: Հանդիպման առիթն ու թեման Ցեղասպանությունն էր:
– Ամերիկյան կայքերից մեկը սոցիալական հարցում էր անում Հայոց ցեղասպանության մասին, մրցակցություն էր գնում հայերի ու թուրքերի միջև, քանի որ ասում էին` դա կարեևոր էր Կոնգրեսի որոշման համար,- պատմում է Կարեն Բաղինյանը:
Ռինգում հենց ինքը` Ագնեսեն է, Կարենի վիրտուալ ընկերը հայտնի բռնցքամարտիկ է` Եվրոպայում կանանց չորրորդ ձեռնոցը: Կարենը դառնում է առաջին հայը, ով կարդում է Ագնեսեի նովել թվացող ճակատագիրը: Աշխարհահռչակ Ագնեսե Բոժան հայուհի է:
1982-ին` 27 տարի առաջ Հայաստանի պետական կոնսերվատորիայի երկու ուսանող մեկնում են Մերձբալթիկա` շարունակելու ուսումը: Լատվիայում երկու տարի ապրելու ընթացքում ուսանողները երեխա են լույս աշխարհ բերում, սակայն հայրենիք վերադառնալու ժամանակ որոշում են աղջկան թողնել մանկատանը, հետ են վերադառնում կրկին երկուսով: Ագնեսեի երկրորդ մայրն այս մասին պատմում է, երբ աղջիկն արդեն գիտակից հասակում էր` 16 տարեկան:
– Ինձ մոտ շոկ էր, թեև պատրաստ էի լսել ճշմարտությունը: Ինձ մոտ միշտ հարց էր առաջանում` ինչու ես նման չեմ իմ շրջապատի մարդկանց: Լիտվիայում երեխաներն ավելի բաց գույնի արտաքին ունեն: Մի պահ որոշեցի մոռանալ, որ հայ եմ, բայց հասկացա, որ Հայաստանն ինձ ձգում է: Հիմա հասուն եմ ու պատրաստ այս քայլին: Սա պարզապես գործուղում չէ, որ հավաքել եմ իրերս և ժամանել Հայաստան: Այստեղ եմ ես ինձ զգում ինչպես տանը,- Հայաստան այցելելիս ասել է Ագնեսե Բոժան:
Իր իրական պատմությունը լսելուց միայն ութ տարի անց Ագնեսեն որոշեց գալ հայրենիք: Մեկ շաբաթում Ագնեսեն Հայաստանում սար ու գյուղ չթողեց: Քսանվեց տարիները նա ամփոփեց յոթ օրվա մեջ:
– Սարերում ես զգացի հարազատություն: Հենց այսպես էլ պատկերացնում ու զգում էի Հայաստանը: Կարծես տեսել եմ բազմաթիվ անգամ: Բայց խոսքը ոչ թե հեռուստատեսությամբ կամ լուսանկարներով տեսնելու մասին է, այլ իմ պատկերացումների:
Այն, ինչ Ագնեսեն տեսավ, ռեժիսոր Գագիկ Ղազարեն Կարեն Բաղինյանի հետ ի մի բերեց, և ստեղծեցին Տրամադրություն կոչվող դոկումենտալ ֆիլմը: Ագնեսեն Գևորգ Դաբաղյանի դուդուկի հնչյունների ներքո է ռինգ դուրս գալիս: Նրա անձնական մարզիչը բռնցքամարտիկ չէ, սակայն դա չի խանգարել, որ նրա մեջ եղած բնատուր ուժի մասին Եվրոպան իմանա: Օդակայանում հրաժեշտի ժամանակ նա խոստացավ` միայն կանչեք ինձ իմ հայրենիք, ես միանգամից կգամ: Հայաստանից մեկնելուց հետո Եվրոպայի չեմպիոնը ընկճախտի մեջ է` հայրենիքի ձայնը կանչում է:
Ագնեսեի պատմությունը իրոք ցնցել է շատերին: Սա մի զարմանալի պատմություն է սիրո մասին, Հայրենիքի նկատմամբ սիրո մասին…