ԹՈՂԱՐԿՈՒՄ 14-ՐԴ. ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Հեռուստատեսության նոր դարաշրջանը գալիս է Հայաստան: Ինչ է թվայնացումը, և ինչ հնարավորություններ այն կստեղծի հեռուստաընկերությունների և դիտողների համար: Ինչպես և երբ եթերը կդառնա թվային: Ինտերնետամոլները գիտեն, մյուսները չեն էլ ենթադրում: Ինչ է RSS-ը, ինչպես օգտվել ինտերնետային ռեսուրսներից: Ինչպես նաև. Գուգլն արդեն հայերեն է թարգմանում. վիզուալ լուրեր` վիրտուալի մասին: Ամենաակտիվների գրառումները` բլոգ-դայջեստում, իսկ ամենակնամոլ նախագահները` Ամենայութուբում:
2015-ին Հայաստանը ամբողջությամբ կանցնի թվային հեռուստատեսության: Նոր տեխնոլոգիաների ներդրումը և հեռուստատեսության թվայնացումը լսարանին հնարավորություն կտա ունենալ ավելի բազմազան և բազմաժանր եթեր: Կփոխվեն լիցենզավորման կարգն ու ձևը: Ինչ հնարավորություններ և առավելություններ կլինեն թվայնացման արդյունքում, փորձել է պարզել Ինտերակտիվը:
Նելլի Հարությունյան – Աշոտ Բարսեղյանը ներկայացնում է ժամանակակից կաբելային հեռուստատեսության հատկանիշներից մի քանիսը: Այս կազմակերպությունն իր բաժանորդներին առաջարկում է հեռուստահաղորդումները և շուկայում եղած ֆիլմերը ստանալ և դիտել մալուխային ցանցի ընձեռած հնարավորությունների միջոցով: Մեր իմացած ավանդական հեռուստատեսությունից սա տարբերվում է:
– Եթե մինչև հիմա մեր տրադիցիոն հեռուստաալիքները միակողմանի էին, բաժանորդը մենակ կարողանում էր դիտել, էսօրվա դրությամբ ինքը հեռուստատեսության հետ կապի մեջ ա լինում: Այսինքն` ինքը կարողանում ա կանգնեցնել եթերը, հետ տալ,- բացատրում է Ucom տնօրեն Հայկ Եսայանը:
– Էդ ինֆորմացիան պահվում է մեր սերվերների վրա և շատ արագ, շնորհիվ օպտիկական մալուխի, միլիվայրկյանների ընթացքում հասնում է բաժանորդին, և բաժանորդը չի զգում էդ ժամանակային տարածությունը,- ասում է Ucom-ի աշխատակիցներից Աշոտ Բարսեղյանը:
Եթե որևէ հաղորդում բաց եք թողել, ստիպված չեք սպասել, թե հեռուստաընկերությունը երբ կկրկնի այն: Ընդամենը սեղմում եք հեռակառավարման վահանակի կոճակն ու հետ գնում դեպի ցուցադրված հաղորդումը: Եթե գովազդը նյարդայնացնում է , կարող եք արագ անցնել այն: Թվային հեռուստահաղորդումներ վաճառող մալուխային ցանցերը մեծ ու նոր հնարավորություններ են տալիս բաժանորդին:
– Թվային ծավալային ձայնը, էդ դոլբի ձայնն ա, որոնք կինոթատրոնների համար ա: Մեր բոլոր բաժանորդները հնարավորություն ունեն անցնելու այդ դոլբի ձայնին,- ասում է Ինտերակտիվ հեռուստատեսություն ընկերության տնօրեն Վահագն Խաչատրյանը:
Մալուխային ցանցով թվային հեռուստահաղորդումներ դիտելու հնարավորություն առայժմ կա Երևանի մի քանի համայնքում միայն: Օգտվողները դեռ շատ չեն, մոտ 2000 ընտանիք: Մալուխացանցային ընկերությունները 1-2-ն են: Իրենց փաթեթ ընդգրկված հեռուստահաղորդումների բովանդակայի’ն որակի վրա ազդել չեն կարող, սակայն հնարավորություն են տալիս տեխնիկակա’ն առումով ավելի բարձր որակի հաղորդումներ դիտել, այն, ինչ հնարավոր է միայն թվային հեռուստատեսության դեպքում:
Կաբելային այս ցանցերը Հայաստանում նորություն են: Բայց սա, իրականում, թվային հեռուստատեսության և թվային հեռարձակման անցնելու նախաքայլերից մեկն է միայն:
– Երբ որ մենք խոսում ենք թվայնացման մասին, խոսքը մի քիչ ուրիշ բանի մասին ա,- պարզաբանում է Էկոնոմիկայի նախարարության բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը:
Թվային հեռուստատեսությունն իրականում երեք մասից է կազմված` թվային բովանդակության արտադրություն, թվային հեռարձակում և թվային ազդանշանի ստացում: Այս դեպքում միայն մենք գործ կունենանք թվային միջավայրի հետ: Մեր այժմյան` սովորական հեռուստատեխնիկային, այսինքն անալոգային հեռուստատեսությանը մնաս բարով ասելու վերջանաժամկետը 2015 թվականն է:
– Օրինակ 8-րդ մետրային ալիքով հեռարձակվում է Հանրայինը: Թվայնացման ժամանակ այդ մի ալիքով կարող է եթեր հեռարձակվել ասենք 6-7 կամ, տեխնոլոգիայից կախված, մինչև 12 ալիք,- թվայինի հնարավորություններն է ներկայացնում Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Չիտչյանը:
Անալոգայինից թվային կամ, ինչպես այս ոլորտի մասնագետներն են պնդում` թվանիշային հեռուստատեսության անցնելու համար երկու տարի առաջ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Այն մշակել է Հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելու տեխնիկական ու ֆինանսական հիմքերը: Բայց այս գործընթացն ունի նաև քաղաքական-իրավական կողմ, որի հիմքերը պետք է որ արտացոլվեն Հայաստանի օրենսդրության մեջ: Այս նպատակով է պատրաստվել Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
– Ինքը բերում է նոր հասկացություններ, նոր գործող անձանց: Այդ երկու տիպի նոր գործող անձանց և հեռուստատեսությունների միջև հարաբերությունների մեխանիզմները օրենքում տրված չեն,- նկատում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
&160;
Օրենքի նախագիծն այս շաբաթ շատ անսպասելի անցավ նաև հանրային քննարկման ֆորմատի մի փուլ, քանի որ Հայաստան էր ժամանել մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: Եվրոպական այս հեղինակավոր կառույցի ներկայացուցիչը հանդիպում էր ունեցել նաև Հայաստանի նախագահի հետ: Քննարկվել էին հայկական մեդիա բարեփոխումները, խոսել հեռարձակման թվայնացման հոգսերի մասին և այս գործընթացը հանրային քննարկումների, բազմակողմ փորձագիտական վերլուծությունների միջոցով թափանցիկ պահելու անհրաժեշտության մասին:
ՏՏ ԼՈՒՐԵՐ
Վերջապես մեր լեզուն և խոսքը նաև Գուգլի ծառայությունների ներքո է: Այսուհետ Գուգլ թարգմանիչը հասկանում է նաև հայերենը: Վստահ եմ, որ ասենք յահու բառի թարգմանությունը շատերը չգիտեն, ստացված արդյունքը այնքան էլ հաճելի չէ: Ինչ կտա հայալեզուներին այս ծառայությունը ցույց կտա ժամանակը, իսկ այդ ընթացքում Ինտերակտիվը ձեզ ցույց կտա վիզուալ լուրեր վիրտուալի մասին` ըստ Նելլի Հարությունյանի:
Մայքրոսոֆթ Հայաստան ընկերությունն արդեն չորրորդ անգամ անցկացրել է ծրագրավորման օրեր: ՏՏ ոլորտով հետաքրքրված բոլոր մասնակիցները երկօրյա թրեյնինգ են անցել: Մայքրոսոֆթի արտոնագրված դասավանդող-մասնագետ ՍերգեյԲայդաչնին մասնակիցներին ծանոթացրել է ՏՏ ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին ու համաշխարհային շուկայի տենդենցներին:
Էլեկտրոնային վճարումն ավելի հարմար ու մոդայիկ է դառնում: 2009-ի առաջին եռամսյակի համեմատությամբ 2010-ի նույն ժամանակահատվածում, օրինակ, Կենտրոնական բանկում էլեկտրոնային վճարումների ծավալն ավելացել է 28, իսկ քանակը` 21 տոկոսով:
Մայիսի 17-ին Յութուբը նշում էր իր տարեդարձը: 5-ամյա փոքրիկը նոր ռեկորդ է սահմանել: Օրական այն ավելի քան 2 միլիարդ տեսահոլովակ է ցուցադրում օգտագործողներին: Գուգլի հաշվարկներով Յութուբն իր լսարանով գերազանցում է ամերիկյան շատ հեռուստաալիքների` զիջելով միայն հեռուստահսկաներ CNN-ին, CBS-ին և Fox-ին: Յուրաքանչյուր րոպե Յութուբ է ներբեռնվում ավելի քան 24 ժամ վիդեո, իսկ օրական դիտվող նյութերի ժամաքանակը գերազանցում է 46 տարին:
2010-ին ինտերնետ-գովազդի շուկան կաճի 20 տոկոսով, մինչդեռ տպագիրնն ընդամենը տասով: Փորձագետները կարծում են, որ գովազդի հոսքը համացանց պայմանավորված է ինտերնետ-առևտրի աճով: Մարդիկ ինտերնետում տարեկան 27 միլիարդ ժամ են անցկացնում:
Ռուսական Յանդեքսը մարտահրավեր է նետում Գուգլին: Որոնողական համակարգը թողարկել է Յանդեքս.քոմ կայքը: Այնտեղ հայտնվելու են որոնման միայն արտասահմանյան արդյունքները` բացառելով ռուսական կայքերը:
ԻՄԱՆԱԼ ԻՆՉՊԵՍ/ KNOW HOW?
Ինտերնետը բացի շփման, ծանոթության և հաղորդակցության միջոց լինելուց նաև տեղեկատվության փոխանակման ծանրակշիռ գործիք է: Հայրենի ինտերնետամոլները գիտեն ինչպես օգտվել նրա հնարավորություններից, սակայն հասարակության մյուս հատվածը անտեղյակ է` ինչ կարելի է գտնել, կարդալ ու անգամ արտատպել ինտերնետային ռեսուրսներից: Ինչպես անել, որ ձեզ հետաքրքրող ինֆորմացիան միշտ թարմ լինի, իսկ ձեզ դուր եկած լինքերն ու տեղեկատվությունը ձեռքի տակ լինեն: Պարզել ու պատմում է Ինտերակտիվը:
RSS -ները վերջին լուրերի կարճ դայջեստներ են, որոնք հնարավորություն են տալիս նորությունները ստանալ հենց ձեր էլեկտրոնային փոստով: Սրա համար ընդամենը հարկավոր է ունենալ էլեկտրոնային փոստ` գուգլ համակարգում: Վերջին հրապարակումները կհայտնվեն ձեր նորությունների ժապավենում` թարմացմանը զուգընթաց: Ավելի պահանջկոտների համար համակարգն ունի նաև ընտրելու ու նախընտրած թեմաներով ինֆորմացիա ստանալու հնարավորություն:
digg.com, delicious.com, reddit.com կայքերը յուրատեսակ էլեկտրոնային պահուստներ են: Օգտվողն այստեղ կարող է կուտակել իր համար կարևոր բոլոր հրապարակումներն ու հասցեները: Կայքը սրանք ոչ միայն պահեստավորում է, այլ նաև հնարավորություն է տալիս տարածել տեղեկությունները: Սրանք հնարավորություն են տալիս նաև ձեր բրաուզերում պահված լավագույն հասցեները փաթեթով ներմուծել կայք, փնտրել ու տեսակավորել ձեր հրապարակումները: