ԹՈՂԱՐԿՈՒՄ 33-ՐԴ. ՈՐՍԱԳՈՂԵՐԻՑ ՓՐԿՎԱԾՆԵՐԸ
Սևանա լճում այսօր կա ամեն ինչ, բացի ազատ արձակված ձկներից: Նրանք այնքան քիչ են, որ նույնիսկ ժողովրդական բանահյուսություն են դարձել: Որսագողությունը` Հայաստանի կենդանական աշխարհի ամենամեծ աղետը: Գրեթե ամեն տարի հայկական Կարմիր գիրքը ավելանում է: Անհետացող կենդանիների հետքերով, Բանաձևի լրագրողական թիմը շրջել է հայկական լեռնաշխարհով` հայկական մուֆլոններին, բեզոարյան այծերին ու առասպել դարձած կովկասյան հովազին գտնելու նպատակով: Հատուկ Ռեպորտաժի բացառիկ թողարկումներից:
Արտակ Ալեքսանյան – Հայաստանի որսի շրջանը պաշտոնապես մեկնարկում է օգոստոսին: Դա վերաբերում է ոչ բոլոր կենդանիներին և ոչ բոլոր որսորդներին: Որսագողությունը` ժամկետ ու սահման չի ճանաչում: Ու որքան էլ բնապահպաններն ուղղակի աղաղակեն որսագողության ծավալների մասին, առայժմ որևէ արդյունավետ վերահսկողություն չկա: Դրա վառ օրինակներից է հենց թեկուզ Սևանի ձկնագողությունը: Սիգն ու իշխանը վաղուց արդեն արհեստական լճերում բազմացված ձկներ են: Սևանում չկա: Չկա` բազմաթիվ պատճառներով ու առաջին հերթին ձկնագողության և տեսականին պահպանելու սիրողական քայլերից:
Արտակ Վարդանյան – Այս պահին Հայաստանում ձկնարդյունաբերությունը խստիվ արգելվում է, այնինչ տասնյակ մոտորանավակներով ձկնագողությունը շարունակվում: Բարեհաճ ձկնորսներն ու անբարեխիղճ ձկնորսների ձկնագողությունը ձվադրման շրջանում: Ոսկե ձկնիկ բռնելու հավանականությունը քիչ է, բայց նրա հետ կիսվելու թեմաներն են շատ: Որսն ամենահին զբաղմունքներից մեկն է` այս պայքարում բնազդն է հաղթում: Որսալ` ուտելիք հայթայթելու համար: Ձկնորսությունը` վարակիչ այս զբաղմունքը, Սևանա լճի գլխին սև օրեր է բերել: Հայ ձկնորսներն ակտիվ են, ձկնամոլ: Ձկների սակավությունն այժմ թույլ կտա նույնիսկ ձկնահամար անցկացնել:
– Էստեղ որսորդ ա եղել, ձկնորսներ են եղել, թողել գնացել են: Ես սրանց որսորդ չեմ համարում: Ինքը խոզից տարբերվում ա միայն նրանով, որ հետևի վերջույթների վրա ա քայլում,- բարկանում է ձկնորսության սիրահար Էդիկ Սարիբեկյանը:
Իսկական ձկնորսն ազնիվ է լինում: Ձկներին չի խաբում դեղորայքով, քիմիկատներով, չի ոչնչացնում պայթուցիկ նյութերով կամ էլեկտրական հոսանքով, որն այժմ քրեորեն պատժելի է: Երեք ձկնորս են, միմյանցից տարբեր: Մեկը հանդարտ բնավորությամբ, մյուսը` երազկոտ, երրորդն էլ` ռեալիստ: Նրանց երկու բան է միավորում. որս են անում միայն կարթով` ինչպես օրենքն է պահանջում, և հաճույքով հորինում են` ինչպես ավանդույթն է պահանջում:
– Անբուժելի հիվանդությամբ հիվանդացանք, չենք կարում թարգենք: Եթե ինչ-որ բան խանգարում ա ձկնորսությանը, ապա պետք է էդ գործը թողնես,- պատմում է օրինապաշտ ձկնորսը` Արամ Արաբյանը:
-Ամենամեծ ազարտն ա, էն կազինո հաճախողից էլ ավելի մեծ ազարտ ա: Տարվում ես, այ սենց կարթը ձեռքիդ բռնած կանգնում ես, նայում ես ժամին, զգում ես երեք ժամ անցել ա,-կիսվում է Մանվելը:
– Ձկնորսը պետք ա որոշակի հարգանք ունենա, նախ պիտի չցավացնես,- թեման զարգացնում է Էդիկը:
Չվնասելու կարգախոսը լճում էլ է ակտուալ, քանի դեռ ձուկ կա: Բայց Սևանի իշխանը վաղուց արդեն զրկվել է իշխանական գահից, բեղլուն ու կողակը վերացել են: Սիգի արդյունաբերական պաշարները սպառման եզրին են, օրինախախտ ձկնորսների թիրախում նույնիսկ մանրաձուկն է: Սեւանա լճի ձկնային պաշարների` 2005-2007 թվականների ուսումնասիրության պատկերը տխուր է:
Լճում սիգի վերարտադրության խտությունը կարճ ժամանակում նվազել է գրեթե 5 անգամ. կենսազանգվածը 2005-ին նվազել է մինչև մոտ 600 տ, 2007-ին հասել է 180 տ կրիտիկական կետին:
– Եթե ես ոսկե ձկնիկ բռնեի, դա կլիներ մեր երկրի ղեկավարը, էլի ինչ-որ մեկը, որ կարող էր իմ ցանկությունը կատարել, կուզեի միջոցներ ստեղծեին, էս վիճակը բարելավեին,- երազում է Էդիկ Սարիբեկյանը:
-Ոսկե ձկնիկից ես մեր ծովին առատություն կուզեի,- ասում է Մանվելը:
-Չէ, հույս էլ չունեմ, հեքիաթներին էլ չեմ հավատում,- Արամ Արաբյանը ռեալիստ է:
Դե, սովորական կողակ չի մնացել, ուր մնաց ոսկե ձկնիկի հերթը գա: Նույն կերպ` ձկնորսին հատուկ ազարտով ու ձեռքի մեծ շարժումով՝ օր օրի ոչնչացման եզրին հասցրած այս ձկնատեսակը մայրուղի են հանել: Անպատիժ ձկնագողերը ոչ միայն խախտում են կառավարության որոշումն ու ձվադրման շրջանում զբաղվում ձկնագողությամբ, այլև գողացած սիգը վաճառում են բոլորի աչքի առաջ: Այս ամենը շարունակվում է` առանց ուշադրություն դարձնելու Բնապահպանության նախարարության և տեղական կառույցների հայտարարություններին, որ սիգ ձկնատեսակը ոչնչացման եզրին է, այն որսալն արգելվում է, և լուրջ հսկողություն է իրականացվում:
Իսկական արգելքը 19-րդ դարի վերջին էր, երբ իշխանը համարվում էր միմիայն իշխանի սեղանին հարիր ձկնատեսակ: Ցարական Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող երկրում անզիջում պայքարում էին ձկնագողության դեմ:
– Կազակական գնդեր են բերվել տարբեր տեղերից: Կազակները համարվում են ամենաանզիջում կռվողները,- պատմում է Արամ Արաբյանը:
Անզիջում կազակները Սևանի շուրջբոլորը հսկել են, որպեսզի ձկան ձվադրման շրջանում ոչ մի ձկնորս չմոտենա, ձվադրմանը չխանգարի, ձուկն անարգել բազմանա: Արդյունքն ակնհայտ է եղել:
-Այնքան ձուկ է եղել, որ մինչեւ հիմա տվյալներ կան, որ սայլերով մտել են գետը անցնելու, սայլը անցել է ձկան վրայով ու արյուն է հոսել,- ասում է Արամ Արաբյանը:
Հանդուգն ձկնորսներին, որոնք դեմ են գնացել Ցարական Ռուսաստանին ու կազակներին, խստորեն պատժել են ու աքսորել Սիբիր:
Արտակ Ալեքսանյան – Այժմ արդեն Կարմիր գրքի հայկական տեսականու մասին: Հայկական մուֆլոններից ու բեզոարյան այծերից մեր լեռնաշխարհում մնացել է այնքան քիչ, որ բնապահպանները նրանց, ինչպես ասում են, նույնիսկ դեմքով գիտեն: Կովկասյան հովազը վաղուց արդեն դարձել է առասպել` վերջին անգամ ընձառյուծին տեսել են երեք տարի առաջ: Ասում են` հենց այդ տարում է սպանվել վերջին հովազը: Ի վերջո, Հատուկ Ռեպորտաժի թիմը որոշեց տեսնել` որտեղ և ինչպես են ապրում հայկական բնաշխարհի ոչնչացող տեսակներն ու ոչնչացվող կենդանիները: Նկարահանումն անցել է դժվարին, բարդ, բարձրալեռնային պայմաններում ու մի քանի շաբաթ: Լրագրող Տիգրան Զարեյանին և օպերատոր Արտաշես Եսայանին այս գործուղմանն օգնել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակն ու հիմնադրամի փորձագետ Ալեքսանդր Մալխասյանը:
Տիգրան Զարեյան – Բնապահպանները սա կանվանեին խելահեղություն, որսորդները` արկածախնդրություն: Բնական լանդշաֆտում նկարահանել Հայկական կարմիր գիրք մտած երեք կենդանիներին` հայկական մուֆլոնին, բեզոարյան այծին և կովկասյան հովազին: Այս լեռներում տեղաշարժվելու համար նախ պետք է քար առ քար իմանալ տարածքն ու բոլոր գաղտնի կածանները: Ալիկ Մալխասյանից լավ, թերևս, ոչ ոք չգիտի տեղանքն ու դարանակալած վտանգները: Մասնագիտությամբ ջութակահար, այժմ Բնության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի աշխատակիցը տեղացիներից էլ քաջատեղյակ է հայկական լեռնարշխարհին ու դրա բանկիրներին: Հենց նրա գլխավորությամբ արշավախումբը սկսում է երեք կենդանիների որոնումն ու նկարահանումը:
ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾ. ԱՐԵՎԻԿ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ, ՕՐ ԱՌԱՋԻՆ
Ավելի քան 3700մ բարձությամբ Ալուն լեռնագագաթն է: Այստեղ են թաքնվում Հայկական մուֆլոններն ու Բեզոարյան այծերը: Մեղրիից հարավ, Իրանի սահմանին զուգահեռ Արաքսի ափով անցնելուց հետո հորիզոնին հայտնվում է Հայաստանի վերջին գյուղը` Նռնաձորը: Ճանապարհը վտանգավոր է ու ոլորագար: Մեքենան տեղ տեղ հազիվ է փրկվում շրջվելուց: Անցանք ավելի քան 500 կմ մինչև կացարանանման խրճիթ հասնելը: Արևիկ ազգային պարկն է: Սարերը մառախլապատ են ու դժվարանցանելի: Վերկացը ժամը հինգին է, վերելքը` վեցին:
ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾ. ԱՐԵՎԻԿ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ, ՕՐ ԵՐԿՐՈՐԴ
Մառախուղի շնորհիվ հնարավոր է առավելագույնս մոտենալ կենդանիներին: Ծխել չի կարելի, ինչպես դաշտային հետախուզման ժամանակ: Մի քանի ժամ անց մառախուղը ցրվեց: Քայլելը հեշտացավ, սակայն պատահեց այն, ինչը մեզ ավելի հեռացրեց բեզոարյան այծերից: Բոխի հավաքող գյուղացիների աղմուկը լսելուն պես կենդանիները փախան: Արահետով բարձրանում ենք գագաթ Յուբդաշ գագաթը: Կածանն անցնում է նախկին Նռնաձոր գյուղի կողքով: Սա արդեն վերացած ու վարչատարածքային բաժանման մեջ վաղուց հանված նախկին բնակավայր է: Նռնաձորի բնակիչները երկրորդ աշխարհամարտից հետո սարերից իջնում են ևս 20 կմ ու հիմնում` Նռնաձորը: Թողնելով լքված գյուղն ու բոխի հավաքողներին` շարժվեցինք առաջ: Ամեն քայլով վերելքն ավելի է դժվարանում, տեղանքն էլ` ավելի վայրիանում: Մոտ 10 կմ քայլելուց հետո կանգ առանք հանգստի, սակայն պարզվեց` խիստ կարճատև: 2-3մ այն կողմ Կովկասյան Գյուրզայի ենթատեսակներից մեկն է: Այս օձի թույնը մահաբեր է: Հատկապես ագրեսիվ են արուները` զուգավորման շրջանում: Մոտենում ենք քարայծերին, սակայն մինչև նրանց հասնելը պետք է ազատվել մարդու հոտից: Անցնում ենք վերջին գագաթով, որից այն կողմ բեզոարյան այծերն են: Արևիկ ազգային պարկի տարածքով տեղաշարժվելը բարդ գործ է: Առավել ևս, երբ արդեն քայլում ես 21-րդ կմ-ը: Ուտելիք վերցրել ենք հնարավորին չափ քիչ: Սակայն քաղցը զգալ է տալիս: Լեռների լանջերին կան բույսեր, որոնք թունավոր չեն, ու կարելի է ուտել դրանք:
Սողալով խոտերի վրայով ու շունչը պահած մոտենում ենք քարայծերին: Նոր էինք հասցրել նկատել նրանց մոտ 1կմ հեռավորության վրա, երբ փախան: Այս սարերում քարայծ նկարահանելը գրեթե անհնար գործ է: Նրանք շուտ խրտնող են և անհետանում են ակնթարթորեն: Պետք է դիրքավորվել լեռան կատարին ու անշարժանալ: Եթե պետք է` երկու ժամից ավելի: Վերջապես նրանք հայտնվեցին: Քարայծը Հայկական կարմիր գրքում է: Ընդհանուր առմամբ, մնացել են մոտ 2000-ը:
Վերադարձ ճամբար: Հաջորդը` հովազն է: Կենդանու նույնիսկ հետք գտնելու հավանականությունը` մեկ տոկոս:
ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՈՒՅԾ. ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, ՕՐ ՉՈՐՐՈՐԴ
2007-ից այս կողմ ոչ ոք չի տեսել ոչ հովազի հետք, ոչ էլ նույնիսկ միզահետք: Ընդանրապես չկա որևէ փաստ, որ հովազ դեռ մնացել է Հայաստանի տարածքում: Սրանք այն բացառիկ երեք նկարներն են, որոնք փաստում են, որ 2007-ին եղել են հովազներ: Հովազների այս նկարները արվել են ֆոտոթակարդի օգնությամբ: Ֆոտոթակարդ դնելը նույնպես բարդ ու մեծ հմտություն պահանջող գործ է: Սարքը արձագանքում է շարժումին ու մարմնի ջերմությանը: Ֆիքսում է դիմացով անցնող ցանկացած կենդանու:
Հովազի կածանով անցնելը ավելի բարդ էր: Հատկապես երբ ամեն քայլափոխի ոտքերիդ տակ հայտնվում են լորտուները: Շատերին կթվա, թե սա օձ է: Սակայն օձ չէ: Մողես է: Մողես առանց ոտքերի: Դրանցից Հայաստանի տարածքում կա երկու տեսակ:
-Այս միզահետքը ավելի քան մեկ շաբաթվա է: Հստակ միզահետք է: Հոտը տարբերվում է լուսանի մեզի հոտից: Որձն է թողնում իր այս նշանը: 2007-ից առ այօր շատ քիչ են եղել և միզահետքերը, և հետքերը,- պատմում է մեր ուղեկիցը Ալեքսանդր Մալխասյանը:
Ըստ բնապահպանների` 2006 թվականի ձմռանը Բարթաս լեռան տարածքում սպանվել է հասուն էգ հովազ: Հաջորդ տարի` Կապանից ոչ հեռու սպանվել է ջահել արուն:
– Ամենայն հավանականությամբ, ևս մեկ որձ սպանվել է 2009-ի ձմռանը Նախջևանի սահմանին մոտ` Ջհայնամդարասի կոչված տարածքում,- ասում է Ալեքսանդր Մալխասյանը:
Բնապահպաններն ասում են, որ վերջին երեք տարում վերջին երեք հովազների ոչնչացումը բարբարոսություն է: Կովկասյան ընձառյուծը բնության բացառիկ, գեղեցիկ կենդանիներից է, որ այժմ կամ չի մնացել, կամ մնացել է լավագույն դեպքում ընդամենը մեկը: Երբեմն Իրանից արու հովազներ են մտնում Հայաստանի տարածք` հատելով Արաքսը, ու էլի վերադառնում Իրան:
-Հենա հովազի հետք ա: Բայց էլի հնոտ ա: Երևի նույն կենդանին ա, որ պասկրյոբը դրել ա: Ուշադիր, որ նայես հեսա պյատկան ա…ու մատերի տեղերը,- ևս մեկ հետք է գտնում բնության պաշտպանը:
Երկու տարուց ավելի ոչ ոք չէր գտել հովազի հետք: Չկային փաստեր, որ հովազներ մնացել են:
– Կատվազգի կենդանու հետք է: Որովհետև այն կլորավուն է: Չկան ճանկերի հետքեր: Սա հաստատ ոչ գայլ է, ոչ էլ լուսան: Սովորաբար վերցնում ենք հետքի կոորդինատները:
Ալիկը իր աշխատանքային գրքույկում մանրակրկիտ նշումներ է անում: Պետք է արձանագրել հետքի չափը, հայտնաբերման վայրը, լեռնային բարձրությունն ու հովազի անցած ճանապարհի հետագիծը: Հետքի տվյալները գրանցելուց հետո արահետով լուռ շարունակում ենք ճանապարհը. Արդեն իսկ պարզ է, որ հովազին հանդիպելու հավանականությունն արդեն գրեթե զրո է: Անանցանելի կածանը մեզ պտտում է ևս մի քանի սարերի լանջերով, ու երեկոյան ձեռնունայն վերադառնում ենք կացարան: Մեր դաշտային հանդերձանքը պատառոտվել է: Սնունդը գրեթե սպառվել:
Ամենայն հավանականության հովազի ձայն է լսվում:
Ալիկ-Տիգրան, լսում ես ձայնը:
Տիգրան-Ինչի ձայն…
Ալիկ-Հովազի
Տիգրան-Ինչ հովազ…
Ալիկ– Սենց զայներ են հանում հիմնականում զուգավորման ժամանակ, չնայած հիմա նման ձայներ չպետք ա հանի…
Տիգրան– Բա չեմ հասկանում, չի վախենում մեր ձայնից, ինչի չի փախչում
Ալիկ– Մեզանից ինքը չի էլ վախենա…Մի երկու անգամ տենց դեպք եղել ա, որ ձիու քուռակ ա տարել…
Տիգրան-Միգուցե մոտենանք, փորձենք նկարել հովազին…
Ալիկ– Չէ, հո գիժ չես…
Իրականում դժվար է պնդել, թե ինչ գիշատիչ էր: Պարզապես երբ 2-3 մետրի վրա գիշերվա խավարում լսում ես նրա ձայնը, նույնիսկ եթե դա անվնաս բու է, առաջին միտքը` փախչելն է: Հովազին գտնելու փորձն այդքանով ավարտվեց:
ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՈՒՅԾ. ՇԻԿԱՀՈՂԻ ԱՐԳԵԼՈՑ, ՕՐ ՎԵՑԵՐՈՐԴ
Աջիբաջը Նախիջևանին հարող սահմանամերձ գյուղ է, որից հետո հայկական սահմանապահ զորքերն են: Հատուկ ուղեկցությամբ հայտնվեցինք Հայաստան-Նախիջևան շփման գծի չեզոք գոտում: Այստեղ դեռ ոչ մի լրագրող ոտք չի դրել: Ուժգին քամի է, եղանակը` ցրտաշունչ, գագաթները` ձյունածածկ: Այստեղ չափազանց զույշ պետք է լինել: Նախ, որ կենդանիները չխրտնեն ու չփախչեն, և հետո` ինքներս թիրախ չդառնանք, չեզոք գոտում տեղաշարվելու անվտանգությունը երաշխավորված չէ: Ահա այստեղ` ադրբեջանցի սահմանապահներից մի փոքր այս կողմ, չեզոք լեռներում են ապրում հայկական մուֆլոնները: Հեռվում նշանառուներ են, իսկ ոտքերիդ տակ` թունավոր սողուններն ու օձերը: Մուֆլոններին տեսնելու համար գիշերում ենք հենց այստեղ:
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒՖԼՈՆՆԵՐ. ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՉԵԶՈՔ ՀՈՂԵՐ, ՕՐ ՅՈԹԵՐՈՐԴ
Այս ձյունաձաձկ լեռներում մուֆլոն գտնելը գրեթե անիրագործելի խնդիր է: Այդ կենդանիների քանակը խիստ նվազել է, մնացել են 200-ից ոչ ավելի: 20 մետը մեկ դադար ենք առնում ու հեռադիտակով ուշադիր զննում մեր դիմաց ընկած տեղանքը: Ալիկը հանում է սկոպը, որը սովորական աստղադիտակի մի մաս է, որի միջոցով կարելի է տեսնել մի քանի կմ հեռուն: Հենց այս սարքի շնորհիվ կարողացանք գտնել վայրի ոչխարներին: Դիրքավորվում ենք գետից վեր, որ ջրի ձայնը խլացնի մեր շարժումները: Պառկում ենք ու քարանում: Բարձրանում ենք 3000 մետրից էլ վեր: Շուրջբոլորը միայն ձյուն է ու սառցադաշտ: Մեկ անզգույշ քայլ, և սառցադաշտի մակեևույթով կգլորվես մի քանի կիլոմետր վար: Մի քանի ժամ անց հայտնվում է ղոչերի փոքր խումբ: Ղոչը արու մուֆլոնն է` հայերեն` խոյ: Այս կենդանիները ապրում են ձյունածածկ հատվածներին մոտ: Ու քանի որ ցուրտ է, ու չկան բոռեր, խոյերը խաղաղ արածում են: Մեզնից մոտ 1,5 կմ հեռու:
Որսագողերը Հայաստանի տարածքում մուֆլոններին ոչնչացնում էին այնքան ժամանակ, մինչև Բնապահպանության նախարարությունը խիստ հսկողություն սահմանեց: Այժմ այս կենդանու ապօրինի որսը քրեորեն հետապնդելի արարք է: Սակայն մուֆլոններին, միևնույն է, սպանում են, մինչդեռ դրանք ոչնչացման եզրին են:
Իմ թեթևակի անզգույշ շարժումը բավական էր, որ խոյերը զգային մեր ներկայությունը նույնիսկ այդ մեծ հեռավորության վրա ու ակնթարթորեն հեռանան: Վտանգներով ու անսպասելի հանդիպումներով լի արշավն այստեղ էլ ավարտվեց:
Հայկական բնաշխարհի կենդանիներն այսօր ապրում են բարձր լեռներում: Հայկական Կարմիր գրքի տեսականին ամեն օր ավելանում է. լեռներում ամեն օր կենդանի են սպանում: Բնապահպանները պնդում են. եթե այս տեմպով շարունակվի, ապա հայկական կենսագրությամբ կենդանիներից կմնան միայն լուսանկարները: Հայկական հովազն այսօր ավելի շատ լեգենդ է, քան իրական գիշատիչ: Հայկական խոյը` ամենահին տոտեմներից մեկը, գրեթե հեռացել է մեր երկրից: Հայոց լեռնաշխարհն այսօր դրամատիկ ու անհուսալիորեն դատարկվում է, մինչդեռ բնության շունչը բուսականությունն է, հոգին` կենդանիները:
Հրաշալի թողարկում էր; Ինձ ամենաշատը դուրա գալիս, որ շաաաատ աշխատածա լինում, շատ հավեսա: Քեֆս բերում եք: Մերսիներ: