ԹՈՂԱՐԿՈՒՄ 13-ՐԴ. ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Գերատեսչությունների օնլայն հնարավորությունները: Էլեկտրոնային կառավարման փորձ, թե փորձանք: Ինչպես հասնել աստղերին: Առանց երկարատև սպասումների ու թղթային նամակների: Որտեղ, ինչպես և ինչ միջոցներով են հասանելի նրանք` աստղերն օնլայն: Հայ աստղերն ավելի հասանելի են ու նաև պահանջված, քան հայ գրողները`այս մասին` վիզուալ լուրերում: Իսկ ամենաինտերակտիվների գրառումները բլոգ-դայջեստում և, ինչպես միշտ, Ամենայութուբ` ծիծաղելի շնիկներ:
Այս շաբաթ ինտերակտիվը որոշել է փորձել մեր գերատեսչությունների օնլայն հնարավորություններն ու պարտականությունների կատարման օպերատիվությունը: Մենք օնլայն հարցումներ ենք ուղարկել մի քանի նախարարություն, որոնք օրենքով սահմանված կարգով պետք է արձագանքեին: Սա փորձ էր, թե փորձանք, պարզել է Մանու Իրիցյանը` ճշտելու համար, որքանով են իրական պնդումները, թե գործադիր իշխանությունն անցնում է էլեկտրոնային կառավարման:
Մանու Իրիցյան – Պետական պաշտոնյաները, գերատեսչությունները քաղաքացիների նամակներին պարտավոր են պատասխանել հնգօրյա ժամկետում: Ու չնայած օնլայն նամակները չեն համարվում պաշտոնական, բայց պաշտոնյաները դրանց էլ են պարտավոր պատասխանել:
Ապավենը ցանկանում է սովորել Կոնսերվատորիայում, բայց դժվար է տեղաշարժվում և հնարավորություն չունի անձամբ ներկայանալ Կրթության նախարարություն` հարցեր տալու: Բանաձևի խումբն էլ որոշեց օգնել նրան` հարցերն օնլայն ուղղելու հարցում: Կրթության նախարարության պատասխանը չուշացավ: Բացի էլեկտրոնային փոստից, նախարարությունում գործում է նաև Կառավարության ներդրած էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության նոր` Մայլբրի համակարգը: Նորագույն համակարգը հնարավորություն է տալիս ոչ միայն առցանց նամակ գրել բոլոր գերատեսչություներին, այլև հետևել դրանց ընթացքին:
– Ամեն Աստծու առավոտը, որ գալիս եմ, ստուգում եմ նամակները: Երբ մոհով նախարարին նամակ են գրում, էդ նամակը ստանում եմ ես: Հիմնականում նամակները վերաբերում են պետպատվերին,- ասում է Առողջապահության նախարարի մամուլի քարտռուղարը:
Առաջին խմբի հաշմանդամ Հասմիկ Մնացականյանը մարզում է ապրում, նրա համար դժվար է Երևան գնալը` նախարարություն մտնելու համար: Իր համար անհրաժեշտ դեղերի մասին տեղեկություններ է փնտրում, բայց դեռ չգիտի, որ կարող է էլեկտրոնային փոստով էլ դա անել:
– Ես բավականին դեղորայք եմ օգտագործում: Բայց դրանց հետ կա մի դեղ, որը ես անպայման պետք է օգտագործեմ, որն արտոնագրված չէ Հայաստանում, այսինքն` ես չեմ կարողանում գտնել,- պատմում է Հասմիկ Մնացականյանը:
Բանաձևի խումբը տիկին Հասմիկին էլ օգնեց Առողջապահության նախարարության հետ օնլայն նամակագրություն հաստատել: Եվ հետևեցինք, թե ինչ ժամկետում է գալիս պատասխանը: Նամակի կապակցությամբ խորհրդակցել են հանրապետության գլխավոր նյարդաբանի հետ և պատասխանել` խորհուրդ տալով օգտագործել փոխարինող դեղամիջոց:
– Պարաստակամություն է հայտնում նաև անհրաժեշտության դեպքում հանդիպում կազմակերպել: Տիկին Հասմիկը պիտի գա Առողջապահության նախարարություն, խորհրդատվությունը մասնագետները կիրակնացնեն,- ասում է ԱՆ մամուլի քատուղար Շուշան Հունանյանը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հարց ու նաև խնդրանք ունի Էդուարդ Նալբանդյանը: Մեկ տարուց ավել է, չի աշխատում: Դիմել է նույնիսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին: Նախարարը գործը հանձնարարել էր աշխատակիցներին: Բանաձևի խումբն Էդուարդին էլ օգնեց` հարցերն օնլայն ուղղելու հարցում: Այդ օնլյան նամակը տեղ էր հասել ապրիլի 28-ին, բայց մինչև մայիսի 11-ը պատասխան դեռ չկար:
Նախարարությունների և գերատեսչությունների համապատասխան բաժինների աշխատակիցները խոստանում են ավելի ուշադիր և զգոն լինել քաղաքացիների դիմում-նամակների հանդեպ, իսկ քաղաքացիներին խորհուրդ են տալիս ավելի հետևողական լինել և օգտվել ներդրված տեխնոլոգիական հնարավորություններից, գրել ու հետևել առցանց նամակների ընթացքին:
ՏՏ ԼՈՒՐԵՐ
Մեծ աղմուկ բարձրացրած Թվիթթեր միկրո-սոցիալական ցանցը կորցնում է իր ժողովրդականությունը: Համենայն դեպս, ԱՄՆ-ում Թվիթթերից օգտվում է բնակչության ընդամենը 7 տոկոսը: Ինչ կլինի ցանցի հետ, ցույց կտա ժամանակը, իսկ այդ ընթացքում Ինտերակտիվը ձեզ ցույց կտա. վիզուալ լուրեր վիրտուալի մասին` ըստ Նելլի Հարությունյանի:
Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտում Հայաստանը ավելի ճանաչելի է դառնում: Այս տարի DigiTec ցուցահանդեսին կմասնակցի մոտ 40 ընկերություն` տարբեր երկրներից:
2013 թվականի հուլիսի 20-ից անալոգային հեռարձակումը Հայաստանում կանցնի պատմության գիրկը: Թվայնացման գործընթացն արդեն սկսվում է: Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխությունների փաթեթը պատրաստ է:
Հայ ժամանակակից գրողների ընդամենը 40 անուն է հիշատակվում ինտերնետում: 40-ից միայն 9-ն են տեղ գտել Գուգլի հարցումների վարկանիշում: Առաջին եռյակում հայ ժամանակակից երիտասարդ ստեղծագործողներն են` Վահրամ Սահակյանը, Վիոլետ Գրիգորյանն ու Վահան Իշխանյանը: Ավելի պահանջնված են հայ աստղերը:
Վերջին 30 տարում առաջին անգամ գործարկվել են ոչ լատինատառ դոմեյններ: Արաբերենի կանոնների համաձայն` դրանք ընթերցվում են աջից ձախ: Այս առիթով տեխնիկական որոշ խնդիրներ են առաջացել: Ժամանակակից վեբ-բրաուզերներից բոլորը չէ, որ կարող են աշխատեցնել այդ դոմեյնները:
Գուգլը 35 տոկոսով արագացրել է Գուգլ Քրոմ բրաուզերի աշխատանքն ու ավելացրել մի քանի նորամուծություններ: Նաև այս պատճառով Գուգլ Քրոմից օգտվողների թիվն օր օրի ավելանում է: Փոխարենն իր դիրքերը զիջում է Ինտերնետ Էքփլորըրը:
ԻՄԱՆԱԼ ԻՆՉՊԵՍ/ KNOW HOW?
Եթե Դուք օրերով կանգնում եք Ձեր երկրպագած աստղերի բնակարանների և շենքերիր մոտ, եթե նամակներ, նվերներ ու ծաղիկներ եք ուղարկում նրանց և պատասխան չեք ստանում, ապա այժմ կարող եք նրանց, այսպես ասած, գտնել ու հանդիպել ինտերնետում: Այսօր մեր հայրենի ոչ մեգա, բայց ամեն դեպքում աստղերը նույնպես դարձել են օնլայն: Որտեղ, ինչպես և ինչ միջոցներով կապվել ձեր սիրելի կուռքերի հետ փորձել է, պարզել է և պատմում է մեր աստղագետ Ալկա Չիլինգարյանը:
Հայկական շոու-բիզի դեմքերին ու նրանց երկրպագուներին ինտերնետում կապում են հիմնականում սոցիալական կայքերը: Հայաստանյան երկրպագուներն արդեն ձգտում են իրենց կուռքի` շոու-երգչի կամ շոու- դերասանի հետ շփվել ինտերնետում, սակայն այսպես կոչված` աստղերին դեռ չի հետաքրքրում սեփական կայք կամ բլոգ ունենալը: Շոու-բիզի ծուլությունը օգտագործում է Bravo.am կայքը: Սա ինֆորմացիոն պորտալ է, բայց նաև կապող օղակ է երկու կողմերի համար:Ճանաչվածներն այս կայքում երբեմն նույնիսկ ուշադրություն են դարձնում իրենց երկրպագուների մեկնաբանություններին, ու զրույցը ստացվում է: Եթե ոչ` երկրպագուներն այլ ճանապարհներ են գտնում: